Ձեռքը կտրուկ վերցրեց սեղանին դրված մոխրամանն ու տարավ իր հետ: Լաքապատ մակերևույթին արտացոլված պատկերը ձգվեց, երկարեց, նեղացավ, նեղացավ ու պոկվեց սեղանի եզրից: Պատի երկայնքով վազեցին դրսում անցնող մեքենաների լուսարձակների շողերը, որոնք մերթ լայնանում էին, ահագնանում, ամբողջովին լույսով լցնում սենյակը, մերթ էլ նորից վախվորած ետ էին քաշվում ու արագ հեռանում:
Մոխրամանը բաց պատշգամբի նեղլիկ բազրիքից շուրջն էր նայում, փորձում հասկանալ, թե ինչու է դրվել այդքան վտանգավոր տեղում և սրտատրոփ սպասում էր իր գլխի գալիքին: Նրա ապակեպատ նիստերում արտացոլվում էին դիմացի շենքում տեղակայված շքեղ խաղատան խայտաբղետ լույսերը: Մոխրամանին իհարկե դուր էր գալիս գունափնջերի խաղը, բայց կուզենար ավելի ապահով տեղում լինել: Թեկուզ՝ ներսի փոքրիկ աթոռակի վրա, ուր սակայն իրեն չէին հասնելու խաղատան կախարդական գույները:
Հանկարծ ձեռքը նորից վերցրեց մոխրամանն ու պահեց գիշերային խավարի մեջ կախված ափում: Հավանաբար խոսելուն զուգահեռ` ձեռքը մեկ-մեկ ցնցվում էր, որից մոխրամանը մերթ սեղմվում էր բռան մեջ, մերթ էլ գրեթե բաց թողնվում` ցած ընկնելու աստիճան: Մատների արգելապատնեշը թույլ չէր տալիս նկատել ձեռքի զրուցակցին, միայն կիսով չափ երևում էր ինչ-որ սիգարեթի վառվող գլուխ, որը մյուս ձեռքի մատների արանքում էր տարուբերվում:
Մոխրամանի վիճակն ավելի վտանգավոր էր. մատների շարժումներից մի կողքից մյուսին էր թեքվում և գլխապտույտ զգում իր ապակե նիստերի ծալքերում ավելի ու ավելի բուռն արտացոլվող, ապա թաքնվող լույսերի խաղից: Լույսերը կա՛մ գլխապատառ գլորվում էին կա՛մ թարթթարթելով վազվզում` միաժամանակ նաև պտույտներ գործելով խաղատան ցուցանակների վրա: Ափի ու մատների ամեն քայլից մոխրամանը զգաստանում էր, լարվում` չլինի՞ հանկարծ ցած գահավիժի: Եվ դեռ ուշքի չեկած` նորից էր թափահարվում ձեռքի ներքին տվայտանքների նոր փոթորկումից:
Մի պահ մտքի սևեռումը ժամանակավոր դադար տվեց բոլորին. ձեռքերն անշարժացան, սիգարեթը նույնպես, և մոխրամանը պարզորոշ տեսավ իր դիմաց ծխացող գլխիկը: Օգտվելով անկիրք ու հանգիստ վիճակից և հասկանալով, որ իրեն նետելու համար չեն վերցրել` մոխրամանը կարողացավ ստույգ կշռադատել իր վախի չափն ու իրեն սպառնացող վտանգի աստիճանը:
Պատշգամբն աննշան էր կտրված գետնից, ձեռքի ու հողի միջև բարձրությունը մեծ չէր, իսկ ներքևում, ի ուրախություն իրեն, բավականաչափ խոտ կար աճած, որի վրա ընկնելուն պես՝ կհայտնվեր ծանոթ դաշտում, ուր մի քանի անգամ վայելել էր մաքուր կանաչի կենարար թարմությունը, երբ ծանոթ ձեռքեր իրեն վերցրել էին բացօթյա խնջույքների:
Մոխրամանը խաղաղվեց: Վստահ, որ առաջին իսկ անհուսության դեպքում կգտնի իր կայանը` իրեն թույլ տվեց տարվել խաղատնից արձակվող լուսախաղերի գուներանգներով․ շռայլության պակաս չկար: Մոխրամանն իհարկե հասկանում էր այդ հպանցիկ գեղեցկության խաբուսիկությունը: Գիտեր, հաստատապես գիտեր, որ իրենը մոխիրն է, սիգարեթի ծխից ազատագրված մաքուր մոխիրը, որը ձեռքը դեռ չէր շտապում կաթեցնել իր շուրթերից ներս` դեռ ամբողջովին չծխվածի նուրբ թղթակողը մտախոհ հպելով իր եզրերին կամ գործնական շարժումով տպտպացնելով ու հանգցնելով սիգարեթի մնացուկը: Մոխրամանը սիրում էր, որ սիգարեթը դնում էին իր կողապատի փոսիկի մեջ, և ինքը հետաքրքրվում էր, թե ինչպիսի այրումից է առաջանալու մոխիրը:
Սիգարեթն ինքնաբերաբար մոխրամանին մոտեցնելիս՝ ձեռքը կես ճանապարհին թափ տվեց երկարած մոխիրը: Մոխրամանն ապշեց: Անծանոթ ձեռք էր․ մոխրամանը չհասկացավ` դիտմա՞մբ այդպես վարվեց, թե՞ իր սովորական անփութությամբ: Իրար հաջորդող կարճ ու երկար մոխիրները նույնպես աննպատակ թափվեցին ներքև` ասուպների նման ցրվելով գիշերվա խավարում:
Ինչ-որ որոշման արդյունքում արմունկները շտապ ետ քաշվեցին բազրիքից, մոխրամանը նորից դրվեց բազրիքի նեղ շերտափայտի վրա, չհանգցված սիգարեթն էլ հետը: Առաջին միտքը, որ առկայծեց մոխրամանի գլխում, այն էր, որ ետ չպետք է նայի: Ցած չպետք է ընկնի: Հաջորդ պահին, ծանրութեթև անելով իրավիճակը, իրեն այնքան էլ անապահով չզգաց: Տեղը մի քիչ չոր էր, մի քիչ նեղ, բայց ինքն իր ոտքերի վրա էր կանգնած: Փոքրիկ գնդիկ հիշեցնող իր կլորիկ ոտքերի, որոնց անշարժությունից խաղատան գույներն այլևս կորցրել էին իրենց կախարդականությունը, էլ չէին բեկբեկվում, սակայն լույսի մի թույլ դեղին, շեշտակի ընկնելով իր վրա, մի բյուրեղյա շեղբ էր պատկերագծել, որի մեջ հստակ երևում էին իր հոգու ցոլքերը:
Մոխրամանը խաղաղվեց և սկսեց մտածել իր եզրին թողնված սիգարեթի մնացորդի մասին, որի վիճակը նախանձելի չէր: Նա ինքն էր իրեն այրում` ուրիշի կիսատ թողածի պատճառով: Սիգարեթը զգաց մոխրամանի մեծահոգի տրամադրվածությունն իր նկատմամբ ու, նրա բարյացակամ ժպիտի տակ, ինքնաայրումն ավելի անցավ տարավ, մինչև որ մոխիրը հասավ մոխրամանի կողապատի փոսիկին ու եզրագծի հետ շփվելով կտրվեց` վերջ դնելով սիգարեթի տվայտանքներին ևս: Երկուսն էլ թեթևացած շունչ քաշեցին: Բազրիքի շերտափայտին (որն հիմա այնքան էլ նեղ չէր թվում) հարմար տեղավորված` արդեն կարող էին հրաժեշտից առաջ հանգիստ քննարկել օրվա անցուդարձը և վայելել մեկմեկու ընկերակցությունը:
Ձեռքը վերադարձավ: Շտապ վերցրեց մոխրամանը, մոխիրն ու մնացորդը լցրեց աղբամանը, մոխրամանը լվաց, խնամքով սրբեց ու դրեց իր տեղը:
Սառը ցնցուղ ընդունած ու մաքրված` մոխրամանը հանգրվանեց ողորկ սեղանի վրա` լաքապատ մակերևույթի հայելում նորից արտացոլելով սեփական պատկերն ու սպասելով հաջորդ ձեռքհպումին:
Անահիտ Արփեն «Մոխրամանը», ընդգրկվել է «Արձակ դաշտեր» անթոլոգիայի մեջ,
Երևան, ՀԳՄ, 2021 թ., 227-րդ էջ