Անահիտ Արփեն
ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ
(հատված վեպից)
տպագրված` «Կանթեղ», թիվ 7, հունիս - հուլիս, 2014 թ.
Ձեռքդ տուր` ասաց հրեշտակը
Մարգարիտը տնից լուռ դուրս եկավ ու անշտապ իջնում էր Անահիտի աղբյուր: Գյուղը նույն գյուղն էր, թեք ու քարքարոտ ճամփան` Անահիտի աղբյուրի ճամփան, բայց նրա աչքում ամեն ինչ փոխված էր. մարդկանց դեմքերը, գետնի քռիճները, դպրոցը, եկեղեցին… Աղբյուր չհասած, վերևից զննեց տեղանքը` ինքնաբերաբար փնտրելով Հրանտին, թեև գիտեր, որ նա գյուղից հեռացել է: Հետո դանդաղեցրեց քայլերը, մոտեցավ աղբյուրին, կռացավ գուռի վրա, անտրամադիր նայեց ակունքին ու, ջրի կարկաչին անհաղորդ, անշարժացավ:
- Չե՞ս խմում,- անսպասելի լսվեց թիկունքում:
Մարգարիտի սիրտը թպրտաց:
- Հա,- ասաց շտապ` վախենալով հայացքը կտրել ջրից, որ հանկարծ լսածը խաբկանք չդառնա:
- Պահե՞մ խմես,- ձայնը նորից հնչեց միանգամայն իրական:
Մարգարիտը երանությամբ բարձրացրեց գլուխը: Վայելելով յուրաքանչյուր ակնթարթը` դյութված նայեց Հրանտի մեղրածոր դեմքին, աչքերի անմեղ ճառագայթներին. առաջին անգամ էր չսափրված հրեշտակ տեսնում:
- Ձեռքերդ տուր,- ասաց հրեշտակը:
Մարգարիտն անխոս հնազանդվեց:
- Ափերդ իրար միացրու: Ապրես:
Աղջիկն առաջին անգամ էր իր մեջ կատարյալ խոնարհություն զգում որևէ մեկի, այն էլ տղամարդու հանդեպ: Անահիտի աղբյուրի բռաձև գուռից Հրանտը ջուր վերցրեց ու մեղմորեն լցրեց Մարգարիտի բաց ափերի մեջ: Մարգարիտը վերջապես հասկացավ նրա մտքինն ու մեղավոր նայեց մատերի արանքներով գլուլ - գլուլ թափվող ջրին: Հանելուկ էր տղան:
- Մատերդ փակ պահի,- ծիծաղեց հանելուկը:
- Ա՜, հա, հա՛,- խոստացավ Մարգարիտը և հապշտապ փակեց մատերը, որ ոչ մի կաթիլ չսպրդի Հրանտի լցրածից:
Մարգարիտի երկար մատերը, որ տիրերում փամփուշտներն անհողդողդ մեխում էին թիրախի հենց կենտրոնին, դողացին: Հրանտի շուրթերը օգնության հասան: Խմեց մինչև վերջ: Մարգարիտը երազեց, որ իր փարթամ ու երկար վարսերն այդ պահին ետ գային, հոլանի թևերով, արևակլոր փեշերով զգեստ հագած լիներ ու Հրանտին տեսներ սափրված երեսով: Հրանտը, անհաղորդ աղջկա մտքերին, իր հոգու լույսն էր շաղ տալիս… Մարգարիտը մի մոլորված կաթիլ նկատեց տղայի մորուքի մեջ: «Երևի չի ուզում բաժանվի»,- մտածեց ու երանի տվեց ջրին` կուզենար ինքը լինել այդ կաթիլը:
Հրանտը ձեռքը մեկնեց աղջկան, օգնեց անցնել քարերի վրայով: Մտան անտառ: Հողը տաք էր խանձարուրի պես, ու իրենք անուշաբույր էին ինչպես նոր թխած հացը… Նրանք մեկնվեցին խոտերի մեջ և ծառերի կատարների արանքներով տեսան կաթնագույն երկինքը, ուր լողում էին սպիտակաթույր ամպիկներ: Ճյուղերը սոսափում էին ու զովություն ուղարկում, տերևները ախորժալուր երգ էին խշշում, անտառը ժպտում էր նրանց: Մարգարիտը նայեց Հրանտի վճիտ հայացքին և անպատասխան չմնաց: Անտառային ձայների մեջ պարզորոշ լսվեց ինչ - որ թռչնի սուր ձայն:
- Էդ ի՞նչ թռչուն էր,- հարցրեց Հրանտը կտրուկ շրջվելով կողքի և ձեռքն արմնկածալ հենելով գլխի տակ:
- Չգիտեմ,- զարմացավ Մարգարիտը:
- Չլսեցի՞ր:
- Լսեցի, մեծ թռչնի ձայն էր…
- Սպասիր…
Հրանտը լարեց լսողությունը, բայց անտառի համանվագում այլևս ոչ մի ձայն չառանձնացավ: Նա կտրուկ վեր կացավ, ակնոցը դրեց ու գնաց ձայնի ուղղությամբ, ուշադիր նայեց ծառերին, ապա ձեռնունայն շրջվեց դեպի Մարգարիտը: Աղջիկը մոտեցավ նրան, քայլեցին դեպի Անահիտի աղբյուր: