Անահիտ Արփեն
Չորս տեղանոց սեղանի վրա օգտագործվել էր միայն երկու սպասք: Մեկի ափսեն գրեթե մաքուր էր. մեջը զեյթունի մի քանի կորիզներ էին ու կանաչիի պոչեր: Փոխարենը մյուսը լցված էր տարբեր չափի ոսկորներով ու կանաչ պղպեղի պոչերով: Կիսադատարկ բաժակի վրա յուղոտ մատնահետքեր, իսկ ափսեի առաջ շրթներկոտ անձեռոցիկներ կային: Սփռոցը թացոտված էր:
Քչակերի ափսեի վրա խնամքով խաչաձև դրված էին դանակ-պատառաքաղը և թեթևակի տրորված անձեռոցիկը: Բաժակը դատարկ էր: Շշի երկու մետաղյա խցաններ, ատամնավոր եզրերը դեպի վեր, դրվել-մնացել էին շշերի ու ափսեների արանքում, մեկի մեջ սիգարեթի մոխիր կար ու ծամծմված մնացորդ, իսկ մոխրամանը հենց կողքին էր դրված: Դատարկ: ՄԻ խցան էլ չօգտագործված դանակի սայրի վրա կար, երևում է շշի մետաղական խցանը դանակով էին բացել` եզրերը ծամծմվել էին: Դժվարությամբ էին բացել: Կանաչիները թափթփված էին պանրի վրա և շուրջը: Սալաթին ձեռք չէին տվել: Սրաքիթ կանաչ պղպեղների գլխիկները շարքով հանգրվանել էին ինչ-որ ամանի մեջ, որով էլ հավանաբար մատուցվել էին: Կրծոտված գլխիկները բացահայտ առավելություն էին զգում սալաթի և անփույթ թափթփված կանաչիների հանդեպ: Աթոռները ետ էին մղված:
Գրպանիկում տեղավորելով ստացած փողը` մատուցողուհին բարեհամբույր ուղեկցեց ճաշելն ավարտած զույգին ու շտապ շրջվեց դեպի սեղանը: Մի քննախույզ հայացք գցելով սեղանի մնացորդներին և նկատելով, որ ուտելիքներ կան, որոնց ձեռք չեն տվել` շտապ բացեց ետնամուտքի դուռն ու ձեռքով նշան արեց բակում նստոտած երկու տղեկների: Վերջիններս վազքով մոտեցան: Մատուցողուհին նրանց մի պահ պահեց դռան ետևում, ետ նայեց դեպի խորտկարանի ներսը, ապա, մատը տանելով շուրթերին, կամացուկ ներս թողեց: Երեխաները գողունի ներս սողոսկեցին և մոտեցան չհավաքված սեղանին: Իհարկե, սկզբում մի քիչ զգույշ էին, բայց բացարձակ լռություն անհնար էր պահպանել. անաղմուկ տեղաշարժելու համար աթոռները ծանր էին ու սեղանից հեռու, սեղանը բարձր էր, տղաներն անվերջ վեր էին կենում, նորից նստում կամ հենվելով սեղանին` միամիտ հրում, ոտքերը ճռռացնում, հետո էլ իրենք ակտիվացան և գնալով անսաստելի դարձան: Նրանց ձայները և ծիծաղի վերածվող խնդմնդուքները կարող էին արդեն լսելի լինել միջանցքի մյուս ծայրում: Աղմուկը խլացնելու համար մատուցողուհին նվագարկիչը միացրեց, սակայն երաժշտությունն ավելի ոգևորեց տղերքին…
Մի կտոր խորոված էր մնացել ընդհանուր ափսեում` թերևս ամենալավ կտորը: Որոշեցին կիսել, դանակ-պատառաքաղերն առած ընկան էդ ոսկորի վրա ու իրար խանգարելով սկսեցին մրցել, թե ով ավելի շուտ ու սահուն կկտրի: Դանակներն, ինչ խոսք, սուր չէին, ուստի ավելի շատ չխկչխկացնում էին ափսեի մեջ, քան կտրում: Հետո դանակները նետեցին, միսը պատառաքաղերով բռնած վեր բարձրացրին ու սկսեցին երկու կողմերից կծոտել, մինչև որ պոկվեց մնաց մեկի ձեռքում:
- Դու սալաթ կեր, սալաթ սիրում ես,- ասաց նա, ում բաժին էր հասել պատառը:
- Որ ուտես, դու էլ կսիրես,- ամբողջ սալաթամանն իր առաջ քաշելով` նկատեց ընկերը:
- Լավ, մի հատ էլ կծեմ, կուտեմ:
- Վերջացավ, էլ չկա::
- Դե՛, դե՜…
- Դե չի, դո է, փախի՛ր: Տվող չկա:- Ասաց ընկերն ու, ամանը կողմ տանելով, արագացրեց ուտելը:
- Է՛յ, է՜յ, ռեի մեկը, ինձ էլ թող,- կրծոտված ոսկորը ցած դնելով` մոտեցավ սալաթամանին, որն արդեն դատարկվում էր:
- Դու ամանը կլպստես,- կատակեց ընկերը:
- Կսպանեմ,- բողոքեց մյուսը:
Ու վերցնելով մի մաքուր ափսե` արագ-արագ սկսեց ընկերոջ ձեռքի ամանից սալաթ լցնել իր ափսեի մեջ` գդալը տանել-բերելիս թթվասերը դիտմամբ քսելով նրա քթին:
- Մի՛: Մի՛ արա, չեմ տա:
- Մի՛, մի՜, Ֆա՜, սո՜լ…,- ծաղրախառն երգելով ու փախցնելով սկսեց սալաթ ուտել:- Առաջին անգամ եմ սալաթ ուտում,- ասաց:- Քո խաթրին:
- Թե՞ իմ ջիգրու: Ի՜նչ էլ լիներ, ինձ հակառակ, կուտեիր, չէ՞:
- Դե լավ` լյա՛:- Եվ գդալի ներսը լպստեց ու հակառակ երեսով իբր թե թթվասեր շփեց ընկերոջ վրա: Վերջինս բնազդաբար գլուխը կողմ թեքեց ու բռունցք ցույց տվեց: Ավելի շատ կատակում, ուրախանում էին, քան ուտում: Հետո, ասես նոր զգալով, որ ռեստորանում են, տղեկներն սկսեցին իրենց մեծ պարոնների պես պահել: Մեկ-մեկ մի պահ լրջանում էին, հետո նորից փռթկացնում, ձեռքներն ընկածով ծամածռություններ անում` վստահ, որ քույրը հսկում է, չեն բռնվի: Թվում էր` ջարդուփշուր կանեն սպասքը, բայց ոչինչ չթափեցին, ոչ մի ամանեղեն չկոտրեցին, վայր չգցեցին, անգամ չշրջեցին: Կարգին ուրախացան, պարեցին, ճիչ ու կանչ բարձրացրին, զվարթացրին սովորական դարձած միապաղաղությունը, կյանքով լցրին նորակառույց ռեստորանի խուլ անկյունում մենակ մնացած սենյակը, որի միակ պատուհանը նայում էր աղբարկղերով լեցուն ետնաբակին: Սակայն մատուցողուհի քույրիկը շուտով վերադարձավ, սաստեց պատանյակներին ու դուրս քշեց: Կտրուկ լռությունից սենյակը տխրեց, դարձավ սառն ու անհրապույր, իսկ իր պատվավոր ճաշողների գնալուց հետո ամբողջովին մթնեց:
Պատին շշի խցանի էլաստիկ միջաթաղանթ էր ծեփվել-մնացել և, ասես անօգնական ու ապշած, դեռ հարցնում էր.
- Ե՞ս ձեզ ինչ էի արել…
Մատուցողուհին արագ-արագ հավաքեց սեղանն ու կարգի բերեց սենյակը: Դուրս եկավ:
- Վերջապես դեմքիդ ժպիտ երևաց:
Հանկարծակի լսելով խորտկարանատիրոջ ձայնը` մատուցողուհին բարձրացրեց գլուխը, տագնապած հայացքը երկյուղով հառեց շեֆի դեմքին ու հանցանքի պահին բռնվածի ահով քարացավ տեղում:
- Ձեզ սպասում են չորրորդ խցիկում:
Խորտկարանատիրոջ խոսքը մատուցողուհուն շատ խիստ թվաց:
- Լավ,- հազիվ լսելի պատասխանեց մատուցողուհին և, ասես ոտքերը սոսնձված լինեին հատակին, այնպես կտրուկ պոկվեց տեղից, որ քիչ մնաց սկուտեղի պարունակությունը օդ թռչեր: Նա, վերականգնելով հավասարակշռությունը, սկուտեղը դրեց առաջին պատահած սեղանին ու սլացավ դեպի չորրորդ խցիկ: Չորրորդ սենյակի դռան առաջ նույնպիսի կտրուկությամբ կանգ առավ, շունչը կարգավորեց, հագուստը շտկեց ու խուսափելով մոտեցող կնոջ հայացքից` արագ ներս մտավ` սպասարկելու նոր այցելուներին: Կինը, որ խաշլամայով լիքը ափսեն ձեռքին, ուշադիր զննում էր աղջկան մինչև դուռը կփակվեր նրա հետևից, կասկածամիտ հայացքը փոխանցեց խորտկարանատիրոջ կողմը և, նկատելով նրա սևեռուն նայվածքն իր վրա, միանգամայն լուրջ դեմք ընդունած մտավ հարևան խցիկ: Դուռը չփակեց իր ետևից: Խորտկարանատերը մոտեցավ դռանը, անձայն փակեց ու հեռացավ` մտածելով, թե տեսնես ինչո՞վ է պայմանավորված աղջկա տարօրինակ պահվածքը: Նա քայլերն ուղղեց դեպի միջանցքի ամենավերջում ծվարած անհրապույր խցիկը: Ետնամուտքի դռան մոտով անցնելիս մաքուր օդի թեթև հոսանք դիպավ դեմքին, ականջին ծլվլոցներ հասան, ակամա դուրս նայեց: Բակում խառնիխուռն լցված էին տարբեր չափերի արկղեր, տեղ-տեղ դատարկ շշեր էին թափթփված, անջուրությունից ճաքճքված հողից դուրս էին եկել տարեց թթենու արմատները, իսկ ճյուղերից մեկից կախված էր մնացել մանկական ինչ-որ պիջակ: Զարմացավ, որ այդ մի ծառը մնացել է, չեն կտրել, մտածեց, որ կարող է պետք գա: Նա ասես առաջին անգամ էր տեսնում ետնաբակը, որն այդ շքեղ կառույցի համար անհասկանալի փնթի էր ու անմաքուր: Որոշեց անպայման կարգի բերել տալ` մտածելով, որ եթե գեղեցիկ սարքվի, սեզոնին շատերը կուզենան թթենու ստվերում նստել: «Ինչևէ: Թող մնա»,- մտմտաց: Իսկ առայժմ փակեց ետնամուտքի կիսաբաց մնացած դուռն ու գնաց այն խցիկը, որտեղից քիչ առաջ մատուցողուհին էր դուրս եկել` երջանիկ ժպիտը դեմքին:
Մոտեցավ, բացեց դուռը, սենյակը դատարկ էր, նման մյուս բոլոր առանձնախցիկ-սենյակներին. նույն սև աթոռները` չորս կողմից խնամքով շարված սեղանի շուրջը, նույն սփռոցը, որի ծայրերը հանգրվանել էին նստատեղերի վրա, պատուհանի նույն շերտավարագույները, որոնք ոչ էն է լույս էին ներս թողնում, ոչ էն է առատ լույսի մուտքը արգելում, ռեստորանի սովորական սպասքը սեղանին, արհեստական ծաղիկների նույնպիսի մի ողկույզ անկյունում… Ամեն ինչ նույնն էր, ինչպես մյուս խցերում: Ներս գնաց, զգուշորեն ետ քաշեց սև աթոռներից մեկն ու նստեց եզրին:
«Սփռոցը մեծ է, կարճացնել է պետք»,- մտածեց: Հետո նայեց դանակ-պատառաքաղներին, որոնք իրարից անկախ դրված էին ափսեների երկու կողմերում: Օղու բաժակներն ու հյութի կամ գինու գավաթները փայլում էին մաքրությունից, սովորական… Սովորական ռեստորանային կահավորում էր… Ցանկացավ անսովոր դարձնել, բայց անմիջապես էլ ծուլացավ. «Պե՞տք է որ»… Աչքն ընկավ պատին ծեփված խցանաթաղանթին, բայց մինչ վեր կկենար այն պոկելու, միջանցքում հնչեց խաշլամա տանող կնոջ շինծու ձայնը.
- Զբաղված է: Այս կողմ եկեք:
Հավանաբար նա ինչ-որ այցելուների ուշադրությունը ցանկանում էր շեղել այդ սենյակից և հրավիրել իր կողմից սպասարկվող սենյակներից մեկը:
- Ոչ, ո՛չ: Բարև Ձեզ, ուրախ եմ, որ դարձյալ մեզ մոտ եք որոշել ճաշել, համեցեք:
Արագ մոտեցող քայլերին զուգահեռ լսվեց աղջկա ձայնը, և գրեթե անմիջապես էլ դուռը բացվեց:
- Համեցեք,- կրկնեց աղջիկն ու ներս բերեց իր հյուրերին` զարմացած նկատելով խորտկարանատիրոջը, որը նստած տեղից շեղակի իրեն էր նայում: Առաջին միտքը, որ անցավ աղջկա մտքով այն էր, որ խորտկարանատերն ամեն ինչ տեսել է և դուրը չի եկել` այստեղ մանկապարտեզ չի և ոչ էլ…
«Հասկանալի է»:- Աղջիկը շրջվեց դեպի այցելու զույգը, որոնց տարիքային անհամապատասխանությունն ակնհայտ էր.
- Ներս համեցեք, խնդրեմ, պարոնը մեր տնօրենն է,- ասաց նրանց:
- Տնօրենը զբաղեցնել չի՞ կարող,- վեր կենալու շարժում անգամ չանելով` նկատեց խորտկարանատերը:
- Ներեցեք,- կմկմաց մատուցողուհին` իր հերթին տարօրինակ համարելով շեֆի պահվածքը:
- Այստեղ զբաղված է,- կրկնեց վերջինս,- այցելուներին ուրիշ սենյակ առաջարկեք:
- Ես ազատ խցիկ չունեմ,- փորձեց արդարանալ մատուցողուհին:
- Պարտադիր չէ, որ քոնը լինի,- կտրուկ եզրափակեց խորտկարանատերը:
- Ներեցեք…- աղջիկը շրջվեց դեպի այցելուներն ու…
- Մենք միշտ այստեղ ենք նստում, ուրիշ սենյակ չենք ուզում,- կամակորության առիթը բաց չթողեց կինը, որը կոտրատվում էր իրենից քսան-երեսուն տարի մեծ տղամարդու առաջ ու ջանում ցույց տալ, թե իբր իրեն լավ է զգում: Նա արհամարհանքով կողմ գցեց տղամարդու իր ուսին դրված ձեռքը, որը պատրաստվում էր իրեն ուղղորդել այդ ուրիշ խցիկը:
Խորտկարանատերը դիմեց մատուցողուհուն.
- Գնում են, ճամփու դիր:
-Այո, եկեք,- բացատրություն չգտնելով խորտկարանատիրոջ վարքագծին` մատուցողուհին ինքնաբերաբար առաջ ընկավ այցելուներից: Բացեց ելքի դուռը, սպասեց մինչև զույգը դուրս եկավ, կնոջ հայտարարությանը, որ իրենք այդտեղ այլևս չեն գա, պատասխանեց, որ դա նրանց կամքն է, ապա կամացուկ փակեց դուռը, նայեց խցիկի կողմը, ուր շեֆն էր նստած և հասկացավ, որ ինքն էլ շուտով ամենայն հավանականության այդտեղ չի գա: Քայլերն ուղղեց ծառայողական սենյակ, բայց ճանապարհի կեսից ետ դարձավ` շեֆին խոստովանելու, որ սխալ է թույլ տվել: Ներս մտնելուն պես միտքը փոխեց ու հարցրեց.
- Ի՞նչ եք կամենում, որ…
Անմիջապես նորից միտքը փոխեց ու շտապ այլ բան հարցրեց.
- Ճաաշացուցաա՛կը,- մի ակնթարթ դադար տվեց, շունչ առավ,- նայե՞լ եք:
Եվ մինչ խորտկարանատերը կհասկանար, թե ի՞նչ ճաշացուցակ, ի՜նչ բան, շտապ նրա ձեռքը խոթեց ճաշացուցակն ու ասաց.
- Դուք ընտրեք, մինչև ես սալաթ-մալաթը բերեմ:
Ու դուրս թռավ: Ետ-ետ նայելով, չլինի՞ թե չհասցնի` շեֆը դուրս գա, սլացավ խոհանոց, հավաքեց ինչ կար-չկար, լցրեց անվավոր սեղանիկի վրա ու բերեց բեռնաթափեց խորտկարանատիրոջ առաջ: Վերջինս լուրջ-լուրջ ուսումնասիրում էր ճաշացուցակը: Հայացքը դարձրեց աղջկա հապճեպ շարժումներին ու «իր վրա կատարված հարձակմանը», ճաշացուցակը նետեց սեղանին, ուղղվեց տեղում, մռայլվող հայացքը հառեց աղջկան և հարցրեց.
- Հետո՞:
- Էլ ի՞նչ հետո, մենք ենք բերում, չենք սպասում, որ պատվիրեն: Կամ մի բան են ուզում, մենք բոլորը բերում-լցնում ենք: Ամբողջը չեն կարողանում ուտել, բայց միևնույն է վճարում են: Ձեզ դրանից ի՞նչ վնաս, վճարում են չէ՞:
Խորտկարանատերը, չհասկանալով, թե նա ինչի՞ց է գոհ, ինչի՞ց դժգոհ և չկողմնորոշվելով` բողոքում է, թե խրախուսում իրենց վարքագիծը` ավելի քան տարակուսած քայլեց դեպի դուռը:
- Ներեցեք, չե՞ք ճաշում:
Հետևեց լուռ և խիստ հայացք:
- Իզուր:- Ասաց չարաճճիորեն ու անմիջապես լեզուն կծեց:- Ափսոս,- շարունակեց լեզվին տալ աղջիկն` համոզված, որ արդեն հաստատ դուրս կթռչի աշխատանքից:
Նախասենյակում խորտկարանատիրոջն էին հարցնում, բարմենը պատասխանում էր, որ նա շենքից դուրս է եկել: Խորտկարանատերը դուրս եկավ աղջկա խցիկից: Աղջիկն արյունոտելու աստիճան կծոտում էր շուրթերը և մինչ կհասցներ իր անելիքը որոշել, միջանցքում լսվեց խորտկարանատիրոջ հրահանգը.
- Գնացեք վերջին խցիկ` ընդմիջման, ուշադիր եղեք, որ այցելուներին չսպասեցնեք:
«Ա՜յ քեզ …»,- մտածեց մատուցող-մատուցողուհիներից յուրաքանչյուրն իր հերթին, բայց ոչ ոք չշտապեց արտահայտվել, դեմքներին զարմացախառն արտահայտություն, մեկը մյուսի ետևից ներս խուժեցին վերջնախցիկ ու արագ գործի անցան:
- Գնամ տեսնեմ` պատրաստի ի՞նչ կա, մի բան բերեմ,- շփոթվածությունը թաքցնելու նպատակով ասաց աղջիկն ու գնաց խորտկարանատիրոջ հետևից:
Նախասրահում շեֆն արդեն զրուցում էր մի անծանոթ տղամարդու հետ: Անցնելիս աղջկա ականջին հասան նրանց խոսակցության պատառիկները:
- Որոշել եմ ետնաբակում մանկական խաղահրապարակ սարքել,- ասում էր խորտկարանատերը:
Աղջիկը ոտքը կախ գցեց: Նկատելով իր թողած ամանեղենը` մոտեցավ:
- Կամ էլ` բացօթյա սրճարան, գուցե` երկուսն էլ միասին: Ավելի շատ եկողներ կլինեն: Երեխաները չեն սիրում երկար նստել: Բակում ապահով կխաղան: Անվճար: Գինը մեծերից կհանենք:
Սկուտեղը երերաց աղջկա ձեռքում, վրայի բաժակները իրար զարնվելով` զնգզնգացին: Մտածեց, որ բարեկարգված բակ եղբոր մուտքն անհնար է լինելու, որ, ասենք, միևնույն է իր օրերն էլ են հաշվված: Գնաց խոհանոց: Քաղցած էր, բայց ախորժակ չուներ: Ընկերների համար էլ ոչինչ չտարավ: Նրանք իրենք էին իրենց գլխի ճարը տեսնում: Խորտկարանատիրոջ ու անծանոթի խոսակցության շարունակությունը այլևս չլսեց:
- Եթե աշխատողներիդ երեխաներին էլ քիչ ու միչ բաժին տաս, քո օգտին ձայները կավելանան,- ասում էր անծանոթը:
- Հա, բա ի՞նչ, մեկ է, ես եմ դրանց պահում,- համաձայնվեց խորտկարանատերը:- Համ էլ ավելի քիչ կգողանան:
Մատուցողուհին նոր այցելուներ ուներ չորրորդ խցիկում, որոնք նկատել էին, որ աղջիկն այսօր տրամադրություն չունի: Փորձեցին սիրաշահել:
- Քո վատ տրամադրությունից կարող է ախորժակս փախնի, տես որ չնեղացնես ինձ,- մատուցողուհուն ասաց նրանցից մեկը:
- Ախորժակի դեղ կտամ, հեչ չմտածես,- պատասխանեց աղջիկը:
- Հա՞:
- Հաա՜: - Թեթև ժպիտով հանգիստ պատասխանեց մատուցողուհին:
- Դե գդալ բեր:
- Բերել եմ:
Գրպանից հանեց երկու գդալ ու միաժամանակ մեկնեց երկու տղամարդկանց: Վերջիններս երկիմաստ խնդմնդալով ձեռքները մեկնեցին գդալներին, մատուցողուհին դրանք դրեց ափսեների կողքը և բարի ախորժակ մաղթելով դուրս գնաց: Մոտեցավ հեռախոսին, որ զանգի, ծանոթներից մեկն ընդառաջ եկավ, ողջագուրվեցին, վայր դրեց լսափողն ու զրույցի բռնվեց: Պայմանավորվածություն ստանալով աղջկանից` ծանոթն հեռացավ, իսկ մատուցողուհին շտապեց կարգի բերել միջանցքի վերջին սենյակը: Ձեռքի հետ երշիկ ու պանիր դրեց հացի մեջ կերավ, մի երկու հատ ձիթապտուղ գցեց բերանը, ախորժակը բացվեց: Մինչև սեղանն ամբողջությամբ հավաքեց, արդեն կշտացել էր: Արդեն այնքան էլ մռայլ չէր երևում ստեղծված վիճակը: Արդեն մտածում էր, որ եթե նույնիսկ շեֆն իմացավ ու դուրը չեկավ, որ կերակրում է եղբորն ու նրա ընկերոջը, միևնույն է դա պատճառ չէր իրեն կամ ռեստորանը մշտական այցելուից զրկելու համար: «Ոչ մի բացատրություն էլ չի տա: Հեռացնում է, թող հեռացնի: Ինչն է շատ` մատուցողի գործը: Իսկ եթե չհեռացնի,- որոշեց,- բակը մաքրում է, թող մաքրի, գնացող-եկողների մեջ տղաների ելումուտն ավելի աննկատ կանցնի»:
Աթոռներն էլ ուղղեց: Մագնիտոֆոնը միացրեց, պատուհանը բացեց ու նայեց ետնաբակին. ետնախորշային թափթփվածություն էր: