Անահիտ Արփեն
ՊԵՏԻ ԵՆԹԱԿԱՆ
(մանրապատում)
Ենթական, ձեռքին ստորագրել տալու փաստաթուղթ, շտապում է դեպի պետի աշխատասենյակ:
ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀԻ – Շեֆի աչքին չերևաս, կսպանի:
ԵՆԹԱԿԱ /նայելով ձեռքի փաստաթղթին/ - Հա՞:
ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀԻ – Հա՛:
Ենթական մտնում է աշխատասենյակ, ձևացնում է, թե հերթական անգամ թույլտվություն է ուզում խնդրել աշխատանքից բացակայելու համար: Սիրաշահում է, չի անցնում: Սպառնում է, չի ազդում: Խափում է, չի հավատում, բայց խափվում է: Պետը տրամադրված էր գործնական, բայց կամաց-կամաց տեղի է տալիս ու դարձյալ խափվում, փաստաթուղթը ստորագրում առանց նայելու: Եվ այսպես…
ԵՆԹԱԿԱ - /Չի հասցնում բերանը բացել/ :
ՊԵՏ - /ընդհատում է առանց երեսին նայելու/ Ո՛չ:
ԵՆԹԱԿԱ - Ներեցեք, ի՞նչ:
ՊԵՏ – Չլսեցի՛ր:
ԵՆԹԱԿԱ - Լսեցի, բայց…
ՊԵՏ - … Չհասկացա՛ր:
ԵՆԹԱԿԱ - Այո:
ՊԵՏ - Երեկվա բացակայությունդ չեմ ներում: Եվ ոչ միայն երեկվա: Օրումեջ ազգական ես թաղում, երեխա ես կնքում, ջրահեղձ ու կամուրջացատկորդ ես փրկում…
ԵՆԹԱԿԱ - Վայ, փրկում եմ, շեֆ ջան, մեռնեմ կյանքիդ, հաստատ փրկում եմ:
ՊԵՏ - Էն էլ` հաստատ:
ԵՆԹԱԿԱ - Հա էլի, բա ի՞նչ:
ՊԵՏ - Մի հարցնող լինի` ինչու ես քիթդ ամեն տեղ խոթում:
ԵՆԹԱԿԱ - Վայ, բա ի՞նչ անեմ, շեֆ ջան, թողնեմ մեռնե՞ն: Երեխա են, ջահել են, բան չեն հասկանում, էս կյանքն էլ, միանգամից է գլխներին ջարդվում, ձև չեն գտնում…
ՊԵՏ – Դո՛ւ ես ձևում… Ե՞րբ ես աշխատելու: Հը՞: Իմ հաշվին …
ԵՆԹԱԿԱ - Շեֆ ջան, ասում եմ, մի բուռ ազգ ենք, մենք որ իրար ձեռք չմեկնենք, հո՞ էդ անօրենների երեսը չե՞նք նայելու: Համ էլ, ասում եմ, իրար օգնենք, մենք էլ մարդ ենք, մի օր էլ մենք պետք կգանք, համ էլ…
ՊԵՏ – Դո՛ւ, պետք գա՞ս:
ԵՆԹԱԿԱ - Հա էլի՜…
ՊԵՏ – Ի՞նձ:
ԵՆԹԱԿԱ – Ձե՛զ:
ՊԵՏ - Ասա` գնամ տեղս հիմիկվանից փորեմ, որ…
ԵՆԹԱԿԱ - Շեֆ ջա՜ն, կարելի՞ է ասեմ, թե ինչու երեկ չէի եկել գործի:
ՊԵՏ – Ո՛չ:
ԵՆԹԱԿԱ - Ինչպես կհրամայեք, Ձեր խոսքն ինձ համար օրենք է: Բայց թույլ կտաք, չէ՞, վաղը… չէ, մյուս օրը…
ՊԵՏ – Ստադիոն գնաս, որ ֆուտբոլի հավաքականը լավ խաղա: Լսել ենք:
ԵՆԹԱԿԱ - Չէ, ես համեստ մարդ եմ, մեր տղերքն էլ լավ են խաղում, բայց… Շեֆ ջան, գնամ, թող հաղթեն, մեր պատիվն է, մի օր էլ մեկ էլ տեսար դուրս եկանք աշխ…
ՊԵՏ – Ո՛չ:
ԵՆԹԱԿԱ - Էդ լիքը դիպլոմատդ, չես վախենո՞ւմ, որ…
ՊԵՏ – Ո°չ:
ԵՆԹԱԿԱ /պետի դարակներից աննկատ մի կոնյակի շիշ հանելով, կամացուկ դնում է նրա առաջ/:
ՊԵՏ – Կաշառում ես: Բրավո՛: Կարգին առաջադիմել ես: Ո՛չ: Չեմ թողնելու: Վերցրու քո կոնյակն ու…
ԵՆԹԱԿԱ /ձևացնելով, թե ետ է վերցնում ու իբր գնում է/ - Կաշառք չէր, մաղարիչ էր:
ՊԵՏ – Որ քեզ գործից չհանե՞մ:
ԵՆԹԱԿԱ – Չէ՜, որ…
ՊԵՏ – Պապիդ-տատիդ թաղե՞լ ես, թաղել ես: Հոր ու մորդ հիվանդանոց ու հիվանդություն, դիագնոզ թողե՞լ ես, որ… չե՛ս թողել:
ԵՆԹԱԿԱ - /Ինքնաբերաբար գլխով հա կամ չէ է անում, խառնում իրար/:
ՊԵՏ – Ազգ ու տակիդ ծնունդ-կնունքներն արել-պրծե՞լ ես, պրծե՞լ ես, պրծե՞լ ես: Ավիաչվերթ, օդանավ, ընդունել-ճանապարհել, գնալ-վերադառնալ, օդանավակայաններում քնել, երկաթուղային կայարաններում արթնանալ… Աշխարհում անկյուն մնացե՞լ է, որ դու պղծած չլինես: Չի մնացել: Էս հաշիվը… Մի հատ կոնյակով ուզում ես պրծնե՞լ: Ո՞ր մի ստիդ մաղարիչն է: Ո՞ր:
ԵՆԹԱԿԱ – Ո՞ր… /հանպատրաստից/ Որ… ամուսնանամ:
ՊԵՏ – Իի՞նչ:
ԵՆԹԱԿԱ /խայծը բռնելով/ - Երեկ նշանդրեքս էր… Ամուսնանում եմ…
ՊԵՏ - Եթե նշանածդ որբ չի, դիմում գրիր:
ԵՆԹԱԿԱ - Չէ, որբ չի…
ՊԵՏ /կոնյակի շշից հայացքը չկտրելով/- Հենց հիմա: Էդ ի՞նչ թուղթ է ձեռքիդ:
ԵՆԹԱԿԱ - Ազատմանս դիմումը:
ՊԵՏ – Ի՞նչ ազատում:
ԵՆԹԱԿԱ – Դե՜, ամուսնանում եմ արդեն, ծախսերս շատանում են, նշանած պահել չի լինի իմ ստացած փողով, ու±ր մնաց, թե … Վաղը` երեխա. մի երկու, երեք, չորս… Համ էլ…
ՊԵՏ /առանց նայելու, արագ-արագ ստորագրում է փաստաթղթի տակ/:
ԵՆԹԱԿԱ /անմիջապես ծալելով-դնելով գրպանը/ - Համ էլ.. Օֆ եսիմ, է՜… աշխարհի բաները… կարկուտը ծեծած… կինս շաքար ունի, դեղերի փող ճարի¯ր, բժիշկ ու պրոֆեսոր բեր, զոքանչ… /շտապ մի ուրիշ թուղթ է վերցնում-պահում ձեռքում/ շաքար…
ՊԵՏ – Կինդ շաքա՞ր ունի: Շաքար ունեցողները երեխա չեն ունենում, չէ՞:
ԵՆԹԱԿԱ – Հա՞:
ՊԵՏ – Հա՛:
ԵՆԹԱԿԱ - Չգիտեմ:
ՊԵՏ – Դո՛ւ, չիմանա՞ս: Այ տղա չլինի՞ խաբում ես: Դու ո՜ւր… ամուսնա… Հա՜, չե՜ս էլ ամուսնանում… Ի՞նչ կին, ի՜նչ բան:
ԵՆԹԱԿԱ - Չէ, ինչո՞ւ պիտի խաբեի… Երեկ եմ նշանվել, հորս արև: Երկու օրից ամուսնանում եմ… մինիստրի քրոջ հետ:
ՊԵՏ /հապճեպ խլում է ենթակայի ձեռքի թուղթն ու մանր-մանր պատառոտում, գցում է զամբյուղը/ - Գնա, աշխատիր:
ԵՆԹԱԿԱ /նայելով ժամացույցին, գնում է դեպի…/:
ՊԵՏ – Սպասիր: Մինիստրը քույր չունի:
ԵՆԹԱԿԱ – Հա՞:
ՊԵՏ – Հա՜ա՛:
ԵՆԹԱԿԱ – Ո՞ր մինիստրը:
ՊԵՏ – Մե՛ր:
ԵՆԹԱԿԱ – Մե՞րը, չունի՛: Ֆինանսներինը ունի՛:
ՊԵՏ – Հա՞:
ԵՆԹԱԿԱ – Հա՜ա՛:
ՊԵՏ – Է՞:
ԵՆԹԱԿԱ – Է՛:
ՊԵՏ – Ֆինանսներ…
ԵՆԹԱԿԱ – Ֆինանսնե՜ր… Ան…
ՄԻԱՍԻՆ - … թառամ ֆինանսներ… մեր…
ՎԵՐՋ