Անահիտ Արփեն
Առաջին ստեղծագործություններս մանկության տարիների երազանքներս են, երազելու թաքուն ապաստարանը` անկողինս. սպասում էի, թե երբ եմ աչքերս փակելու և ուղևորվելու ուզածս աշխարհն ու ժամանակաշրջանը: Մեկ ներկայում էի ու սրտիս ուզածի չափ ձևավորում-սրբագրում էի ինձ շրջապատող ամեն ինչ, մեկ ապագաս էի պատկերացնում. թե իբր արդեն բարձր դասարանցի եմ ու բարձրակրունկ կոշիկներ եմ հագնում: Երևակայությամբ հեշտ էր դասավորել կյանքը, ջնջել ու փորձել նորը կառուցել…
Հետո շարադրություններ էի գրում… Հորինածս ամենալավ պատմությունները երևի դրանք են. գեղեցիկ, պարզահոգի, մշտապես լավատես:
Ավելի հասուն տարիներին անվերջ մտմտում էի չունեցած, չնվաճած բաների շուրջ, արտահայտվում-ինքնահաստատվում էի` ցույց տալով, թե ինչն է ճիշտ, ինչը ոչ, որն է լավ, որը ոչ և թե ինչպիսին պիտի լինի իրականությունը: Հետո հասկացա, որ տիեզերքում ճիշտ ու սխալ չկա: Երևույթները մարդիկ են դասակարգում «ճիշտ ու սխալ»-ի, երբեմն էլ չեղած տեղից արհեստականորեն ստեղծում: Թե չէ բնության պայքարի մեջ գոյության նախապայմանները ի վերուստ են որոշված-ստեղծված: Աստված է հորինել, որ գայլը խոտ չուտի, այլ` նապաստակ: Առյուծն ի սկզբանե առյուծ է, մնում է կա՛մ ուժեղ ու ամեհի առյուծ լինել, կա՛մ զոհ գնալ բորենիներին: Մարդկանց մեջ էլ է այդպես: Ստեղծագործելը կա՛մ փախուստ է կյանքից, կա՛մ կյանքը սեփական պատկերացումներով ու կառուցածով տեսնելու մղում:
Երեսուն տարեկանից հետո այլևս նկարագրում եմ կյանքն ինչպես որ կա և երբեք չեմ պնդում, թե որն է ճիշտը, որը սխալ, քանզի յուրաքանչյուր ոք իր ճշմարտությունն, իր պատճառաբանություններն ունի, մոլագարն անգամ միշտ հիմնավոր բացատրում է իր վարքագիծը, և յուրաքանչյուր ոք, ի վերջո, իր կրքերի գերին է: Այնպես որ չկա բացարձակ ոչինչ: Կան շահերի դրսևորումներ, որոնք կա՛մ համընկնում են, կա՛մ բախվում: Եվ մարդ արարածը (դժբախտ, թե երջանիկ) ողբերգական էակ է, քանի որ իր մեջ ամփոփում է իր կամքից անկախ գլուխ բարձրացնող կրքեր` դառնալով ընդամենը մի խամաճիկ ճակատագրի ձեռքին, քանզի ամեն ձեռքբերածից դեռ հայտնի չէ` հեշտ գտնու՞մ է, թե՞ կորցնում…
Իմ գրվածքներում անհատը հաճախ է կանգնում ընտրության առաջ: Ըստ իր ընտրածի և դրա պատճառահետևանքային կապի էլ շարադրվում են հետագա գործողությունները: Եվ քանի որ, ինչպես մեդալի երկու երեսներ, կյանքի երկիմաստությունը միշտ առկա է, իմ գրածներում էլ աշխարհն այլևս սև կամ սպիտակ չէ, այլ բազմերանգ, թեև այս ունայն կյանքում միշտ չէ, որ հանգամանքները մեր ուզածի նման են դասավորվում: Տարիների ընթացքում հղկվելով միտքը մի քիչ իմաստնանում է, բայց հոգին… Արդյոք դադարու՞մ է դեգերել… Երևի դա էլ է կյանքի դրվածք, որ տեսակը չի փոխվում: Գուցե հատկություններն են սրվում, բնորոշ գծերն ավելի ցայտուն արտահայտվում, բայց վեհը ստորաքարշ չի դառնում և ոչ էլ հակառակը: Այ իսկ ստեղծագործելիս մարդն ազատ է, հզոր ու անկաշկանդ. երկչոտը պերճախոս սեր է խոստովանում, կաշառակերը քննադատում անազնվությունը, հպարտը… Քրիստոնեությունն հպարտությունը մեղք է համարում, այդ առումով ես անապաշխարելի մեղավոր եմ: Մյուս կողմից էլ, կյանքիս ճամփան անվերջ խցանող ինքնաքննադատության բարձրագույն վերակացուն, որ վաղուց է բնավորվել իմ երակներում, ինձ իմ աշխարհից դուրս չի թողնում:
Թե՛ կյանքում, թե՛ գրականության մեջ ամեն մեկս մեր թեման ունենք, մեր միջավայրը, ստեղծագործելու ելակետն ու խթանները: Հաճախ ինչ-ինչ մանրամասներ բացահայտ չենք արտահայտում… Ամեն դեպքում ես պարզության եմ ձգտում, գրում եմ առանց գլուխկոտրուկների և երբեք չեմ գնում այն ճանապարհով, որը գաղտնիք-գաղտնիքի հետևից է սարքում` իբր լարվածություն ստեղծելու, իբր հետաքրքիր լինելու համար: Մեր օրերում ընթերցանությունն արդեն լարում է պահանջում:
Իմ ստեղծագործություններում թեև հաճախ են անշունչ առարկաները այլաբանորեն ինչ-որ վիճակ արտահայտում, գործող անձ դառնում, շունչ ու հոգի ստանում, մասնակցում գործողություններին, այնուամենայնիվ իրերն այնքանով կարող են «հայտնվել» գրչիս ծայրին, որքանով որ առնչվում են այդ պահին տեղի ունեցածին ու դրանց միջնորդությամբ ինչ-որ բան է շեշտվում կամ հասկացվում: Ամեն դեպքում, մենք կապված ենք առարկաներին. որովհետև դրանք մեր կյանքի մի մասն են. քնելու համար գերադասում ենք տաքուկ ու փափուկ անկողին, խմելու համար գեղեցիկ ու հարմար բաժակ…
Եվ այսպես, յուրաքանչյուր ստեղծագործական ուղի, սկսվելով երազանքներից, երևի վերջանում է էլի երազանքներում, որոնց արանքում, կյանքի ու ծննդյան մահվան թվականների միջև ընկած գծիկի վրա, ըստ հերթականության շարվում են դպրոցական շարադրություններ, նամակագրություններ, կյանքի իմաստը փնտրողի տվայտանք-երկտողեր, դիմում-գրություններ, գրվածք-քերթվածքներ և այլն և այլն: Ստեղծագործություններ, առիթով, թե անառիթ, բայց և պատճառաբանված: Պատճառն ի ծնե է ներարկվում գրողի արյան մեջ, ու մարդը կա՛մ հորինող է, կա՛մ չէ, կա՛մ երազող է, կա՛մ ոչ: Կա՛մ սիրում է, որ իրեն լսեն, կա՛մ ինքն իր հետ է խոսում: Երևի լավագույն գրվածքները մնում են չգրառված: