Անահիտ Արփեն
Լույսի մի թույլ գնդիկ մթության մեջ մերթ տենդորեն դեսուդեն էր թռչկոտում, մերթ խուսափողական գլորվում հեռու: Լույսի հիվանդոտ դարչնագույնի ամեն շարժումից անդուր դառնահամ զգալով` նա կրծքավանդակն առաջ էր մղում, բայց ասես սոսնձված լիներ ինչ-որ սև թանձրուկի ու շարժվելիս սևը տանում էր հետը, իսկ հիվանդոտ գնդիկն ինքն էր կրնկակոխ հետապնդում: Լպրծուն ու թաց: Որքան լարվում էր, գնդիկն այնքան կպչուն էր դառնում… Հուսահատվեց, թուլացավ… Վճռեց այլևս չպայքարել` մտածելով` ինչ լինում է, թող լինի: Լույսն անակնկալի եկած դողաց, երերաց ու կանգ առավ, հետո սկսեց մեծանալ, մեծանալ ու սառեցնել մութ հեղձուկը: Մթան ծանրությունը, որ կիզում էր քիչ առաջ, հիմա էլ վիթխարի սառցաբեկորի նման ընկել կրծքավանդակին, սառցալուլա ժանիքներով դուրս էր քաշում մարմնի ջերմությունը, կաթում էր ուղիղ ճակատին: Շունչը կտրվում էր ու աննպատակ պարպվում: Ուժերը սպառվելուն համաչափ` հեղձուկն ավելանում էր, խեղդում: Կասկած չկար, որ այլևս ելք չկար, դա վերջն էր: Եվ հենց այդտեղ էլ կատարվեց… ընդհատումը:
Աչքերը բացեց. լիալուսին էր: Պատուհանի ետևում ծառերը սոսափում էին ու տերևները թրթռացնում մերկ լուսնի առաջ: Շնչառությունը դեռ չէր կարգավորվում, ինքը, քրտնքաջրի մեջ կորած ու անօգնական, փայտացած ընկած էր մեջքի վրա… Կոպերը նորից ծանրանում էին, ականջներում բութ սվոց էր: Շրջվեց կողքի, որ բերանի դառնահամությունը մեղմվի: Մարդիկ հայտնվեցին, սկսեցին խմբվել շուրջը, տարբեր դեմքեր սևեռուն իրեն էին նայում, մի աղջնակ ինչ-որ պակեմոնային կենդանու հետ վազում էր ու ոտքերը չլմփացնում առվի ցեխաջրի մեջ: Կենդանին թռչկոտում էր, կանգնում ետևի ոտքերին ու առջևի թաթերը ցեխաթաթախ դնում աղջնակի ճերմակ փեշերին: Երեխան ճչում էր ու փախչում, բայց մի ակնոցավոր ծերունի հաստ ապակիների տակից խամրած աչքերի խստաբարո հայացքով սաստում էր, չէր թողնում, որ երեխան առվից դուրս գա: Հետո նայեց շուրջը և փորձեց որսալ օդում լողացող հնչյունները: Հնչյուններ, որ ծերունին էին… հնչյուններ, որ ինքն էր… դեղին, դարչնագույն, սև ու…
Վեր թռավ: Աչքը կպնում էր, թե չէ, սրտխփոցից վեր էր թռչում: Այդպես էլ չկարողացավ քնել: Հետո արդեն վախենում էր քնել:
Նախաճաշին մայրը նկատեց, որ գույն չկա երեսին, հարցրեց, թե ինչ է պատահել: Պատասխանեց, որ վատ է քնել: Մայրը կասկածանքով նայեց դեմքին ու անհանգիստ զննեց նրա կարմրած կոպերը:
- Կգնամ,-պատասխանեց,- էս գործս վերջացնեմ կգնամ:
- Էդ գործդ է քեզ վերջացնում, այ բալա, ի՞նչ եղավ քեզ, առաջին անգամը հո չի՞:
- Ոչինչ:
- Էս ոչինչի բան չի,- եզրակացրեց մայրն ու պարտադրեց, որ ականջի հետև չգցի, անպայման բժշկի գնա:
Բժշկական քննությունն անցավ խնամքով և ամենայն ճշտապահությամբ, բայց և մահապարտի անտարբերությամբ` վստահ էր, որ ոչ մի հուսադրող բան չի լսելու: Կտարեց և՛ բժիշկների, և՛ մյուս բոլոր բուժաշխատողների հրահանգները, նույնիսկ վերելակավարի ասածները մանրամասն լսեց ու դռնապանի փնթփնթոցից չնեղվեց: Գնում էր մենակ, մորը չէր թողնում, որ ուղեկցի իրեն, միշտ ներկայանում էր նշանակված ժամից շուտ, նստում, շունչը տեղը բերում, խաղաղվում էր, ապա նոր մտնում հերթական զննման: Եվ ինչքան շատ էին ասում, որ լուրջ բան չկա, այնքան շատ էր ճնշվում: Ի վերջո նկարեցին բոլոր օրգանները, հանձնեց հնարավոր բոլոր անալիզները: Առողջությունը նորմայի սահմաններում էր, բժշկագիտական եզրակացությունը` սանուս: Բայց վատ էր զգում: Գուցե նոպայի պահին էր պետք սրտագիրը վերցնել… Գուցե: Ընկերուհին խորհուրդ տվեց մի քանի օրով գյուղ գնալ, ցրվել: Խոստացավ, որ կգնա: Բայց չգնաց:
Սկսեց խուսափել մարդկանցից, ծանոթներին հանդիպելիս հազիվ գլխով էր անում ու շտապում հեռանալ: Շուտով նկատեց, որ մայրը միակ մարդն է, որի հետ ինքը շփվում է, թեև մի կարգին չեն էլ խոսում, առաջվա նման երկար չեն զրուցում դեսից դենից, այլ մի երկու չոր ու ցամաք հարցուպատասխանից հետո խոսակցությունն ավարտում են: Զգաց, որ մայրը տանջվում է, բայց ցույց չի տալիս և հասկացավ, որ այդպես շարունակել չի կարելի: Հերթական ուշաթափությունից հետո հավաքեց անհրաժեշտ իրերը, հագուստ…
Մի քանի օր էլ կոմունալ և մյուս վճարումների անդորրագրերը, հիմնարկից հետը տուն բերած փաստաթղթերը վերցրեց-դրեց, հետո խառնիխուռն լցրեց սեղանին, դասդասեց, նախորդ վճարածներից մի-մի օրինակ անդորրագիր ընտրեց ու գնաց բանկ: Հարկ ու տուրքից, կոմունալ պարտքերից ազատվեց, մի քիչ գումար հանեց բանկոմատից ու վերադարձավ: Դեռ շքամուտքում զգաց, որ տուն մտնել չի ուզում: Մտավ, որպեսզի մորն հայտնի, որ ընկերուհու հետ գյուղ է գնում: Գլուխը պտտվեց, թափ տվեց իրեն, սթափեցրեց… Զանգեց ընկերուհուն: Վերջինս գործեր ուներ, չէր կարող ընկերակցել…
Գյուղը խճուղուց հեռու էր. աչքը ճյուղերից կախված պտուղներին` քայլեց սեփականաշնորհված այգիների միջով, հետո, երբ առջևը նայեց, սիրտը թպրտաց իր անցնելիք տարածությունից, որը եզրափակում էին տիրականորեն փռված սարերը…
Առաջին արարածը, որ հանդիպեց նրան գյուղի պռնկին, ճամփան մանրաքայլ ու արագ անցնող մի շուն էր, որը սակայն նրան ուշադրության չարժանացրեց, քանի որ շտապում էր հասնել տիրոջը` տասը-տասներկու տարեկան պատանուն, որը շվշվացնելով ու թևը օդում շրջանաձև պտտեցնելով` խորանում էր դեպի խնձորի այգին, մոտենում էր ծառից կապված խարտյաշ երինջին: Շունը ցատկեց և պոչն ուրախ շարժելով առաջ ընկավ տղայից:
Պապի տանը մարդ չկար. բակում քջուջ էին անում մի քանի հավ և սադափափայլ պոչը տիրականորեն ծածանող մի աքաղաղ: Նա նստեց տանձենու տակ դրված քոթուկին ու պայուսակն ուսից վար բերեց: Գոմից թրիքի հոտ էր գալիս: Մտածելով, որ տատն այնտեղ է` վեր կացավ, բայց աքաղաղից զգուշանալով, որը, պատրաստ պաշտպանելու իր հավերին, անմիջապես թևերը բացել, թափահարում էր` նորից նստեց քոթուկին: Տան անկյունից երևում էին փայտե երկար սարիներին փաթաթված լոբու մարգերը:
Որտեղից որտեղ հայտնված փիսոն նրա շուրջը ստուգողական պտույտներ կատարելուց հետո, քննախույզ նայեց ուղիղ աչքերին և վտանգ չհայտնաբերելով` մոտեցավ քսմսվեց ոտքերին: Նա գիրկն առավ փափկամազիկին ու սեղմեց կրծքին` հասկանալով, որ այդտեղից այլևս չի հեռանա: Կատվին դուր եկան փաղաքշանքներն ու նա սկսեց մռռալ: