Անահիտ Արփեն
Անտառապատ սարերի բռան մեջ տեղակայված զորամասը նման էր բնատնտեսությամբ ապրող գերդաստանի, որի բոլոր անդամները զինվորական էին: Միայն խոհանոցում կարելի էր ոչ զինվորականի հանդիպել: Կանանց: Հանելուկ էր, թե ինչպես են նրանք խոհանոց հասնում. աննկատ ու անձայն էին գալիս: Երևի դեռ ոչ ոք նրանց խոհանոցից դուրս չէր տեսել: Նրանց աշխատանքն սկսվում և ավարտվում էր խոհանոցում: Կարտոֆիլ մաքրելը, հաց կտրելը, ջուր տանել-բերելը, սեղան գցել-հավաքելը, որևէ հարցով դուրսուներս անելը զինվորների գործն էր, իսկ ճաշի համար իրենք էին պատասխանատու: Ներս էին մտնում, փափուկ ժպիտով տնտղում շուրջն ու, գոգնոցը դեռ չկապած, անմիջապես գործի անցնում:
Զինվորներից ոմանք դրսում բաղնիքի ու ձմեռվա փայտ էին կոտրում, մինչ մյուսները քիչ հեռվում զրուցում էին` ականջները պահած ավագների ու սպաների հրամաններին: Զինավարժություններն ավարտած ջահելները նստոտում էին նախկին լողավազանի եզրաբետոնին ու զենքերը մաքրում: Ստուգում, պատրաստում էին նպատակային գործածության: Եթե իրոք բնատնտեսային կենցաղով ապրողներ լինեին և ոչ թե ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորներ, կարելի էր մոտակա անտառներում հաջող որս անել: Մի երկու քայլ էր մինչև թփուտներ, ուր ապաստանած գազանիկները գիշերները երբեմն հետքեր էին թողնում զորամասի շրջակայքում: Առանց զենք գործածելու էլ տղաները մի երկու անգամ սկյուռ էին բռնել բերել, հետո նորից բաց թողել անտառ: Այ, իսկ արջ կամ վարազ արժեր խփել… Դա Սիփանի երազանքն էր: Նա հաճախ էր հայացքը պտտեցնում շրջանաձև կանգնած սարերի լանջերով, պատկերացնում, թե որ թփի տակ ինչ կարող է պատսպարված լինել, որ տերևն ինչից շարժվեց… Եվ զենքը խնամքով վերադարձնում էր զինապահեստ: Ավելի շատ հետաքրքրության համար էր երկու փամփուշտ պահում գրպանում, քան թե ստույգ մտադրվածություն ուներ դրանք կիրառել: Փամփուշտներն էլ ինքն էր հետը բանակ բերել: Կռվից հոր բերած զենքինն էր, որը հայրն հետո տարավ հանձնեց:
Արթուրն էլ էր հաճախ նայում անտառի կողմը, բայց նրանն ուրիշ էր, նա մտածում էր, որ եթե դասընկերուհին տեսներ իրենց սարերը, կհավաներ, երանի կտար իրեն, որ այդպիսի գեղեցիկ վայրում է ծառայում, որ ամեն օր անտառում է լինում… Զինավարժություններն անտառում էին անցկացնում: Երբ փշատերևներից որևէ մեկը դիպչում-խտղտացնում էր պարանոցը, Արթուրն ակամա հիշում էր աղջկա շունչն իր ծոծրակին, երբ հանրահաշվի ստուգողականների ժամանակ նա անհամարձակ առաջ էր գալիս ու, նստարանի վրայով ձգվելով, աչք գցում իր տետրին: Աղջիկը վատ չէր սովորում, բայց միանգամից գլխի չէր ընկնում, թե որ ուղղությամբ մտածի, խնդիրն ինչպես լուծի: Այդպես էլ չկողմնորոշվեց, թե ինչ պատասխան տա իր առաջարկությանը և տղային անորոշ սրտով ճանապարհեց բանակ: Ընկերները գրազ էին եկել, որ աղջիկն Արթուրին չի սպասելու, նա էլ պատասխանել էր, թե` խոսք չի տվել, որ սպասի: Ու հիմա սրտի ցավով էր մտածում, որ կարող է նա ուրիշի հետ ամուսնանա: Հույս ուներ, որ մինչև քոլեջը չավարտի, չեն ամուսնացնի, բայց դե ինչ իմանաս: Ախր էդ քոլեջներում նրա գեղեցկությունն ու համեստությունը նկատողներ ավելի շատ կան… Տղան հաստատ որոշել էր արձակուրդի իրավունքը բաց չթողնել ու արժանի լինել դասընկերուհուն տեսնելու հնարավորությանը: Երբեմն իրեն բռնացնում էր այն բանում, որ նույնիսկ կատակելն է չափավորել: Ի՜նչ իմանաս` ում սրտին ինչը դուր կգա, ինչը` չէ: Մի անգամ քիչ մնաց կռվի մեջ մտնի, բայց ժամանակին զսպեց իրեն ու անսաց սպայի հորդորներին: Իսկ Գրիգորն անզուսպ էր: Հաճախ էր բաներ թույլ տալիս, որ ի զորու՛ էր չանել, ուղղակի չէր կարողանում հանդարտ մնալ: Միշտ ինչ-որ բանի ձգտում էր զգում, անընդհատ մղվում շարժվելու և կամա-ակամա նեղում էր մեկնումեկին: Կամ էլ, ուրիշի ասածները կասկածամտորեն իր դեմ ընդունելով, անտեղի բորբոքվում էր: Ասես վրեժի ծարավ լիներ այդ տղան: Ասես մի ցեց կար մեջը, որ բզում էր ու դրդում անհնազանդության: Ընկերներն անունը ցեց էին դրել: Ասում էին. «Ամեն ինչ կրծում ես, ծակում, փչացնում»:
Այդ օրը շտաբ մտնելիս հրամանատարն անցավ կաթսայատան մոտով ու դիտողություն արեց փայտ կոտրողին.
- Կացինը մի՛ պտտեցրու ձեռքումդ, կպղպջեցնի:
Զինվորը թքոտեց ափերն ու ավելի ոգևորված շարունակեց գործը:
- Կամա՛ց, փայտի փոխարեն կացինը չկոտրես,- կատակեց ընկերն ու փայտերն առավ հունթը: Փայտակտորները հարմարվելով նրա կռնատակին` գնացին, սիրով տեղավորվեցին յուրայինների բլրակի վրա:
Հենց այդ ժամանակ էլ մի տարօրինակ գունազարդված մեքենա, աղմուկով ներխուժելով զորանոց դարձած այս երբեմնի հանգստյան տան ոչ մեծ բակ, իր վրա հրավիրեց բոլորի ուշադրությունը: Տղաներն հետաքրքրված նայում էին «թափառական» երաժիշտներին, որոնք, գլուխները պատուհաններից դուրս հանած, անհոդաբաշխ ձայնարկություններով ողջունում էին իրենց: Մեքենան հոգնած հռնդաց ու կանգնեց տրանսպորտի համար հատկացված մասում: Տարօրինակ ուղևորներն իրար բոթբթելով ցած իջան փոքրիկ մարդատարից ու ոգևորված շտապեցին դեպի կանոնակարգված գերդաստանը, սակայն, աստիճանահարթակին հայտնված հրամանատարի պատկառազդու կեցվածքի առաջ լռեցին ու ակամա քայլեցին դեպի նա: Ուղեկցող սպան արդեն զեկուցում էր, թե ովքեր են և ինչ նպատակով են այցելել զորամաս: Զորամասի բժիշկն ուղղեց պենսնե հիշեցնող ակնոցն ու ժպտաց անծանոթներին: Քաղաքից եկած երաժիշտների խումբն արդեն խախտել էր բանակային անդորրը:
Ամենաակտիվը բաս կիթառահարն էր. գլուխը հչյունախառը տմբտմբացնելով` կարդում էր տարածաշրջանը հրոսակների երախից դուրս քաշած սպարապետի իմաստուն և պայքարի հնոցում թրծված կարգախոսները: Խրոխտ ու քաջասիրտ: Նա կիթառի գլխիկով քորեց ճակատն ու մոտեցավ հրամանատարին շրջապատած ընկերներին, որոնք պակաս հետաքրքրված չէին բանակայինների առօրյայով:
- Ու՞ժն է ծնում իշխանություն,- երկիմաստ ու անհասցե հարցրեց կիթառահարը:
- Զինվո՛ր, պահակակետում միայն մի կողմ նայելը կործանարար է, մյուս կողմիդ կարգախոսն էլ կարդա և կհասկանաս` ինչ ուժի մասին է խոսքը,- չնկատելու տալով կիթառահարների անհնազանդությունը` ասաց հրամանատարը:
- «Ճանաչել զիմաստություն և ըզխրատ, իմանալ ըզբանըս հանճարոյ»,- կարդաց բասն ու նորից դարձավ խմբվածներին.
- Է հա՛: Բայց ես զինվոր չեմ:
- Դու էլ քո գործի զինվորն ես,- հայրաբար ասաց հրամանատարն ու հանգիստ ներս հրավիրեց հյուրերին:
- Լսում եմ Ձեզ, ի՞նչ ծրագիր ունեք,- հարցրեց աշխատասենյակում:
Հիմա քաղաքացիականները պիտի զեկուցեին:
- Ռոք ենք երգում: Պինդ երաժշտություն:
- Զինվորների հետ կապված ձեր նպատակները:- Ճշտեց հրամանատարը:
- Համերգ տանք, թող լսեն…
- Դե տղերքին ոգևորենք մի քիչ:
- Խոսք ասելու՞ եք,- հրամանատարը փորձեց կարգավորել երկխոսությունը:
- Դե հա՜…
- Ի՞նչ բնույթի:
- Ռոք ժանրի,- կատակեցին երգիչները:- Մենք երգելով ենք խոսք ասում:
- Մեր երգիչները լավ տղաներ են, հայրենասիրական երգեր էլ են շատ երգում, որ կարծում եմ պետք է զինվորին: Խրախուսական խոսք կհնչի սկզբում, հետո համերգ կտանք ու կգնանք,- վերջապես ամփոփեց ու հանդիպման իմաստը տեղը գցեց պրոդյուսերը, որն իր արած գործի համեմատ միշտ շատ զուսպ էր:
Ասվածը հրամանատարի սրտով էր: Վստահեց և վտանգ չտեսավ երաժիշտներից մի երկուսի ակտիվության ու էքստրաօրդինար երևալու ճիգերի մեջ: Բացի այդ նրանք արդեն լրջանում էին և փորձում ավելի որոշակի ձևակերպել իրենց խոսքն ու իրականացնել մոտակա ելույթը:
- Կարող եք գիշերել մեզ մոտ, հյուրերի համար հատուկ տեղ ունենք,- ասաց:
- Հատուկ պետք չի: Արվեստագետ են, զինվորներին հավասար պայմաններում թող լինեն, թող զինվորական կյանքը տեսնեն, նոր ստեղծագործեն,- խաղաքարտերը լրիվ բացեց պրոդյուսերը:
- Էդ դեպքում, հյուրերի սենյակից կօգտվեն միայն կանայք, իսկ հիմա բոլորդ միասին գնացեք ճաշարան,- եզրափակեց հրամանատարն ու ոտքի ելավ:
Կերան այն, ինչ որ զինվորները և բնավ դժգոհ չմնացին:
Հերթական «զորքը» եկավ ճաշելու: Նորից վաշտ-վաշտ նստեցին, հետո հերթապահները հրաման տվին, որ ճաշ բաժանողները ոտքի կանգնեն: Ամեն տասնյակի համար մեկը ոտքի ելավ ու ապուրը լցրեց, մեկ-մեկ փոխանցեց մյուս զինվորներին:
Տաք ապուրը հյուրերի սրտով էր: Բասը գովեց թթուն, իսկ սոլոյին ամենից շատ դուր եկավ տավարի թարմ միսը, որ ասես շոգեխաշած մսի պահածո լիներ:
- Էս ո՞նց են եփել, որ այսքան համով է ստացվել,- հարցրեց:
- Ասա` էս ինչքա՜ն են եփել: Ուտելիքը հալվում է բերանիդ մեջ:
Քննարկեցին, ախորժակով կերան ու խմեցին և՛ խոհանցում եփվածները, և՛ հատուկ բանակի համար արտադրված կետչուպն ու թթուն, և՛ իրենց պատվին ավելացված աղցաններն ու ըմպելիքները: Երկար ու դժվարանցանելի ճանապարհ էին եկել, բոլորն էլ լավ քաղցած էին:
Շտաբի պետը նայեց նվագողների դեմքերին, հետո` խաշած մսի դատարկված ափսեին ու հասկացավ, որ տղաներն էլի են ուզում:
- Ասե՞մ` բերեն,- հարցրեց:
Պարզվեց` կանայք էլ դեմ չեն հավելում ստանալու: Բերեցին: Շտաբի պետն իրեն լավ զգաց:
- Գիտե՞ք,- վարանելով սկսեց պրոդյուսերը` խոսքն ուղղելով շտաբի պետին,- անկեղծ ասած, ես անընդհատ զրույցի եմ բռնվում զինվորների հետ, մեկն էլ հարցերիս չէր պատասխանում, նույնիսկ համառորեն խոսեցնում էի, հետո պարզվեց` գնդի դրոշի պատվոպահակն է, խոսելու իրավունք չունի: Դրա համար իհարկե ներողություն եմ խնդրում, դե… Ասելիքս որն է: Վստահ չեմ, բայց որ ամեն ինչով հետաքրքրվում եմ, կարո՞ղ է նրանց նվաստացուցիչ թվա:
- Էդ ի՞նչ ես հարցնում, որ պիտի նվաստացնի երեխեքին,- միջամտեց մյուս կին կազմակերպիչը:
- Ահա, տեսա՞ր, դու էլ, մորս պես, զինվորին երեխա ես ասում, բայց հասուն մարդիկ են չէ՞: Ի՞նչ մտայնություն է, որ զինվորը մեղք է կամ խեղճ:
- Դուք էն ասեք, էն զինվորը, որ գնդի դրոշն էր պաշտպանում, խոսե՞ց,- հետաքրքրվեց շտաբի պետը:
- Չէ,- տխուր ասաց պրոդյուսերը, որի մեջ այդ պահին թերևս ավելի շատ մերժված կինը խոսեց, քան թե` ձախողված գործարարը:
- Իսկ ինչու՞ եք տխուր ասում, կուզենայիք որ մեր զինվորներն այդքան հե՞շտ մոռանային իրենց պարտքը և զգոնությունը շուտ կորցնեի՞ն:
- Իհարկե` չէ՛: Ոչ մի դեպքում,- աշխուժացավ պրոդյուսերը:
- Դե ուրեմն իմացեք, որ զինվորականին հաճելի է, երբ իրեն ուշադրության են արժանացնում:
- Զինվորականի՞ն, թե՞ զինվորին:
- Զինվորականին, զինվորականին: Բոլորիս էլ հաճելի է: Ես սպա եմ, բայց ես էլ եմ լավ զգում, երբ ինձ նկատում են և հարգում հենց որպես զինվորականի:
- Անկեղծ ասած` երբ ինչ-որ տեղ զինվորական եմ տեսնում, ակամա զգաստանում եմ, ձգվում: Ես այդ մասին հիմա անպայման կասեմ նրանց:
Զինվորներին կարգադրել էին հավաքվել ժամանցի սենյակում: Բոլորի համար տեղ չկար, մի քանի հոգի կանգնած էին մնացել, մի քանիսն էլ նստել էին շարքերից դուրս, պատերի տակ դրված նստարաններին, որոնք ամենայն հավանականությամբ հյուրերի ու սպաների համար էին առանձնացված: Հյուրերը այցելության երկու կին կազմակերպիչներն էին: Տղաները պիտի ելույթ ունենային և արդեն գործիքներն էին տեղադրում:
- Վեր կացեք, թող նստեն, կանայք են, չե՞ք տեսնում, թե՞ անպայման պետք է ասեն ձեզ: Մի՛ վախեցեք քաղաքավարի լինել: Իմիջիայլոց, ամենամեծ տղամարդկությունը կնոջն հարգելն է:
Շտաբի պետի դիտողությունը խիստ էր և տեղին: Նրա տված այսպիսի ցաքուցրիվ դասերը հետո զինվորներն ամբողջ կյանքում հիշում էին:
Զինվորականներին ողջունելիս պրոդյուսերը բավական սրտամոտ խոսքեր ասաց, չմոռացավ հիշատակել, որ զինվորական տեսնելիս զգաստանում են, որովհետև զինվորական համազգեստը նշանակում է կարգ ու կանոն, պատիվ, զգոնություն, պարկեշտություն: Ասաց, որ շնորհակալ են, որ նրանք պաշտպանում են հայրենիքը, որի շնորհիվ իրենք երգելով ապահով ման են գալիս հանրապետության ամբողջ տարածքում:
- Ա՜յ, քեզ բան, շուրջը նմուշի համար մի աղբաման չկար, որ ձեռքներիս զիբիլը գցեինք մեջը, քիչ էր մնում գրպաններս դնեինք,- խոսքի մեջ գովեց մյուս կազմակերպիչ կինը:- Եթե մեր երկրում ամենուր այսքան մաքուր լիներ, ինչպես զորամասերում է, շատ առաջ կգնայինք: Ապրեն զինվորները:
Կիթառահարներն աչքով արեցին դիտողություն ստացած զինվորներին, ու հարվածող գործիքները սկսեցին նախատակտ զարկել: Տուշ նվագելու նման եղավ: Բոլոր զինվորների և զինվորականների պատվին: Ավելի ուշ, համերգից հետո, երբ ուղղակի զրուցում էին զինվորների հետ, զարմացած նկատեցին, որ վերջիններս գովասանքով են խոսում աշխատակազմի հետ տարվող աշխատանքների գծով իրենց մայորի մասին, ասում, որ նա պատմաաշխարհագրական կրթությամբ շատ գրագետ մարդ է ու հպարտանում, թե նրանից շատ բան են սովորում:
Ակնհայտ էր նաև զինվորի հանդեպ քաղղեկի հոգատարությունը: Պատմում էին, թե նա մի անգամ իմացել էր, որ նորակոչիկ զինվորներից մեկը տղայություն է արել ու, ինչ-ինչ պատճառով, փախել զորամասից, անմիջապես, իբր պատահաբար, լուրն ուղարկել էր նրա ընկերներին… Սրանք էլ սերժանտին այնքան էին խնդրել, որ օգնի, մինչև համաձայնել էր ու խոստացել մի բան հորինել` նրանց բացակայությունը չնկատեն, միայն թե էդ հիմարին կարողանան ետ բերել: Տղաները գտել, ետ էին բերել մոլորյալ գառնուկին: Քաղղեկը ցույց չէր տվել, թե գիտի, իսկ հրամանատարությունը չէր էլ իմացել, որ նման բան է պատահել: Հետո այդ զինվորը լավագույններից մեկն էր դարձել, նույնիսկ պարգևատրում ստացել ու զորացրվելիս շնորհակալական նամակով էր վերադարձել տուն:
Իրոք մի գերդաստան էին, գուցեև` փոքրաթիվ լինելու շնորհիվ… Մեկ-մեկ նույնիսկ կարոտում են… Շատերն արդեն ընտանիքներով են մտերմացել: Չնայած հեռավորությանը` միմյանց օջախների ծնունդ-կնունքներին պարտադիր ներկա են լինում: Հիմա իրենք են իրար թև ու թիկունք, վաղը իրենց որդիները եղբոր պես կլինեն: Իսկ թոռները ակնածանքով կուղևորվեն բանակային ծառայության, ուր հենց զինվորը սպայի հանդիպելիս պատիվ չտա, մի վերակարգ պատիվ բռնած մեն մենակ կկանգնեցնեն դատարկ շարահրապարակի հենց կենտրոնում` ի ցույց բոլոր կարգազանցներին ու դեմ առ դեմ հայոց սարերին, որոնք, շրջանաձև ձեռք-ձեռքի տված, թև ու թիկունք են հայրենիքի պահապան զորականներին: