Անահիտ Արփեն
Փարթամ մարգագետինը ընդարձակ տարածվում էր չորս բոլորը ու սարերի լանջերով բարձրանում վեր` դեպի երկինք: Ամպաշատ երկինքն ասես մարգագետնի ու սարերի անհամաչափ արտացոլումը լիներ: Արևի բարձրանալուն զուգընթաց հորիզոնը հանդարտ բացում էր իր մթնաշաղ երեսը: Բուսականությունն ալիքվում էր առավոտվա մեղմ զեփյուռից` քնքշորեն տարուբերելով ծաղիկների փոքրիկ գլխիկները: Մեկ-մեկ քամի էր բարձրանում, բայց չէր սաստկանում , և Ռուբենին դուր էր գալիս ճակատին խփվող օդի պաղ հոսքը:
Նա նախիրը ազատ էր թողել լեռնային այդ արոտավայրում, և կովերը անվրդով արածում էին` մեկը մյուսի հետևից խժռելով հյութեղ խոտափնջերը: Թվում էր` Ռուբենը մոռացել է նրանց գոյության մասին. մի քարի նստած` խոժոռահայաց սպասում էր արևի բարձրանալուն` ինչպես խիստ ուսուցիչը կնայեր դասից ուշացած ծույլ աշակերտին: Նա գրեթե համոզված էր, որ արևը շատ դանդաղ է մոտենում զենիթին: Սկսեց անհամբեր դեսուդեն քայլել, հետո տագնապած կանգնեց և ուշադրությունը լարած նայեց սարից իջնող բեռնատարների անվահետքերով ստեղծված հանդամիջյան ճանապարհին, որի ծայրը թեքվելով կորչում էր բլրի հետևում: Գյուղից եկող մեքենան առաջինը այդտեղ էր երևալու: Չհայտնաբերելով իր փնտրածը` Ռուբենը դանդաղ խոնարհեց հայացքը, թախիծով նայեց ծաղիկների ու քամու խաղին… Առավոտվա շաղից դեռ լրիվ չչորացած թերթիկները համբուրելու ցանկություն ունեցավ ու սաստիկ ծարավ զգաց, կռացավ դեպի ցողաթաթախ ծաղիկները ու նկատեց, որ նրանք մնացել են մեծ բույսերի ստվերում:Արագ պոկեց բույսերից մեկը: Կտրվածքից կաթնանման հյութ ծորաց Ռուբենի ձեռքին, նա հասկացավ, որ անմեղ-մեղավոր պարզելու համար հապճեպ որոշում կայացրեց: Գուցե բույսը պաշտպանում էր փոքրիկին, գուցե ծաղիկն արդեն այդ պայմաններին էր հարմարվել և հիմա… ( Արփենը ինստիտուտ է ընդունվել և այսօր գալու է սարվորներին հրաժեշտ տալու)…
Ռուբենը տխուր նայեց ցողունի վերքից կաթացած հեղուկին. կաթն արդեն չորացել էր ու դարձել շագանակագույն: Բթամատի անկյունում մի կիսաչորացած կաթիլ էր անշարժացել: Ռուբենը լեզուն կպցրեց այդ կաթիլին, դառն էր: Սիրտը ճմլվեց: Վերհիշեց, թե ինչպես էր նոր կթած կաթը լցվում մեծ դույլի մեջ, և նրա հոգում մի լար նորից նվաց, սիրտը սկսեց արագ բաբախել, ինչպես լինում էր, երբ Արփենը կաթը լցնելուց հետո մոտենում ու դույլը մեկնում էր իրեն: Իր սրտի նման թափահարված` ճերմակ կաթը թրթռում էր դույլի հատակին: Ինքը մի շնչով էր խմում այն ու ինչքան ձգտում էր չթափել, կաթն ավելի շատ էր դուրս հոսում դույլի բաց շուրթերից: Արփենը ծիծաղում էր:
Արփենը գեղեցիկ էր ծիծաղում:
Ինքը, դույլը կրծքին սեղմած, հուզմունքը թաքցնել չկարողանալով, հանում էր թաշկինակը, որը, չգիտես ինչու, միշտ դժվարությամբ էր դուրս գալիս գրպանից, սրբում էր կաթոտ ծնոտն ու…ու ինքն էլ էր ծիծաղում: Արփենը խլում էր դույլն ու հեռանում էր, ինքն, ակամա գնալով նրա հետևից, մոտենում էր սարվորներին: Աչքի պոչով իր տեսադաշտում պահելով Արփենին` միանում էր մյուսների խոսք ու զրույցին, իր սրախոսություններով ետ չէր մնում կատակասերներից: Իսկ հիմա…
Արդեն քանի օր է Ռուբենը միայն լուռ բարևում է բոլորին ու հայացքը փախցնում` իբր նախիրին է հետևում: Կովերին շտապեցնում է ու առանձնանում կարեկից հայացքներից հեռու: Ոչ խոսելու սիրտ ունի, ոչ` կատակելու: Բոլորն էլ հասկանում են նրա վիճակը և չեն սրախոսում: Դեռ չեն սրախոսում: Իսկ աղջիկների մեջ Արփենի դեմքն այլևս չկա:
Շարժիչի ձայնը ընդհատեց Ռուբենի խոհերը, նա նայեց ձայնի ուղղությամբ և տեսավ մոտեցող մարդատարի: Նա անմիջապես ճանաչեց Արփենի հոր մեքենան:
«Երանի չգար,- մտածեց տղան,- ասենք, ի՞նչ տարբերություն»…
Մեքենան կանգ առավ մոտերքում, դռնակը բացվեց ու երևաց հաղթածի բավականությամբ ժպտացող Արփենի դեմքը: Ռուբենը քարացել էր տեղում, հետո տեսավ, որ Արփենը ոտքը դրեց գետնին, դուրս եկավ մեքենայից: Հագին նոր շրջազգեստ էր` սպիտակ օձիքով, հոլանի թևերով… Ռուբենը հասկացավ, որ ընդառաջ պիտի գնա նրան…
- Արդեն գնում եմ, եկա հրաժեշտ տալու,- ասաց հստակ ու թեթև:
- Հա՜…- խոսեց Ռուբենը,- …աղջիկները կուրախանան, որ իրենց չես մոռացել…
- Միասին գնանք:
Ռուբենը լուռ նայեց անխռով արածող կովերին ու ցուլերին…
- Դե լավ, ցտեսություն,- նորից ժպտաց Արփենը ու շրջվեց դեպի մեքենան:
Ռուբենի ներսում խիստ պրկված մի լար կտրվեց:
- Արփե՛ն,- ձայնեց աղջկա ետևից:
Արփենը ետ նայեց ու սպասումներով լի հայացքը հառեց տղային:
- Տես հա՜, լավ կսովորես…- բարբաջեց վերջինս:
- «Ու քեզ լավ կպահես»,- նրա խոսքը մտքում ավարտեց աղջիկը ու նստեց արդեն հռնդացող մեքենան:
Երբ հեռացող ավտոմեքենան հետզհետե փոքրացավ ու կորավ Ռուբենի աչքից, նա, ի վերջո, սթափվեց, կրծքից խորը հառաչ դուրս թռավ, մոտեցրեց ցաքուցրիվ արածող անասուններին ու դանդաղ քշեց այդտեղից հեռու` դեպի նոր արոտավայրեր: