Անահիտ Արփեն
ՄԱՐԻՆՈՍ ՃԳՆԱՎՈՐԻ ՎԱՐՔԸ
/թատերգություն ըստ Գրիգորիս Աղթամարցու «Ոտանավոր զվարս Մարինոսի ճգնավորին» չափածո գրվածքի/
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Գրիգորիս Աղթամարցի և դպիր. խնջույք:
Հայկական առաքելական եկեղեցու վանքերից մեկի դպրանոցում Գրիգորիս Աղթամարցին թելադրում է և դպիրը գրի է առնում հոգևոր առաջնորդի` Սրապիոնի կենսագրությունը: Նույն պահին բեմի վրա խաղացվում է նաև աշխարհիկ խնջույքի տեսարան:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ – Հոգևոր առաջնորդի վարքը գրի առնելն անշուշտ պետք է սկսել Աստծո մեծագույն արարչագործությունից: Գրի՛ր, որդյակ իմ: Աստված անժամանակ ստեղծեց առաջին մարդուն: Ճշմարիտ հոգին: Ստեղծեց իր կերպ, և բխումն էր առանց քննելու: Աստված մարդուն փառքով զարդարեց ու դրեց դրախտավայրի մեջ, նրա պահանջով կին ստեղծեց և նրանց թույլատրեց ամեն ինչ ուտել…
Ազնվական տան խնջույքավորները քեֆ են անում. ուտում-խմում, պարում, սիրաբանում, զվարճանում:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ – … բացի չարի ու բարու ծառի մահաբեր պտղից: Մարդկանց նախահայրն ու նախամայրը չկատարեցին Աստծո պատվիրանը` ճաշակեցին մահաբեր պտուղն, ու անմիջապես անապական լույսն անհետացավ, նրանք մահկանացու դարձան և իրենց մերկ ու խայտառակված տեսան: Նրանք հրաման առան իրենց երեսի քրտինքով մշակել հողը և ուտել ինչ իրենք կաճեցնեին: Մարդասեր Աստվածն ու երկնային հայրը, սակայն, իր ձեռքի գործն անտեր չթողեց, շուտով իր ծոցից ծնված միածին որդու անապական հոգուն, որին նույնպես մարդու մարմին էր տվել, մարդկանց մեջ առաքեց: Միածինը շատ գործեր կատարեց, առաքյալներով որսաց մարդկանց ազգը, որոնցից ոմանք փառքն արհամարհեցին, ոմանք իրենց ունեցվածքն ու աշխատածը աղքատներին տվեցին, շատերը լուռ ընդունեցին հալածանքները, շատերը իրենց արյունը հեղեցին և դառը տանջանքներով համբերեցին… Ոսկու նման քննեցին կյանքը: Ոմանք էլ կուսությամբ իրենց անձը պահեցին, քարայրերում ու լեռների ծերպերում բնակվեցին, սովով ու ծարավով իրենց մաշեցին և գիշեր-ցերեկ աղոթում, մարդկանցից հեռու քաշված, անընդհատ ճգնում էին, իրենց վիշտն ուրախությամբ տանում… Նրանք բազում են, հողածնի լեզվով չի ասվի, թե ինչքան…
…Այս բազումից գովելի մեկը, ներկայումս ազգիս հոգևոր հովիվ Սրապիոն վեհափառի մայրը` սուրբ կույս Մարինոսը, մեծահարուստ իշխանավոր, արժանապատիվ, աստվածասեր Ներգինեի դուստրն էր, անունը Մարիամ: Նա գեղեցիկ էր, խոհեմ և իմաստուն, սրբակենցաղ, մտքով արթուն… Մարիամը բոլորի սիրելին էր:
Պատմելու ընթացքում խաղացվում է կրակոտ խառնվածքի տեր, աշխույժ ու կյանքով լի Մարիամի հանդիպումը մի երիտասարդի հետ, իրենց հեռավոր ազգականի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ: Ջահել աղջիկներն առանձնանում են ու սկսում մեկմեկու ցույց տալ այդ գեղեցիկ երիտասարդին, որին չեն ճանաչում:
ԸՆԿԵՐՈՒՀԻ – Ո՞ւր գնաց:
ՄԱՐԻԱՄ – Չգիտեմ: Չտեսա: Գտիր: Աղաչում եմ: Գնա: Չէ: Արի: Ես պետք է իմանամ, թե նա ով է: /Գնում են միասին/:
Գալիս են Ներգինեն ու անծանոթ երիտասարդը:
ՆԵՐԳԻՆԵ - Քրոջդ տեսա±ր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ - Հարսնացու է դարձել:
ՆԵՐԳԻՆԵ - Դեռ երեխա է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ - Ինչ եղա՞վ: Ո՞ւր գնաց:
ՆԵՐԳԻՆԵ - Ընկերուհիների հետ կլինի:
ՏՂԱՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ /մոտենալով Ներգինեին/ - Բարով տեսանք, իշխան:
ՆԵՐԳԻՆԵ - Հազար բարով, աչքներդ լույս… /նրանց խոսակցության շարունակությունը չի լսվում/:
Երիտասարդը, նկատելով ընկերուհիներին, մոտենում է Մարիամին ու ժպտում, սիրագորով ուսումնասիրում քրոջը, աղջկա սիրտը հուզմունքից թրթռում է, և նա ամոթխած խոնարհում է գլուխը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ - Գիտե՞ս` ես ով եմ:
ՄԱՐԻԱՄ – Ո՞վ:
Երիտասարդը չի հասցնում բացատրել, որ ինքը նրա եղբայրն է: Խնջույքավորների հորձանքը նրան քաշում-տանում է իր պարի մեջ, հեռացնում քրոջից: Մարիամը, դեռ անտեղյակ, սիրահարվել է հարազատ եղբորը:
ԸՆԿԵՐՈՒՀԻ – Ո՞վ էր:
ՄԱՐԻԱՄ – Չգիտեմ: Օ՜, Տեր իմ Աստված:
ԸՆԿԵՐՈՒՀԻ – Ի՞նչ պատահեց, չլինի՞ սիրահարվեցիր:
ՄԱՐԻԱՄ – Մինչև ականջներիս ծայրը: Եվ… անվերադարձ:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ – Մարիամը խոհեմ աղջիկ էր, բայց և խիստ տպավորվող, նա անմիջապես հասկացավ, որ ուրիշ տղամարդու երես չի կարողանալու նայել:
Աղջիկներն անծանոթ երիտասարդին կորցնում են տեսադաշտից: Ավետարանիչի պատմությունն ավարտվում է:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
Ներգինեի կնոջ թաղումը:
Աշխարհիկ և կրոնավոր հասարակությունների հոսքը չի ավարտվում, սակայն սգացող ամուսինը չի մխիթարվում, կսկիծն անսահման է, նրա գլխում միայն մի միտք է պտտվում` ապաշխարանք: Նա իրեն է մեղավոր զգում կնոջ մահվան համար, թեև վերջինս իր մահով է մահացել:
ՆԵՐԳԻՆԵ- Չպահպանեցի, ես եմ մեղավոր, ես… թողե՛ք ինձ…
ԿՐՈՆԱՎՈՐ - Աստված հոգին լուսավորի, զավակս:
ՆԵՐԳԻՆԵ- Ամե՜ն, սրբազա՛ն: /Մեկուսի/ Չպահպանեցի…
ԻՇԽԱՆ – Իր չապրած տարիները քեզ ու որդիներիդ տվեց, եղբայր:
ՆԵՐԳԻՆԵ- Ա՜խ… Չպահպանեցի…
ՄԵԿԸ- Հասկանում եմ վիշտդ ու ցավակցում, իշխան:
ՆԵՐԳԻՆԵ- Շնորհակալ եմ, թող Աստված քո մերձավորներին պահապան լինի:
Դուստրը` Մարիամը, նույնպես այստեղ է. կանանցով ու աղջիկներով շրջապատված` լաց է լինում: Նա վշտից մորմոքվում է ու հանկարծ նկատում մոր դագաղին հակված այն երիտասարդին, որին հանդիպել էր խնջույքի ժամանակ:
ՄԱՐԻԱՄ – Նա է: Նա այստե±ղ: Կսկծում է իմ մոր վրա՞: Ինչո՞ւ: Ո՞վ է …
ԵՐԻՏԱՍԱՐԴ /նկատելով Մարիամին/ - Բարի տեսանք, քո՛ւյր:
ՄԱՐԻԱՄ - Դու ինչո՞ւ ես սգում իմ մոր մահը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ - Ես սգում եմ ի՛մ մոր մահը: Մեր մոր մահը, քույրի՛կս:
ՄԱՐԻԱՄ – Ի՞նչ: /Ճչում է ու աղաղակում/ Ձեռք չտաս… Թող…
ՆԵՐԳԻՆԵ - Բարով եկար, որդի՛ս, ներիր քրոջդ, ծանր է կորուստը, դեռ չի համակերպվում… Բարի տեսանք: Հանդարտվի՛ր, աղջիկս, իմ որբացած զավակներ, նեցուկ եղեք մեկմեկու:
Հայրը ստիպում է, որ քույր ու եղբայր գրկախառնվեն: Եղբայրը եղբայրաբար է գրկում քրոջը, իսկ քույրը դողում է ու սրսփում նրա գրկում, նվաղում և՛ վշտից, և՛ եղբորը եղբայրաբար գրկել չկարողանալուց: Ուշաթափված Մարիամին հեռացնում են: Դագաղը դուրս բերում: Բեմը դատարկվում է:
ԵՂԲԱՅՐ /մոտենալով հորը/ – Ես պետք է գնամ:
ՆԵՐԳԻՆԵ /ուղեկցելով/ - Հը… Զգույշ եղիր:
Մարիամը տեղը չի գտնում, պատեպատ է զարկվում, խենթացած թափառում:
ՄԱՐԻԱՄ- Այս ի՞նչ ցավ էր, այս ի՞նչ պատիժ, Տեր իմ Աստված, ո±ր մեղքիս համար: Տեր, մեղա՜, մեղա՜, Տե՛ր, այս ի՞նչ կրակ է: Ես հիմա ի՞նչ անեմ: Փրկիր, Տե՛ր, գթա… Աղերսում եմ… Տե՜ր… /Հեկեկում է/:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
Ներգինե և Մարիամ:
ՆԵՐԳԻՆԵ- Ես հեռանում եմ մենաստան, աղջիկս: /Լռություն/ Զավակս: Բեր քո կամքով քեզ մեկին կնության տամ, իմ ինչքն ու ստացվածքը թողնեմ քեզ, ես էլ •նամ մի անապատի մեջ վանք մտնեմ:
ՄԱՐԻԱՄ- Դու կամենում ես քո հոգին փրկել, իսկ իմը կորստյան մատնել թուլությանդ պատճառով: Ուզում ես անճառ բարին վայելել, ի փառս արարչի հրճվել անանց կյանքով, ինչպես որ խոստացար ավետարանին, իսկ ինձ զրկես… Անհնար է:
ՆԵՐԳԻՆԵ- Բա ի՞նչ ես ուզում:
ՄԱՐԻԱՄ - Ինձ էլ քեզ հետ անապատ տար: Ուր գնաս, կգամ հետդ:
ՆԵՐԳԻՆԵ- Դա լինելու բան չի: Աղջիկս, դու գեղեցիկ, պատվական կին ես, ես այրերի վանք եմ գնում, ինչպե՞ս ես պատկերացնում քո ասածը: Դա չլինելու բան է:
ՄԱՐԻԱՄ - Գլուխս կսափրես, /կանխելով հոր պոռթկումը/ հանուն Արարչի: Տղամարդու շոր կհագցնես, և ես ինձ կհանձնեմ Աստծո կամքին:
ՆԵՐԳԻՆԵ- Ուշքի արի:
ՄԱՐԻԱՄ – Լսիր: Հա՛յր:
ՆԵՐԳԻՆԵ- Վերջ տուր:
ՄԱՐԻԱՄ – Լսի՛ր, խնդրում եմ: Կյանքիդ մեջ մի անգամ, գեթ մի անգամ լսիր…
ՆԵՐԳԻՆԵ- Զառանցանքնե՞րդ:
ՄԱՐԻԱՄ - Զառանցանք չի: Լուրջ եմ ասում:
ՆԵՐԳԻՆԵ- Տեր Աստված:
/Լռություն/
ՄԱՐԻԱՄ - Աստված իրեն ապավինածին չի լքում, նա թույլերի ու հուսացողների պահապանն է, չէ՞: Դու էլ ես գնում նրան ապավինելու: Ուրեմն ինչո՞ւ ես մենակ գնում: Դու գնում ես փրկվելու, ինձ թողնում ես ո՞ւմ… ո՞ւր: Ինչո՞ւ: Դու գնում ես, ես էլ եմ գալիս: Համբերիր: Ես քեզ բեռ չեմ լինի: Ես Աստծուն կնվիրվեմ, նա կպահպանի ինձ չարից և իհարկե կօգնի, որ գործերս հաջող ընթանան ու կառաջնորդի ինձ դեպի երկինք: Վերև:
ՆԵՐԳԻՆԵ- Հասկանալի է, դու խելքդ թռցրել ես և…
ՄԱՐԻԱՄ – Իսկ դո՞ւ… Քո ուզածն ա՞յլ բան է: Թե՞ վախենում ես իմ ներկայությամբ բաժինդ քիչ լի…
ՆԵՐԳԻՆԵ- Աղջի՛կ, ես քեզ եմ թողնում իմ ամբողջ հարստությունը, փառքը: Ոտքիդ տակ կսողան, տիրուհի կլինես, կվայելես կյանքը ինչպես կամենաս, քո՛ հայեցողությամբ: Ես քեզ եմ թողնում 5000 հեկտար տարածք, երեք այգի, երկու դղյակ, չորս…
ՄԱՐԻԱՄ - Երկրի վրա:
ՆԵՐԳԻՆԵ- Դու խելառ ես, հորս գերեզման:
ՄԱՐԻԱՄ – Իսկ…
ՆԵՐԳԻՆԵ- Իմն ուրիշ է: Եվ Աստված չանի դու իմ ճակատագիրն ու պատճառներն ունենաս աշխարհից հեռանալու համար:
ՄԱՐԻԱՄ – Ի՞նչ: Ինչ-որ բան կա, որ ես չգիտե՞մ: Ասա իմանամ:
ՆԵՐԳԻՆԵ- Չգիտես: Դու դեռ շատ բան չգիտես, բայց պետք էլ չի, որ իմանաս, այնպես որ ոչինչ չխնդրես…
ՄԱՐԻԱՄ – Ներողություն, բայց ես չեմ խնդրում: Ես պահանջում եմ:
ՆԵՐԳԻՆԵ- Դե բավական է: Հերիք եղավ: Ի՞նչ ես ուզում: Ինչո՞ւ ես տանջում: Դու նույնիսկ չես հասկանում, թե ինչ ես պահանջում: Քո ասածը սրբապղծություն է: Ը… Վանքում կին չկա: Վանքը, ի վերջո, ոչ մեր բակն է, ոչ այգին, վանականներն էլ ընկերներդ չեն: Այնտեղի օրենքները խիստ են ու դաժան: Այնտեղ բանտ է: Եվ` տղամարդկանց: Հասկացիր, տղա-մարդ-կա՛նց: Դու անմիջապես կբռնվես: Քեզ կայրեն ինչպես ամենաանարգ դավաճանի ու հերետիկոսի:
ՄԱՐԻԱՄ – Ինչո՞ւ խոսքը շեղեցիր, մենք ուրիշ բանի մասին էինք խոսում: Երբևէ սիրտդ կբացե՞ս քո զավակի առաջ, թե՞ այդպես էլ անխոս պիտի լքես նրան ու թողնես մենմենակ:
ՆԵՐԳԻՆԵ- Ի՞նչ ես ուզում:
ՄԱՐԻԱՄ – Խնդրում եմ պատասխանիր, թե ինչից ես փախչում վանք:
ՆԵՐԳԻՆԵ- Ինձնից, իմ մենակությունից, իմ անխուսափելի ծերությունից:
ՄԱՐԻԱՄ - Դու բոլորովին էլ ծեր…
ՆԵՐԳԻՆԵ- Մի՛ քծնիր: Միևնույն է էդ շնորհքից դու զուրկ ես:
ՄԱՐԻԱՄ – Ուրախ չե՞ս:
ՆԵՐԳԻՆԵ- Մի քիչ ունենայիր, ավելի հեշտ կապրեիր:
ՄԱՐԻԱՄ - Եվ դա դո՞ւ ես ասում: Մի մարդ որը տանել չի կարողանում կեղծիքն ու խաբեությունը:
ՆԵՐԳԻՆԵ /Տխուր գլխով է անում/:
ՆԱԺԻՇՏ – Մարիա՛մ:
ՆԵՐԳԻՆԵ- Գլուխ խուզելով տղա չեն դառնում:
ՄԱՐԻԱՄ - Ես չեմ պատրաստվում տղա դառնալ: Ես տղա ներկայանալու եմ միայն: Իսկ Աստծո համար հոգին սեռ չունի: Աստծո համար միևնույն է` ես ինչ հագած կլինեմ, կամ հագած կլինեմ, թե ոչ: Նա իմ մերկ հոգին է տեսնում: Նրա համար փականքներ չկան, շղարշներ չկան:
ՆԵՐԳԻՆԵ- Ասա, ասա՛, մի՛ ամաչիր: Ասա, որ Աստծո համար միևնույն է, թե որտեղ իրեն աղոթես… Եվ քո գալը…
ՄԱՐԻԱՄ – Հա՛յր:
ՆԵՐԳԻՆԵ- Գալուդ իմաստն ինքդ ես հերքում:
ՄԱՐԻԱՄ – Հա՛յր, ես քեզ հետ եմ ուզում լինել: Եթե դրա համար անհրաժեշտ է ընդամենը, որ ծպտվեմ, ի՞նչ կա որ: Եղածը մի ձեռք շոր չի՞:
ՆԵՐԳԻՆԵ- Դու չես պատկերացնում, թե ինչքան անողոք կարող են լինել հավատացյալները… եթե իրենց մեջ օտար մտնի:
ՄԱՐԻԱՄ - Ամեն տեղ էլ մարդու էությունը նույնն է… Բոլորս էլ մահկանացու ենք:
ՆԵՐԳԻՆԵ- Իսկ ի՞նչ ենք անելու մեր հարստությունը, մեր տոհմական արժեքները, ո՞ւմ ենք թողնում: Մեր անունը, պատիվը…
ՄԱՐԻԱՄ - Ես չեմ թողնում, դու ես թողնում:
ՆԵՐԳԻՆԵ- Ես էսօր կամ էգուց չկամ:
ՄԱՐԻԱՄ - Ես էլ: Եվ հետո ես աղջիկ եմ, տոհմը տղա ժառանգն է շարունակում:
ՆԵՐԳԻՆԵ- Դու գիտես, որ եղբորդ…
ՄԱՐԻԱՄ - Գիտեմ, դրա համար էլ գալիս եմ հետդ: Կյանքիդ վերջին տարիները մենության մեջ հո չե՞ս անցկացնելու:
ՆԵՐԳԻՆԵ- Քիչ առաջ ասում էիր, որ ծեր չեմ:
ՄԱՐԻԱՄ - Կմնամ մոտդ ինչքան պետք լինի: /Եվգինեոսը դեպի դուռն է գնում/: Հայր, ինձ մի թող էս անգութ աշխարհում, տար հետդ: Սպասի՛ր: Եթե չես ուզում, որ ունեցվածքդ եղբորս մնա, բաժանիր աղքատներին:
/Եվգինեոսը դուրս է գնում/:
ՆԱԺԻՇՏ /Իշխանի բացակայության ժամանակ համարձակվելով խոսել, Մարիամին/ - Մնա, որ եղբայրդ օտարություն չզգա, դու պետք կլինես նրան… Նա քեզ շատ է սիրում: Չի նեղացնի: Անցած զատկի տոնին ինչքան քնքուշ էիք միմյանց հետ:
ՄԱՐԻԱՄ – Իսկ թաղումից հետո՞, մի անգամ մեզ միասին տեսա±ր:
ՆԱԺԻՇՏ - Հիմա բոլորս էլ շփոթված ենք: Մեր տեղը չենք գտնում: Մորը կորցրեց, գոնե քո սիրով թող մխիթարվի…
ՄԱՐԻԱՄ - Այդ սերն այլևս քրոջ ու եղբոր սեր չի: Մեր մանկությունը միասին չի անցել, մենք միասին չենք մեծացել, հասունացել… Խնդրում եմ:
ՆԵՐԳԻՆԵ/վերադառնալով` սպասավորին/ - Ճամփի պատրաստություն տեսեք:
ՄԱՐԻԱՄ – Խնդրում եմ, հա՛յր, քեզնից բացի ես ոչ ոք չունեմ:
ՆԵՐԳԻՆԵ- Ես չեմ կարող ասել` այո դստրիկս արի քեզ տանեմ կառափնարան:
ՄԱՐԻԱՄ- Փոխարենը հանգիստ ասում ես` դուստրս, մնա դժոխքում, և թող լինի ինչ ուզում է:
ՆԵՐԳԻՆԵ- Վերջ տուր:
/Դադար/:
ՆԵՐԳԻՆԵ - Երևում է` շատ եմ քեզ երես տվել, ինչ խելքիդ փչի, անում ես: Բայց ժամանակն է, զավակս, որ հասուն աղջկա պես քեզ պահես: Այնպես որ, արի քարը փեշիցդ թափիր…
ՄԱՐԻԱՄ – Հա՛յր: Դու ինձ համար սոսկ ծնող չես, դու իմ պորտալարն ես, հասկանո՞ւմ ես: Կտրես, կչորանամ:
ՆԵՐԳԻՆԵ /նաժիշտին/ - Ճամփի պատրաստություն տեսեք:
ՆԱԺԻՇՏ /ահաբեկված/ Ո՜չ… /մեղա գալով, որ համարձակվեց հակառակվել/ Ների՛ր, Տե՛ր, ես…
ՆԵՐԳԻՆԵ - Ոչինչ, ոչինչ, դու մեղավոր չես: Լավ: Մի անհանգստանա, երկար չի մնա: Տիրուհիդ շուտով ետ կգա և այդ ժամանակ քո կարիքը շատ կունենա: Տես, որ մենակ չթողնես:
ՆԱԺԻՇՏ – Լավ, Տեր իմ:
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Մուտք մենաստան:
Մենաստանի շուրջը խորհրդավոր է, սուրբ, հնչում է հոգևոր երաժշտություն, պատարագ, երգասացություն, դրախտային անդորր է: Վանք եկողները գալիս են խոնարհությամբ, ակնածանքով լի, համբուրում են պատերը, հատակը:
ՎԱՆԱՀԱՅՐ – Մուտքն ի բարին, օրհնյալ է որոշումը ձեր, զավակներս, ձեր քայլը մեծագույն նվիրաբերումն է տիրոջ փառքի համար, արժանի եղեք և խոնարհությամբ ծառայեք Աստծուն… Բարով…
Բոլորը մեկ առ մեկ ծնկում են վանահոր առաջ, աջը համբուրում և ստանում իրենց սքեմը հեռանում, ապա սքեմը հագած, կերպարանափոխված, ետ գալիս մի ուրիշ կողմից: Սքեմավորները օծվում են և խոնարհաբար ստանում իրենց նոր անունները: Կամաց կամաց վայրը նմանվում է բանտի: Մարիամն ստանում է Մարինոս անունը:
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ /աղոթում է, տեքստը կարդում/ -… Անուն զորդի Աստուծո այսուհետ ասացվի Մարինոս և ի վարս ճգնութեամբ կըրթէ անձը յուր:
Մարինոսը խոնարհությամբ ընդունում է հաղորդությունը, համբուրում է խաչն ու կողմ քաշվում` տեղը զիջելով հորը:
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ /աղոթում է, տեքստը կարդում/ -… Անուն զորդի Աստուծո այսուհետ ասացվի Եվգինեոս և ի վարս ճգնութեամբ կըրթէ անձը յուր:
Բազմությունը հեռանում է, Մարինոսը ոտքը կախ է գցում, ետ է գնում դեպի երգեհոնը և կարոտած փորձում նվագել…
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆ /նկատելով հետևում է նրան, մոտենում/ – Լավ ես նվագում: /շոյում է մատերը/ Սպասի՛ր, ա՛յ, եղբայրիկ:
Մարինոսը կտրուկ խրտչում, փախչում է և ընկնում վանականների հոսքի մեջ, որոնք գնում են բաղնիք` իրեն էլ տանելով հետները: Մի երիտասարդ վանական ձեռքից բռնած տանում է իրենց հետ:
ՄԻ ՎԱՆԱԿԱՆ /Մարինոսին/– Դեռ մորուք չի՞ աճում:
ՄԱՐԻՆՈՍ - Ես… Ա՜…
ՎԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐ – Քեզ յոթ օր չի կարելի:
ՄԱՐԻՆՈՍ - Աայո՜…
ՎԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐ – Երբ էլ լինի կլողանաս: Գնա /դուրս է հրում/ մեռոնի մեջ ես: Լավ պահիր ճակատիդ մեռոնը:
ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Դավադիր խցեր:
Գիշերը Մարինոսը չի կարողանում քնել, անսովոր ձայներ, քայլեր են լսվում, տարբեր վանականները անցուդարձ են անում: Լույսը բացվելուն պես կառավարիչ վանականը մտնում է նրա խուց, աղջիկը խրտչում է, ապա սթափվում, հիշում, որ ինքը «տղա» է:
ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎԱՆԱԿԱՆ – Մարինո՛ս եղբայր, դու կարգված ես վանքին նամակատար: Ահավասիկ, վերցրու այս թղթերը պետք է տանես տեղ հասցնես: Այսօր տեր հայրը քեզ կուղեկցի, վաղվանից մենակ կգնաս: Աստված քեզ օրհնի: /Հեռանում է/:
ՄԱՐԻՆՈՍ /արագ կարգի է բերում իրեն, աղոթում է/ - Հայր մեր, որ հերկինս ես… Տեր, օգնիր… Թող քո կամքը լինի /դուս է գնում/:
/Որոշ ժամանակ անց/:
ՎԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐ - Բարի տեսանք, եղբայր Մարինոս: Հաջող եղա±վ ուղևորությունը: Սա էլ Աղթամարա վանք պիտի տանես: Վերցրու: Հաջողություն: Աստված օրհնի:
ԱԲԵՂԱ /Մարինոսին/ - Ճամփիդ վրա է, սա էլ հարևան Աստվածածին տուր:
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆ /ծաղրաբար կճղակ դնելով Մարինոսի թղթերի տրցակի վրա/ - Սա էլ:
Մարինոսը լուռ հեռանում է:
ՍԱՐԿԱՎԱԳ /Մարինոսին/ – Աբեղա՛, վանահայրը շտապ կանչում է քեզ:
ՄԱՐԻՆՈՍ /հագուստը շտկելով/ - Գալիս եմ:
ՎԱՆԱԿԱՆ /Մարինոսին/ - Այս թուղթն հասցրու դրկիցներին:
ՄԱՐԻՆՈՍ/պատառը կուլ տալով/ - Լավ:
Մարինոսն ամբողջ օրը վազվում է և չի նեղսրտվում, գոհ է իր կարգավիճակից, ամեն անգամ նա հաճույքով է շտապում նոր հանձնարարություն կատարել, ձգտում է քիչ երևալ կրոնավորներին, որ հանկարծ չբացահայտվի:
ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ
ՎԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐ /վանահորը/ – Մարինոսը ճգնում է անմարմին: Անխախտ սրբակրոն է և հույժ առաքինի: Եվ շատ գրագետ: Դպրանոցում առավել օգտակար կարող է լինել:
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆ – Մարինոսը ճարպիկ է, իր գործում անփոխարինելի, թող մեզ հետ գա, իսկ գրագրություն ուրիշն էլ կարող է անել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ – Հա, Մարինոսին ուղարկեք:
ՎԱՆԱՀԱՅՐ – Լավ, սրանք կարևոր թղթեր են, սրանք թող տանի, հետո կտեսնենք: Դուք էլ, ձեզ հետ եղած ժամանակ, ուշադիր եղեք, դեռ երեխա է:
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆ – Անկասկած, սրբազան, մենք նրան աչքի լույսի պես ենք նայում:
ՏԱՐԵՑ ՎԱՆԱԿԱՆ - Անպայման:
ՎԱՆԱՀԱՅՐ – Շուտ ճամփա ընկեք, որ հասցնեք այսօր բարով վերադառնալ: Աստված օրհնի բոլորիդ: /Ներս եկող և իր առաջ ծնկող Մարինոսին/: Պատվարժան աբեղաների հետ մեկնիր, զավակս:
/Մարինոսը խոնարհաբար համբուրում է վանահոր աջը/:
ՎԱՆԱՀԱՅՐ – Աստված օրհնի բոլորիդ /հեռանում է/:
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆ /Մարինոսին, ծաղրաբար/ - Այսօր ավելի պատասխանատու գործ ենք վստահում քեզ: /Շալակը կարաս դնելով/ Վերցրու: Պինդ պահիր, կարևոր թղթեր են: Հանկարծ գետնին չդնես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ /քթի տակ խնդմնդալով/ - Հա…
/Մարինոսը մաղձը լուռ կուլ տալով, մի կերպ ոտքի է կանգնում/ :
/Գնում են /:
ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ
Պանդոկում:
Վանականները մտնում են պանդոկ ծարավն հագեցնելու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ /Մարինոսին/ – Ասում ես` մորուքդ չի աճո՞ւմ, թե՞ սափրում ես:
ՏԱՐԵՑ ՎԱՆԱԿԱՆ – Ձայնն էլ հո չի՞ սափրում: /ծաղրանքով/ Հը՞:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ – Հը՞:
Պանդոկապանի աղջիկը վանականներին քսմսվելով գարեջուր է մատուցում, աչք գցում Մարինոսին, վերջինս չի արձագանքում, դժվարությամբ է խմում, կեսը թափում է, պանդոկապանը դա անարգանք է համարում:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Իբր թե դուրը չեկավ…
Գալիս է Զորականը, և աղջիկն անմիջապես ընդառաջ է գնում նրան, ուղեկցում առանձնախուց, սիրախաղ անում հետը, մայրը փորձում է ետ պահել աղջկան, վերջինս հաշվի չի առնում նրան: Քեֆ են անում: Մայրը սպասարկում է զինվորներին:
ՄԱՅՐ /ձայնելով աղջկան/ - Գինի բեր:
ԶՈՐԱԿԱՆ /գնալով աղջկա հետևից/ - Մի գնա, արի մոտս:
ԱՂՋԻԿ – Սպաս՛ր, հիմա չէ:
ԶՈՐԱԿԱՆ - Ես չեմ սպասում: Ասացի` արի:
ԱՂՋԻԿ – Թող:
Զորականը անփութորեն նետում է աղջկան իր ուղեկից զինվորների ձեռքը, մայրը սարսափած միջամտում է, նրան դեն են նետում, սուզելով, հռհռալով, այլ ձայնարկություններով ծաղրում, մի գեղջուկ դուրս է նետվում օգնություն կանչելու, Մարինոսը սարսափած է, փորձում է միջամտել, վանականները նրան նետում են իր տեղը:
ՄԱՅՐ – Ձեռքդ քաշիր: Գնա այստեղից:
ԱՂՋԻԿ – Սո՛ւս մնա:
ԶՈՐԱԿԱՆ - Կորի, քավթառ:
ՄԱՐԻՆՈՍ – Վերջ տվեք:
ԶՈՐԱԿԱՆ - Հը՞, աբեղայիկ… /ներկաներին, լրիվ հարբած/ Ինքն էլ է ուզում: Ցույց տվեք, թող տեսնի: Հը՞, չե՞ս ուզում, էն էլ ո՞նց ես ուզում: /Զինվորներից մեկին/ Արի ասեմ: Դրան մոտս բեր: /Մարինոսին ուժով տանում են զորականի մոտ/ Դրան էլ բերեք: /Աղջկան մոտեցնում են/: Քո հերթն է, աբեղայիկ: Հը՞: Հոպ, հոպ: Դե՞… հը՞… Ձևերը չգիտի: Սովորեցնե՞ք:
Զինվորները լռում են: Զորականը երկուսին էլգ ցում է գետնին: Ներս են գալիս օրենքի պահապանները, օրենք, ուժ, կրոն և ժողովուրդ դեմ առ դեմ են: Վանականները դուրս են սողոսկում` հետները տանելով Մարինոսին: Պահապանները մոտենում են պանդոկապանին` իբր ոչինչ չեն նկատել, զինվորները նստում են իրենց տեղերը իբր ոչինչ չի էլ եղել: Աղջիկը կողմ է քաշվում:
ՄԱՅՐ - Տեսեք, թե ինչ է արել աղջկաս:
ՈՍՏԻԿԱՆ - Ո՞վ:
ՄԱՅՐ – Սրանց հրամանատարը:
ՈՍՏԻԿԱՆ - Վստա՞հ ես,
ՄԱՅՐ - Այո:
ՈՍՏԻԿԱՆ - Լա՞վ ես մտածել:
ՄԱՅՐ /ցույց տալով իրեն հեռացնող զինվորին/– Իսկ սա ինձ գցեց գետնին:
ԶԻՆՎՈՐ - Ե՞ս, Հիսուս քեզ Քրիստոս
ՄԱՅՐ – Ինքն էր:
ՄԻ ՈՒՐԻՇ ՏՂԱ - Կարող ա աչքիդ ա երևացել, քյաֆթառ, սիրուն տղա ես տեսել ուզում ես շառ անես:
ՈՍՏԻԿԱՆ - Լավ մտածիր, լավ մտածիր, քեզ ասում եմ:
ՄԱՅՐ – Էլ ի՞նչ մտածեմ, մեռնեի պրծնեի: Վախ… Ա՜խ…
ՈՍՏԻԿԱՆ - Հիմա մի բան տալո՞ւ եք խմենք, թե չէ:
Պանդոկապանը արագ ձեռք ու ոտք է ընկնում, նստեցնում, հյուրասիրում ոստիկաններին:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – Համեցեք: Նստեք: Անուշ խմեք:
ՈՍՏԻԿԱՆ - Ասում ես հարկերդ ո՞նց են:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – Պարտք չունեմ: Լրիվ փակել եմ: Հա:
ՈՍՏԻԿԱՆ - Այսինքն, հիմա հյուրասիրում ես:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – Հըա՜:
ՈՍՏԻԿԱՆ - Դե գնացինք, շեն մնաք:
Հեռանում են առանց վճարելու:
ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ
Պանդոկապանի ներխուժումը մենաստան:
Աղոթքի ժամին պանդոկապանը ներխուժում է մենաստան, կինը թևերից կառչելով փորձում է ետ պահել նրան…
ԿԻՆ - Աղաչում եմ ետ արի: Մի՛ արա:
Պանդոկապանը ծեծում է կնոջն ու վռնդում, չի համբերում մինչև դուռը բացեն, այնպես է աղմկում, որ նույնիսկ վարանում են բացել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Բացե՛ք: Բացեք դռներն` ասում եմ: Ձեզ համար հանգիստ աղոթում եք, իբր ոչնչից տեղեկություն չունեք: Էլ ի՞նչ աղոթք էս զուլումից հետո: Ո՞ւր է, ձեռքս տվեք էդ անզգամին: Եթե ինքը չպահեց իր երդման սուրբ ուխտը, ես էլ չեմ հարգի նրա սքեմը: Սև կբերեմ գլխին: Թողե՛ք: Տվեք ինձ: Պատասխան տվեք: Հաշիվ եմ պահանջում: Ես չեմ գնա մինչև կախաղանի վրա չտեսնեմ այդ անզգամին: Հանցավորներ եք աճեցնում սուրբ պատերի ներսում, որ դարանակալեն ինձ նման խեղճ մարդուն:
ՎԱՆԱՀԱՅՐ /ծանրակշիռ ներս գալով/ - Ի±նչ աղմուկ է: Ինչու± է այս մարդն այսպես հայհոյում:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – Ու±ր է քո Մարինոս աբեղան:
ՎԱՆԱՀԱՅՐ - Աստծուց երկյուղիր, մարդ: Եվ ակնածանք ցուցաբերիր այս սուրբ պատերի ներսում:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – Հարգանքով, պատվով ընդունեցի, կերակրեցի, ապահով ճամփու դրի, մեծարեցի… Իսկ ձեր վանականները ստորությամբ վարձահատույց եղան, չգիտեի, որ նենգ օձ եմ տաքացնում կրծքիս վրա…
ՎԱՆԱՀԱՅՐ – Հանդարտվիր, մահկանացո՛ւ… Եվ ասա, թե ինչ է եղել: Ի՞նչ վնաս է քո անձին հասել, կամ տանդ ու ընտանիքիդ կամ քո ունեցվածքին, որ այսպես զայրացած ես վանքի դեմ ու հայհոյում ես ամենակալի հրեշտակներին, որպիսիք փրկչին հաճո ծառա աբեղաներն են: Ես` անարժանս Բարձրյալի առաջ, պետք է իմանամ, թե ինչ է եղել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Մենք հասարակ մարդիկ ենք, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, վնասով եմ աշխատում, էդ երկու գնացող-եկողն էլ չլինի ընտանիքս սովից կկոտորվի, հարկերը մի կողմից, էս զուլումն էլ մյուս կողմից: Բա ինձ պես խեղճուկրակին ոչ ոք չի՞ գթալու, ո՞նց եմ ապրելու, էլ ի՞նչ երեսով մարդկանց աչքին երևամ: Էդ խայտառակությունից ո՞նց պիտի դուրս գամ: Էլ մեր դուռը բացող չի լինի: Սովից կկոտորվենք: Ի՞նչ աշխատեմ, որ ի՞նչ հարկ մուծեմ:
ՎԱՆԱՀԱՅՐ - Բավական է:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ /մի շնչով/ - Մարինոս ճգնավորը ինձ մարդկանց աչքում խայտառակ արեց, թշնամիներիս ծաղրի առարկան դարձրեց, ընտանիքս մեռած է, թաղված չի, հարազատներս տրտում են: Լեզուս չի պտտվում, որ ասեմ, ի՞նչ հող տամ իմ գխին… Մարինոս ճգնավորը բռնաբարել է աղջկաս ու հղիացրել:
ՎԱՆԱՀԱՅՐ – Ի՞նչ: Հաշիվ տալի՞ս ես քեզ, թե ինչ ես ասում, մա°րդ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Աստված վկա, ճշմարտությունն եմ ասում: Աղջիկս խոստովանեց: Վախենում էր մինչև հիմա ասել, բայց, որ տեսա հղի է ու պատին դեմ տվի… Հա՜, խոստովանեց: Իմ ձեռքից պրծնելն հեշտ չի… Ես արդարություն եմ պահանջում: Ես չեմ լռի: Իմ խայտառակությունը էս պատերի մեջ չի մնա… Ես…
ՎԱՆԱՀԱՅՐ - Եթե այդպես է եղել, նա կվտարվի վանքից: Դու դա անպայման կիմանաս:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Վտարվի ու վե՞րջ, վտարվի, որ գնա սրտի ուզածի չափ քե՞ֆ քաշի: Չէ՜…
ՎԱՆԱՀԱՅՐ - Ես կխոսեմ նրա հետ: Եթե մեղավոր է, կպատժվի օրենքի ամենայն սաստկությամբ` և՛ մարմնով, և՛ հոգով:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Ո՞նց թե` եթե մեղավոր է, անպատվել է մեզ, անարգել էր օջախս: Երեքով էին, գարնան դեմ… Մարինոս ճգնավորը ծածուկ մտել է աղջկաս սենյակ ու բռնաբարել նրան:
ՎԱՆԱՀԱՅՐ /վանականներին/ - Այդպե՞ս է եղել, ինչ որ այս մարդն է ասում:
ՏԱՐԵՑ ՎԱՆԱԿԱՆ - Ես չեմ տեսել:
ՎԱՆԱՀԱՅՐ - Դու տեսե՞լ ես:
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆ – Մարինոսը նման չէր իրեն, ոնց որ դրան շուռ տված լինեին, երևի մեջը դև էր մտել, ինչ էլ արած լինի, նա անմեղ է:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - /Աչքով-ունքով հասկացնում է, որ լավության տակից դուրս կգա:/
ՎԱՆԱՀԱՅՐ - Արե՞լ է, թե՞ ոչ:
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆ – Արած կլինի:
ՎԱՆԱՀԱՅՐ – Կանչեք թող գա:
Բերում են Մարինոսին: Պանդոկապանը հարձակվում է անպաշտպան Մարինոսի վրա ու ծեծում նրան բոլորի աչքի առաջ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ /հարվածներ տեղալով/ - Պոռնի՜կ, պի՛ղծ, խաբեբա՜…
Վանականներն ի վերջո միջամտում են և Մարինոսին բերում վանահոր առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐ – Մոտեցե՞լ ես պանդոկապանի աղջկան:
ՄԱՐԻՆՈՍ – Ինքը մոտեցավ ինձ…
ՎԱՆԱՀԱՅՐ – Հղիացրե՞լ ես նրան…
ՄԱՐԻՆՈՍ – Ի՞նչ… Ե՞ս… Ո՜…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Այո՛:
ՎԱՆԱՀԱՅՐ - Այլևս ոչ մի բառ չեմ կամենում լսել, դու ծաղրուծանակի ես ենթարկել մեր վանքը, պղծել ես մեր սուրբ անունը և արժանի ես Աստծո ամենաահարկու դատաստանին: /քամահրանքով/ Տարե՛ք: Բանադրե՛ք:
ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ
Բանտախուց:
ՄԱՐԻՆՈՍ – Մեղա՜, տեր, հաղթեց թշնամին, բանսարկուների կամքին կուլ գնացի, չարի կրակին յուղ լցրեցի: Մեղա¯… Դու ծանր ապաշխարանք դիր իմ անձին:
Պանդոկապանի աղջիկը ծպտված ներթափանցում է վանքի բանտախուց, մոտենում է պահակ վանականին:
ՊԱՀԱԿ - Չքվիր, չար սատանա:
ԱՂՋԻԿ – Սպասիր, մի վայրկյան լսի°ր ինձ, խնդրում եմ: Աղաչում եմ:
ՊԱՀԱԿ – Չբացես բերանդ, որ միջիդ դևը դուրս չգա, չքվի՛ր:
ԱՂՋԻԿ – Մի կանչիր ոչ ոքի… լռում եմ, լռում եմ, բայց… Խփիր, էդ խաչով գլուխս ջարդիր, միայն թե… Նա մեղավոր չի, ես… եղավ, ինքը չէր… Ես էի…
ՊԱՀԱԿ – Պանդոկը վանականի տեղը չի, դա գայթակղության…
ԱՂՋԻԿ – Հա, չէ, պանդոկ չէր, նա…
ՊԱՀԱԿ - Դադար տուր, կին…
ԱՂՋԻԿ /քսակ խցկելով պահակի ձեռքը/ – Առ, վերցրու, թող տեսնեմ նրան, մի ակնթարթ, մի պահ, խնդրում եմ: Դու լավ տղա ես, դու չես կարող ինձ մերժել,
ՊԱՀԱԿ – Հեռացրու դա ինձնից:
ԱՂՋԻԿ – Ինչո՞ւ: Ոսկի է:
ՊԱՀԱԿ – Թո՛ւ: Շնացողի ձեռքից… ոսկիի՜…
ԱՂՋԻԿ – Հա, հա, ոսկի… Հա, շնացել եմ… Դու ինչքա՞ն ժամանակ կլինի չես տեսել…
ՊԱՀԱԿ – Հեռու կանգնիր ինձնից:
ԱՂՋԻԿ –Ինչո՞ւ: Այ մարդ, /նկատի ունենալով և՛ դրամը, և՛ իր բարեմասնությունները/ ոսկի է, վերցրո՛ւ:
ՊԱՀԱԿ – Պետք չի: Վանքում փող պետք չի, Աստված մեզ…
ԱՂՋԻԿ – Պահիր, մի օր պետք կգա:
ՊԱՀԱԿ – Ո՛չ:
ԱՂՋԻԿ – Գնալուցս հետո կզղջաս, որ չես վերցրել, էլ չի լինի:
ՊԱՀԱԿ – Ո՛չ:
ԱՂՋԻԿ – Կբաժանես աղքատներին: Վերցրո՛ւ:
ՊԱՀԱԿ – Ո՜չ:
ԱՂՋԻԿ – Ո՞չ: Դու հրաժարվո՞ւմ ես բարի գործ կատարել, /նկատի ունենալով և՛ որևէ աղքատի, և՛ իրեն/ օգնել մի թշվառ մարդու… Աստված քեզ չի ների:
ՊԱՀԱԿ – Ո՛չ: /Վերցնում է և աչքերը պլշում աղջկա կիսաբաց մարմնին/:
ԱՂՋԻԿ – Ապրես: Աստված տեսավ: Բաց արա դուռը: Տո՛ւր բանալին:
ՊԱՀԱԿ – Ո՛չ: Ուզում ես դո՞ւրս թողնել հանցավորին:
ԱՂՋԻԿ – Չէ: Չէ՜…
ՊԱՀԱԿ /մղվելով դեպի աղջիկը/ – Չէ՞:
ԱՂՋԻԿ – Եթե նույնիսկ ես նման մտադրություն էլ ունենայի, այս ոսկին բավական է, որ դու… կյանքդ նորից սկսես…
ՊԱՀԱԿ – Ինչո՞ւ պիտի նորից սկսեմ:
ԱՂՋԻԿ /պահակի բազուկներից ազատվել փորձելով/ – Թող տեսնեմ, ոտքերն ընկնեմ, ներում աղերսեմ…
ՊԱՀԱԿ – Կթողնեմ:
ԱՂՋԻԿ – Տուր բանալին: Բա՛ց դուռը: Արի: Ոչ: Թող: Ես հղի եմ, հեռու մնա մեղքից:
ՊԱՀԱԿ – Մեղքը քո նմանի հղիությունն է: Չա՛րք: Քո արգանդն անիծված է: Կեղտի բուն: Քո երեխան մեղքի ծնունդ է, չպետք է լույս աշխարհ ելնի:
ԱՂՋԻԿ /տվայտանքներից խելքը թռցնելով/ – Ի՞նչ: Երեխայիս բան չասես:
Խելագար ցասումով հարձակվում է պահակի վրա:
ԱՂՋԻԿ - Բաց դուռը: Տուր բանալին:
Պահակին գետնին է գլորում, կապկպում, բանալին խլում, խուժում է Մարինոսի մոտ և նետվում ոտքերի տակ, համբուրում ոտքերը, արտասվում, ողբում, ներողություն հայցում:
ԱՂՋԻԿ – Մեղա տեր: Ինձ ներում չկա … բայց չեմ կարող ճշմարտությունն ասել, երեխայիս կսպանեն, ինձ կսպանեն: Հեռացիր, փրկվիր…
ՄԱՐԻՆՈՍ - Արժանի մայր եղիր որդուդ, և Աստված կների քեզ: Գնա՛:
ԱՂՋԻԿ – Մա՜յր: Մա՞յր: Ո՜չ: Չէ, չէ: Անիծված արգանդից ի՞նչ մայր: Տեր, վերցրո՛ւ, փրկիր զավակիս: Որդի՜… Տե՛ր աստված, գթա, փրկիր, մինուճարիս քեզ եմ տալիս: Մա¯յր: Ես ամեն ինչ կանեմ, որ արժանի մայր լինեմ, աբեղա:
ՄԱՐԻՆՈՍ - Գնա՛:
ԱՂՋԻԿ – Մա՜յր:
Աղջիկը պատեպատ է գնում. երջանկացած, մայրության բերկրանքից սրտատրոփ: Ետ է գալիս, ակնածանքով համբուրում Մարինոսի աջը, ոտքերը, հետո նետվում է դուրս: Մարինոսն արձակում է պահակին, վերադառնում իր անկյունը: Պահակն անվերջ խաչակնքվում է, Մարինոսից ավելի է երկյուղում, քան աղջկանից: Գալիս է Եվգինեոսը, փոխարինում պահակին:
ՊԱՀԱԿ ՎԱՆԱԿԱՆ - Զգույշ եղիր:/Գնում է/:
ԵՎԳԻՆԵՈՍ /դստերը/ – Թույլ տուր ապացուցեմ քո անմեղությունը:
ՄԱՐԻՆՈՍ – Իմ ճշմարտությունը զրպարտվելուս հետ առնչություն չունի:
ԵՎԳԻՆԵՈՍ – Թույլ տուր ապացուցեմ, որ անմեղ ես:
ՄԱՐԻՆՈՍ – Ինչպե՞ս… Թույլ տամ: Ինձ միևնույն է չես փրկի, իսկ քեզ կվնասես:
ԵՎԳԻՆԵՈՍ – Թքած:
ՄԱՐԻՆՈՍ – Քեզ համար թքած, իսկ ինձ համար` ոչ: Ես թույլ չեմ տա, որ իմ պատճառով դու վնասվես:
ԵՎԳԻՆԵՈՍ – Նրանք պետք է իմանան ճշմարտությունը, որ արդարացվես:
ՄԱՐԻՆՈՍ – Աստծո առաջ ես արդար եմ… Այդ գործում: Իսկ մյուս մեղքերիս համար եթե պետք է չարչարանքներ կրեմ, արդեն կարևոր չէ, թե ինչ առիթով:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ուրեմն այդ խարդախ պոռնիկը…
ՄԱՐԻՆՈՍ – Աղջիկ է, էլի՜: Ով ինչ կարողանում, այն էլ անում է այս կյանքում:
ԵՎԳԻՆԵՈՍ – Բա նրա լխկած հայրը… Հայտարարում է, թե բռնաբարել ես իր աղջկան:
ՄԱՐԻՆՈՍ – Իր երեխային է պաշտպանում:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ի՞նչ երեխա, ի՜նչ բան: Այդ գարշելիների համար երեխան միայն քսակը լցնելու միջոց է:
ՄԱՐԻՆՈՍ – Ընտանիք է պահում, աշխատում է:
ԵՎԳԻՆԵՈՍ – Վերջ տուր:
ՄԱՐԻՆՈՍ – Մենք ով ենք, որ քննենք ուրիշի վարքը:
ԵՎԳԻՆԵՈՍ - Ես հրաժարվում եմ ընկալել քո մտածողությունը: Դու առույգ, խենթ ու խելառ, ըմբոստ աղջիկ էիր, դու ինչպե՞ս անկարողացար, ո՞նց հանձնվեցիր:
ՄԱՐԻՆՈՍ – Հավատա, հա՛յր, հանձնվելս թուլություն չէ: Ես այս որոշումը կայացրի միայն ու միայն ուժեղ կամքի պարտադրմամբ: Այլապես անկարող կլինեի հանձնվել:
ԵՎԳԻՆԵՈՍ - Զավա՜կս…
ՄԱՐԻՆՈՍ – Հա՛յր: Ներիր, բայց թող լինի` ինչ որ լինելու է: Գնա, չգան տեսնեն:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ
Վտարում վանքից:
Միաբանության ժողովը խորհրդի է հավաքվել` Մարինոսի դատավճիռը կայացնելու:
ՎԱՆԱՀԱՅՐ - Ինքներդ որոշեք: Միաբանության խոսքն ինձ համար սուրբ է: Սրբազա՛ն, ասացե՛ք:
ՍՐԲԱԶԱՆ – Կատարվածն հույժ է աննախադեպ:
ՎԱՆԱՀԱՅՐ – Սուրբ հայր, դո՞ւք ինչ կասեք:
ՍՈՒՐԲ ՀԱՅՐ – Պետք է քննել ամենայն բանիվ:
ՎԱՆԱՀԱՅՐ – Խոսեք, տիա՛րք:
Ա ՎԱՆԱԿԱՆ - Մեղավոր է, թող պատժվի:
Բ ՎԱՆԱԿԱՆ - Սրբապիղծին ներում չկա:
Գ ՎԱՆԱԿԱՆ - Մահապատիժ:
Դ ՎԱՆԱԿԱՆ - Ի՞նչ օրինակ ենք ծառայում ժողովրդին:
Ե ՎԱՆԱԿԱՆ - Մարդիկ ի՞նչ կասեն:
Զ ՎԱՆԱԿԱՆ - Պետք չէ տեղի տալ:
Է ՎԱՆԱԿԱՆ - Անզիջում եղեք, վանահայր, նա օրինազանց է:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ /գրկած բերելով նորածնին/ - Ես մի խեղճ մարդ եմ, որի դուռն այլևս ոչ ոք չի ուզում բացել: Ես կորած մարդ եմ, որն իր խեղճ ընտանիքը պահելու գրոշ չունի:
ՎԱՆԱՀԱՅՐ - Այստեղ բերեք Մարինոս աբեղային:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ /երեխային ընդառաջ տանելով` դնում է Մարինոսի ոտքերի մոտ ու հեռանում/ - Ոնց արել ես, այնպես էլ պահիր: Քո չար պտուղը քեզ պատիժ ու նախատինք:
ՄԱՐԻՆՈՍ /կնոջական բնազդով ակամա գրկելով լացող նորածնին/ – Շը՜շշ…
ՎԱՆԱՀԱՅՐ – Հեռացի՛ր: Գնա՛: Դա է քո խաչը: Այսուհետ ճակատիդ քրտինքով կվաստակես քո և սերմանածիդ հացը:
Մարինոսը սուսուփուս հեռանում է:
Պանդոկապանի աղջիկը շապկանց ու գզգզված մազերով, խենթացած թափառում է ու ամենուր փնտրում իրենից խլված երեխային: Անցնող դարձողին հարցնում` բարուր տեսել են, թե ոչ:
ԱՂՋԻԿ - Բարուր չե՞ք տեսել… Մարդու… Չէ՞… Իմ որդուն չե՞ք տեսել: Ոչ ոք չի՞ տեսել: Կաթ պիտի տամ: Տակաշորը փոխեմ: Հագցնեմ… չմրսի՞: Ա-ա-ա-ա՞… Ա-ա-ա-ա՞… Սը՜սս… Մի՛ լաց, մի՛ լաց…
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
Մարինոս և գեղջկուհի:
ԳԵՂՋԿՈՒՀԻ /նկատելով պառկած Մարինոսին/ – Շնթռկում են ուր պատահի, չեն էլ նայում, որ ուրիշի արտն են մտնում:
ՄԱՐԻՆՈՍ – Ներեցեք:
ԳԵՂՋԿՈՒՀԻ- Ներեցե՜ք: Էյ, էդ ո՞ւր:
ՄԱՐԻՆՈՍ - /ուսերն է թոթվում/:
ԳԵՂՋԿՈՒՀԻ – Իա¯, խոսք է՞լ չասենք: Եկել պառկել ես քեզ համար: Բա որ…
ՄԱՐԻՆՈՍ – Նստել էի, չիմացա` ոնց քնեցի:
ԳԵՂՋԿՈՒՀԻ - Երեսիդ գույն չկա, հիվանդացած չլինե՞ս:
ՄԱՐԻՆՈՍ - Էհ /աչքերը լցվում են/: Գուցե բարին էլ դա կլիներ: Հիվանդանայի մեռնեի էս դաժան աշխարհից: /Մեկուսի/ Մեղա, մեղա…
ԳԵՂՋԿՈՒՀԻ - Հա կպրծնես, բա չե՞ս պրծնի, կամաց: Համ էլ մեռնելն էդքան հեշտ չի: Որ խոտերին քնելուց մեռնեին, երկրի երեսին ազգ չէր մնա, անհող մարդ կա՞:
ՄԱՐԻՆՈՍ – Ասում են հողը քաշում է ցավը:
ԳԵՂՋԿՈՒՀԻ - Հա, թե դարդ ունես հող ու ջրին տուր, հողից լավ գաղտնիք պահող չես գտնի: Ջուրն էլ, դե գիտենք, չոռ ու ցավը քշում տանում է: /Ուտելիք բացելով/ Վեր կաց լվացվի, երեսդ մաքրի էն առվի պաղ ջրով, հովացի, տեսնենք` ինչ ենք անում: Ի¯հ, էլի կտրեցին, մի պուտ ջուրն ինչ է, կարգին չեն տալիս, որ նորմալ բերք ստանանք:
ՄԱՐԻՆՈՍ – Ճամփի եզրով ջրանցք էր անցնում, ոռոգման չի՞:
ԳԵՂՋԿՈՒՀԻ – Է հա՜, դրա ջուրն էր էլի՜, կտրեցին, չհասցրի ջրեմ պրծնեմ: Մեկ էլ մինչև մեր հերթը գա՜… Տեսնես մեր բիձեն ո՜նց ա կռիվ տալիս… Մինչև ջուր չի պոկում, ետ չի գալիս… Կեր, կեր հալի արի, էդ ի՞նչ օրի էս այ, բալա… Վայ քո սիրտը թաղեմ, աղջի՞կ ես:
ՄԱՐԻՆՈՍ – Հա:
ԳԵՂՋԿՈՒՀԻ – Տիրացուի շորո՞վ:
Երեխան լաց է լինում, Մարինոսը շտապ վերցնում է ու հեռանում:
ՄԱՐԻՆՈՍ - Շնորհակալություն:
ԳԵՂՋԿՈՒՀԻ – Էդ, էդ ի՞նչ… երեխա՞… Էդ ո՞ւր, սպասիր…
ՄԱՐԻՆՈՍ – Սար պիտի հասնեմ:
ԳԵՂՋԿՈՒՀԻ – Վայ, քո մոր աչքերը քոռանան… Մեղա, մեղա՜, տե՛ր…
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
Քարայրում ոչխարների հետ, մկրտություն:
Մարինոսը պատսպարվում է ոչխարների քարայրում: Ագահորեն կաթ է կթում ու ինչ-որ լայն տերևով խմեցնում նորածնին: Մարինոսը քանդում է երեխայի խանձարուրը, ազատում նրան կապանքներից, դնում կրակի մոտ: Վերջինս գվգվում է, խաղում: Մարինոս ճգնավորը քաշվում է մի անկյուն` աղոթելու: Նորածնի գվգվոցը վերածվում է մանչուկի խինդի ու ծիծաղի: Մարինոսն ուժասպառ փռվում է գետնին:
Լույսը բացվում է… Դարձյալ ժամանակ է անցել:
ՀՈՎԻՎ /թաքուն ներս բերելով մի քահանայի/ - Տեր հայր, այս կողմ արի: Ահա՛: Սուրբը ճգնում է, չխանգարենք: Դու քո գործն արա: /իր կնոջը/ Բե՛ր տղային:
ՔԱՀԱՆԱ - Երեխայի անունն ի՞նչ է:
ՀՈՎՎԻ ԿԻՆ - Անուն չունի: Մանուկ ենք ասում:
ՔԱՀԱՆԱ - Քանի՞ տարեկան է:
ՄԱՐԻՆՈՍ – Մի:
Քահանան մկրտության ծես է կատարում:
ՔԱՀԱՆԱ - Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո, ամէն:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ
Քարայրում Հայր և դուստր:
ԵՎԳԻՆԵՈՍ /թոռին/ - Էս ի՞նչ արեցիր: Լավ, գնա, խաղա: /Դստերը/ Ինչո՞ւ չպաշտպանեցիր քեզ:
ՄԱՐԻՆՈՍ – Աստծո գործերն անքննելի են, նպատակին հասնելու մարդու ճանապարհները` տարբեր:
ԵՎԳԻՆԵՈՍ – Իսկ էս երեխա՞ն: Սրա մեղքը ո՞րն էր:
ՄԱՐԻՆՈՍ – Իմ ու քո մեջ… Դու ինձ սիրում էիր չէ՞, իմ երեխային էլ կսիրես երևի, չէ՞: Աստված ողորմած է: Հա՛յր, հնարավոր չէ, որ դու ինձ չսիրեիր:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ի՞նչ ես ասում, ես քեզ կյանքիցս առավել եմ սիրել միշտ:
ՄԱՐԻՆՈՍ – Կյանքիցդ…
ԵՎԳԻՆԵՈՍ - Ավելի թանկ բա՞ն կա աշխարհում…
ՄԱՐԻՆՈՍ /գլխով է անում/ – Նայած ում աշխարհում… Իմ ու քո՞…
ԵՎԳԻՆԵՈՍ – Իհարկե իմ ու քո և բոլոր ծնողների ու նրանց զավակների միջև ամենաթանկ աշխարհը… ամենակարևոր… միակ բանը, որ անկասկած իմաստ ունի այս փուչ կյանքում: Բայց դու հեռացար ինձնից…
ՄԱՐԻՆՈՍ – Ես հենց դա էի ասում, երբ մենաստան էիր ուզում…
ԵՎԳԻՆԵՈՍ - Երանի ոտքս տնիցս դուրս դրած չլինեի…
ՄԱՐԻՆՈՍ - Եթե Աստված թույլ տվեց, որ հեռանաս անապատ, ուրեմն դա քո որոշումը չէր:
ԵՎԳԻՆԵՈՍ - Երանի թույլ տված չլիներ:
ՄԱՐԻՆՈՍ – Հա՛յր, դու սխալ ճանաչեցիր Աստծուն: Ոչ թե նա չպետք է թույլ տար, այլ եթե թույլ տվեց, ուրեմն այդպես էլ պետք է լիներ:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ես չգտա այն, ինչ փնտրում էի, ընդհակառակը, ես ավելի խրվեցի:
ՄԱՐԻՆՈՍ – Գուցե անկեղծ չէիր:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ես չէի կարող մնալ…
ՄԱՐԻՆՈՍ – Փախուստը ելք չէ, Աստված ամենուր է: Եթե չես կարողանում ներսդ նայել, չես տեսնի Աստծո պատկերը:
ԵՎԳԻՆԵՈՍ – Էս ինչ անկատար է Աստծո…
ՄԱՐԻՆՈՍ – Չասե՜ս…
ԵՎԳԻՆԵՈՍ – Աշխարհն հաստատ անկատար է:
ՄԱՐԻՆՈՍ – Դա մարդկանց աշխարհն է:
ԵՎԳԻՆԵՈՍ – Նրանք ճղճիմ են ու ստոր, առանց աչք թարթելու դեն նետեցին քեզ, վտարեցին և դեռ սուրբ են կոչվում:
ՄԱՐԻՆՈՍ – Ես ծանր հանցանք էի գործել:
ԵՎԳԻՆԵՈՍ – Դու չէիր կարող նման բան անել:
ՄԱՐԻՆՈՍ –Նրանք չգիտեն այդ մասին:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ո՞վ չէր հասկանում, որ քեզ նման անմեղ պատանուն էդ պոռնիկը հում-հում կուտեր: Ո՞վ չէր ճանաչում նրան:
ՄԱՐԻՆՈՍ – Դա անձնական է: Աստծո տուն ոտք դրած հոգին ճանապարհից խոտորվելու իրավունք չունի:
ԵՎԳԻՆԵՈՍ – Դու դեռ երեխա էիր:
ՄԱՐԻՆՈՍ – Հոգին պատասխանատու է իր արարքների համար բոլոր տարիքի մարմիններում:
ԵՎԳԻՆԵՈՍ - Դու դեռ երեխա ես:
ՄԱՐԻՆՈՍ – Ես շուտ զգացի, թե ինչ եմ ուզում, ես չէի կարող սպասել, դրա համար էլ ինձ ծանր ճակատագիր բաժին հասավ:
ԵՎԳԻՆԵՈՍ - Դու…
ՄԱՐԻՆՈՍ – Ես ուզում էի զգալ, ինքս հասնել, հաղորդակցվել… Զգա՜լ…
ԵՎԳԻՆԵՈՍ – Տեսա՞ր` ինչ եղավ:
ՄԱՐԻՆՈՍ – Զգացի՜:
ԵՎԳԻՆԵՈՍ – Հասկացա՞ր:
ՄԱՐԻՆՈՍ – Հասկացա՛:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ասա՛: Ինչո՞ւ չփորձեցիր անգամ պաշտպանվել:
ՄԱՐԻՆՈՍ – Ինքդ ասացիր, որ նրանք համոզված էին, որ ես չէի կարող դա արած լինել:
ԵՎԳԻՆԵՈՍ – Այո:
ՄԱՐԻՆՈՍ – Բայց մեղադրեցին: Հա՛յր, ինձ ոչ ոք չհամարձակվեց պաշտպանել: Ոչ ոք… Երբ քանի-քանիսները գիտեն, որ անմեղ եմ, քանի՜-քանիսներն են տեսել նրան էդ զորականի հետ: Քանի հոգի դեպքին ներկա էին, տեսան, որ ես մասնակից չեմ… Վախենում են ասել ճշմարտությունը, ահա թե ինչն է ողբալին:
ԵՎԳԻՆԵՈՍ – Տեսնո՞ւմ ես, որ ասում եմ…
ՄԱՐԻՆՈՍ – Տեսնում եմ, թե քանի՜-քանիսն են տառապում:
ԵՎԳԻՆԵՈՍ – Ա՜յ…
ՄԱՐԻՆՈՍ – Սիրտս ցավում է նրանց համար, տանջվում եմ…
ԵՎԳԻՆԵՈՍ - Դու ինքդ քեզ չպաշտպանեցիր, բալես, հիմա, ուզում ես, որ ուրի՞շը դա աներ:
ՄԱՐԻՆՈՍ – Հալածվողը անմեղ, թե մեղավոր, ակամա պաշտպանվում է, դա մարդկային է, հա՛յր:
ԵՎԳԻՆԵՈՍ – Իհարկե:
ՄԱՐԻՆՈՍ – Իսկ թե ով է անմեղ, ով մեղավոր, գիտի միայն Աստված:
ԵՎԳԻՆԵՈՍ - Եթե չվախենայի, որ ճշմարտությունն իմանալով քեզ ավելի մեծ պատիժ կնշանակեն, վայրկյան անգամ չէի վարանի…
ՄԱՐԻՆՈՍ – Ավելի մեծ պատի՞ժ… Դու իրավացի ես: Մեծ պատիժը մեծ չարչարանքներ է…
ԵՎԳԻՆԵՈՍ – Լռի՛ր: Չհամարձակվես… անգամ մտածել նման բաներ:
ՄԱՐԻՆՈՍ – Ինչո՞ւ:
ԵՎԳԻՆԵՈՍ - Դու չես կարող երեխային նետել բախտի քմահաճույքին:
ՄԱՐԻՆՈՍ /աչքերը փակելով/ – Ես…
ԵՎԳԻՆԵՈՍ – Սթափվի՛ր, ուշքի եկ, խնդրում եմ: Ներիր ինձ: Ներիր, Տեր: Պապանձվեր լեզուս: Ես չպետք է մտնեմ ձեր երկուսի արանքը: Ես… Կորցրել էի գլուխս, ինչքան շատ եմ ուզում մաքրվել, այնքան խորն եմ խրվում կեղտի մեջ: Ներող եղեք: Ներեք մեղավորիս: Տե՛ր, թող քո կամքը լինի: Աղջիկս, զավակս, եթե քեզ էլի մի բան պատահի, ես չեմ դիմանա, ես ծեր ու հիվանդ մարդ եմ: Խղճա՛ ինձ: Դու… Դու երեխային պետք է մեծացնես, պահպանես, այս փարախում հո չե՞ս թողնելու կամ, որ ավելի սարսափելի է, հո չե՞ս գցելու էն անօրենների ձեռքը:
ՄԱՐԻՆՈՍ – Որքան թույլ էակ է մարդ արարածը…
ԵՎԳԻՆԵՈՍ – Խոստացիր… Երդվում եմ, որ այլևս բառ չես լսի ինձնից: Երդվում եմ, որ այլևս հլու եմ քո կամքին, երդվում եմ, որ…
ՄԱՐԻՆՈՍ –Բավական է երդվես: Ինչքան շատ երդվես, այնքան շատ ու շատ անգամ երդմնազանց կլինես…
ԵՎԳԻՆԵՈՍ – Խոստացիր, որ սքեմը կգցես վրայիցդ և կնոջ հագուստ կհագնես:
ՄԱՐԻՆՈՍ – Հա՛յր, հա՛յր, սիրելի հայրի՜կ, դրանք մարմնական դատարկաբանություններ են, խաբկանք:
ԵՎԳԻՆԵՈՍ – Տես` ինչ գեղեցիկ զգեստ եմ բերել: Եղբայրդ է կարել տվել, հատուկ քեզ համար:
ՄԱՐԻՆՈՍ – Վերջ: Այլևս ոչ մի բառ չասես:
ԵՎԳԻՆԵՈՍ – Մազերդ արդեն երկարել են… Չես կտրում, ուրեմն…
ՄԱՐԻՆՈՍ – Թող, վերջ: Հեռացի՛ր: Այլևս չգաս: Գնա որդուդ մոտ: Օգնիր նրան, քո խորհուրդները շատ պետք կգան:
ԵՎԳԻՆԵՈՍ – Եթե գայիր, միասին գնայինք… առանց քեզ ես չգիտեմ` իմ չոր գլուխը ո՞ր քարին տամ…
ՄԱՐԻՆՈՍ – Հա՛յր, այս բաժակը ես…
ԵՎԳԻՆԵՈՍ – Ներիր զավակս, դարձյալ մեղանչեցի…
ՄԱՐԻՆՈՍ – Գնա:
ԵՎԳԻՆԵՈՍ – Լավ:
ՄԱՐԻՆՈՍ – Այլևս չգաս:
ԵՎԳԻՆԵՈՍ – Լավ:
ՄԱՐԻՆՈՍ – Մոռացիր իմ գոյության մասին և ոչ ոքի չասես որտեղ եմ, խնդրում եմ, այլապես ստիպված կլինեմ հեռանալ: Շուտով ցրտերն ընկնելու են, երեխային դուրս հանեմ, վտանգավոր է:
ԵՎԳԻՆԵՈՍ – Լավ:
ՄԱՐԻՆՈՍ – Միակ որդուդ մենակ մի՛ թող, գնա, երբեք չլքես:
ԵՎԳԻՆԵՈՍ – Լավ: Մնաս բարով:
ՄԱՐԻՆՈՍ – Գնաս բարով:
ԵՎԳԻՆԵՈՍ – Աղջի՛կս:
ՄԱՐԻՆՈՍ – Հա՛յր, ես հասա, ինչի ձգտում էի: Հանգիստ սրտով գնա:
ԵՎԳԻՆԵՈՍ – Լավ: /Հեռանում է/:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
Միաբանության ժողով վանքում:
ՍՐԲԱԶԱՆ - Չմտափոխվեք, որ ինչպես որոշել ենք, այնպես էլ վարվենք:
ՎԱՆԱԿԱՆ – Ես դրանց չեմ վստահում:
ՍՐԲԱԶԱՆ – Քիչ են, տազ կանեն:
ՎԱՆԱԿԱՆ – Հիմա են քիչ:
ՍՐԲԱԶԱՆ – Պահն օգտագործել է պետք, այլապես ուշ կլինի:
ՎԱՆԱՀԱՅՐ - Դե՞, ի՞նչ շտապողականություն է: Լսում եմ ձեզ:
ՍՐԲԱԶԱՆ - Մարինոսն անմեղ է դատապարտված:
ՎԱՆԱԿԱՆ - Արդեն երեք տարի է լուռ կրում է իր խաչը, անտրտունջ տարավ բոլոր հալածանքներն ու չարչարանքները:
ԱԲԵՂԱ - Տղամարդ տեղով երեխային ոտքի կանգնեցրեց:
ՎԱՆԱՀԱՅՐ – Ի՞նչ եք ուզում:
ՍՐԲԱԶԱՆ - Եթե Մարինոսին չվերադարձնես, բոլորս դուրս կգանք վանքից:
ՎԱՆԱՀԱՅՐ - Բոլո՞րդ եք միաբան:
/Լռություն/:
ՎԱՆԱՀԱՅՐ – Ո՞վ է դեմ, որ սուրբ Մարինոս ճգնավորը վերադարձվի մենաստան:
Բոլորն իրար երես են նայում, բանսարկուները չեն համարձակվում ընդդիմանալ:
ՎԱՆԱՀԱՅՐ – Գտեք: Ետ բերեք:
ՎԱՆԱԿԱՆ – Նա այստեղ է:
ՎԱՆԱՀԱՅՐ – Ասեք, թող ներս գա: /Մարինոսը ներս է գալիս/ Դու իհարկե արժանի չես մեր սուրբ հարկին… Բայց միաբանության խնդրանքով քեզ ներս եմ թողնում: Միմիայն:
ՄԱՐԻՆՈՍ - Ես արժանի չեմ կոխելու ուխտի շեմը, թույլ տվեք մնամ իմ հյուղում:
ՎԱՆԱՀԱՅՐ – Ոչ: Կմնաս վանքում և կկատարես ամենաստորակարգ և ծանր աշխատանքները:
ՄԱՐԻՆՈՍ – Ծառա եմ տիրոջը: Կարո՞ղ եմ աղոթել իմ հյուղում:
ՎԱՆԱՀԱՅՐ – Որտե՞ղ է դա:
ՍՐԲԱԶԱՆ – Վանքապատկան հողամասում է, արևմտյան կողմում:
ՎԱՆԱՀԱՅՐ – Լավ: Միաբանության տարածքից դուրս չգաս: Կողմնակի մարդկանց հետ չառնչվես: Որդիդ նույնպես:
ՄԱՐԻՆՈՍ – Որդիս…
ՎԱՆԱՀԱՅՐ – Այլևս ոչ մի բառ լսել չեմ կամենում, մենակ թողեք ինձ:
ՍՐԲԱԶԱՆ – Բարի վերադարձ, հայր սուրբ:
ՎԱՆԱԿԱՆ – Նորից մի ընտանիք ենք:
ՄԱՐԻՆՈՍ – Տիրոջ կամքը թող լինի:
ՍՐԲԱԶԱՆ – Ամեն:
ՎԱՆԱԿԱՆ -Գնա խուցդ, հանգիստ առ:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Քարայրում, Մարինոսի մահը:
Խցում քնած Մարինոսը երազում մի լուսապայծառ այր է տեսնում, որը նրա եղբոր դեմքն ունի:
ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ԱՅՐ - Արի՛, ե՜լ… Եկ քո տեղը, որ Աստված է տվել հանգստանալու` ի փառս քո անանց բարության ու համբերատար ճգնության: Արարչի առաջ հարազվարճ բերկրացող և տիրոջ ազնիվ ծառա, ե՛կ, մտիր առագաստն անմահ փեսայի…
Սուրբ Մարինոսն հիպնոսված վեր է կենում ու հետևում նրան, գնում է իր քարայրը և ծնկում վերջին անգամ աղոթելու: Գամփռի ուղեկցությամբ փութկոտ ներս է վազում Մանուկը և աղմուկով նետվում մոր գիրկը: Մայրը շատ թույլ էր, չի դիմանում որդու ուժին, որ շրջապատի քար ու թփից, գամփռի ու գազանների հետ ամենօրյա «գոտեմարտից» էր առել և փետուրի նման ընկնում է գետնին: Երեխան հոգնած թիկնում է մորը և քնում: Գամփռը մոտենում պառկում է նրա մյուս կողմում` ականջը սրած: Քիչ անց գամփռը աղիողորմ ոռնում է: Ներս են վազում տագնապած հովիվները և հայտնաբերում մահացած Մարինոսին: Երեխան քնած է, նրան ծածկում են, Մարինոսին վերցնում, շունը պտտվում է նրանց շուրջը, հովիվը նրան պատվիրում է հսկել երեխային:
ՀՈՎԻՎ- Հսկի՛ր:
Գալիս են վանականները և դեմ առ դեմ կանգնում Մարինոսին գրկած հովիվներին. Մարինոսի վարսերը կախվել են գետնին, մաշված շապիկի տակ ասես մարմին չլինի, միայն ոսկորներ, վանականներն ապշած են:
ՎԱՆԱԿԱՆ – Մազերն հասան գետնին, բայց այդպես էլ մորուս չծլեց:
Մյուս վանականը քայլում է դեպի քնած երեխան, գամփռը չի թողնում, որ մոտենա, գամփռի տեր հովիվը գրկում է երեխային ու տալիս վանականներին, ասելով.
ՀՈՎԻՎ - Ես ձեզ եմ հանձնում հայոց հոտի ապագա առաջնորդին…
Վանականները երկյուղածորեն խաչակնքվում են և վախվորած վերցնում երեխային:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ.
Մարինոս ճգնավորի թաղումը:
Մարինոսի դիակը բերում դնում են վանահոր առաջ: Գանփռի տեր հովիվը երեխայի ձեռքը բռնած գալիս է: Դեպի երեխան է շտապում պանդոկապանը, բայց հովիվը երեխային հեռացնում է նրանից:
ՎԱՆԱՀԱՅՐ – Պատանեք, թաղեք որպես կրոնավորի, ինչպես կարգն է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆՆԵՐ /մոտենալով դիակին, վերցնում, նկատում են, որ կին է, սարսափած ընկրկում են/ - Մեղա¯ մեզ, մեղա¯: Պատուհաս եղավ մեր գլխին, վանքին փորձանք է սպասվում, Աստծո խստագույնս պատիժը վրահաս է: Մենք էլ անմեղ-անմեղ մեղսակից ենք, վայ մեզ, վա՜յ… /Իրար մեջ շշուկով/ Կին է, կի՜ն…
ՎԱՆԱՀԱՅՐ – Էլ ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք այդպես ողբում: /նկատելով, որ կին է/ Ո՞վ է սա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՎԱՆԱԿԱՆՆԵՐ – Կի՜ն է, կի՜ն…
ՎԱՆԱՀԱՅՐ-Ո՞վ է:
ՎԱՆԱԿԱՆ – Սուրբ Մարինոս ճգնավորը:
ՎԱՆԱՀԱՅՐ – Ի՞նչ:
/Լռություն/:
ՎԱՆԱՀԱՅՐ – Աստծո անեծքը կընկնի մեր վանքի վրա: Ես թողության արժանի չեմ: Ինձ էլ թաղեցեք սրա հետ:
Մարինոսը վեր է կենում, համբուրում վանահոր աջն ու գնում, մտնում է իր գերեզմանը: Վանականները ջերմեռանդորեն աղոթում են: Հովիվները պանդոկապանի շլինքից բռնած, նրան մոտեցնում են Մարինոսին և ցույց տալիս, որ Մարինոսը կին է:
ՎԱՆԱԿԱՆ – Նայի՛ր, շուն, լավ նայիր: Ճանաչո՞ւմ ես:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – Մարինոս աբեղան է, որին Աստված թույլ տվեց իմ իսկ տան մեջ հանցավոր բռնանալ իմ իսկ զավակի վրա:
ՍՐԲԱԶԱՆ - Դժոխքի բաժին դառնաս: Լավ նայիր: Նայի՛ր:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ /տեսնելով, որ Մարինոսը կին է, ապշում է, հիմարանում, հետո տիրապետում է իրեն ու մոտենում, աղերսագին համբուրում է արդեն նվաղող վանահոր աջն ու փեշերը/ Վանահայր… /Կուրծք ծեծելով/ Վա՜յ ինձ… Վա՜յ… /ընկնում է նրա ոտքերի առաջ/
Վանահոր երկու թևատակերից բռնած` տանում են, թաղման ծես: Վանականները փակում են Մարինոսի շիրիմը. «Աստ հանգչի…»:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ /Հասկանալի չէ` Մարինոսի՞ն է դիմում, թե՞ իր դստերը նկատի ունի/
- Անաստված աղջիկ, էս ի՞նչ արեցիր: Էս ի՞նչ արեցիք: Ինձ ներում չկա: Ես վերջացած մարդ եմ:
Գալիս է պանդոկապանի աղջիկը` հերարձակ, պատառոտված հագուստներով ու ցնորված, մայրը հետևում է նրան: Հայրը տեսնելուն պես նետվում է աղջկան ծեծելու և սարսափելով նրա արդեն ծեծված վիճակից` ետ է քաշվում:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Դու զրպարտեցիր նրան ու մեզ կորստյան մատնեցիր:
ԱՂՋԻԿ – Վախեցա…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Աստծո դատաստանից վախեցիր, անառա՛կ:
ՄԱՅՐ – Ձեռք չտաս:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Եվ ո՞ւմ արածը ծածկեցիր, ո՞ւմ…
ԱՂՋԻԿ – Նա… Ե՞ս…
Մոր օգնությամբ աղջիկը մոտենում է Մարինոսի շիրիմին:
ԱՂՋԻԿ – Մեղա՜…
Մայր ու աղջիկ մեկնվում են շիրիմի վրա: Գալիս են Գրիգորիս Աղթամարցին և դպիրը:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ - Եվ հանգում են: Էր սա պատմությունը սուրբ նահատակի Մարինոսի…
Վերջաբան:
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ -
Իսկ սուրբ տըղայն ընտրեալ և առաքինին`
Սըրապիոն մանուկն, ի վանքըն սնանի.
Կրօնավոր եղեալ ընտիր և անվանի,
Մինչ հայր և առաջնորդ վանացըն կարգի:
Ի թվականին հայոց ինըն հարյուրի
Կ և Ե տարի և ի նմայ ավելի
Ես Գրիգորիս նուաստս Աղթամարցի
Ապիկարս տեսուչ և անյիշելի
Ըզվարըս ճգնութեան սուրբ Մարինոսի
Ոտնաչափ համառօտ ի յավարտ ածի,
Զի ընթերցմամբ սորա զուարճանայք յոգի,
Զփառս երգեսցուք փրկչին ամենազօրի:
/Խաչակնքում է հանդիսատեսին: Դառնալով դեպի դպիրը:/
Մնացածը գիտես: Գրի առ ինչպես հարկն է:
ՎԵՐՋ