Անահիտ Արփեն
/«Առագաստ», հոկտեմբեր-նոյեմբեր 2007, ԱՄՆ/
Արդեն ոչ ոք չէր պատկերացնում, որ մի գեղեցիկ օր նոր հարձակման կամ նահանջի հրաման տալու փոխարեն իրենց կասեն` գնացեք տուն, պատերազմը ավարտվել է: Հավանաբար դա էր պատճառը, որ զինվորը շփոթվեց. անսպասելի վտանգին ակնթարթորեն հակազդող բնազդով ինքնաբերաբար վեր ցատկեց տեղից` ընթացքում ճանկելով կողքին դրված ավտոմատն ու հարուցելով տղերքի ընկերական ծիծաղը:
- Ճակատն հիմա այնտեղ է,- նրա ավտոմատի փողը դեպի հայրենիքի բնակավայրերը ուղղելով` կատակեց հրամանատարը, որն առաջին անգամ չէր զինադադարի լուր ստանում կամ հայտնում: Քիչ անց նրա հայացքն ասես խամրեց, իսկ ձայնը հնչեց դառնացածության հին նստվածքով.
- Այնտեղ ավելի դժվար է լինելու… Պիտի դիմանաք: Սա իմ վերջին հրամանն է ձեզ:
Զինվորն իհարկե ոչինչ չհասկացավ հրամանատարի արտահայտած մտավախությունից, իհարկե չպատկերացրեց, թե ինչը կարող է պատերազմից դժվար լինել. երբ կողքին ընկերն արնաշաղախ ու խեղված գալարվում էր, իսկ ինքը ոչնչով օգնել չէր կարողանում, երբ աչքի առաջ գյուղեր էին ավերվում, տներ էին հրդեհվում, ասպատակող թալանչիից կիսամազապուրծ մարդիկ անօթևան էին մնում, իսկ ինքն, ընդամենը ատամները սեղմած վրեժ մտմտալով, նայում էր ու ոռնում փորոտիքում եռացող ցավից, գիտակցությունը խարանող տանջանքից ու թվում էր` ուր որ է կխելագարվի: Այդպիսի պահերին ներսում ալիքվող ցասումը պարտադրում էր կռվել նոր ատելությամբ ու համոզվածության նոր ուժով: Եվ եթե ինքը չորս տարի դիմացավ այդ դժոխքին, ուրեմն այլևս ոչինչ չի կարող վախեցնել իրեն: Զինվորին նույնիսկ անհեթեթ թվացին հրամանատարի ասածները խաղաղ պայմաններում հայրենիքում որևէ դժվարության հանդիպելու հնարավորության մասին: Այն հայրենիքում, որի անկախ կյանքի համար ինքը կենաց ու մահու կռիվ էր տվել. քանի՜-քանի՜ անգամ ընդառաջ գնաց վտանգին, քանի անգամ իր մահն աչքի առաջ տեսավ, բայց հրաշքով ողջ մնաց, մինչև որ հաղթեցին: Եթե Աստված չվերցրեց իր կյանքը պատերազմում, ուրեմն թույլ կտա, որ այլևս ինքը մարդավարի ապրի, վայելի իր նվաճած անկախությունը: Վերջ: Ինքը տուն է վերադառնում: Մոր ու սիրած աղջկա մոտ: Զինվորի դեմքին ժպիտ գծագրվեց, հոգին ջերմացավ. պատկերացրեց, թե ինչպես կուրախանան, երբ իրեն ողջ և առողջ տեսնեն: Որոշեց այլևս ոչ մի վայրկյան չկորցնել ու հնարավորինս շուտ տուն գնալ:
Սրտատրոփ հասավ Երևան: Փողոցներն անճանաչելի էին դարձել, զինվորն ավելի շուտ բնազդով էր առաջ գնում: Հետո մի պահ տատանվեց` չիմանալով, թե ուր գնա, բայց, քանի որ սիրեցյալից ավելի կարճ տարածություն էր իրեն բաժանում, ուստի անմիջապես քայլերն ուղղեց դեպի նրանց թաղը: Ոտքերն ասես գետնին չէին դիպչում, ոչ թե քայլում, այլ անէացած թռչում էր, մինչև որ գտավ իրեն բազմիցս պատսպարած շենքը, հասավ անկյունին ու թեքվեց: Թեքվեց, բայց այս անգամ կանգ չառավ: Առաջվա նման սիրտը սկսեց անկառավարելի հուզմունքից արագ-արագ բաբախել, բայց նա առաջ անցավ, չհապաղեց և, մոռացած պատերազմական փորձառնությամբ ձեռք բերած զգուշավորության մասին, ըստ որի առանց նախօրոք հետախուզելու ոչ մի տուն չէր մտնում` անվարան թակեց դուռը:
Դռան հետևում ասես մկներ էին խլրտում. ինչ-որ մեկը չէր գտնում բռնակը, ինչ-որ ձեռք չէր կարողանում բացել կողպեքը, դուռը չէր շտապում տեղի տալ… Հետո կամաց բացվեց ու նեղ արանքից իրեն հառվեց մի կնոջ շփոթված հայացք: Զինվորը հրեց դուռը, մտավ այնքան բաղձալի շեմքից ներս ու ոգևորված իր գիրկն առավ սիրածին…
Աղջիկը դողում էր սիրուց ու կարոտից: Շնչահեղձ էր լինում, բայց չէր ուզում կտրվել նրա գրկից. նրա բազուկներում իրեն երանության մեջ էր զգում, նրա ձեռքերի ամեն մի հպումից հաճելի սարսուռ էր անցնում մարմնով. մոռացել էր աշխարհն էլ, իրեն էլ:
Առաջինը զինվորը պոկեց շուրթերը. նա աննշան շարժումով ու շեղակի քնքուշ հայացքով գլուխը թեթև ետ տարավ ու անհագ կարոտով նայեց սիրուց նվաղած աղջկա երջանիկ դեմքին: Սակայն այնքա՜ն թախծոտ ու տառապած էին այդ խոշոր աչքերը, այնպե՜ս աղերսական էր հայացքը, որ զինվորին թվաց, թե ինքը նեղացրել է նրան: Ասես ի հաստատումն իր մտածածի` աղջկա ակնակապիճներից դուրս սպրդեցին այլևս չզսպվող երկու խոշոր գոհարներ ու քթի երկայնքով մեկը մյուսի ետևից գլորվեցին ծնոտով ցած: Մի ակնթարթ ևս, և նրա ամբողջ դեմքը ողողվեց արցունքներով: Զինվորը, տեսարանից ապշահար ու հմայված, խոսք չէր գտնում արտաբերելու, նրա սիրտն էլ լցվեց, նա մի կերպ կուլ տվեց փղձկոցը, որ արդեն խցանում էր կոկորդն ու… ժպտաց: Աղջիկն ավելի հուզվեց:
- Ներս չե՞ս հրավիրում:
Զինվորը զուլալ հայացքը սիրագորով հառեց աղջկան:
- Ներիր,- արցունքները սրբելով` ասաց աղջիկն ու ետ քաշվեց, որ տղան ներս անցնի:
Անցավ: Ներս մտավ: Նախասենյակում նոր իրեր նկատեց, դե իհարկե, չորս տարի է անցել: Մի քանի քայլ էլ արեց և մտավ հյուրասենյակ: Այստեղ փոփոխություններն ավելի շատ էին: Կահավորման մեջ ավելացած իրերը, հատկապես թանկարժեքները, օտարություն էին ներշնչում, սա իր իմացած սենյակը չէր: Զինվորը կաշկանդվեց և մի քիչ վարանոտ դարձավ աղջկա հանդեպ: Աղջիկն էլ, չգիտես ինչու, դռների միջից առաջ չէր գալիս, կանգնել նայում էր նրան:
- Ես եմ, ե՛ս: Աչքերիդ չե՞ս հավատում:
- Ինձ ասել էին, որ դու զոհվել ես:
- Ո՞վ:
- Չե՜եմ հիշում:- Կմկմաց:
- Վստա՞հ ես, որ քեզ նման բան են ասել:
Պատասխանի փոխարեն աղջիկը, ասես բթացման մեջ, հայացքն հառեց ուղիղ նրա աչքերին ու այլևս չթարթեց:
- Քեզ ի՞նչ եղավ,- հարցրեց տղան:
Պատասխան չստացավ:
- Արի մոտս:
Աղջիկը հիպնոսվածի պես մղվեց դեպի նա ու կարոտով փարվեց կրծքին:
- Վերջ: Արդեն վերջ,- քնքուշ շշնջաց տղան:
- Վերջ,- ինքնաբերաբար կրկնեց աղջիկը: Հետո անմիջապես վրա բերեց,- Ես քեզ շատ եմ սիրում... կարոտում... ես…
Տղան ագահ համբույրներով խլացրեց նրա «ես»-երն ու ամբողջովին նրան առավ իր առնական բազուկների մեջ: Աղջիկը տենդագին էր պատասխանում գգվանքներին, ասես ուր որ է խլելու էին իրենից, իսկ ինքը չէր ուզում կորցնել:
- Մամա՜:- Հնչեց շատ մոտիկ:
Հանկարծակիի եկած` երկուսն էլ արագ ետ քաշվեցին միմյամցից ու կտրուկ նայեցին ձայնի կողմը: Ննջասենյակի դռների մեջ հայտնված մանկան քնաթաթախ կերպարանքը վազելով նետվեց մոր գիրկն ու կառչեց փեշերից, հետո շրջվեց դեպի զինվորն ու հետաքրքրված նայեց նրան:
- Մամա՞,- կրկնելով հարցրեց զինվորը:
Մաման չարձագանքեց:
- Բացատրի՛ր,- տարակուսած հետաքրքրվեց զինվորը:
Աղջիկը դարձյալ անխոս հայացքն անթարթ հառեց ուղիղ նրա աչքերին:
- Ես կապ ունե՞մ,- երկչոտ հարցրեց տղան` դանդաղ կքանստելով երեխայի առաջ:
Պատասխան չեղավ:
Տղան չիմացավ` ինչ ասի, ինչպես վարվի, երկու ձեռքերի տասը մատն էլ խրեց իր փարթամ մազերի մեջ ու ամուր ետ տարավ մինչև ծոծրակը, ապա բռունցք արած ցած բերեց ու մի քանի անգամ զարկեց իրար` ասես ի մի բերելով իր տեսածն ու զգացածը:
Աղջիկը շարունակում էր լռել:
- Բալի՛կ,- անսպասելի բարձրացրեց գլուխն ու դիմեց երեխային:
Մանչուկը զմայլվում էր զինվորական հագուստի մետաղյա զարդերով:
- Քանի՞ տարեկան ես,- գրկելով նստեցրեց ծնկներին:
- Երեք,- թոթվեց երեխան:
- Հա՞,- ակամա և անհասցե հարցրեց զինվորը:
- Հա՛,- անկեղծ պատասխանեց երեխան:
Զինվորը դանդաղ բարձրացրեց գլուխն ու խառնիխուռն զգացումներից շփոթված հոգով, բայց մեծ գորովանքով նայեց մայրիկին: Վերջինս հայացքը փախցրեց ու գլուխը խոնարհեց:
Զինվորը վեր կացավ ու երեխային տեղավորելով մի թևի վրա` մյուսով գրկեց նրա մոր ուսերը:
Մինչ մեծերը ողջագուրվում էին, երեխան, պսպղացող աչքերով, ձեռքը մի շքանշանից մյուսին էր գցում, որոնք համառորեն դուրս չէին գալիս իրենց բներից:
Զինվորը տղային նստեցրեց բազմոցին, հանեց բոլոր շքանշաններն ու խանդաղատանքով լցրեց առջևը: Ինչպես քիչ առաջ երեխայի աչքերն էին պսպղում շքանշաններին ձգտելիս, ճիշտ նույնպիսի` երջանկությունից փայլող, հայացքով նայեց իր երեխային, անսովոր խլրտում զգաց ներսում, որը կառավարելու փորձ դեռ չուներ ու կտրուկ շրջվելով դեպի կինն` ասաց.
- Ուղիղ ձեզ մոտ եմ եկել, գնամ մերոնց էլ տեսնեմ ու շուտ հետ գամ:
- Հրա՛չ,- վերջապես խոսեց կինը և` այնպիսի կիսախզված ձայնով, ասես հնչյուններն այրում էին շուրթերը:
Զինվորը մոտեցավ նրան:
- Մի՛ գնա,- ասաց կինը, բայց դարձյալ այնպիսի տոնով, որ թվաց` հակառակն է ուզում ասել:
- Մորս չտեսնե՞մ:
Անմեղ ժպտաց:
- Տե՛ս: Իհարկե՛ տես,- փրկություն գտածի պես ազատ շունչ քաշեց կինը,- գնա՛, գնա՛:
Կնոջ տարօրինակ պահվածքը վերագրելով իր անակնկալ հայտնվելուն` զինվորը հանգիստ քայլեց դեպի դուռը ու այնտեղ բախվեց ձեռքին փաթեթներ ունեցող մի անծանոթ տղամարդու: Անծանոթը տնավարի բարևեց եկվորին և ներս մտավ, ձեռքի պարունակությունն հանձնելով կնոջը` կարգադրեց տանել խոհանոց:
- Ծանոթացեք,- հեռանալով` ակնհայտ շփոթված կմկմաց կինը:
Անծանոթը, զննելով Հրաչի համազգեստը, հարցրեց.
- Պատերազմը պրծա՞վ: Ապրեք, ամոթով չթողեցիք: Արա՛մ,- ձեռքը մեկնեց ի նշան ծանոթանալու,- արի նստի, ապեր: Մեր հաղթանակների կենացը խմել է պետք: Նանա՛, բեր:
Զինվորը, որ ակամա բռնել էր Արամի ձեռքը, զգույշ ետ քաշվեց, ձեռքերը լուռ իջեցրեց գոտու վրա, կաշվե եզրերից բռնած սկսեց տենդագին սեղմել ու...
- Նստիր,- մտերմաբար առաջարկում էր անծանոթը:
Մնաց կանգնած, նայում էր մերթ երեխային, մերթ իր սիրածի տանը տնօրինություն անող տղամարդուն, մեկ-մեկ էլ աչքը գցում էր ինքնաբերաբար անցուդարձ անող Նանային, որի գնալ-գալու հետ սեղանի վրա մի նոր ուտելիք էր ավելանում: Չորս հատ դատարկ ափսեներ դրվեցին սեղանի չորս եզրերին, հետո ամեն մեկի կողքին մի-մի հատ պատառաքաղ ավելացավ, անձեռոցիկներ հայտնվեցին…
- Էս աղոթածն ո՞վ է,- զինվորը պարզորոշ լսեց իր հասցեին հնչած հարցը, որին ի պատասխան` անմիջապես հաջորդեց Նանայի շշնջոցը.
- Սու՜ս, հետո կասեմ:
- Ի՜… Ապե՛ր,- Արամը խոսքն ուղղեց անհասկանալիորեն կանգնած մնացած զինվորին,- նստի` մի կտոր հաց ուտենք, նոր կգնաս,- ու տնավարի տեղավորվեց աթոռի վրա:
- Հա…- բնազդաբար ասաց զինվորն ու գլխիկոր դուրս եկավ նախասենյակ, ապա կտրուկ ետ եկավ, մոտեցավ Նանային ու բղավեց.
- Բացատրի՛ր:
- Հիմա չէ, հետո,- խուսափեց Նանան,- ու, մինչ զինվորը կհասցներ բառ ասել կամ իր անելիքը որոշել, կտրուկ պահանջեց,- գնա՛: Հիմա գնա:
- Ի՞նչ:
- Գնա՛:
- Այսի՛նքն:
- Մորդ չէի՞ր ուզում տեսնել:
Զինվորին թվաց` իրեն ապուշի տեղ են դնում: Զգաց, որ հողը գնում է ոտքերի տակից: Սովոր շարժումով անմիջապես ձեռքը զենքին տարավ, հիշեց, որ ավտոմատն արդեն չկա, գրպանից հանեց թաքցրած ատրճանակն ու պահեց Նանայի կրծքին:
- Բացատրի՛ր,- խռպոտվող ձայնով պահանջեց ատամների արանքից:
Նանան վախեցած տարուբերեց գլուխը.
- Ի՞նչ բացատրեմ:- Քիչ մնաց կորցներ գիտակցությունը:
Արամը սփրթնել, պատի ծեփ էր դարձել, իսկ զինվորը կատաղությունից ատամներն էր կրճտացնում: Նա անզորությունից ոռնաց ու մատը տարավ ձգանին, սակայն չկարողացավ մահացու գնդակն արձակել: Թուլացած իջեցրեց ձեռքը:
Մանչուկը, որի հիացմունքն անսահման էր, քանի որ առաջին անգամ էր իսկական զենք ու զինվոր տեսնում, իր զուլալ աչքերի զարմացած հայացքն հառել էր մեծահասակներին ու իհարկե չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Նա խանդավառված նետվեց դեպի ատրճանակը:
- Հեռու՜,- ճչաց մայրն ու շտապ կտրեց նրա ճանապարհը, գրկեց, փախցրեց ննջասենյակ:
Ատրճանակը թաքցնելով` զինվորն ակամա հետևեց նրանց: Արամը, որ ձեռքերով սեղանին հենված-կիսականգնած էր մնացել, նկատելով, որ զինվորը ետ դրեց զենքը, սուսուփուս նստեց տեղը, շունչը ետ բերեց ու նայեց շուրջը, ապա արագ վեր կացավ:
Որդուն գիրկն առած ու մահճակալի մեջ կծկված կինը միանգամից չհասկացավ, թե զինվորն ինչ է ասում, հետո գլխի ընկավ, որ երեխային է դիմում, բայց քանի որ ինքը սարսափած էր, ուստի չկարողացավ խոսել:
Չիմանալով ինչ անել` զինվորը ձեռքը տարավ տղայի գանգուրներին, բայց կինն ակամա ետ քաշեց ու մարմնով այնպես տագնապած ծածկեց երեխային, ասես խլում էին իրենից:
Զինվորն անվստահ քայլ արեց դեպի նրանք, բայց կինն անհողդողդ էր.
- Չէ՛, գնա…- ու արցունքները հորդեցին պաղատագին:
Զինվորի զայրույթը կրկին գլուխ բարձրացրեց, անարդարացի անարգվածության ալիքը նորից հորդաց կրծքի տակ…
- Խնդրում եմ…- աղաչանքով հեկեկաց Նանան:
Երեխայի անմեղ աչքերն արդեն վախեցած էին նայում զինվորին, դրանից շփոթված` վերջինս կտրուկ շրջվեց ու շտապ դուրս եկավ սենյակից: Զինվորական ճտքակոշիկների ամուր քայլերը, թնդացնելով մանրահատակը, անցան նախասենյակով ու հեռացան: Ելքի դռան շրխկոցից հետո Նանան մի քիչ թեթևություն զգաց, բայց երկար ժամանակ դեռ չէր խաղաղվում, մի պահ նույնիսկ ափսոսեց, որ զինվորը չկրակեց, բայց անմիջապես էլ նայեց գրկում ծվարած երեխային, կշռադատեց իր արածն ու ստեղծված իրավիճակը, լուրջ տագնապեց, սրսռաց: Երեխային հանգստացնելու համար համբուրեց ճակատն ու կրկին սեղմեց կրծքին, ձեռքն ընկած առաջին իսկ խաղալիքը մեկնեց նրան ու նկատեց, որ ատրճանակ է, մի կողմ նետեց, հայացքով ավելի հարմար իր փնտրեց: Վեր կացավ, մոտենալով դռանը` թաքուն հայացք գցեց դեպի հյուրասենյակ. Արամը լուռ ծամում էր: Նողկաց, բայց և ուրախացավ, որ չի հեռացել: Անաղմուկ ետ քաշվեց ու թուլացած հենվեց պատին: Երեխան լացակումած իրեն էր նայում, մոտեցավ ու ամուր-ամուր գրկեց: Վիրահատությունից հետո երեխան դեռ կազդուրվում էր: Արդեն բնական կաշվից կոշիկ պիտի հագցնի, որպեսզի ոտքերը չքրտնեն սառեն, որ… որ… հազար ու մի որ:
- Ես գնում եմ:
Արամն էր: Նանան կծկվեց, ասես փոքրացավ, խխունջ դարձավ: Ոչինչ չասաց: Արամը նույնպես գնաց: Սակայն ամիսը չանցած նորից վերադարձան. Արամն` իր այցելություներին, Նանան` իր սովորած կյանքին:
Նանան ինքնաբերաբար վերցրեց Արամի պարզած ձմեռային ճտքակոշիկները, նկատելի անտարբերությամբ, բայց գնահատող հայացքով սկսեց ուսումնասիրել ընտիր կաշին ու նուրբ ձևվածքը: Արամը գնաց դեպի պատուհանը, աչք գցեց մեքենային, որ ձեռք տվող չլինի:
- Ի՞նչ ես թթվել,- հարցրեց ի միջի այլոց ու վճռական շրջվեց դեպի կինը:- Ուրեմն էս ամեն ինչը հեչ:
- Դու ինձ չես սիրում,- հանգիստ, ասես ուրիշի մասին էին խոսում, ասաց Նանան:
- Դու ի՞նչ գիտես` ես ինչ եմ սիրում,- արհամարհանքով նետեց տղամարդը:
- Միաժամանակ երկու հոգու հնարավոր չէ սիրել,- ավելի շուտ ինքն իրեն էր բացատրում կինը:
- Այսինքն` դու նրան ես սիրում, ես էլ երկրորդն եմ, հա՞,- առարկություն չընդունող տոնով քմծիծաղեց Արամը:
- Հը՞,- ետ գալով իրականություն` Նանան փորձեց պատասխանել Արամի հարցին,- ես քո՛ մասին եմ ասում:
- Իմ մասին ասելիք չկա, դու գիտես, որ ոչինչ չի փոխվելու, ես ընտանիք ունեմ: Ասաց ու գնաց դեպի դուռը, մի պահ կանգ առավ, առանց շրջվելու նետեց.
- Իսկ ես երկրորդդ չեմ, մոռացի՛ր: Ինչ արել ես, արել ես, հիմա ես եմ միակը, պա՞րզ է: Էդ փսլնքոտին մտքիցդ կհանես:
Եվ հեռացավ առանց դուռը ծածկելու:
Կինը, նայելով հեռացող մեքենայի հետևից, հասկացավ, որ վստահ չի, թե կուզենար, որ այն այլևս չվերադառնար, մանավանդ որ Արամին մերժելու համար ինքն իր մեջ երբեք բավարար հաստատակամություն և ուժ չի գտնի: Համոզված էր, քանզի թե՛ իր աչքում, և թե՛ ուրիշների առաջ ամեն անգամ արդարանալիս պատճառաբանում էր, որ Արամի շնորհիվ ինքն այլևս ամեն ստահակի առաջ մեջք չի ծռում, այլևս ոչ մեկի նվաստացումները կուլ չի տալիս օրվա հացի փող ճարելու համար: Ընդհակառակը` հիմա ինքն ավելի շատ է զբաղվում երեխայով ու ստիպված չի տանել ծնողների քամահրանքով լի նախատինքները, ավելին` նույնիսկ իր սիրած գործով զբաղվելու համար է ժամանակ գտնում: Եվ համոզում էր: Ուրիշներին` հաստատ, իրեն` թերևս: Իսկ երբ հարցնում էին` բա անձնական կյա՞նքդ, նա միայն ուսերն էր թոթվում: Հետո շատ կամացուկ ու վարանոտ ասում էր.
- Սա է իմ անձնական կյանքը,- և հերթական անգամ վանում զինվորի պատկերը, որն համառորեն ելումուտ էր անում նրա սրտի ու բանականության ճամփաբաժանում:
Մեր մեջ ասած, Նանան հարմարվել էր արդեն, մանավանդ որ Հրաչն էլ չէր շտապում ներել նրան: Զայրույթից, խաբվածության ու դավաճանված լինելու անըմբռնելի զգացողությունից այլայլված, պատրաստ պայթեցնելու ողջ երկրագունդը, ոչնչացնելու երկրիս երեսին գոյություն ունեցող ամենայն ինչ` զինվորն իր քաղաքը նույնպես դեռ չէր ցանկանում ճանաչել` իր մանկության, իր պատանեկան հասունության, իր դպրոցական ու ուսանողական երազանքների, մի ողջ կյանք ապրած իր տարիների քաղաքը: Քսան տարվա իր տեսած ու ճանաչած բնակավայրը չորս տարում ամբողջովին օտարացել էր, ամեն ինչ փոխվել էր:
Մի օր, երբ նախկին զինվորը հերթական անգամ անիմաստ թափառում էր փողոցում, արտասահմանյան մակնիշի մի մեքենա, անտեսելով լուսակրի կարմիր արգելալույսը, կանգ չառավ և, ցեխ շփելով նրա կողմն, առաջ սլացավ: Ցասումը խեղդեց վերջինիս: Հաջորդ խաչմերուկում այդպիսի մի ուրիշ մեքենայի վարորդի դուրս քաշեց մեքենայից ու սկսեց անխնա հարվածել: Ընկավ ուստիկանություն... Ոստիկանության աշխատակիցների մեջ իր հետ կռված տղաների հանդիպեց, միջնորդեցին, որ բաց թողնեն: Իրեն էլ բացատրեցին, որ լավ չի անում:
Սկզբում հասկացավ, որ ինքը կյանքից ետ է մնացել: Չորս տարի երկրում և մարդկանց կյանքում ձևափոխություններ էին եղել, որոնց ինքը չէր մասնակցել ու հիմա անկարող էր տեղավորվել ստեղծված շրջանակների մեջ: Բայց, չգիտես ինչու, նոր կյանքին հասնելու և նորովի ապրելու ոչ մի ցանկություն չէր դրսևորում` պատճառաբանելով, որ չկա իր իմացած մաքրությունը, թեև թե՛ քաղաքը և թե՛ մարդիկ արտաքուստ նորացել են, նույնիսկ գեղեցկացել: Չարանում էր նախկին զինվորը: Չարանում էր իրեն դուր չեկած ամեն երևույթի պատճառով: Տիրող բարքերը ոչ մի կերպ չէր կարողանում համատեղել պատերազմական օրենքներով ու սկզբունքներով կերտված իր պատկերացումների հետ: Նույնիսկ իր տնեցիների մտայնություններն էին իրեն փոխված թվում: Մայրը, իր ամենակարող մայրը... Մի տեսակ ընկճված տեսք էր ստացել, քայլվածքը վարանոտ էր դարձել, տխուր ու այնպիսի հուսահատ հայացքով էր իրեն նայում, ասես ինքը ոչ թե հաղթանակած էր վերադարձել, այլ զոհված: Ամբողջ օրը տրտնջում էր, թե` մի գործ գտի, աշխատի, գոնե օրդ կմթնեցնես, էսպես պարապ-սարապ, քեզ խմիչքի տալով ու աննպատակ մի մնա: Ինքը զայրանում էր.
- Խանգարու՞մ եմ ձեզ: Կաշխատեմ, էլի՜, հո չփախա:
Մայրը կիսալացակումած կախում էր գլուխը, թաշկինակը տանելով աչքերին` մտնում իր սենյակը:
Բոլորն ասես խուսափում էին նրանից: Ոչ մի գործ նրա սրտով չէր: Ինքն էլ հարմար չէր գալիս ոչ մի գործատուի, քանի որ շուտ էր բռնկվում: Եվ, բացի այդ, չհասկանալով իրականության բռնած անտարբեր դիրքն իր նմանների հանդեպ և չհասկացվելով շրջապատի կողմից, չհամակերպվելով բարիքները վայելող դատարկապորտների լպիրշ պահվածքին` նրանց հետ տարբեր վայրերում, տարբեր առիթներով հաճախ էր ընդհարվում, տուրուդմփոց սարքում, տեղին-անտեղի զենք հանում:
- Մարդիկ անհոգ ու անհոգի են դարձել, թքած ունեն…- բողոքում էր:
- Ուղղակի այլ չափանիշերով են ապրում,- մի անգամ փորձեց բացատրել մանկության տարիներից նրան նվիրված ընկերը, որը միակ մարդն էր, որ կարողանում էր խոսք հասկացնել կամ քիչ թե շատ սաստել նրան:
- Որովհետև այլ կերպ են դաստիարակվում,- հակաճառեց նախկին զինվորը, անհագորեն մինչև վերջին կաթիլը խմեց բաժակի միջի օղին, աչքը գցեց շշի հատակին մնացած հեղուկին ու նորից բորբոքվեց,- ինչի՞ համար էինք մենք արյուն թափում:
Ընկերը նկատեց շշին ուղղված նրա հայացքը, ուստի նկատելի նյարդայնացած պատասխան տվեց.
- Հայրենիքիդ, մորդ, քրոջդ, ը... մեր անկախ ապագայի:
- Հիմա անկա՞խ ենք:
- Թշնամուդ ջարդել ես, հողդ ազատագրել ես, բա ի՞նչ ես, որ անկախ չես:
- Թշնամուն հաղթել ենք, բայց իմ երկրում պարտվում եմ ամեն վայրկյան,- նորից բողոքեց դառնացած:
- Կյանքի դրվածքի մեջ չես մտնում:
- Ու՞մ կարգած դրվածքի:
- Ու՞մ: Ի՞նչ կարևոր է` ում: Դա չի հարցը:- Մի պահ դադար տվեց, հետո հիասթափված ասաաց,- Այսինքն` ոչ քո, հասկանալի է:
Խոսակցությունն ակնհայտորեն դուր չէր գալիս ընկերոջը:
- Բայց աշխարհն այսպես եկել, այսպես էլ գնալու է,- ասաց նա:
- Մեզ ասում էին, որ երկրում լույս չկա, հաց չկա,- ոգևորվեց Հրաչը,- բայց պարզվում է այստեղ ամեն ինչ էլ կար, հիմա էլ ճոխ-ճոխ ապրում եք: Լավ էլ առևտուր եք անում: Երկու կտոր փալաս-փուլուսով կին ու երեխա առնում-ծախում են, սա՞ է քո կյանքի դրվածքը:
- Կյանքում ամեն ինչ էլ լինում է:
- Դու հասկանու՞մ ես` կան բաներ, որ չպիտի լինեն, չի կարելի, որ լինեն, կարո՛ղ են չլինել, բայց հենց դրանք են լինում, հենց էդ են անում: Ինչու՞:
- Դու ինչու՞ ես խմում:
- Բա ի՞նչ անեմ,- արդարացավ,- ինձ դա է մնում, չխմեմ, կկախվեմ կամ ձեռս ընկածին շանսատակ կանեմ:
- Ինչու՞:- Ընկերն այլևս չկարողացավ թաքցնել իր դժգոհությունը:- Որովհետև քո՞ ուզածով չեն ապրում, որոհետև դու՞ չես վայելում:- Հետո ավելացրեց ավելի մեղմ, բայց և ավելի դառնացած,- հասկանալի է` որովհետև քո իշխանությունը չի: Այլապես հենց ձեռքդ ընկան շանսատակ կանես: Ինչո՞վ ես դու նրանցից լավը:
Հրաչը հենց այս ընկերոջ բարում էր ամբողջ օրը խմում ու սկանդալներ սարքում` հարուցելով աշխատողների դժգոհությունը, ուստի ընկերոջ համբերությունն էլ էր արդեն սպառվում: Ու մի անգամ, երբ հերթական անկարգությունն անելուց հետո նորից եկավ ուղիղ նրանց տուն ու բորբոքված սկսեց հայհոյանքներ տեղալ ում հասցեին պատահի, նա էլ այլևս չդիմացավ ու սուր խոսքեր ասաց.
- Իսպառ կորցրել ես գլուխդ, կարգն հո էդպե՞ս չի, այ ախպեր: Կա՛մ խմում ես, կա՛մ անիմաստ տուրուդմփոց սարքում: Բա վե՞րջը:
- Էլ ի՞նչ վերջ:
- Աշխատանք գտիր, ամուսնացիր` տուն-տեղ, ընտանիք, էն մերդ էլ մեղք է, մի բուռ է դարձել, տնաշե՛ն:
- Ինձ ասում են` կրա՞կն ենք ընկել, որ կռվել ես, չկռվեիր:- Բողոքեց:- Ասում են` կռիվ ես գնացել, որ հետո գաս գլխներիս պատի՞ժ դառնաս: Չգնայիր:
- Իբր սու՞տ են ասում: Ավելի լավ չէ՞ր չկռվեիր, քան թե... ալկոհոլիկ դառնայիր:
- Բայց ո՞վ դարձրեց ինձ, ո՞վ:
- Դու՛, մի՛միայն դու:- Ընկերն այլևս չկարողացավ պահպանել սառնասրտությունը և զայրացած նախատեց:- Կարողացիր ճշմարտության աչքերին ուղիղ նայել: Կարողացիր տղամարդավարի քեզ պահել: Մահվան դեմ գնում էիր, չէիր վախենում, ապրել վախենու՞մ ես: Մի քոսոտ գոյություն չե՞ս կարողանում քարշ տալ:
- Չէ, քարշ տալ չեմ ուզում:
- Էդքան քեզ ճանաչող տղերք կան, նրանցից շատերը, ասում ես` բարձր պաշտոններ ունեն, դիմիր մեկին, մի գործ ճարիր, մարդավարի ապրիր:
- Ե՞ս պիտի գնամ, գործ ճարեմ, իրենք չգիտե՞ն, որ ես գործ ունենալու արժանի եմ;
- Ա՜յ քեզ բան: - Ընկերոջ զայրույթը գագաթնակետին հասավ:- Լսիր, քո փոխարեն ոչ ոք քո մասին չի մտածելու: Խելքդ գլուխդ հավաքիր ու գնա քեզ գործ ճարիր:
- Ինձ նմանների համար մի գործ կա…
Մի պահ լարված լռություն տիրեց, ապա Հրաչը ավարտեց կիսատ թողած խոսքը.
- Էն, ինչ որ պատերազմում էինք անում,- …
- Վերջ տուր:
- Դու’ վերջ տուր: Հերիք է ձևացնես, թե ոչինչ չես հասկանում:
- Ես ամեն ինչ էլ հասկանում եմ, էդ դու չես հասկանում, որ կյանքդ փչացնում ես:
- Հըմ,- ի նշան անհամաձայնության` փնչացրեց Հրաչը:
- Երեխա ունես, գնա տեր կանգնիր: Աշխատիր, պահիր:
- Էլի` աշխատիր, ինձ համար գործ չկա
- Որովհետև ոչ մեկի հետ յոլա չես գնում:
- Որովհետև էս լպիրշների աշխարհը տանել չեմ կարողանում:
- Կարո՞ղ ես, փոխիր:
- Ո՞նց:
- Դե որ չգիտես` ոնց, տազ արա, հերիք քեզ ցույց տաս: Չես կարող, ուրեմն դու չպիտի որոշես աշխարհն ինչ ձևի լինի: Ամեն մեկն իր կարողացածով է ապրում, ամեն մարդ իր չափով է զրկանքների դիմանում, եթե իհարկե դիմանում է, իսկ դու մատդ մատիդ չես տալիս, ուզում ես ստանաս:
- Ես…
- Հա, հասկանում եմ, կռվել ես, արյուն ես թափել, ու հիմա ըստ արժանվույն գնահատվել ես ուզում, չես ստանում: Բա էն զոհվածներն ի՞նչ ասեն, կամ` նրանց որբերը, որ օրվա հացի կարոտ են: Իսկ դու… ո՞ր օրվա տղամարդն ես… կռվող տղա ես` պայքարի՛ր, դիմացի՛ր: Աշխատանք ճարեցի, ի՞նչ արեցիր: Ոչ մի տեղ մի ամսից ավելի չես դիմանում, ուզածդ ի՞նչ է:
- Նվաստացնում են:
- Լեզու գտիր հետները: Ո՞վ է ասել, որ բոոլրը պիտի ազնիվ ու պարկեշտ լինեն: Ժամանակները փոխվել են: Մարդկանց աչքերը բացվել են: Էլ սուտ ու փուչ պաթոսով չեն կերակրվում: Սուր զգացողություններ են ուզում: Յոլա գնացող տեսակ: Կյանքը միշտ էլ թաց ու չոր իրար է խառնում: Միշտ էլ ապաշնորհն է ավելի ճարպիկ: Կարծում ես մեզ համար հե՞շտ է: Մեզ չե՞ն նվաստացնում:
- Թող:
- Ու՞ր ես գնում: Նստիր, հաց կեր:
- Կուշտ եմ, չեմ ուզում:
- Նստի՛ր:- Ու զոռով նստեցրեց տեղը` պահանջելով, որ իրենից չնեղանա:
- Ոչ մեկի պետքը չի` դու ինչ կլինես,- մեղմացրեց խոսելու տոնը ընկերը,- օտարը քեզ ուղիղ խոսք չի ասի, որ նեղացնի: Մտածի՛ր, ես քո վատը չեմ ուզում: Ինձնից ինչ հասնում է, արել եմ արդեն քեզ համար: Քո փոխարեն ապրել չեմ կարող:
- Ապրում եմ, էլի, կարո՞ղ է չեմ ապրում:
- Ես մարդավարի ապրելու մասին եմ խոսում:
- Հա, տե՛ս, դու էլ քո հասկացածն ես պարտադրում: Ձենդ տաք տեղից է գալիս, բայց իմացիր` ոջիլն էլ ապրելու իրավունք ունի:
- Դու ոջիլ չես, դու մարդ ես, դրա համար էլ ասում եմ` մարդավարի ապրիր:
- Իմ ապրելու ձևն էս է, էսքան եմ կարողանում, ես բոզի տղա չեմ կարող լինել:
- Ուրեմն մենք...
- Խոսքը քո մասին չի:
- Եղա՛վ: Լավ: Գնա, շարունակիր քո իմացած ձևով ապրել:- Ընկերը հիասթափված թոթվեց ուսերը, որ նշանակում էր հոգնել եմ քեզնից, արա ինչ ուզում ես:
- Հըմ, ոջիլ:- Կրկնեց նկատելի տխուր:- Ոջիլն իր ոջիլ տեղով ուրիշի հաշվին է ապրում, իր տեղը գտել, ուտում, սնվում, լավ էլ ապրում է, իսկ դու պատեպատ ես զարկվում: Որ ի՞նչ:
- Որ գլուխս դինջանա:
- Չի դինջանա, ցրիվ կգա:
- Լավ էլ կլինի` հոգիս կազատվի:
- Վերջ, թե էլ մի բառ ասեմ քեզ…- Ընկերը ետ մղեց լեզվի ծայրին հասած խոսքը, չասաց:
Եվ կատարեց խոստումը` այլևս ոչ մի անգամ չհիշեցրեց Հրաչին ո՛չ աշխատանք ճարելու, ո՛չ կռիվ չանելու, ո՛չ էլ օջախ ստեղծելու մասին: Բայց արդեն մեջներով սև կատու անցածի պես էին. ինքը նեղվում էր, որ կոտրել է Հրաչի սիրտը, վերջինս էլ երես չուներ, աշխատում էր քիչ հանդիպել ընկերոջը, հանդիպելիս էլ խուսափում էր աչքերին նայել:
- Լցրու,- մոտենալով վաճառասեղանին` Հրաչը հրահանգեց բարմենին:- Ի՞նչ ես նայում, չե՞ս ճանաչում, թե՞ չգիտես` ինչ եմ խմում: Լցրու՛ ասում եմ:- Ու, սիգարեթը պահած մատերի արանքում, ձեռքը պարզեց պահարանի վրա շարված շշերին:
Բարմենը աչքը գցեց մատուցողուհուն` հասկացնելով, որ վերջինս օգնության գա իրեն: Աղջիկն արդեն գիտեր իր անելիքը: Մոտեցավ:
- Հրա՞չ: Ողջու՜յն: Էս ե՞րբ եկար, չտեսա: Արի՛, արի նստի, քո սիրած տեղն ազատվում է:
- Չեմ ուզում:
- Ինչու՞:
- Խմել եմ ուզում:
- Է հա՜, արի նստի, բերեմ:
- Գնա, կգամ:
- Լավ, արի՛, ժամանակ չունեմ, ինձ են սպասում: Կլիենտին որ նեղացնեմ, ընկերդ ինձ կազատի: Արի՛:
- Տո լավ է՜:
- Էս կողմ էկող չկա՞,- անկյունից ձայնեց մի հաճախորդ:
- Գնա, քեզ կանչում են:- Ասաց ու նորից շրջվեց դեպի բարմենը,- լցրու մեր լավ տղա:
Մնալով անարձագանք` ձայնը բարձրացրեց.
- Է՛յ, քե՛զ եմ ասում, չե՞ս լսում:
- Մատուցողներին պատվիրեք,- զուսպ պատասխանեց բարմենը:
- Ո՞նց թե, Աշո՞տ, էդ երբվանի՞ց ես հետս «դուք»-ով խոսում, գլխի չեմ:
- Լսում եմ Ձեզ,- բարմենը բարեհամբույր պատրաստակամությամբ դիմեց մոտեցող հաճախորդին:
Դա առաջացրեց Հրաչի ցասումն, ու նա մոտենալով` կողմ հրեց իր կարծիքով գոհ տեսք ունեցող հաճախորդին, ցանկացավ բռնել բարմենի օձիքից: Բարմենն արագ ետ քաշվեց` նրա ձեռքում թողնելով պոկված կոճակը: Վաճառասեղանը խանգարեց Հրաչին իր նպատակին հասնելու համար և նա իր զայրույթը թափեց` առաջին իսկ պատահած սեղանը շրջելով: Կռիվն անխուսափելի էր:
Նորից ընկավ ոստիկանություն: Նորից առաջարկեցին բազուկի ուժը ավելի լուրջ գործերում ցույց տալ: Իր պատվից ցածր համարելով` նորից չընդունեց ռազմաճակատային իր նախկին ենթակայի առաջարկած գործը: Նորից, գուցեև իրավացիորեն, պատճառաբանեց, որ դա իր տեղը չի ու դարձյալ մնաց ձեռնունայն:
Հին ընկերներից ոմանց հետ Նանան շարունակում էր մտերմությունը, նրանք ամեն անգամ հայտնում էին, թե ինչ նոր պատմության մեջ է ընկել Հրաչը, այս անգամ ում մռութն է ջարդել, ում է սպառնացել զենքով: Նանայի համար ցավալի էր նրա պահվածքը, անհանգստանում էր, որ դա մի օր լուրջ փորձանք կբերի գլխին, և քանի որ նրա անհաջողությունների համար առաջին հերթին իրեն էր մեղադրում, ուստի չէր կարող մի կողմ քաշված մնալ: Գիտեր, որ իր համար ծանր է լինելու նրան հանդիպելը, բայց երբ իմացավ, որ ընկերոջ բարում հաճախ է լինում, մի օր վեր կացավ ու գնաց այնտեղ` ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասելու: Հրաչն էլ իր հերթին չգիտեր` ուզու՞մ է տեսնել նրան, թե՞ ոչ, թեև բոլորին հայտարարել էր, որ ինքը այդ փչացածի հետ գործ չունի, բայց նրան տեսնելուն պես մի հարազատ զգացում խլրտաց մեջը ու մի անսահման կարոտ բարձրացավ մինչև կոկորդը:
- Ի՞նչ ես ուզում,- օղու մեջ խեղդելով փղձուկը` մինչև հատակը ցամաքեցրեց խմիչքի բաժակն ու շխկացրեց սեղանին:
- Զենքդ գրանցվա՞ծ է,- սրտի դողով հարցրեց Նանան` վախվորած նայելով նրա չսափրված դեմքին:
- Քե՞զ ինչ:
- Հանձնիր:
- Կորի՛ր աչքիցս:- Հայացքում տենդագին կայծեր հայտնվեցին:
- Ես չեմ եկել, որ աչքդ մտնեմ, բայց չեմ էլ ուզում, որ քեզ կործանես:
- Պա՜հ, տեսեք, թե ո՜վ է դասեր տալիս,- երերալով թևերը լայն բացեց Հրաչը:
- Վերջ տուր,- ձայնը ցածրացնելով, որ բարմենը չլսի` սաստեց Նանան:
- Ի՜նչ,- շիշն ու նորից լցված բաժակը խաղացնելով ժպտաց տղան:
- Հերիք ծամածռվես: Հասկացա՛նք: Վերջ:- Նանան գողունի նայեց շուրջը. մի զույգ էր նստած անկյունում` աչքից հեռու:
- Հեռացի՛ր:- Այս անգամ նետեց սեղմած ատամների արանքից ու մի բաժակ էլ դատարկեց:
- Կհեռանամ, եթե համոզվեմ, որ…
- …որ ի՞նչ,- ընդհատեց,- որ մարդ չե՞մ սպանի,- ընդհուպ մոտեցավ` ալկոհոլ արտաշնչելով Նանայի դեմքին:- Դրա համար զենք պետք չի, ջանիկս, դու հո լավ գիտես:
- Ներիր,- մեղա եկավ աղջիկը:
- Ներե՞մ: Ներե՛մ: Ներելուց հեշտ բա՞ն: Բայց իմ ներելուց ի՞նչ կփոխվի: Ոչի՛նչ: Իմ ներելը ու՞մ է պետք: Ասա՛: Ե՛ս ու՞մ եմ պետք: Ո՛չ քեզ, ո՛չ երկրին: Ոչ ոքի: Ես ժանգոտած ական եմ ձեր դաշտում: Ոո՜չ, ես ձեզ պետք չեմ: Ես խանգարում եմ ձեզ, որ ձեր ուզածի պես վայելեք կյանքը` թքելով ուրիշների վրա: Դու էլ ես ուզում ազատվել ինձնից, դրա համար ես եկել, հասկանում եմ: Բայց ի՞նչ կարող եմ անել, ասա՛: Ինչ` ասես, այն էլ կանեմ: Ասա՛:
Նանան կուլ տվեց արցունքները:
- Խնայիր քեզ:
- Ու՞մ համար: Իմ նմանները հիմա մոդա չեն:
- Խնդրում եմ…
- Լսի, էդ խաղերդ դիր մի կողմ ու…,- նկատելով մոտեցող ընկերոջը, որն ասես պահապան հրեշտակի նման այնուամենայնիվ միշտ ամենածանր պահերին իր կողքին էր լինում` չավարտեց խոսքը:
- Տարեք, թող սթափվի,- ընկերոջը խնդրեց Նանան և, իր համար էլ անսպասելի, նախանձ զգաց նրանց հարազատության հանդեպ ու բախտավոր համարեց Հրաչին, որ մի սրտացավ մարդ ունի կողքին:
- Սթափվի՜,- Նանայի վրա հոխորտալով` ընկերը Հրաչին մղեց դեպի դուռը:
- Թո՛ղ:
Հրաչն ազատեց թևն ու կտրուկ շրջվեց դեպի Նանան, գրպանից հանեց ատրճանակն ու մեկնեց նրան.
- Առ, վերցրու: Տար, հանձնիր:
- Ե՞ս,- կմկմաց վերջինս,- քեզ…
- Առ,- բորբոքված պոկելով ուսադիրները` զենքի հետ լցրեց Նանայի տենդագին ճմռվող ձեռքերի վրա` թափելով գետնին,- վերցրու, վերցրու՛, ի՞նչ ես նայում:
Նանան ընկրկեց: Ընկերը շտապ վերցրեց ատրճանակը, հավաքեց ուսադիրները, դրանք իր գրպաններում տեղավորեց:
- Տար, ամեն ինչ տուր դրանց,- առանց շուրջը զգալու շարունակում էր Հրաչը,- շնորհակալ կլինեն քեզնից, դատարկաձեռն չեն թողնի: Ու ինձնից հեռու մնացեք, թե չէ կսպանեմ, բոլորիդ` վերևից ներքև,- վերջին ճիգերը գործադրելով հավասարակշռությունն ու մտքի սթափությունը պահպանելու համար` խոսքն ավարտեց կիսաձայն ու ընկճված:- Տար ինչ ուզում ես արա: Տար ծախի՛ր:
Ծախիր բառից, թե ստեղծված տհաճ վիճակից նեղվելով, իր համար էլ անսպասելի, Նանան ապտակեց նրան` ասելով.
- Ես առևտուր չեմ անում:
Հուզված ու շփոթվելով բացեց պայուսակի շղթան, մի ծալծլված թուղթ հանեց և, հանձնելով ընկերոջը, գլխիկոր հեռացավ:
Ապտակի ուժից, թե կնոջ խոսքերից նախկին զինվորը գետնին տապալվեց: Ընկերը օգնեց, որ ոտքի կանգնի: Հետո անխոս նրան մեկնեց Նանայի տված թուղթը, որի վրա գունավոր մատիտներով մանկական խզբզոց էր` տնակի նման, նկարվածը նաև շան բույն կարող էր լինել: Ներքևի մասում թույլ կանաչավուն գծեր էին քաշված: Զինվորն ասես անզգա թմբիրի մեջ լիներ: Ընկերը թերթիկը խցկեց նրա պոկոտված ուսադիրների տեղը: Զինվորը վերցրեց, բացեց, տարակուսած նայեց ընկերոջը, մի անգամ էլ նայեց նկարված շան բնին ու կարծես հասկացավ, շփոթվեց: Հետո սթափվեց, ինքն իրեն մրմնջալով սրտի առաջին իսկ զգացածը` հուզված մոտեցավ ընկերոջը, որը հոգնած ու տխուր, բայց ներկաներին բարեհամբույր նայող դեմքով ներողություն էր խնդրում այցելուներից: Առանց ուսադիրների զինվորը նայեց ընկերոջը, կրկնակի հուզվեց, կոկորդում հավաքվածը կուլ տվեց, ուղղեց հագ ու կապը, ամբողջ էությամբ դեռ ջախջախված, բայց մանկան նկարածը ձեռքին` գլխիկոր դուրս գնաց, շուրջը նայեց և աղմկող քաղաքի թոհուբոհի միջով հաստատակամ հեռացավ դեպի նպատակակետ: