Անահիտ Արփեն
Մանկամարդ կինը պատրաստվում էր ճաշ եփել` չարած-չտեսած բան: Սկեսուրը նեղացած էր հարսի վերաբերմունքից (ականջին հասցրել էին, որ հարևաններին ասել է, թե ինքը իբր երեխային լավ չի նայում)ինքն էլ, որպես բողոքի նոտա, հայտարարեց.
- Դու՛ պահիր, լա՛վ նայիր,- ու քաշվեց իր սենյակը:
Հարսը, նման շրջադարձից անակնկալի եկած, քրթմնջում էր, թե մի բան ասել չի լինում էս մարդկանց… Սկեսու՛րը: Հերիք չի ինչ ասես ասեց իրեն ու ամբողջ օրը երեխայի ոչ մի կարիքին չխառնվեց, հիմա էլ այնպիսի ճաշ է եփել, որի հոտը տանջամահ է անում` ընկել է քիթն ու դուրս չի գալիս: Խեղճ հարսն իհա՛րկե պատրաստ էր մոռանալ տեղի ունեցած ընտանեկան տեսարանն ու մատներն էլ հետը ուտել էդ քյաֆթառի եփածը, բայց սկեսուրը ճաշն էլ էր իրենով արել ու նրան հյուրասիրելու միտք չուներ: Նա էլ ի՞նչ աներ. նույնիսկ ինքն իրեն չխոստովանելով, որ սկեսուր-մայրիկի հետ վատ է վարվել, ի նշան նրա հանդեպ ունեցած իր մեծագույն քամահրանքի` փռթկացրեց ու հայտարարեց, որ մանկական ճաշերից նա բան չի հասկանում, որ նրա եփած էդ գյուղական ապուրներից իրենք ուղղակի զզվել են արդեն, իսկ երեխան չի էլ սիրում, վատ է ուտում, օրեցօր քաշ է գցում թերսնվածությունից: (Երեխան էլ ի՜նչ երեխա. թշերը մի-մի բարձ, որկորը դանայան տակառ… Մի խոսքով):
Մտովի վճռելով ստանձնել երեխայի ոչ միայն դաստիարակության, այլ նաև կերակրելու խնդիրը, հիշելով, որ ամենաշուտ և ամենահեշտ եփվող շիլան հերկուլեսն է` հարսը որոշեց ճաշ եփել: Միայն երեխայի համար: (Համ էլ խանութ վազելու լավ առիթ էր, թե չէ ամբողջ օրը դուրս չէր եկել, մարդու երես չէր տեսել, թթվել մնացել էր տանը:) Այնպես որ, շտապ հետ բերեց զգեստապահարանի երկու դռներն էլ, խնամքով և բծախնդրորեն ընտրեց հագնելիք զգեստը, որը վերջին անգամ ընկերուհու երեխաների ծնունդ-կնունքին էր հագել: Ճիշտ է ամուսինը առանձնապես չի հավանում այդ զգեստը, ավելի ճիշտ` չի խրախուսում բացվածքները, բայց միևնույն է, հենց այդ շորն էլ հագնելու է, տեղն է դրանց: Եվ, ի նշան իր զայրացած լինելուն, զգեստապահարանի դուռն անփույթ արհամարհանքով բաց թողեց ու հաստատակամ նստեց եռափեղկ հայելու առաջ:
Դարակներում ու գզրոցներում եղած ոչ մի շպարանյութ, հարդարման ոչ մի պարագա, ոչ մի գույն, ոչ մի որակ դուրը չեկավ: Էլ չեմ ասում` պարզվեց, որ դրանցից ոչ մեկը զգեստին չի սազում: Ասենք` ե՞րբ է առել, որ սազեն, երկու, ի՞նչ երկու, երե՜ք ամիս կլինի: Եվ հենց այստեղ էլ ջահել հարսը պայծառացավ: Դե իհարկե՜ նորություն է պետք:
Արդեն իրեն հետաքրքրող բան կար` անմիջապես գործի անցավ. արագ ընտրեց ամենավառ գույները, դեմքի ամեն գիծ ու քառակուսի թանձր շպարեց ու նախկին անփույթ արհամարհանքով, բայց արդեն ոգևորության կայծով բռնկված դուրս նետվեց սանդղահարթակ` իր ետևից շրխկացնելով ելքի դուռը:
Երիտասարդ մայրն ինքնաբերաբար էր բարևում վերելակում հանդիպող հարևաններին, այդ անտանելի արկղն էլ հազիվ էր տեղից շարժվում, խեղճ աղջկա հոգին դուրս եկավ մինչև դա իրենց հարկ բարձրացավ, հետն էլ, ոնց որ դիտմամբ, ամեն հարկում կանգնեց, մարդ վերցրեց: Ի՜հ, էլ հարկ չկար ապրելու, քթի ծակ չեն ունեցել իր մարդու մերն ու հերը: Բա սրանց ընտրած շրջապա՜տը… Չէ՜, սպասի՜, սա վաճառել կտա և իր ուզած թաղամասում, իր ուզած բնակարանն առնել կտա: Փառք Աստծո, տեղ հասավ: Հարսն ու մանկամարդ մայրիկը իրեն խելակորույս դուրս նետեց, ուշանում էր` «Օծանելիք, պարֆյումերիա» գեղագիր ցուցանակը կրող խանութը պիտի հասներ, որն անասելի գայթակղությամբ իր գիրկն էր քաշում նրան:
Ներս մտավ կիսաարբած, մեկ առ մեկ քննեց-զննեց բոլոր ապրանքանմուշները, դեմքի ու մարմնի բոլոր քսուկներից մեկ-երկու օրինակ գնեց ու վերջապես շունչը տեղը բերեց: Մեծագույն բավականությամբ շուրջը նայեց, խեթեց հարուստ հագնված մի քանի կանանց, ականջ դրեց մի գնորդի ու վաճառողի խոսակցությանը և միայն այն բանից հետո, երբ համոզվեց որ գրեթե ինքն էլ է նույն բաները գնել, հանգիստ սրտով (թեև դեռ ոտքը կախ) դուրս եկավ խանութից:
Մրգերի ու բանջարեղենների վաճառասեղանների մոտով անցնելիս դեմքը տհաճությամբ շրջեց` չցանկանալով փչացնել թանկագին գնումների պատճառած վայելքը: Պայուսակի պարունակությունը քնքշալի խտղտացնում էր նրա սիրտն ու հոգին: Մայրիկն այնքան էր տարվել իր գնումներով, որ քիչ մնաց մոռանար, թե ինչու է խանութ իջել: Լավ է, հիշեց, որ «Հերկուլես» պիտի վերցնի. տրտնջաց, թե մարդ չգիտի` ինչ եփի, մտավ ցածր գներ առաջարկող գրությամբ պարենային խանութը, վերցրեց առաջին իսկ պատահած տուփը, անհամբեր վճարեց ու դուրս եկավ: Տուն հասնելուն պես շտապեց ննջասենյակ, քիչ անց նորից դրանց գիրկը վերադառնալու ակնկալիքով հայելու դարակին պահ տվեց իր ավարը և անցավ խոհանոց` ճանապարհին չնկատելով բազմոցից արդեն ցած ընկնող երեխային:
Տատը իր սենյակում դեռ մտմտում էր.
- Էդ ինքը, էդ էլ` իր երեխան: Մի օր թող պահի, տեսնենք…
Խոհանոցից Սոդոմ-Գոմորի ձայներ էին գալիս. աման-չաման իրար գլխի տալով` հարսը հարմար կաթսա էր փնտրում երեխային ճաշ եփելու համար: Հենց այդ պահին էլ լսվեց թոռան ցած ընկնելու դմփոցն ու աղիողորմ ճիչը:
- Է՞լ ինչ եղավ,- կաթսաները նետելով ու հոխորտալով նրան մոտեցավ մայրը:
Տատը, որ վազել էր մինչև դուռն ու սրտատրոփ կանգնել, դեռ զսպում էր իրեն, որ չմիջամտի, իսկ հարսը, անիծելով իր բախտը, ազատություն էր տվել իր զեղումներին. տրտնջում էր դեպքի վայր հասած հարևանուհու առաջ, որ օգնող չունի, տունն իր վզին է, երեխայի ու էլի հազար ու մի չգիտես ինչի հոգսը ինքը պիտի քաշի, քիթ սրբելու ժամանակ չունի, որ գոնե ճաշ եփի, էս պայմաններում երեխա մեծացնե՞լ կլինի...
- Տուր մոտս,- ասաց հարևանուհին ու մարդկայնորեն խղճալով` մոր թևերից կախ ընկած երեխային վերցրեց իր գիրկը: Մանչուկը մի քիչ էլ թնկթնկաց ու հանգստացավ:
Վերադարձան խոհանոց: Մայրիկն անցավ ճաշի պատրաստության` ընթացքում խանդավառված պատմելով խանութում կատարած իր գնումների մասին, սակայն հարևանուհու երեխաները իրար քաշքշելով եկան մորը բողոքելու միմյանցից և (սառը ջուր լցնելով ճաշ եփողի ոգևորության վրա) ընդհատեցին երանելի պատմությունը: Հարևանուհին ստիպված երեխային իջեցրեց խոհանոցի թախտին ու իր անկարգներին տուն տարավ:
Մայրիկը գազն անջատեց, ճաշը լցրեց ափսեի մեջ ու դրեց սեղանին, որ սառչի: Գդալով արգահատանքով խառնշտորելիս հանկարծ շիլայի մեջ նկատեց մանր ցեցի նմանվող վարսակի սրածայր կեղև և, եզրակացնելով, թե իրեն որդոտ մթերք են վաճառել, շտապեց հաշիվ պահանջելու` երեխայի կերակրելն հանձնարարելով աշխատանքից այդ պահին տուն վերադարձած ամուսնուն:
Երեխան, նկատելով իր առջև դրված ճաշը, թաթիկները մտցրեց մեջն ու սկսեց լպստելով ուտել: Հայրը, գոհ որդու պահվածքից, անցավ լողասենյակ: Երեխան բարձրացավ սեղանի վրա, մի քիչ լպստեց, մի քիչ կերավ, մնացածը թափեց վրան ու շուրջը, ի վերջո սեղանի վրա էլ քնեց: