Անահիտ Արփեն
ՀԵՐՈՍԻ ԱՅՐԻՆ
Դղյակի աշխատասենյակը աշխատանքային լինելու համար բավական ճոխ էր կահավորված, բայց շատ անկյանք էր: Տպավորություն էր ստեղծվում, թե հսկայական տունն էլ առողջ եռուզեռ կամ խինդ տեսած չի լինի: Օդի նշույլ չկար սենյակում և ոչ միայն այն պատճառով, որ վարագույրներն ամուր փակված էին, ու արևի կենարար լույսը ներս չէր թափանցում… Տանուտերը մայրաքաղաքում էր ապրում, նոր էր եկել, ամբողջ ճանապարհին դժգոհ մտմտում էր, որ ստիպված է կալվածքին նոր կառավարիչ գտնել, քանի որ նախորդը վերցրել ու մեռել է, մինչդեռ այնքան ձեռնտու աշխատող էր. գործից լավ էր գլուխ հանում, եռանդուն էր, համ էլ, ամենակարևորը, հեչ գործարարի հոգեբանություն չուներ, ինչ պայման դներ, հարմարվում էր, ինչքան տար, չտար, չէր բողոքում:
Կալվածատերը կուշտուկռուշտ բազմեց ամուր կաղնուց սարքած, ողորկ ու լաքապատ գրասեղանի հետևի ծանր ու մեծ բազկաթոռի մեջ և տիրական հայացքով նայեց իր բարեհաճությանը սպասող հեզաբարո կերպարանքին, որն ամուսնու մահվան չամոքվող վշտից լրիվ սմքել էր:
Թե ինչպես էր առանց նրան ապրելու և երեխաներին պահելու, կառավարչի այրին առայժմ չէր պատկերացնում: Հասկանում էր, որ անիմաստ է մտածել, թե եթե վերադառնային Հայաստան, ինչպես ամուսինն էր համոզում, կարող է կյանքն այլ կերպ դասավորվեր, ու հունա-թուրքական պատերազմում ամուսնու ստացած հիվանդությունն այլ ընթացք ունենար: Այրին ստիպված էր համակերպվել իրողությանը: Մի քիչ սփոփում էր միայն այն փաստը, որ ամուսնու աշխատած փողերից որոշակի գումար էր պահվում կալվածատիրոջ մոտ: Եվ հիմա այդ փողը ստանալու ակնկալիքով էր Մարգարիտան մտել այդ մռայլ սենյակը, սակայն, ամուսնու կորստի ցավից դեռ ուշքի չեկած, հիմա էլ երկրորդ արհավիրքն էր պայթում նրա ու նրա երեք անպաշտպան որբերի գլխին:
- Այո՛, այո՛,- ասում էր հարուստ հողատեր Մելիքը,- ես ձեզ ամեն ինչով կօգնեմ, դու ու քո երեխաները ոչնչի պակասություն չեք զգա:
- Շնորհակալ եմ, որ գնահատում էիք ամուսնուս աշխատանքը և նրա վաստակածին նաև եկամուտներից տոկոս նշանակեցիք, դրանց ձեռք չենք տվել: Աշխատավարձն էլ ենք խնայողությամբ վերցրել, Արսենն ասում էր… սիրտը երևի զգում էր, որ…- աչքերը լցվեցին, բայց զսպեց, որ չարտասվի:- Միայն էդ փողի շնորհիվ հիմա կկարողանանք…- Շարունակեց՝ փորձելով ճշտել խնդրած փողերի իսկությունը, սակայն տանուտերը կտրեց Մարգարիտայի խոսքը:
- Ես քո մասին եմ խոսում, ամուսինդ այլևս չկա, ի՞նչ ամուսին,- ասաց:
Բացահայտ էր, որ ինչ-որ բան սրտով չէր: Տոնը, որով խոսում էր, խոցեց այրուն. վերջինս նկատելի ցնցվեց, նայեց մեծահարուստի լավ խնամված տեսքին, հագուկապին և ոչինչ չասաց:
- Փառք ու պատիվ՝ հերոս տղա էր, բոլորը գիտեն,- փորձեց իր սխալը շտկել Մելիքը, բայց ոչ այն պատճառով, որ նրա համար սուրբ էր հայ ազգի բախտորոշիչ ճակատամարտի աշխարհազորայինների հրամանատարի հիշատակը, ուղղակի ձգտում էր շահել նրա գեղեցկատես այրու բարեհաճությունը:
- Ուզում էի ասել, շնորհակալ եմ, որ նրա արժանապատիվ վաստակածը մեզ…
- Այլևս դու՛ պետք է վաստակես…- այրուն նորից ընդհատեց Մելիքը՝ նրան հնարավորություն չտալով պահանջատեր զգալ կամ խոսքի առավելություն ունենալ իր հանդեպ:
- Այո, իհարկե,- դարձյալ նեղվեց կինը,- ես կաշխատեմ, երեխաներս անտեր չեն մնա կամ՝ միայն Արսենի թողած փողերի հույսին: Առայժմ այդ գումա…
- Ի՞նչ փողեր,- անտեղյակ ձևացավ Մելիքը:
- Արսենի աշխատած… որ քեզ մոտ են պահվում:
Այրու ձայնը դողաց, ու դատարկաձեռն մնալու տագնապից շնչառությունը ծանրացավ:
Մեծահարուստն հայացքով ոտքից գլուխ տնտղեց իր առաջ ձիգ կանգնած կնոջը, և նրա հայացքից սգավոր կինը հասկացավ, որ այդ մարդու նպատակներն անմաքուր են: Հասկացավ, որ ինքը փողի երես չի տեսնի՝ փաստաթուղթ չկար ձեռքը: Նրա մաքրամաքուր ուղեղն անընդունակ էր փնտրելու այլ տարբերակ, առավել ևս՝ արձագանքելու Մելիքի նետած վավաշոտ հայացքներին:
- Մեզ դրանք խիստ անհրաժեշտ են հիմա,- ասաց խեղճացած:
- Ես լեյ առ լեյ, մինչև վերջին բանին վճարել եմ, ոչինչ պարտք չեմ,- սիգարը սեղանին թխկթխկացնելուն համաչափ հատիկ – հատիկ պատասխանեց Մելիքը:
Լարված լռություն տիրեց: Մարգարիտան ակնթարթորեն վերապրեց Ռումինիա տարագրվելուց հետո իրենց կրած զրկանքները և թվաց՝ գիտակցությունն ուր որ է կմթագնի…
- Խնդրում եմ, մի՛ մերժեք…- լռությունը զգուշությամբ խզեց նա՝ դեռ հույս փայփայելով, որ իրենցից միշտ գոհ մնացած մարդն այդքան անգութ լինել չի կարող իրենց հանդեպ ու դեռ չհամակերպվելով այն չարաբաստիկ մտքին, որ պատերազմում վիրավորված մարդու քրտինքով վաստակվածը կարող է ուրանան:
Մելիքը շարունակում էր բազմանշանակալից լռել, ակնհայտ էր, որ դժգոհ է այրու անհասկացող պահվածքից:
- Աղաչում եմ,- այլևս պոռթկաց այրին:- Երեխաներս դրանց հույսին են:
- Երեխաներդ քո երեսն են նայում,- հանգիստ ասաց Մելիքը՝ հիմա էլ շուռումուռ տալով ձեռքերն ու ուշադիր զննելով դրանք՝ կարծես առաջին անգամ էր տեսնում:
Մարգարիտան խորշանք զգաց նրա արջային թաթերից, ակամա համեմատեց, թե որքան տարբեր են դրանց տերն ու իր հանգուցյալ ամուսինը:
- Մելի՛ք, մենք օտարների մեջ ենք, եթե դու, որ մեզ նման հայ ես…- փորձեց որևէ խոսք գտնել իր պահանջը ձևակերպելու համար, բայց անկարող եղավ տիրապետել սեփական մտքերին, որոնք հաճախ այնքան տպավորիչ կարող էին լինել… Հոգու խռովքն ու անարդարության դեմ ընդվզումը մի այնպիսի խառնաշփոթ էին առաջացրել գլխում, որ խեղճ կինը չկարողացավ շարունակել:
- Ես քեզ օգնությունս եմ առաջարկում. դուք կարող եք առաջվա նման մնալ ու ապրել իմ կալվածքում, սնվել իմ խոհանոցից… Եթե չես ուզում, դու գիտես… Բայց որ ինձ լսես…
Մելիքը խորհրդավոր դադար տվեց, ապա խրատական ասաց.
- Օգտվիր, քանի բարի եմ, հետո, խնդրես էլ, ուշ կլինի:
Այրու կտրուկ հայացքը նողկանքով շամփրեց նրան, և նա ակամա հիշեց փոխհամաձայնությունների չգնացող նրա ամուսնուն, որին շրջապատում բոլորն էին համարում արդարամտության տիպար, հարգում կայուն բնավորության, ուժեղ մարդ լինելու համար և նրա օրինակով դաստիարակում իրենց որդիներին ու խրատում մեկմեկու:
Մելիքը ձանձրույթ զգաց. անորոշ տհաճություն՝ ինքն էլ էր լիովին վստահում Արսենին, ամեն անգամ գյուղ գալիս իրոք ուրախանում էր կառավարչի հաջողություններով, որ իր կալվածքի հաջողություններն էին, բայց և իր իսկ կալվածքում, Արսենին սիրող ռումինացիների մեջ կրկնակի օտար էր զգում իրեն՝ և՛ այլազգի, և՛ փողատեր լինելու պատճառով: Ու թեև անժխտելի էր, որ Արսենի շնորհիվ կալվածքը կարճ ժամանակում եկամտաբեր դարձավ ու ինքը տարեկան եկամուտներից վճարվելիք տոկոս էր հաշվարկում նրան, ի պատասխան նրա այրու թախանձանքներին՝ կոպիտ վեր կացավ՝ հասկացնելով, որ ժամանակ չունի վատնելու մի մարդու վրա, որը բավական չէ իր լավն ու վատը չի հասկանում ու մերժում է «տիրոջ» մեծահոգաբար մեկնած ձեռքը, դեռ փորձում է փող կորզել նրանից:
Մարգարիտան սարսռաց. Մելիքի ամբարտավան և բացահայտ ուրացող պահվածքը վերջնականապես ջախջախեց նրան: Թվաց, թե պատերը երերում են, բայց նա չկորցրեց ինքնատիրապետումն ու ներողություն խնդրելով շրջվեց դեպի դուռը՝ հասկանալով, որ իր հպարտ պահվածքը Մելիքը երբեք չի ների: Թիկունքում զգալով նույն տնտղող հայացքը՝ Մարգարիտան արժանապատվորեն շեմքեց «աշխատասենյակի» դուռը՝ այլևս այն չբախելու հաստատ որոշմամբ:
Արցունքները խեղդում էին, բայց փղձկաց դղյակից ու ծառաների համար սարքված, բայց իրենց ընտանիքին հատկացված տնակից հեռանալուց հետո միայն: Որդին մայրաքաղաքում ուսանում էր, իսկ դուստրերը կալվածքում էին, կարող էին մոտերքում խաղալիս լինել, հանկարծ կնկատեին:
Երբ անցնում էր ամուսնու շնորհիվ բերքառատ դարձած այգու միջով, յուրաքանչյուր տերևի ու հյութալի ճոճվող պտղի մեջ տեսնում էր ամուսնու սև աչքերը, խաղողի ամեն վազի տակից հառնում էր նրա գեղեցիկ հասակը, ամենուր զգացվում էր Արսենի շունչը:
Մարգարիտան կողմնակի աչքից հեռու ազատություն տվեց իր զգացումներին և դառնորեն հեկեկաց այն թմբի վրա, որտեղ Արսեն Տեր – Պողոսյանը հաճախակի էր նստում: Այդ մի փոքր բարձր մասից, ասես ափի մեջ, երևում էր ամբողջ տեղանքը: Այգեգործ – կառավարչի պաշտոնում էլ Արսենը չէր դադարում հրամանատար ու զինվոր լինել: Նա տիրապետում էր խաղողագործի և պտղաբույծի գործին ու, ինչպես բոլոր հարցերում, անմնացորդ էր նվիրվել այգու խնամքին: Բարեխղճորեն ծառայում էր յուրաքանչյուր մրգածառին ու խաղողատեսակին՝ անհատապես հոգալով ամեն մեկի ցավն ու պահանջը, ինչպես մարտավարական ու հրամանատարական տաղանդով կարողացավ խոսել յուրաքանչյուր գյուղացու հետ, երբ 1918 – ին Ապարանի տարածաշրջանի ողջ բնակչությանը համախմբեց, աշխարհազորային ջոկատ կազմեց՝ թուրքերի կանոնավոր բանակի դեմն առնելու համար և առավ, մինչև որ Դրոյի ղեկավարած զորքը կհասներ օգնության:
Մարգարիտան ամուսնուն շատ էր սիրում, Արսենը լի էր քնքշանքով ու գորովով: Նա անկեղծ մարդ էր, բարի ու շիտակ, միշտ տկարի ու չունևորի կողմն էր, փողատեր չէր, բայց իր վերջին կոպեկը կտար ավելի կարիքավորին: Նա քաջ էր, հավատարիմ, խորապես սիրում էր իր ազգն ու հայրենիքը և պատրաստ էր կյանքի գնով պաշտպանել իր երկիրն ու ընտանիքը: Արսենն էր Մարգարիտայի միակ հույսը, միակ ապավենն այդ օտար երկրում, օտարալեզու և օտար լեզվով խոսող մարդկանց մեջ նրա միակ պաշտպանը, միակ հավատքն ու պաշտամունք-կուռքը: Եվ հիմա սևասիրտ այրին չէր պատկերացնում կյանքն առանց ամուսնու, և միայն երեխաների գոյությունն էր ստիպում պահպանել ողջամտությունը:
Մարգարիտան մի վերջին անգամ նայեց ամուսնու խնամած այգուն. հիշեց, թե ինչպես նա վերակենդանացրեց 500 հեկտար մշակովի հողով այդ կալվածքը, պարարտացրեց հողը, ուշքի բերեց, փարթամացրեց անխնամ թողնված ծառերը, կարգի գցեց արտադրությունը…
Վշտաբեկ կինը նորից ջերմացավ. շոշափելիության աստիճան զգաց ամուսնու ներկայությունը, որը նաև հայ ազգի ազատագրության հերոսի ոգին էր ու ասես նոր հասկացավ, թե ում է կորցրել, թե որքա՜ն թանկ է նրա հիշատակը և անմրմունջ երդվեց, որ զավակներն իր ընկճվելը չպետք է տեսնեն: