Անահիտ Արփեն
Անսպասելի սկսեց խոշոր փաթիլներով ձյուն գալ: Խոշոր-խոշոր: Խոզանակները չէին հասցնում մաքրել դիմապակին, որի վրա անվերջանալի ձնաշիթ-ջրվեժ էր թափվում` զարմանալիորեն տաքուկ զգացողությամբ պարուրելով ներսում ապահով բազմածներիս:
Համատարած ճերմակության գոտում էինք հայտնվել, առջևում գրեթե ոչինչ չէր երևում: Մի քիչ իհարկե տագնապալի էր, բայց վտանգ չկար` ճանապարհները բաց էին, միայն սպասվելիքի անորոշությունն էր անհանգստության բացիլներ արտազատում ու տեղի տալիս ներկաների տարաձայնություններին: Թեև գնում էինք սար բարձրանալու, բայց անկեղծ ասած, այնքան էլ լավ չէինք պատկերացնում, թե այդ եղանակին դա ինչպես պետք է իրականացվեր: Մեր ուղեկիցների հագուստ-կապուստն իհարկե գործնական տեսք էին տվել նրանց, բայց երկուսի պահվածքն այնքան թերահավատ էր, որ վտանգում էր բռնած գործի դրական ավարտը: Հատկապես նրանք էին տրտնջում, ովքեր էլ հենց հրավիրել էին մեզ: Ու հիմա ոչ միայն ալպինիստական հակումներ չէին դրսևորում, այլև, մեր մեջ ասած, կասկածելի դարձնում նաև այն, թե իրենց կուսակցական զբաղվածության պայմաններում այնքան պարապ են, որ կարողանան ամեն աստծու կիրակի սարերով հիանալ ու սար բարձրանալ, ինչպես ներկայացնում էին: Ինչևէ: Ինձ սարերն էին ձգում, հորիզոնին ինչ-որ չափով մոտենալու հավանականությունը, մաքուր օդ շնչելու ակնկալիքը և եթե նույնիսկ չհաջողվեր որևէ սարի հասնել և մեր ուղևորությունն այդ ճանապարհային զբոսանքով ավարտվեր, էլի գոհ կմնայի: Իսկ մինչ այդ, տաքուկ մեքենայում պատսպարված, հիանում էի դրսի բնապատկերներով ու վայելում շրջապատի անդորրը: Ուստի, ներկաների ո՛չ դժգոհող, ո՛չ էլ արդարացող տրամադրություններն ինձ վրա չէին ազդում: Մեքենայի պատուհանների հետևում գյուղերը հաջորդում էին մեկը մյուսին. ձների մեջ կորած, քաղաքակրթությունից կտրված, աշխարհից մոռացված, ճանապարհից դուրս մեկմեկու թինկն տված ու երկնակամարի տակ կողք-կողքի ծվարած:
- Եղանակը վատանում է:
- Պրոբլեմ չկա: Բենզին ունենք, անիվները նոր են, ճանապարհները նորմալ:- Ղեկավարողը աներեր էր:
- Այս բուքուբորանին կարող էինք և չընկնել սար ու ձոր:- Դիսկուսիան համառորեն շարունակում էր նրանց միջից ամենամռայլադեմ տղամարդը:
- Միայն սար: Եվ ոչ թե ընկնել, այլ բարձրանալ,- կատակի տվեց ղեկավարողը:
- Որ ի՞նչ:
- Այդպես է պետք:
- Այդպես է պետք:- Փնթփնթաց: Ապա հոխորտաց,- ու՞մ:
- Մեզ, ուրեմն, նաև` քեզ:
- Կասկածում եմ, թե բան դուրս գա:
- Հա՞:
- Հա՛:
- Չեմ սիրում քո հոռետեսությունը:
- Ես էլ չեմ սիրում, որ …
- Դե ուրեմն փոխվի՛ր:- Առարկություն չվերցնող տոնով եզրափակեց ղեկավարողը (թեև ընկերն ուրիշ բան էր ուզում ասել) ու կտրուկ շրջվեց դեպի ինձ,- Զարգացեք, զարգացե՛ք, հերիք է փակված մնաք Ձեր մեջ:
- Գեղեցիկ է,- ուրիշ ասելիք չգտնելով` արտահայտվեցի ես:
- Ասեց,- քմծիծաղեց նա:
- Գեղեցիկ չի՞,- նկատի ունենալով համատարած սպիտակությունն ու ձների մեջ թաղված կատարները` հանգիստ ասացի ես ու շրջվելով դեպի դուռը` ճակատս հպեցի ապակուն:
Մեքենան միալար գվվում էր, շարժիչն անխոնջ հռնդում ու մեզ տանում առաջ, մի՛միայն առաջ: Կոպերս ծանրանում էին, փակեցի` աչքերիս մեջ պահելով ձմեռային տեսարանները… Եվ, բաճկոնիս օձիքի մեջ թաղված, ընկա անէության գիրկը…
Աչքս կպել էր: Սթափվեցի մեքենայի կտրուկ արգելակվելուց:
- Օր չունենք, էլ ե՞րբ… - ասում էր ղեկավարողը` դուրս գալով մեքենայից:
«Դեռ վիճում են,- մտածեցի ես,- առջևում երևի ընտրություններ կան: Էս ուղևորությունն էլ թերևս ընտրարշավային շահադիտական ակցիա է ձայներ հավաքելու համար: Բայց ինչպե՞ս են իրականացնելու էս ձմեռնոցով ու սար բարձրանալով»,- տարակուսեցի ես` նայելով շուրջս տիրող ճերմակությանը:
Ամեն ինչ խորհրդավոր ձնաշերտերի տակ էր թաղված: Մեր մեջ ասած, ես էլ էի արդեն դժվարանում որոշել, թե որն է նախընտրելի. վերադառնա՞լը, թե՞ մինչև վերջ գնալը: Կես ճանապարհից ետ դառնալը բնավ հաճելի չէր, մինչև վերջ գնալը միշտ էլ իմ սկզբունքն է եղել, բայց այս անգամ հայտնի չէր, թե այդ վերջը որտեղ եմ գտնելու:
- Հենց էս սարն էլ կբարձրանանք,- ձգելով գոտին` եզրափակեց ղեկավարողը,- էդ ո՞ր գյուղն է:
Հայտնեցին: Ձյունը դադարել էր:
- Գնացինք:
Առույգ նստեց ու գործնական կարգադրեց ղեկավարողը: Վարորդի դեմքը ոչինչ չէր արտահայտում, բայց, ինձ թվաց, ձեռքերն այնքան էլ հաճույքով չաշխատեցրին շարժիչը: Մեքենան հանգիստ պոկվեց տեղից, թեքվեց, դուրս եկավ մայրուղուց և ուղղվեց դեպի հեռվում ձների մեջ կորած գյուղը: Ճանապարհը ոլորուն էր, նեղ, տեղ-տեղ լայնացված մասեր էին հանդիպում, երկու մեքենա հազիվ թե տեղավորվեին կողք-կողքի: Եթե հանկարծ դիմացից մեքենա գար, երկուսից մեկը պետք է ետ գնար մինչև փոքրիշատե լայն հատվածը: Տրակտորի մաքրած ձնակույտերը ճանապարհի երկու կողմերում բավական բարձր պարիսպներ էին դարձել, ու ասես ձնային թունելի միջով անցնեինք: Լավ է, ոչ մի մեքենա ընդառաջ չեկավ: Մտանք գյուղ: Ձնապարիսպները շարունակվում էին, ասես խողովակի մեջ պահելով մեքենան, որն ագռավաքայլ շորորում էր ու ճգնում առաջ գնալ անվերջանալի ձնաթունելի երկար ու ձիգ պարփակվածությունում: Ձնաթունելի անվերջանալիությունն ընդհատում էին միայն դեպի տներ տանող վտականման ճամփաներն ու առու հիշեցնող արահետները, որոնք կամ ոտնահետքերով հասնում էին տների դռներին կամ մեքենաների անվահետքերով գնում, պտտաշրջան կատարելով, մնում էին բակերում:
Մեր մեքենան արդեն դուրս էր գալիս գյուղից:
- Մի բակ մտիր, ուր հնարավոր կլինի մեքենան թողնել:
Վարորդն արդեն գիտեր իր անելիքը, նայեց առջևում մնացած երկու տներին, ընտրեց ավելի ընդարձակ բակ ու բաց դարպաս ունեցողը և մեքենան քշեց, կանգնեցրեց ուղիղ դռան առաջ: Մնացածը ղեկավարողի ճարտարախոսությունը պիտի աներ:
Տնից անմիջապես դուրս եկավ մի երիտասարդ ու սպասողական նայեց եկվորներիս, իսկ կանայք պատուհանների հետևից էին ուսումնասիրում անծանոթներին: Ղեկավարողը զվարթ ցած թռավ մեքենայից, հազար տարվա ծանոթի նման բարևեց բոլորին: Ապա նախ ինքը ներկայացավ, հետո, առանց ալարելու, ամենայն մանրակրկիտությամբ, մեկ-մեկ ներկայացրեց իր շքախմբի անդամներին. հատիկ-հատիկ ընդգծելով յուրաքանչյուրիս կարևորագույն անձ լինելը` բացատրեց մեր` գյուղ մտնելու և նրանց անհանգստացնելու պատճառը, խնդրեց ցույց տալ դիմացի սարի ստորոտին մոտենալու ամենակարճ ճանապարհն ու, ի վերջո, խնդրեց մեքենան թողնել իրենց բակում, մինչև մի երկու ժամից ետ կվերադառնայինք:
Երիտասարդը, թերահավատորեն նայելով մեկ ղեկավարողին, մեկ մեզ` համենայն դեպս պատասխանեց` բացատրելով, որ ոտքով գնալու ամենակարճ ճանապարհը գերեզմանոց տանող ճանապարհն է, բայց վերջերս մեռել չի թաղվել ու, քանի որ նոր է ձյուն եկել, ինքներս պիտի արահետ բացենք, հասնենք գերեզմանոց, այնտեղից մտնենք մեքենայի ճանապարհ, որը տանում է սարի տակի գոմեր: Ասվեց հանգիստ, մի քիչ էլ անտարբեր: Շարժվեցինք նրա ցույց տված ուղղությամբ, բայց առաջ գնալն այնքան էլ դյուրին չէր, որքան, որ նա էր նկարագրում: Միաշարք, գայթելով- ուղղվելով արահետ բացելով` հասանք գերեզմանոց:
Տապանաքարերը թաղված էին ձյան տակ, ցանկապատերի ծայրերն էին միայն դուրս մնացել, տեղ-տեղ էլ արձաններ էին հանդիպում: Ամենահեշտը թեթև քաշայիններս էինք առաջ գնում, ծանրաքաշները ոտքը դնելուն պես մինչև գոտկատեղ խրվում էին ու միայն չորեքթաթ կարողանում ոտքի կանգնել, բարձրահասակը մեծ-մեծ լոնքերով արագ-արագ դուրս եկավ ճանապարհ ու, ձնապատնեշին նստած, ծիծաղում էր մեզ վրա: Ննջեցյալները մեզ երևի ցնդածների տեղ դրեցին, մի քիչ էլ վախեցած կլինեն մեր վարքագծից, քանի որ ոչ մի բացատրություն չէին գտնելու իրենց անդորրը այդպես տարօրինակորեն խախտածներիս պահվածքին: Մի պահ անհարմար զգացի, որ ուրիշի տիրույթներ ենք ներխուժել, բայց իրավիճակն ավելի սարկաստիկ էր քան թե միստիկ, ուստի, լիաթոք ներծծելով սառն օդը, սկսեցի արձագանքել մյուսների կատակներին:
Ինձ անծանոթ մեկը, որ ոչ մի բառ չէր արտասանել ամբողջ ճանապարհին, իմ մոտով անցնելիս նկատի ունենալով իմ գրող լինելու հանգամանքը`ակնարկեց.
- Կարելի է պատմվածք գրել այս դիպվածի առիթով:
- Մեռելների հարությու՞նը:- Պատասխանեցի ակամա:
- Չէ, «Գերեզմանոցի անդորրն ու տարօրինակ անցորդները»:
- … որոնք խանգարեցին մեռյալների հավերժական նինջը,- իմը առաջ տարա ես` մտածելով, որ խոսակիցս բավական համակրելի մարդ է երևում:
Լռեցինք: Մի քանի քայլ գնացինք իրար օգնելով:
- Կարծում եմ ուրախ են, որ իրենց այցելել ենք,- բռնելով թևս, որ չընկնեմ` նորից առաջինը խոսեց լռակյաց անծանոթը:
- Այցելե՛լ: Ասա` ոտքի տակ տվել,- ծիծաղեցի ես:
- Ի՞նչ ենք արել, որ ոտի տակ ենք տվել: Մաքուր ձյուն է:- Խոսակցությանը խառնվեց քարտուղարուհին` ընդհատելով մտերմիկ դառնալու բոլոր ակնկալիքներն ունեցող մեր զրույցը: Ես ետ մնացի:
Հանկարծ ոտքս չխրվեց, այլ մնաց ձյան մակերեսին և շատ ամուր հիմքի վրա: Վախեցա: Ենթադրելով, որ տապանաքարի վրա եմ դրել` շտապ ետ քաշեցի ու մինչև գոտկատեղ խրվեցի ձյան մեջ: Տապանաքար լինելու համար այդ հիմքը շատ բարձր թվաց: Զգույշ շոշափեցի. ողորկ էր ու հարթ, ձյունը ետ տարա` բացելով մի երկար մետաղամակերես: Սև ներկված սեղան էր: Բարձրացա վրան ու անմիջապես էլ սայթաքեցի, մեջքի վրա թրմփացի սեղանին: Նայեցի շուրջս. մյուսների վիճակն իմից բարվոք չէր, ամեն մեկն իր հաղթահարելիք դժվարությամբ էր տարված, անծանոթը զբաղված էր քարտուղարուհուն օգնելով, բարձրահասակը ձնաթմբին նստած սրամիտ բնորոշումներ էր նետում` մերթ մեկիս հոգու հետ խաղալով, մերթ` մյուսիս:
Վեր կացա, ռիսկ արեցի քայլ անել ու անընդհատ ստուգելով` հասել եմ եզրին, թե ոչ, գնացի մինչև վերջ: Անցնելիք տարածությունս մի քիչ կրճատվեց, այսինքն` հեշտացավ ու արագացավ:
Երկրորդը ե՛ս դուրս եկա գերեզմանոցից ու ափսոսանքով նայեցի ներքևից գալարվելով մոտեցող ճանապարհին, որով թերևս մեքենան էլ հանգիստ կբարձրանար:
«Անցած լինի»,- մտածեցի, մանավանդ որ լեռնային օդից դեռ չէի կշտանում, մի խոսքով, ես ինձ վատ չէի զգում դրսում:
Ետ մնացածները հերթով դուրս էին գալիս գերեզմանոցային շրջափակումից: Արձակեցի ճտքակոշիկներիս կապիչները, դուրս հանեցի կոշիկներիս մեջ լցված ձյունը, սպորտային տաբատիս փողքերը քանդեցի, երկարեցրի, խորը մտցրի կոշիկներիս մեջ ու նորից պինդ կապեցի:
Քարտուղարուհին պոկ չէր գալիս անծանոթից:
Ղեկավարողը ծանր հևում էր` խնդրելով, որ մի քիչ էլ հանգստանան, դեռ չգնան, սպասեն իրեն: Հետո խորը շունչ առավ, ձնով շփեց դեմքն ու վիզը, լայն թաշկինակով չորացրեց ու այնպես նայեց ներկաներին, ասես նրանք իրեն գերի էին վերցրել ու մահվան սպառնալիքի տակ ստիպում էին դիմացի սարը բարձրանալ:
- Դե լավ, գնացինք, չարժի հապաղել,- հանկարծ ասաց բարձրահասակն ու առաջ ընկավ:
Ղեկավարողը խեղճ-խեղճ նայեց սպիտակ սարին, հոգոց հանեց ու չուզելով` նստատեղը կտրեց ձնաթմբից: Ես ակամա խրախուսական ժպտացի նրան ու աշխատեցի շատ առաջ չանցնել, բայց ստորոտին մոտենալուն պես, թոթափելով առաջացած կաշկանդվածությունը` արագացրի քայլերս ու ոգևորված առաջ անցա բարձրահասակից:
- Է՜յ, էդ ու՞ր:
- Գոմեր:- Նկատի ունեի վերևում փռված ֆերման:
- Խրվում ենք, բարձրանալ չի լինի: Ետ դառնանք:- Տրտնջում էին ներքևում:
- Ես էլ չեմ կարող:- Քարտուղարուհու ձայնն էր:
Սկսեցին արդեն քիչ-քիչ հրաժարվել սար բարձրանալու մտքից:
- Ու՞ր եք գնում, ետ եկեք:- Գործավարուհու կարգադրությունն ինձ ու բարձրահասակին էր երևի ուղղված:
- Աղջիկ ջան, հո դու փորձանք չե՞ս ուզում բերել գլխիդ:- Այս մեկն արդեն տարեց մարդու անծանոթ ձայն էր, ստիպեց ետ շրջվել:
Բոլորը հավաքվել էին ֆերմայի դռան առաջ ու զրուցում էին մի տարեց տղամարդու հետ: Անծանոթ լռակյացը, մի կողմ քաշված, սարերն էր ուսումնասիրում: Տարեցը կրկնեց իր նախազգուշացումը.
- Թարմ ձյուն է, կգնաք, կխրվեք, դուրս չեք գա: Գործ չունեք:
- Բա ե՞րբ կարելի կլինի գնալ,- խռովկան երեխայի նման դեռ չէի հանձնվում ես:
Բարձրահասակը նույնպես, ոտքը կախ գցած, պատասխանի էր սպասում` նայելով մերթ նրանց, մերթ` սարին:
- Մի քսան օրից: Եթե նոր ձյուն չգա: Սա էլ պնդացած լինի:- Եղավ պատասխանը:
- Այդպիսի բաներ:- Փնթփնթացի ես:
- Արի՛, արի՛,- ձեռքն իմ կողմը պարզելով` ասաց բարձրահասակը:
Տվեցի ձեռքս ու նրա օգնությամբ դուրս եկա ձների միջից:
- Բայց էս հատվածում հեչ չխրվեցի:- Ասացի:
- Երևի տակը գրունտային է:- Բացատրեց:
- Ոնց որ ալիքների վրայով քայլող Քրիստոսը լինես:- Նկատեց ղեկավարողը:
- Հա, ես էլ եմ էդ ասում, էն բարձր մասում ախր հեչ չէր խրվում, սաղր էր:- Դեռ հույսս չկտրած` պատասխանեցի ես:
- Արի, արի, հասել ենք արդեն:
«Հա՞:-Տարակուսեցի ես: Հետո ինձ ու ինձ մտմտացի:- Հա էլի՜»:
Գնացին ներս:
Ես մոտեցա կենդանիների հարկաբաժնին ու գլուխս անհամարձակ ներս մտցրի. կովերի երկար շարքն անխռով խոտ էր ուտում մսուրից: Մի փոքրիկ հորթուկի առանձնացրել էին: Մոտեցա նրա ցանցապատնեշին: Հորթուկը աշխարհը նոր տեսած անտեղյակի պատրաստակամությամբ ընդառաջ շտապեց ու ցանցի ետևից մռութն ինձ մեկնեց` ասես հասկացնելով, թե ի՞նչ ես նայում, կաթիկ տուր:
- Էս ինչքան փոքրի՜կ ես, այ տղա:
- Տղա չի, աղջիկ է,- լսվեց թիկունքումս:
Շրջվեցի: Եղանը ձեռքին մի երիտասարդ տղա սիրագորով հայացքը հառել էր մատղաշ ձագուկին:
- Ինչքա՞ն է:
- Երեք օրական:
- Ի՞նչ, էսքան մե՞ծ:
- Ի՞նչն է մեծ: Կով է, հո կատու՞ չի, որ փոքր լինի:- Ու շրջվեց, գնաց դեպի շինության մյուս ծայրում դիզված չոր խոտը:
«Երևի նեղացավ»,- մտածեցի ես:
Ձիերը հարևան ախոռում էին. մայրն ու քուռակը: Մայրը ամբողջովին սև էր, ամրակազմ, գլուխը բարձրացրեց, հանգիստ նայեց իմ կողմն ու նորից անցավ իր կերին, իսկ քուռակը, որ գլխի կարճ ու դեպի պարանոցը ձգվող մազափնջի պատճառով զեբրի էր նման, տղեկի անհանգստությամբ անընդհատ բարձրացնում էր գլուխն ու թեքվում իմ կողմը, սպասում, թե ինչ եմ ասելու կամ անելու, իսկ ես պարզապես հիանում էի իրենցով` աշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկով:
Երիտասարդ տղան եղանի ծայրով խոտ դրեց մոր առաջ` աչքի տակով նայելով չտեսությանս: Ոչինչ չասաց:
Անհարմար զգացի: Գնացի մերոնց մոտ:
Մերոնք ոգևորված զրուցում էին տարեց տղամարդու հետ: Քարտուղարուհին տղամարդկանց հավասար կոնծում էր ու ախորժակով խժռում կաղամբի թթուն, գործավարուհին ավելի զուսպ էր և կիրթ: Մթնոլորտը ջերմ էր: Թիկունքումս մարդու շունչ զգալով` նկատեցի մոտեցող երիտասարդին ու դռների միջից ներս անցա, տեղավորվեցի մյուսների կողքին:
- Էս երկուսո՞վ եք:- Նկատի ունենալով երիտասարդին` հարցրեց ղեկավարողը:
- Հիմա` հա: Մի աշխատող էլ ունենք, տուն եմ ուղարկել: Կթվորները իրիկվա կողմ են գալիս:
- Պայծառն եկավ,- ասաց տղան:
«Պայծառ»,- ակամա կրկնեցի մտքումս:
Ներս եկավ կլորիկ թուշիկներով երիտասարդ մի հարս ու ամոթխած բարևեց բոլորիս: Ժպտաց:
- Քրոջս հարսն է,- ներկայացրեց տարեց տղամարդը ու օղիով լի բաժակը մեկնեց նրան:- Վերցրու, խմի տաքացի, սառած կլինես:
- Չէ, ցուրտ չի, լավ եղանակ է:
Օղին վերցրեց ու քաշեց գլուխը: Պայծառն իր անվանն համապատասխան պայծառ անձնավորություն էր երևում: Երկու բաժակից կլորիկ այտերը կարմրաթուշ դարձան ու աչքերը պսպղացին: Հաճելի զրնգուն ձայնով արձագանքում էր տղամարդկանց հարցերին ու գտնում հարմար պատասխաններ: Սիրունիկ կին էր: Նրանից առողջ ու ապահով կյանքի ավյուն էր հորդում:
- Էս բոլորը ձե՞րն են,- լայն բացած թևերով ընդգրկելով ֆերման ու տարածքը` հարցրեց ղեկավարողը:
- Տեր ունի, վերցրել ենք, աշխատեցնում ենք,- համեստորեն պատասխանեց տղամարդը` նկատի ունենալով միայն ֆերման:
- Գո՞հ եք:
- Փառք Աստծո, տունը պահում ենք:
- Մի տնի՞ց եք:
- Հա, Արտյոմն էլ տղաս է: Նոր եմ ամուսնացրել:
- Հա, դե բերե՛ք, բերե՛ք, աչքալուսանք տանք, մի-մի թաս էլ լցրեք, խմենք իրար հետ: Դուք էս ի՜նչ լավ մարդիկ եք,- միանգամից ոգևորվեց ղեկավարողն ու չսպասելով մյուսներին` ինքը լցրեց բոլորի բաժակները, բոլորին լավ-լավ խոսքեր ասաց, բոլորի սիրտը մի ակնթարթում շահեց, բոլորին սիրելի դարձավ:
- Կաթ չե՞ք ուզում,- հարցրեց տղամարդը:
- Չէ, շնորհակալ ենք, էս մեռոնը հազար հատ կաթ արժի:
«Ոչ ոք չի՞ ուզում կաթ խմել: Այ քեզ բան»,- դժգոհեցի մտովի ու ստիպված պնդերեսություն արեցի.
- Ես ուզում եմ,- բարձրաձայն ասացի ես` համոզված, որ մեծ բավականություն էի ստանալու կաթ խմելով:
- Գնամ կթեմ,- հյուրասիրելու պատրաստակամությամբ անմիջապես արձագանքեց Պայծառն ու սիրով շտապեց իր գործին: Կարծում եմ նաև ուրախ էր, որ գլուխն ազատեց տղամարդկանց շաղակրատանքից:
- Դե կթի, կթի, էսօր շուտ կիջնենք, հյուրեր ունենք:
- Վայ, չէ՛, էդքան նեղություն ձեզ չենք պատճառի:
- Պատճառեք էլի՜, գյուղ իջնել է պետք,- վրա բերեց Արտյոմը` բթամատն ուղղագիծ տանելով պարանոցի տակով:
- Էլ չսկսես,- սաստեց հայրը` քաջատեղյակ որդու ունեցած գործին:
- Տղան նոր է ամուսնացել, թող գնա ջահել կնոջ մոտ:
- Չէ, ուրիշ գործ կա:- Կառավարման ղեկը հաստատուն պահած` հանգիստ պատասխանեց հայրը:
«Աղջիկն էլ հիմա սրտատրոփ սպասում է ամուսնու տունդարձին:- Մտածեցի,- Կատակասեր տղա է: Լուսավոր: Կինն հաստատ կսիրի, նորմալ ընտանիք կլինեն: Փառք Աստծո»:
- Էս էլ թոռս է: Մեծինս: - Տարեցը գլխով ցույց տվեց գելխեղդ շան վիզը գրկած մի տղայի:
- Ամեն ինչ լավ էր, շա՜տ գոհ ենք…- Եզրափակեց ղեկավարողն` ակնարկելով, որ հանդիպումը մոտենում է իր ավարտին:
- Այ, ի՜նչ լավ թթու, ա՛յ համով պանիր:- Բարձրահասակի քեֆն արդեն լավ էր:
Քարտուղարուհին որոշեց, որ շանը զսպող տղան դատախազ է դառնալու: Գործավարուհին հակաճառեց` ոչ, պոետ: Երեխան նայում էր կիսաժպիտ, կիսահասկանալով և, իհարկե, իր ինչ դառնալիքը դեռ չորոշած, բայց հարուստ ներքին խմորումներով ու չէր շտապում սիրտը բացել քաղաքից եկած մարդկանց առաջ: Հայացքը վճիտ էր և վճռական…
Ղեկավարողի խմածը ասես ցնդել էր, ոչ մի ազդեցություն չէր երևում նրա վրա: Կաթը, սերափառ բռնած, բարձրացավ ու կանգ առավ մետաղյա գավաթի պռնկին: Գոլորշին բարձրանում էր ու անհետանում դեպի փոքրիկ խցի առաստաղը, որ ամբողջովին մրոտվել էր աթարի վառարանի ծխից: Շունն հայացքը հառել էր մեզ վրա և իրոք դատախազի էր նման: Անունը Բինգո էր: Դուրս չեկավ: Անունը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ հայկական չէր: Այդ բառի իմաստը սարերից ու նրա մաքուր լանջերից շատ էր հեռու տանում. խաղատներ, խաղաթղթեր, խաղատոմսեր` բինգոներ: Գոնե Դինգո լիներ: Մանկությանս տարիներին սովետական ֆիլմ կար` «Դինգո վայրի շունը»: Ես, իհարկե, ոչինչ չասացի շան անվան հետ կապված, շարունակեցի վայելել տաք կաթը` մոլեկուլ առ մոլեկուլ, չմոռանալով, որ դռան ետևում թոկով զսպվող Բինգո արարածը գայլ խեղդող մի գազան է, որին երիտասարդ տերը սաստված է պահում, որ հյուրերին չվախեցնի: Եթե շան թոկը թողներ, նա մեզ բոլորիս պատառ-պատառ կաներ:
Դուրս եկանք: Գամփռի հայացքում հարց կար, որն անպատասխան չէր կարող մնալ: Նա պիտի հոտոտեր, ուսումնասիրեր եկվորներին, իմանար, զգար, նայեր-տեսներ, օգուտն ու վնասը տարբերակեր, հասկանար նրանց բարի, թե չարի լինելը: Մանրիկ աչքերը մուգ մորթու մեջ ասես կորել էին, ասես փակ էին, բայց հայացքն իրոք դատախազական էր` քննախույզ:
Տղեկը շանը կապեց դռնից քիչ հեռու, այնպես, որ անցնողներիս չհասնի: Ափսոս: Կուզեի, որ չկապեին: Մի պահ նույնիսկ ցանկացա մոտենալ, շոյել, բայց մի քիչ վախվխում էի: Իսկ եթե տիրոջ միջնորդությամբ հասնեի նպատակիս, չի բացառվում, որ, ընտելանալով գուրգուրանքի, հետո ուրիշներին էլ թույլ տար իրեն դիպչել: Ով ասես կարող է շոյել, թող չսովորի: Շոյանքները բթացնում են զգոնությունը:
Շունն իհարկե շարունակում էր քննախույզ ուսումնասիրել եկվորներիս, և նրա մանրիկ ու խավարչտին աչքերի հայացքը կարող էր ամեն ակնթարթ կայծկլտալ, եթե որևէ մեկս մի սխալ քայլ աներ, և այդ ժամանակ մեզ ոչ տիրոջ բռնած թոկը կփրկեր և ոչ էլ նրա սուպեր մայրաքաղաքային անունը: Հաստատ յուրաքանչյուրիս մեծ կտորը ականջը կմնար:
Մինչ ամեն մեկն իր դատողություններն էր անում, հայրն ու պապը հեռադիտակն ինձ մեկնեց ու հարցրեց, թե չե՞մ ուզում արդյոք սարերը մոտիկից նայել: Մտածեցի, որ նայելու բան չկա, ի՞նչ նայեմ: Նույն համատարած ձյունն է, նույն ոլորանները, և միայն նրան չնեղացնելու ու վրաս իջած պարապությունը ցրելու համար հեռադիտակը վերցրի ձեռքից: Անտարբեր դրի աչքերիս` վստահ, որ ոչ աղվես կտեսնեմ, ոչ էլ խոտանոց սողոսկող նապաստակներից որևէ մեկին: Ասում էին` գայլեր կան այդ սարերում, վերջերս հարձակվել են ոչխարների վրա ու մեկին տապալել: Անասնապահները հասցրել էին քշել գայլերին ու միսը տարել տիրոջը: Վնասի հատուցման պահանջ չէր եղել:
Լռակյաց անծանոթն ուշադիր ինձ էր նայում…
Հեռադիտակն ուղղեցի դեպի սարերը: Թվաց ինչ-որ մոգական ուժ բարձրացրեց ինձ ու դրեց ձյունապատ սարի լանջերին: Սարերն հայտնվեցին ափիս մեջ, այնքան մոտիկ, որ ձյան ամեն մի հատիկը զգում էի դեմքիս վրա ու թարթիչներիս տակ: Արևի լույսից, թե ձյան ճերմակությունից, ավելի շուտ` երկուսի փոխադարձ արտացոլանքից, աչքերս ցավեցին:
Մի սիրահարված երիտասարդ կամ խենթ պոետ, հենց թեկուզ ցրտից կարմրած քիթուերեսով այս տղեկը, սրտում թաքուն թերևս իր սիրածի անունով կկոչեր ամենամեծ սարը` գաղտնի թրթիռով երազելով, որ մի օր կտեսնի նրան ջրի գնացող ¥հիմա բոլորը տների առաջ ծորակ ունեն¤… լավ, հանդում եղող մորն ու հորը օգնելու կամ հաց տանելու համար վերև բարձրացող աղջիկների մեջ: Ու մինչ ֆերմերը պատմում էր հերվա մազալու դեպքը, այդ ձյունափայլ բլրակները շնչավորվում էին, իրար բոթբոթում արթնացնում, աչքիս պատվում կանաչով ու սառցակաթիլների միջից գլուխը զոռբայությամբ դուրս հանող ամենաթուլուխիկ ծաղիկներով, ինչպիսիք ձնծաղիկն ու փոքրիկ զանգակն են, որոնց ձեռք տաս կճխլվեն կամ սարի կակաչն ու արդեն ամրացողուն գնարբուկը:
Սարերը շատ բան տեսած փորձառությամբ լուռ էին ու, ներողամիտ հայացքները մխրճած հեռուներում, հանդուրժում էին իմ ներկայությունը, որը չէր խախտելու նրանց անդորրը և երբեք կիսով չափ անգամ չէր պատկերացնելու նրանց գլխներովն անցածը:
… Հասանք այն տուն, որի բակում թողել էինք մեր մեքենան:
Տան մեծն արդեն տանն էր, դուրս եկավ ու մեզ ներս հրավիրեց: Պատրաստվելով ճանապարհ ընկնել` շնորհալկալություն հայտնեցինք մեքենայի հարցում մեզ օգնելու և սիրալիր վերաբերմունքի համար, ասացինք, որ գնում ենք արդեն: Տանտերն ակամա խեղճացավ, ասես փոքրացավ, ասես ինչ-որ կարևոր բան խլում էին իրենից: Բարձրահասակի ականջին իր ծննդավայրի բարբառն հասավ, նա ոտքը կախ գցեց.
- Ի՞նչ ասացիք, մըր տու՞ն, մենք էլ ենք մըր տուն ասում,- դիմեց տանտիրոջը: Հետո շրջվեց դեպի մեզ, մի այնպիսի մեղադրական հայացք գցեց մեր կողմը, որ գլուխներս ակամա խոնարհեցինք ու գյուտ արածի պես ասաց,- էս մարդը մշեցի է:
- Հա,- փրկություն գտած ասաց վերջինս,- այ մարդ, հայի շեմքից ետ մի գնացեք,- խնդրեց,- ներս եկեք, մի բաժակ ջուր խմեք, նոր ճամփա ընկեք:
- Ի՞նչ եղավ քեզ, ինչու՞ ես մերժում:- Կամացուկ հարցրեց Բարձրահասակը ղեկավարողին: Պատասխան չեղավ:
Ներս գնացինք: Ոչ միայն տղամարդը պարտք համարեց իր դուռն հասած օտարականներին տուն տանել հյուրասիրել, այլ նաև կինը սիրով ընդառաջ եկավ հյուրերին: Երևում է` սովոր էր:
Փայտե սանդուղքն անմիջապես տանում էր երկրորդ հարկ, դեպի հյուրասենյակ` իր ետևում թողնելով խոհանոցային և մյուս օժանդակ հարկաբաժինները: Տան գեղեցիկ կահույքն էլ էր բնական ամուր փայտից: Ձեռքի աշխատանք էր, խնամքով մշակված քանդակագործական ձևերով:
- Հավանու՞մ եք: Եղբորս ձեռքի գործն է:
- Հա, ընտիր գործ է անում: Ոսկի ձեռքեր ունի,- հաստատեց կինը` մածնով լի մի մեծ ափսե տանելով դեպի սեղանը:
«Կաթը խմեցինք, հիմա մածուն էլ կուտենք,- մտածեցի ես,- կմնա գաթա՜ն»:
Մոտեցա սեղնին, որը ծանրաբեռնվում էր գյուղական սննդի բարիքներով: Կինն աշխույժ ելումուտ էր անում` հյուրերի առաջ սիրով դնելով հերթական ուտելիքը: Ամեն ինչից երևում էր, որ հյուր ընդունելու հարցում ամուսինների միջև լիակատար համերաշխություն է տիրում: Եվ ոչ մի տրտունջ: Երիտասարդ տղան նույնպես տեղավորվեց սեղանի շուրջ, հոր կողքին: Միայն աղջիկն էր մեկ հետաքրքրված մոտենում, մեկ ամոթխած խրտչում ու մտնում հարևան սենյակ: Կինն իսկական ընկեր-տանտիկին էր ամուսնու համար, մանավանդ երբ օղու շիշն էր փոխում` բարձրաձայն մտածելով, որ ավելի լավը կարելի է դնել:
Խոսքից խոսք անցանք: Պարզվեց, որ աղջիկը կարգին բանաստեղծություններ է գրում ու լավ նկարում է: Ծնողների աչքերը փայլեցին, ասես լուսավորվեցին, երբ հյուրերը նկատեցին երեխայի օժտվածությունն ու նրա շնորհալիության մասին էին խոսում: Գյուղական բացսիրտ օջախում այդ երեկոն ուրախ անցավ: Բոլորը կատակում էին ու անկեղծ սրամտում ամեն առիթով: Ի վերջո նրանց էլ հրաժեշտ տվեցինք ու բարձր տրամադրությամբ բռնեցինք ետդարձի ճամփան:
Ճանապարհին մեկ-մեկ հիշում էի այդ գյուղում հանդիպած և ընդհանրապես գոյություն ունեցող կանանց լավագույն անունները. Պայծառ, Լուսաբեր, Հրանուշ, Վարդանուշ, Շողակաթ, Վարսենիկ …
Այդ օրը անսովոր թրթռաց կլորիկ այտերի ժպիտը, որի տիրոջ անունն էր Պայծառ: Նրա մատերը կովի ստինքները գրկեցին մի քիչ ոգևորությամբ, կովը զգաց ու այս անգամ չփորձեց կաթը պահել միայն իր զավակի համար ու դրանից մեզ էլ սիրով բաժին հանեց: Կաթն էլ իր հերթին փրփրեց, բայց չթափվեց… Այդ օրը Արտյոմն առանձնակի քնքուշ եղավ իր նորահարսի հետ: Այդ օրը հարսը չէր կարող չհղիանալ ու այդ պտուղը ամենացանկալին էր լինելու նրա կյանքում: Անսովոր: Առանձնահատուկ: Եվ վերջապես, այդ օրը մեր սառած հոգիներն էդ ցուրտ մարագում կամաց-կամաց ջերմացան, և զգացինք, որ իզուր չէինք գնացել: Ի՞նչ վերելք էինք հաղթահարում, սարերում, այդ մարդկանց հետ շփվելով, չգիտեմ: Երևի մեր ճզմված հոգիներից ծանրությունը թոթափելու վերելքը: Մի բան հաստատ էր, նրանց մեջ ես ինձ լավ էի զգում. ազատ, անկաշկանդ, չճնշված…
Հասել էինք Երևան, իսկ մռայլադեմ տղամարդը, որ խմիչքի ազդեցության տակ ավելի հոռետես էր դարձել, ինչ-որ դատարկ բանի համար նորից վիճում էր:
«էս ի՞նչ մարդ է,- մտածեցի,- չհոգնե՞ց նույնը կրկնելուց: Եվ ընդհանրապես, մյուսներն էլ, կա՛մ վիճում են, կա՛մ պարտադրում… Թողնես` դատարկ բաների վրա էներգիա ծախսեն: Իսկ միանգամայն լուրջ գործերն ականջի ետև են գցում: Ասենք` ու՞մ համար լուրջ: Իրենց պետք եկող հարցերն իհարկե՛ աչքաթող չեն անի»:
Ծանոթներիցս մեկը մի օր նկատեց, որ մյուս ազգերի պատկերացրած լավ մարդու հատկանիշները հայի համար սովորական էություն են. հյուրասեր, օտարին ընդառաջ գնացող, նրա կյանքով ու դարդով հետաքրքրվող, մեկին դուր գալու համար վերջին կոպեկը նրա վրա ծախսող…
«Ինչպես նաև` թասիբախեղդ եղող, թե` տեսեք-տեսեք: Ամենավեհ էությունը վարպետորեն գռեհկացնող, թե` սա է լավը, իրենց տեսակից ու կրքերից դուրս ամեն ինչ ծաղրող` սեփական դատարկությունը ծածկելու համար… և այլն և այժմ մեծամասամբ ցավոք այսպես»:
- Դե ինչ, հավանեցի՞ք:- Մտքերս ընդհատեց ղեկավարողը:
- Հա՜, շա՜տ: Մեծ բավականություն ստացա, շնորհակալություն:
- Դե ուրեմն գրելու բան կունենաս:
- Մի ամբողջ վեպ կարելի է գրել այս մարդկանց ու ձմեռվա մասին:
- Ձմեռն ու մարդկանց մի կողմ դիր:
Իմ հայացքը երևի ապուշային էր, քանի որ նա ստիպված եղավ ավելի ուղիղ բացատրել:
- Հարցազրու՛յց: Հոդվա՛ծ:
- Ես միայն գեղարվեստական արձակ եմ…
- Վաղն արի, կասեմ ինչ պիտի գրվի: Առավոտվա տասին հարմա՞ր է: Հարմար է: Կսպասեմ:
Այլևս չնայելով իմ կարկամած դեմքին և պատասխանի չսպասելով` հարազատի ժպիտով հրաժեշտ տվեց, նստեց մեքենան ու հեռացավ: