«ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ ՝ ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻՐ»
վիպակ
«Կայարան» ամսագիր, 2021թ.
http://kayaranmag.am/2021/02/09/%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%B6%D5%A3-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%BD%D5%9D-%D5%A3%D5%AC%D5%B8%D6%82%D5%AD%D5%A4-%D6%84%D5%B8%D6%80%D5%AB%D6%80/
Զինվորը չէր պատկերացնում, թե իրեն քարշ տվողն ինչ ուժի տեր է և ինչո՞ւ է, անասելի տանջանքների ենթարկելով, իր ոտքերից քաշում: Մտածեց, որ հազիվ թե թշնամի լինի, որովհետև քաշողն էլ էր տանջվում, իսկ արնախում թուրքը նեղություն չէր կրի, ուր մնաց, թե այդպես չարչարվեր. կկտրեր իր մարմնից ինչ մաս, որ իրեն պետք էր, կվերցներ ու կգնար պարգև ստանալու՝ ապացուցելով, որ հայ է մորթել: Ուրեմն, իրեն ջարդուխուրդ անողը յուրային էր, որը սակայն իր երեսին չէր նայում, բառ չէր խոսում հետը, թեև արդեն ինքը գիտակցության է եկել: «Իսկ եթե չի՞ նկատել,-մտածեց,- կամ հնարավորություն ու ժամանակ չունի նայելո՞ւ»: Զինվորը մարդու ձեռքի հպում չէր զգում, երևի համազգեստից էին քաշում, ուստի մտածեց, որ գուցե իրեն քարեքար խփողն էլ է վիրավոր ու իրեն կապած է քաշում: Զինվորը գլուխը բարձրացնել, վեր կենալ չէր կարողանում, միայն երկինքն էր տեսնում և միայն այն, ինչ գետնի վրա իրենից բարձր էր: Բնության ձայներ էին լսվում, իսկ մարդու ձայն կամ շնչառություն՝ ոչ: Ամբողջ մարմինն անտանելի ցավում էր, կասկած չկար, որ վիրավոր է: Զինվորը թեքեց գլուխն ու անմիջապես էլ դեմքով խփվեց ինչ-որ հողակոշտի: Ինքնաբերաբար ձեռքերով կառչեց ամենամոտիկ թփից ու փորձեց արգելակել ընթացքը, ընդդիմանալ, դադար պահանջել, որպեսզի իրեն քաշողն ի վերջո կանգ առնի: Դեմքը հողակոշտին քսվել քերծվելով՝ շարունակեց սողալ հողի վրայով: Զինվորը հողի համին ծանոթ էր, նախորդ՝ 2016-ի պատերազմում, շրջափակման մեջ հող էլ էին կերել: Ինքը երկու տարվա զորացրված էր, թեև պատերազմ մեկ տարի առաջ զորացրվածներին էին կոչ արել կամավորագրվել: Իր կամքով էր կրկին միացել հայոց բանակին: Եվ հիմա․․․ Մեռնելու մասին չէր մտածում, միայն մի բան էր աղերսում Աստծուց՝ հանկարծ գերի չլինի: Ու հենց այդ պահին էլ հստակ զգաց կոշիկն ու փողքերը գզող քաշքշոց: Աչքի առջևով տենդագին սլացան այդ տարածքում իր իմացած բոլոր գազանները… գա՞յլ է, աղվե՞ս, վայրի խո՞զ, թե՞… Եվ չիմացավ լա՞վ է, թե՞ վատ, որ թուրքի ձեռք չի ընկել: Քանի կանգ էին առել, փորձեց վեր կենալ, ահռելի ստվեր տեսավ՝ չորքոտանի էր: Այլևս կասկած չմնաց, որ իրեն քարեքար զարկողն ինչ-որ գազան էր, որի հետ ինչ-որ պահի պետք է լեզու գտներ: Ակամա ձեռք գցեց գետնի մեջ խրված մեծ քարին ու նույն պահին էլ դեմքով հարվածվեց այդ նույն քարին: Հասկացավ, որ ձեռքերը չի զգում… Չկայի՞ն, թե՞ չէր զգում, չիմացավ: Դեմքը թացացավ. ոնց որ թե արյունոտվում էր: Ձեռքը անմիջապես տարավ, քթին, զգաց, որ սրբում է, բայց թացությունը չանցավ, նորից բռնվեց գետնի քարից՝ գլուխն այս անգամ մեծ լարումով ու ճիգով ետ պահելով, որպեսզի չխփվի որևէ քարի ու մացառներից չճանկռվի: Վերջապես գազանը թողեց իրեն: Հասկանալով, որ ոտքի կանգնելու և պաշտպանվելու միակ շանսն է, ակնթարթ հետո ուշ է լինելու՝ զինվորը հավաքեց ամբողջ ուժերը և ձեռքերով հենվեց գետնին. անմիջապես ընկավ կողքի վրա: Հստակ զգաց և իր աչքով տեսավ, որ կողերի տակ թևեր անգամ չկան, ուր մնաց թե ձեռք: Մարմինը կծկեց, որ նստի ու հենց այդ պահին գլորվեց, բերանքսիվայր ընկավ ինչ-որ փոսի մեջ՝ հետևից թափելով հող ու քար: Զինվորը սպասում էր, որ հիմա գազանը կնետվի իր վրա, բայց փոխարենը վերևից շարունակվում էր հող թափվել: Զինվորը մտածեց, որ գազանն իրեն թաղում է, որ հետո քիչ-քիչ ուտի: Ավելի շատ ցավն էր ուղղորդում և լուր տալիս, թե ինչ է կատարվում: Գլուխը թափահարեց, աչքերը փակեց, որ հող չլցվի, միևնույն է, բան չէր երևում, հազաց ու թքեց բերանը լցվող հողը: Մութ էր, սառը: Հասկացավ, որ գազանի որջում է, շրջվեց փորի վրա, աչքերը փակեց, որ չտեսնի, թե ինչպես են գազանն ու իր ձագերը իրեն հոշոտում, բայց հասկացավ, որ ցավը փակել կամ զգացողություններն անջատել չի կարողանալու, ուստի մի վերջին ջիգով գալարվեց, ետ շրջվեց մեջքի վրա, փորձեց նստել: Վճռել էր մահը բաց աչքերով ընդունել և պաշտպանվել՝ ինչքան կարողանա, թեև մթության մեջ շատ բան չէր զանազանելու: Ոտքեր ուներ, հաստատ էր զգում, կային: Զինվորը գլխի օգնությամբ մեջքի վրա ետ սողաց ու հենվեց փոսի պատին՝ փորձելով հարմար դիրք բռնել: Ո՛չ գազանը թռավ իր վրա, ո՛չ էլ ձագեր մոտեցան: Մի պահ լռություն տիրեց, որն ավելի ահասարսուռ էր: Հետո զինվորն իր դեմքին շատ մոտ զգաց գազանի շնչառությունը, որը դիմացից մոտեցել ու բաց երախից գարշելի հոտ էր փչում իր քիթուբերանին՝ կտրելով առանց այդ էլ հևացող շնչառությունը: Զինվորն արդեն բնազդաբար թափահարեց գլուխն ու իր կրծքին ծանրացած գազանից ազատվելու անզոր ճիգի անհաղթահարելի ցավից ուշաթափվեց: Աչքերը բացեց ինչ-որ թացությունից, որն իր դեմքը լիզելու հետևանքով էր առաջանում:
- Ապրես, ապրես… Ողջ է, ապրես: Լսի, գամփռ ջան, ողջ է: Ես քո հոր Աստծուն մեռնեմ, ողջ ես,- իրենով ուրախանում էին ինչ-որ մարդու ձայն ու դեմք՝ քթին խփելով գազանի ծանոթ շնչառությունը: Հետո լսվեց, հավանաբար շան, ուրախ հաչոց, իսկ երբ տեսողությունը զուլալվեց ու սկսեց ինչ-որ ուրվագծեր տարբերակել, թվաց, որ տեսնում է գազանի թեքված գլուխն ու վեր ցցած մի ականջը, որի գլուխն իրեն էր նայում շան աչքերով: Զգաց իրեն քսվող ինչ-որ շարժում, հասկացավ, որ գազանը պոչն էր շարժում:
- Լավ, այ շուն… Ո՞ղջ ես, քո ցավը տանեմ,- հարցրեց մարդը զինվորին:
- Ո՞ղջ եմ,- հազիվհազ ետ գալով իրականություն՝ իր հերթին և շատ դժվարությամբ հարցրեց զինվորը:
- Հա, հա, ողջ ես ու հերդ կանիծեմ, թե մեռնես էսքանից հետո: Անունդ ի՞նչ է:
- Հայկ,- արտաբերեց նվաղող ձայնով:
Մտածելն ավելի հեշտ էր: Զինվորը ենթադրեց, որ ողջ է, թե չէ այն աշխարհում հարց չէին տա, իսկ այս աշխարհում… Ուղեղն իր գործն անխափան առաջ էր տանում: Ուղեղը վիրավոր չէր, խելքը տեղն էր: Իր առաջ մարդ էր, հա՛յ: Հայկը քիչ մնաց հիմա էլ ուրախությունից ուշաթափվի: Նույնիսկ անտանելի ցավերը չէր զգում, քանի դեռ մարդը չէր սաստել գազանին ու շարժել իրեն: Զինվորը, չնայած սուր մրմռոցին, ակնհայտ թեթևություն զգաց, բայց հիմա էլ սկսեց մրսել՝ ենթադրելով, որ մինչ այդ գազանն իր վրա էր նստած:
- Արի տանենք: Բռնի՛:
Զինվորը չհասկացավ՝ մարդն իրե՞ն ասաց, թե՞ գազանին: Մարդն ուշադիր ականջ էր դրել ինչ-որ ձայների ու չէր խոսում, չէր շարժվում. շուրջը լռություն էր: Հետո, երևի որոշեց, թե որ ուղղությամբ շարժվեն և զինվորին քաշեց փոսի միջով դեպի վերև, որը գնալով սաղրանում էր, ուստի շատ արագ դուրս եկան բաց տարածություն:
- Պիտի քայլես:
Զինվորը ոտքի կանգնեց, հստակ տեսավ, որ թևեր չունի, հասկացավ, թե ինչու չէր կարողանում պաշտպանվել իրեն քարշ տվողից, թե ինչու էր գազանը ոտքերից քարշ տալիս իրեն և թե ինչու չէր կարող նա կերած լինել իր թևերը… Եվ վերհիշեց, թե ինչպես ինքը պայթյունից օդ թռավ: Զինվորը նայեց գազանին, միայն մեծ չափեր տեսավ:
- Գամփռ է:- Ասաց հարց տալու նման, հետո գիտակցեց, որ թևերից արյուն պիտի հոսեր, նորից մկանային հիշողությամբ ակամա ձեռքը տարավ, որ ստուգի, ինքն իրեն սթափեցնելով թափահարեց գլուխը, ամուր սեղմեց ոտքերը. զգաց, որ մեկը բոբիկ է: Գամփռն առաջ անցավ: Մարդը շալակեց անուժ զինվորին ու հասցրեց մոտակա գյուղ, որտեղից հայերը հեռացել էին, իսկ ադրբեջանցիները դեռ չէին տեղավորվել:
- Այրվածքի դեմ պայքարելու բոլոր փուլերով անցել եք: Ապրե՛ք,- ասաց մարդը գամփռին ու Հայկին:- Հողին ու քարերին խփվելով, գետնին սեղմվելով՝ ձների մեջ ոնց որ թե արյունդ դադարել է, բայց պիտի վերքերդ լվացվեն ու փակվեն, ժամանակ չունենք:
Զինվորը հասկանում էր, թե մարդն ինչ է ասում, բայց, ուժասպառ նայելով գյուղական տան կահավորանքին ու աման-չամանին, չէր պատկերացնում, թե ինչ են իրենից պահանջում: Ի վիճակի էլ չէր մտածելու:
- Դու…
- Որսորդ եմ,- կարճ պատասխանեց մարդը՝ տնական օղի բերելով:
Զինվորը հլու-հնազանդ ենթարկվում էր որսորդի ամեն գործողության: Որսորդը պահարաններից հանեց բավական շատ դեղաբույսեր. մի կողմից դրանք լցնում էր մաղախը, մյուս կողմից՝ որոշ տերևներ ու ճյուղեր առանձնացնում, դնում զինվորի մոտ: Նա իրար խառնեց դոշաբ ու մեղր, խոտաբույսերով դարման սարքեց, իսկ անկողնու սավանները պատռելով՝ վիրակապ: Հետո շուրջը նայեց, իր փնտրածին համապատասխան ոչինչ չգտնելով՝ գնաց խոհանոց, հավանգի փայտը վերցրեց, բերեց, մոտեցրեց տղայի բերանին: Տղան հասկացավ, թե ինչ պետք է անի: Որսորդը թթի օղիով լվաց, ախտահանեց զինվորի վերքերն ու իր ձեռքով սարքած դարմանը դրեց վերքերին, վիրակապեց: Զինվորը անդիմանալի ցավից ուժգին սեղմեց հավանգի փայտը, թվաց ատամները թափվում են, գիտակցությունը մթագնեց: Ուշքի եկավ քթին խփած սուր հոտից․ փայտը գլորվել ընկել էր գետնին, տախտակե հատակին ինչ-որ կատու չոր-չոր բրինձ էր ուտում, որսորդը անցնել-դառնալիս ջուր թափեց բրնձի վրա, կատուն կողմ փախավ, նորից վերադարձավ գտած կերի վրա: Զինվորը ցավից ոռնաց, ու սառը քրտինքը պատեց նրա ուժահատ մարմինը, որը սրբելու ժամանակ ու վիճակ որսորդը չուներ: Զինվորը կիսաուշաթափ- կիսաարթմնի տեսիլքներով ու զգացողություններով այրվում էր ու հովանում: Մոր ու սիրածի դեմքն էր տեսնում, հոր խոսքերը լսում ջերմանում, եղբոր ծիծաղը, որ սարի աղբյուրի կարկաչ էր, խմում հովանում էր:
Որսորդը զինվորի ծվեն-ծվեն եղած շորերը փոխեց, գուլպա - կոշիկ հագցրեց, հագուստի կախ ընկնող թևքերը կապեց կրծքավանդակի շուրջը: Ինքն էլ հագնվեց, փոխնորդ շորեր վերցրեց ու պատրաստվեց: Դրսում լսվեց շան կատաղի հաչոց: Որսորդն ակնդետ նայեց Հայկի աչքերի մեջ, կարդաց նրա հայցքում արտացոլված ամբողջ սարսափն ու ոչինչ չասաց. նրան ծանոթ էր թակարդն ընկած գազանի ամեն ինչի ընդունակ հայացքը: Գամփռը սկսեց անհանգիստ շարժումներ անել ու նույնպես թույլ հաչալ՝ հասկացնելով անծանոթ մարդկանց մասին: Որսորդը նշան արեց, որ շունը լռի, դուռը ներսից պինդ փակեց, արագ վերցրեց հավանգի փայտը, տեղադրեց Հայկի ցավից ու ջերմելուց բացուխուփ եղող ատամների արանքը, առանց զգուշանալու, թե ցավ կպատճառի, քաշեց թաքցրեց մահճակալի տակ, պահանջեց, որ նա նույնպես լուռ մնա, ինքը, հրացանն ու ինքնաձիգն առած, դաշույնով զինված՝ զգույշ դուրս նայեց պատուհանից, ականջ դրեց դրսի ձայներին: Մի տուն այն կողմ, պատուհանում լույս հայտնվեց: Որսորդը միայն մի պահ կշռադատեց իր անելիքը, Հայկին ու շանը դուրս հանեց, դուռը կողպեքով փակեց, Հայկին շալակեց, զենքերն ու մաղախը ուսը գցեց, ազատ ձեռքում դաշույնը պահած, հնարավորինս անաղմուկ քայլեց դեպի խրամատներ, որտեղ հնարավոր էր թաքնվել, մինչև գյուղ մտածները քնեին: Գամփռը առաջ անցավ, իսկ գյուղից ոչ թե հեռացող, այլ մոտեցող ձայներ էին լսվում: Քիչ անց, այլևս կասկած չկար, որ դեպի խրամատ մարդիկ են գալիս: Որսորդը նշան արեց, և գամփռը լուռ նետվեց խրամատի փոսի մեջ: Որսորդը զոհվածների դիակների վրայով Հայկին քաշեց դեպի խրամատի համեմատաբար խորը, այն նույն անկյունը, դժոխային ցավեր պատճառելով շրջեց փորի վրա, վրան զոհված զինվոր դրեց, պատվիրեց ինչ էլ լինի, չշարժվել ու ձայն չհանել, իսկ ինքն արագ սողաց խրամատի ամենածայրը՝ սարի ստորոտին մոտ, թիկունքում ունենալով անտառապատ սարը: Գամփռը լուռ տեղավորվեց նրա կողքը: Հայկը, հասկանալով, թե մեջքին ինչ է՝ ատամներով այնպես սեղմեց հավանգի փայտը, որ սկսեց ծամծմել այն: Մաղձ քարացավ կոկորդում, առանց այն էլ վրայի ծանրությունից ու օդի բացակայությունից հազիվ էր շնչում: Ստիպված թուլացրեց ատամները, որ կարողանա գոնե բերանով օդ գտնել:
Որսորդը շունչը պահեց. մոտեցողները նույնպես թաքնվելով ու անձայն էին գալիս: Որսորդը երեք հոգի հաշվեց, վերացնելը բարդ չէր լինի, բայց ճիշտը չբացահայտվելն էր: Գամփռը ականջները սրեց ու քիչ մնար հաչեր: Նույն պահին էլ եկողները խոսեցին:
- Նախ ստուգեք՝ ողջ մարդ չկա՞,- հնչած հրամանը մաքուր հայերեն էր:
- Բայց տղերքին ո՞նց տանենք հետներս, հանենք ի՞նչ անենք, եթե մերոնք գան, առաջինը խրամատում կփնտրեն:
- Իսկ եթե թո՞ւրքը գա: Ո՞նց անենք, որ տղերքը ձեռքները չընկնեն:
- Մերոնք չեն գա,- կտրուկ ասաց հրամայողը և առաջինն ինքը մտավ խրամատ:
- Թուրք չկա, չէ՞, մեր տղերքն են,- հարցրեց մյուսը վարանելով:
- Չէ: Լոխ հայ են,- մթության միջից արձագանքեց որսորդը արցախի բարբառով և անմիջապես իր վրա զգաց երեք հրազենի փող:- Ըստի թորք կա վեչ,- ասաց հանգիստ:
- Զե՛նքդ:
- Ո՞վ ես, դուրս արի,- ասաց խրամատ չմտածը թուրքերեն ու արագ պառկելով գետնին:
- Թուրքերենի պահը չհասկացա,- հայերեն պատասխանեց որսորդն անթաքույց դժգոհությամբ և դեռ թաքնվելով, բայց ինքնաձիգը դուրս նետեց:
- Էդքա՞նն էր,-հարցրին:- Ձեռքերդ տեսնենք: Դուրս արի,- կարգադրեցին:
Որսորդը հնազանդվեց և, ձեռքերը թեթև բարձրացրած, երկար հասակով կանգնեց հայ զինվորների առաջ:
- Էս գյուղից եմ,- ասաց:- Վիրավոր ունեք, օգնեք:- Ու երեք զենքի նշանառության տակ ձայնեց Հայկին՝ ցանկանալով շտապել նրա մոտ:
- Կանգնի՛ր: Ետ արի,- եղավ տղաների հրամանը:
- Հա՞յկ,- կրկնեց զինվորներից մեկը՝ պատրաստ անմիջապես առաջ նետվելու, բայց հրամայողը ետ պահեց՝ հասկացնելով, որ կանգնի պաշտպանության: Իսկ ինքը, որսորդին առջևը պահած, քայլ արեց առաջ:- Ո՞վ է վիրավոր, ձա՛յն հանեք:
- Հա՞յկ,- ձայնեցին տղաները:
- Ի վիճակի չի, ասաց որսորդը և գրպանից հանեց ձեռքի մեխանիկական լապտեր ու աշխատեցնելով՝ լուսավորեց խրամատի այն անկյունը, որտեղ Հայկն էր, վրան՝ զոհված զինվոր: Տեսարանը սահմռկեցուցիչ էր:
Տղաները զոհվածին ետ տարան, Հայկին խրամատից դուրս հանեցին, զգույշ պառկեցրին գետնին, որսորդը մաքրեց դեմքը, ստուգեց զարկերակը, որը շատ թույլ էր, բայց բաբախում էր: Զինվորների համար դժվար էր որոշել, թե իրենց առաջ դրված, ասես պատանքավորած, մարմինը ով էր, ո՞ղջ էր, թե՞ մեռած: Գամփռը լպստեց վիրավորի հողախառը դեմքը, թացությունն ու գազանի ծանոթ շնչառությունը Հայկին վերադարձրին իրականություն՝ կենդանության նշաններ ցույց տվեց:
- Հա՛յկ,- դիմեց որսորդը,- ընկերներդ են:
Հայկի ընկերը օտար շորերի տակ ստուգեց պաշտպանական ժիլետը, Հայկը, դժվարությամբ նայեց իր վրա հակված դեմքերին և փորձեց ժպտալ: Ճանաչեցին: Մարտական ընկերները բռնեցին նրա ուսերը և սեղմեցին կտրված թևերը, Հայկը վերջապես ազատ գոռաց՝ չվախենալով թաքցնել ցավը: Ընկերը սրտի ցավով հիշեց, որ Հայկը կռացել էր իր ոտքը վիրակապելու, երբ ետ մնացին մյուսներից: Հետո երբ օդից արդեն կրակ էր թափվում, ամեն շարժվող բան ենթարկվում էր գնդակահարման, իրենց էլ պայթյունի ալիքը բաժանեց՝ նետելով տարբեր կողմեր: Հիմա տեսավ, որ Հայկը միայն ալիքից չէր նետվել ու սիրտը նորից ճմլվեց:
Տղաները հասկանում էին, որ հենց լույսը բացվի, թուրքերը գյուղ են մտնելու և խրամատում պղծություններ են անելու, որոշեցին տղաներին թաքցնել անտառում: Մոտեցան նաև իրենց հետևից եկողները:
- Ողջ մարդ կա՞,- հարցրին նրանք:
- Հայկը:
- Բայց Հայկը խրամատում չէր…- կամացուկ ասաց պայթյունից Հայկի հետ օդ թռած զինվորը:
- Թող խելքը գլուխը գա, կպարզենք:- Պատասխանեցին շշուկով և շարունակեցին բարձրաձայն:- Գյուղում չենք կարող մնալ, մենք արագ պիտի քաշվենք անտառ: Տղաներին ի՞նչ անենք:
- Տանենք անտառ:
- Կենդանիներ կան:
- Թաղենք գյուղի գերեզմանոցում, հետո…
- Ժամանակ չկա: Խրամատում էլ բերեք թաղենք: Թաղած տեղից չեն հանի: Ասենք, ի՜նչ եմ ասում, թուրքը փողի համար ամեն ինչ էլ կքանդի ու կպղծի…
- Միասին թաղենք խրամատի վերջում, քողարկենք: Հետո գտնելը հեշտ կլինի:
Արագ փորեցին, ով ինչով կարող էր, անտառի կողմից խրամատի ծայրը խորացրին, զոհվածներին դասավորեցին իրար վրա ու այդպես էլ հողով ծածկեցին՝ որպես խրամատի վերջնամաս:
- Ի՞նչ նշան դնենք, որ…
- Խաչ: Մի հատ էլ խաչ դիր, որ չհասկացող չմնա,- զայրացավ հրամանատարը:
- Խրամատը պիտի լրիվ փորվի, բացվի, թե չէ լույսով ամեն ինչ կերևա, հետքերը շատ են,- ասաց որսորդը:
- Նոր փորածն էլ կերևա:
- Կերևա, բայց կհասկացվի, որ խրամատ ենք բացել, ոչ թե գերեզման փորել…
Ով բահ չուներ մոտը, ստիպված էին նորից գյուղ վերադառնալ ու բակերից բահեր հավաքել: Ինչքան հնարավոր էր խորացնել, փորեցին, տարիների ընթացքում լցված խրամատը բացեցին, հողերն էլ տղաների վրա լցրեցին, ավելի ապահով եղավ: Ամբողջ ընթացքում միակ լուսավորության աղբյուրը որսորդի մեխանիկական լապտերն էր:
- Հեռանանք, լույսով կգանք, կհետախուզենք, գնացինք:
- Բրինձ ենք եփել,- ասացին գյուղից հետո եկածները,- ուտենք ու շարժվենք:
- Ապահով չի, արագացրեք, շտապ հեռանանք անտառ,- ասաց հրամանատար տղան:
Մինչ այդ նա միայն մեկ ջոկի հրամանատար էր, հիմա մի քանի ջոկատից ով զոհվել, ով հեռացել, ով ուրիշ ուղղությամբ էր գնացել, չկային, իսկ ով չէր գնացել, կամավոր ու ժամկետային իրենց հետ մնացել, իր ջոկին էին միացել: Տղաները, փորձություններով անցնելով, արդեն կուռ ջոկատ էին դառնում: Ինչ ուտելիք, որ ճարել էին, ինչ ունեին-չունեին հավաքեցին, որսորդն էլ իր զենքերն ու ունեցածը վերցրեց, առաջ ընկավ: Հայկի վիճակը ծանր էր, գրեթե չէր քայլում, ընկերներն էին տանում: Նա ցավերից երկտակվում էր ու դժվարացնում ընկերների գործը: Ջոկատը քայլեց դեպի գյուղի սարալանջ: Արդեն լուսանում էր, աղոթրանը բացվելու վրա էր. ոչ ոք ոչինչ չէր խոսում, ով լուռ, ով արցունքներով՝ արտասվում էին, որովհետև քիչ առաջ իրենց ընկերներին թողել էին եղբայրական գերեզմանում՝ չիմանալով, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում: Միայն մի բան էր մխիթարում՝ տղերքը խրամատում էին:
Որսորդը ժամանակ առ ժամանակ ետ էր շրջվում, հեռադիտակով նայում էր գյուղի կողմը և նորից իրեն քաջածանոթ կածանով շտապում վերև: Երբ հասան մի վայր, որը ոչնչով չէր տարբերվում շրջապատի մյուս ծառախիտ թևից, որսորդը կանգ առավ:
- Հասել ենք,- ասաց՝ իջեցնելով իր բեռները, ապա կողմ տարավ կանգնած թփերից մեկը: Ետևում բուսականությամբ քողարկված խոռոչ երևաց:
-Այստեղ ապահով է, էսքան վերև չեն գա,- ասաց որսորդն ու ձեռքի մեխանիկական լապտերը նորից սկսեց աշխատեցնել:
- Դեռ 90-ականներից ես սրա հույսին եմ: Ամենալավը առանց էլեկտրականության, ձեռքի ուժով աշխատող սարքերն են:
Որսորդը մտավ խոռոչից ներս՝ իր հետ թույլ լուսավորելով այն: Լույսը դադարեց շարժվել, որսորդը խոռոչից դուրս հանեց, տղաներին ծածկոցներ տվեց, ինքը նորից ներս քաշվեց: Քիչ անց դուրս բերեց մի տարեց տղամարդու, որը ոտքերից հաշմանդամ էր:
- Հայրս է,- ասաց՝ շոր փռելով տակը և հորը նստեցնելով քար ու խոտերով սարքած, առաջին հայացքից աննկատելի մի գոգավորության մեջ, հաստաբուն ծառի տակ՝ ծնկները ծածկելով տաք ու լայն գլխաշորով:
Ծածկոցներով ու ճյուղերով տղաները ծառի տակ Հայկի համար հարմարանք սարքեցին ու նրան պառկեցրին որսորդի հոր կողքը:
- Կռվի դաշտից եմ գտել, ԱԹՍ-ի խփած է,- բացատրեց հորը, որն ակնդետ նայում էր կռնատ զինվորին:
Զինվորները կրկին ուրախացան, որ իրենց արդեն անթև, դժվարությամբ, բայց դեռ շնչող մարտական ընկերը ողջ է մնացել: Աշխատելով չդիպչել կիսատ թևերին՝ թփթփացրին ուսերին:
Ակնհայտ էր, որ տղան ջերմություն ուներ, տղամարդը կողքի հաստ, բրդյա ծածկոցով ծածկեց նրան: Զինվորների մեջ էլի, բարեբախտաբար ավելի թեթև, վիրավորներ կային, նրանք վերջապես իրենց թույլ տվեցին ազատվել իրենց ուսերի ծանրություններից, նստոտեցին դարավանդի տակ, բայց զենքերը կողքներից չհեռացրին: Որսորդը կրակ վառեց, չոր փայտերը ճարճատելով բոցավառվեցին: Զինվորները հավաքվեցին փոքրիկ խարույկի շուրջը, որին վիճակված չէր մեծանալու, որ հանկարծ կողմնակի աչքի համար տեսանելի չլիներ: Այնուամենայնիվ կրակը մի քիչ տաքացրեց մրսած զինվորներին, հատկապես վիրավորներին: Գյուղում եփած, կաթսայով բերած բրինձը դրեցին կրակի կողքը և առանց տաքացնելու, այդպես կաթսայից էլ կերան՝ մտքով դեռ զոհված ընկերների հետ: Վերջապես մի քիչ թուլացան ու խաղաղվեցին:
- Ներսը մեծ չի, բայց շատ փոքր էլ չի, եթե անձրև գա կամ ձյուն, կխցկվենք ներս,- ասաց որսորդը նկատի ունենալով խոռոչը, որից ներս բավական տանելի անձավ էր: Որսորդն ինչ կարողացել, տնից բերել էր այնտեղ: Չորացրած դեղաբույսերով մաղախը խոնավությունից ու ոտքի տակից հեռու՝ կախել էր քարե պատի մեջ խրված մեխից: Թաքստոցը, որը որսորդն իսկական կացարանի էր վերածել, երևում էր՝ նոր չէր, բայց անձավից դուրս ավելի հարմարավետ էր ու լուսավոր:
***
Գիշերը անձրև եկավ, քաշվեցին ներս, կրակ վառեցին, կրակի լեզուները խաղացին անձավի պատերին ու չվախեցան մի քիչ երկարել:
- Փայտը թաց է, ցախն էլի ոչինչ,- մի խուրձ ցախ իջեցնելով ընկերների մոտ՝ ասաց նիհար զինվորը:
Անձավն այնքան մեծ չէր, որ բոլորին միաժամանակ տեղավորեր: Տղաները մտնում, կրակի մոտ տաքանում, դուրս էին գալիս, մշտապես ներսում միայն որսորդի հաշմանդամ հայրն էր մնում և կռներից վիրավոր Հայկը:
- Սա ծուխ չի՞ հանի: Բա ի՞նչ կանի:
- Թող մնա, մի քիչ չորանա:
Տղաները երեխայի նման ուրախացան, երբ մի կողմի վրա թափված լիքը ընկույզ տեսան: Անտառում ինչն էր շատ, չհավաքած ընկույզը, որ արդեն թափվել էր ծառերի տակ: Սկսեցին ոգևորված ընկույզ կոտրել, ասես իրենք չէին անցել պատերազմի մահաբեր արհավիրքի միջով, որը դեռ կախված էր իրենց գլխավերևում:
- Առավոտ շուտ տագնապ տվեցին, տեխնիկաները աշխատեցրին, բարձրացանք դիրքեր,- որսորդին պատմում էր զինվորներից մեկը:
Հրանոթի հաշվարկի տղան կակազում էր: Երանի դրանով պրծնի մտածեց որսորդի հայրը:
- Լավ եմ, լավ եմ,- ասաց ոտքից վիրավոր զինվորը՝ մերժելով սրսկվել,- պահի Հայկի համար, դեռ պետք կգա:
- Առավոտը, թուրքը չեկած, գյուղացիք ասին՝ գնանք, չգնացի: Երբ արդեն գյուղում մարդ չկար, տեսանք, որ ներքևից ծուխն ամբողջ գյուղը ծածկում է: Դուրս եկա նայեմ, տեսա՝ երկու թուրք դեպի եկեղեցի են գնում, էդ երկուսի հարցը լուծեցի, մյուսները տեսան, ետ քաշվեցին: Հերս թե՝ դու գնա, ես իմ տանը կմնամ: Բայց դե ի՞նչ մնա: Ձին թամբած, պատրաստ: Հորս արագ հագցրի, բարձրացանք սար, եկանք իմ անձավ. տեղերանքը մաքուր, եղանակը նորմալ, կարելի է մնալ… Հետո իջա, ինչքան տաք շոր ու ծածկոց ունեինք, վերև բերեցի: Ամեն անգամ անտառից նայում էի մեր գյուղին…
- Ծխի, որ չքնես,- կատակով ասացին ժամապահին:
- Ի, չգիտե՞ք, որ ծխող ժամապահը թիրախ է,- պատասխանեց տղան:
- Ծխող չի,- որսորդին բացատրեցին ընկերները և ծիծաղեցին:
- Ապրես,- ժամապահին գովեց հրամանատարը՝ նստելով Հայկի կողքը:
Տղայի վիճակը ծանր էր, տենդի մեջ աչքին ծնողներն էին գալիս, ուժ էր ստանում, և երիտասարդ օրգանիզմը շարունակում էր պայքարել:
- Ես, Հայկն ու Աշոտը, երեքով, մեքենայից իջանք, մյուսներին ճանապարհեցինք, - որսորդին պատմում էր Հայկի ընկերը,- սկսեցին կրակել, պառկեցինք գետնին, Աշոտը նստեց մեքենա, որ քշի, խփեցին, ես ու Հայկը մնացինք, Հայկի մեջքը դաղվել էր, բացեցի, ստուգեցի, տեսա, որ բան չկա ու մի ալիք ինձ շպրտեց: Ես պրծա, Հայկին չգիտեմ, թե ուր էր գցել, հենց այդ խառը վիճակում էլ կորցրել էինք իրար: Շնորհակալ ենք, որ փրկել ես:
- Ես չէ, գամփռն է փրկել: Տեսնեիր ինչ համառությամբ էր քաշում, կարծեցի ատամները կթափվեն: Ո՞նց չթողեց: Խրամատը ինչի՞ չէիք կարգին բացել, շունն էլ չհավանեց, Հայկին տարավ ուղիղ ամենափոսոտ տեղը:
Հայկը հուզված նայեց խաշամի վրա պառկած գամփռին, վերջինս գլուխն անգամ չշարժեց, բայց ականջի պոչով երևի զգում էր, որ իր մասին են խոսում:
- Աղջիկս զանգեց, ասեց եկեք քաղաք, ասեցի քաղաքն անդադար օդից խփում են, ապահով չի, կմնանք գյուղում, գյուղում ապահով է: Հետո ով եկավ, ասեց՝ համարյա առանց կռիվ նահանջում ենք, ասի՝ սրանց անկռիվ նահանջելուց լավ հոտ չի գալիս:
- Ետ քաշվելով հարց չի լուծվի, ուզում ես պաշտպանվես, պիտի հարձակվես:
- Նահանջելը հասկացանք, էդ էլ է պետք, բայց մի տեղ պիտի՞ կանգ առնես, մարտ ընդունես, կռիվ տաս, որ մի օր էլ ետ մղես:
Զինվորները շարունակեցին դատողություններ անել՝ մեկը մյուսից խելամիտ ու իրատեսական;
- Տարածքից չհեռանաք, մի քիչ աչք կպցնեմ,- ասաց որսորդն ու հենվեց անձավի պատին:
Հայկը նայեց տղաներին, մեկը մարտադաշտից հավաքած զենք-զինամթերքի վրայի ծածկոցը մոտեցրեց: Որսորդը դիրքը չփոխեց, իր հրացանը ձեռքից վայր չդրեց: Ինքնաձիգը տվել էր տղաներին:
Լռեցին: Գիշերային բնության մեջ ժամանակ առ ժամանակ լսվում էին քնատ թռչունների հատուկենտ ձայներ ու նորից լռություն էր իջնում: Ցերեկն անտառը լի էր աղմուկով. թռչնակռինչ, գայլի ոռնոց, խոզերի խրթխրթոց, վայրիացած նժույգների խրխինջ, անտառ փախած ընտանի կենդանիների մայուն ու բառաչ, տերևների տակ դաշտամկների վազվզոց: Որսորդի ականջը սովոր էր, գիշեր, թե ցերեկ, բոլոր ձայները զանազանում էր: Ո՜նց կխփեր մի երկու գազանիկ կամ վայրի թռչուն ու իր ձեռքով կխորովեր, կհյուրասիրեր քաղցած զինվորներին: Բայց, իրավիճակը ծանրութեթև անելու հարց էլ չկար: Թշնամին անմիջապես առոք-փառոք բազմել էր գյուղում, և անտառում թաքնված հայերի մասին չգիտեր: Կրակոց արձակելը բոլորի մահը կլիներ: Հույսը դաշույնը, ցակատը, կացինը ու այգուց անձավ բերած էլի ուրիշ գործիքներն էին, որոնցով շատ բան չէիր որսա: Իսկ ձեռնամարտի ժամանակ բոլորն էլ իրենց խոսքը կասեին: Ուստի որսորդը դրանք ուտելիքի պաշարներից խնամքով էր պահում:
***
Հրամանտարը և որսորդը վերադարձան հետախուզությունից, հրամանատարը տեղեկացրեց բոլորին, որ թշնամին արդեն տեղավորվել է գյուղում, ուտում խմում, զվարճանում է, շարժ միայն ճանապարհին կա, անտառ, ոնց որ թե, ելումուտ չեն անում:
- Սրբի դռան խաչը կանգնած էր, նոր են գցել,- ասաց որսորդը՝ հեռադիտակը տանելով աչքերին և ուղղելով դեպի գյուղը:- Զոհվածների հուշարձանը կապել էին մեծ ուրալ մեքենային, քաշում էին,- ասաց փնտրելով…- Վերջ, գցեցին, ջարդեցին:
- Հասկանո՞ւմ էիր, չէ՞, ինչ որ խոսում էին:
- Ամեն բառն էլ հասկանում եմ:- Որսորդը լռեց, քիչ անց նորից խոսեց;- Ասես կինո լինի, որ պատմեմ, ոչ ոք չի հավատա:
- Այստեղից ողջ պրծնենք, թող չհավատան:
Ժամապահը մի պահ նայեց ընկերներին, որոնք թրջած հնդկաձավար էին պատրաստվում ուտել, հետո խնդրող հայացքով նայեց որսորդին, վերջինս չնկատելու տվեց: Ժամապահը արագ ետ գնաց պահակության:
Որսորդը դժվարությամբ հանեց վզից մշտապես կախված հեռադիտակն ու մեկնեց հրամանատարին:
- Քեզ եմ հանձնում, քեզնից էլ ստանամ:- Ասաց հատու և իր համար շատ թանկ իրից բաժանվելու ակնհայտ դժկամությամբ: Եվ ավելացրեց:- Անվնաս:
Ի պատասխան՝ հրամանատարը միայն թույլ ժպտաց: Քիչ անց նա մոտեցավ ժամապահին և հեռադիտակը նրան հանձնելով՝ ասաց.
- Կրակ ենք վառում, ուշադիր եղիր: Ինչ էլ լինի, թաքստոցից դուրս չգաս: Հերթափոխը հանձնելիս հեռադիտակը կվերադարձնես անձամբ ինձ:
Ժամապահն աշխարհով եղած ցատկեց տեղում և քիչ մնաց ուրախությունից ճչար, բայց հրամանատարի սևեռուն հայացքի տակ զսպեց իրեն ու միայն ցածրաձայն ասաց.
- Շնորհակալ եմ, մեռնեմ կյանքիդ:- Ապա պատասխանեց հրամանին,- Կկատարվի ոնց ասեցիր:
Հրամանատարը մի անգամ էլ նայեց իր հետախուզած տարածքներին ու մոտեցավ զինվորներին: Մարմնին եռագույն զգեստ փաթաթած զինվորը հանեց այն, սկսեց ծնկի վրա խնամքով ծալել՝ նայելով թշշացող փայտերից բարձրացող գոլորշուն և զգալով կրակից արձակվող ջերմությունը: Կնոջ եռագույն զգեստը երևում է շյուղերով էր հյուսված. թելի հատիկները տեղ-տեղ մեծուփոքր էին ստացվել՝ խախտելով գործվածքի համասեռությունը: Զինվորի համար նրա պաշտպանական տաքությունն էր կարևոր, իսկ դիմացից նայող մարտական ընկերն արդեն մտովի հասել էր իրենց տուն ու շատ հստակ տեսնում էր գործելու շյուղերը վարպետորեն շարժող իր տատի վարժ ձեռքերը: Ձեռքերի շարժումների հարցում տղաներն էլ իրենց գործում էին վարպետացել և միմյանց հետ անձայն խոսելու համար ժեստերի լեզվով էին հաղորդակցվում: Երաժիշտ մեկը քթի տակ ինչ-որ մեղեդի էր դնդնացնում, խնդրեցին բարձրաձայնել, չկարողացավ: Տղաները զղջացին, որ ընդհատել են: Մեկը գրպաններում մնացած ընկույզ գտավ, կոտրեց հավասար մասերի բաժանեց, կերան: Կռներից վիրավոր Հայկը հենց կենդանության նշան էր ցույց տալիս, տղաներն անմիջապես պատրաստակամ սպասում էին որսորդի հրահանգներին, որը նրանց խոստացել էր, որ տղան կապրի: Հայկը դեռ ողջ էր, մերթընդմերթ ջերմում էր, հետո նորից պաղում, խաղաղվում, թվում էր, թե վտանգն անցել է, բայց հանկարծ նորից էր տանջվում. մարմինն առողջ էր և դիմադրում էր: Եվ քանի դեռ պայքարում էր, ողջ մնալու շանսը մեծանում էր:
***
Փակուղում հայտնված զինվորները մի քանի անգամ փորձեցին դուրս գալու ուղիներ գտնել:
- Տղե՛րք, գործ կա,- ամեն անգամ ասում էր հրամանտարը, որն ակամա էր դարձել բոլորի հրամանտարը: Նա նայում էր իր առաջ կանգնած մարտական ընկերներին, որոնք միշտ պատրաստ էին գործողության, ընտրում էր ամենավստահելիներին:
- Զենքերը մաքրեք, զգույշ եղեք՝ հանկարծ կրակոց չլինի, թե չէ բոլորս դիակ ենք: Աչքներդ ու ականջներդ սրեք, ինչ էլ լինի, դուրս չգաք, այստեղ հասնող եղավ, տեղում, բայց անաղմուկ վերացրեք, մինչև ետ գանք: Ո՞վ մնաց, մնացածներն իմ հետևից՝ անխոս, անշշուկ, անձայն, առանց քայլելու:
Եվ որսորդի առաջնորդությամբ գնում էին հետախուզության: Որսորդը, հընթացս, ուշադիր լսում էր անտառի բոլոր ձայները, զանազանում հեռուն մոտիկից, մարդուն գազանից, հռհռացողին թռչնակռինչից: Այսպես շատ շուտ պարզեցին, որ չորս կողմը թշնամիներ են, ճեղքելն անիմաստ է, որովհետև հաջորդիվ յուրային չկա:
Երբ ուղևորվում էին դիմացի սարի անտառ, ուր ամենայն հավանականությամբ իրենց ստորաբաժանման զինվորներից կարող էին թաքնված լինել, թվաց ամպրոպի ձայն լսվեց, հետո կարծեցին կրակոցներ են, ավելի շուտ՝ հրավառության թնդյուններ: Դիմացի սարի վերևում ասես տոնական հրավառություն լիներ, երկնքում մի փունջ բացվեց և սկսեցին սպիտակադեղին ճայթուկներ իջնել ներքև, անտառի վրա. անտառը միանգամից լուսավորվում էր, ապա բոցառվառվում ու հրդեհվում: Ոչ ոք նման զենք չէր տեսել: Օդի հետ շփվելիս բոցավառվում էր, հողի մեջ նստելիս հանգում: Անտառը չէր վառվում, անտառը հալվում էր, ամենավատ երազներում, ամենադաժան և գիտաֆանտաստիկ ֆիլմերում անգամ տղաները նման բան չէին տեսել:
Առաջ գնալն անհնար էր, ետ գնալու համար ժամանակ չկար, կրակն ավելի շուտ կհասներ իրենց, քան իրենք կկարողանային հեռանալ տեղանքից: Երկինքը կրկին բոցավառվեց՝ ցերեկվա նման լուսավորելով այն վայրը, որտեղ կանգնած էին տղաները: Նրանք մեկեն պոկվեցին տեղներից ու վազեցին ետ: Տղաները նույնիսկ իրենք էլ չզգացին, թե ինչպես նետվեցին դեպի իրենց սարը, եղունգները խրելով հողի մեջ՝ ինչպես կառչեցին հողից ու քարից և աշխատելով փախչել լույսից՝ ինչ արագությամբ մագլցեցին լաջն ի վեր: Թվում էր, ոչ թե շրջանցում, այլ անցնում էին ուղիղ ծառերի բների ու թփերի միջով: Երբ բավական բարձրացել էին և վտանգի գոտուց հեռացել, ետ նայեցին: Որսորդի աչքի առաջ եկավ մանկության տարիների քաղաքի կինոթատրոնը, երբ ֆիլմի ցուցադրությունն ընդհատվում էր, դահլիճը լցվում սուլոցներով, իսկ սպիտակ պաստառի վրա երևում էր, թե ինչպես է ժապավենը հալվում թափվում: Հիմա հայոց անտառներն էին հալվում, թափվում, ուր հայ զինվորներ կային թաքնված:
Թաքստոցում մնացած տղաներն անհանգստացած ընդառաջ էին գալիս, բոլորի հարցը նույնն էր՝ բոլո՞րն են ետ եկել: Բարեբախտաբար, հրաշքով էին փրկվել, եթե վնասվեին, բոլորը միասին էին զոհվելու:
- Գետինը կծակի՞, թե միայն վառում է,- հարցրին:
- Չգիտեմ, քիմիա է, 2016-ին էլ օգտագործեցին էս զենքը, բայց երևի փորձնական, հիմա տվին անցան իրենց:
- Երևի Հերոսիմայում էլ է այսպես եղել:
Օդը շիկացել էր: Գիշերվա մթության մեջ երկնքից սպիտակ ջրվեժ էր թափվում՝ շուրջը կամաց-կամաց տարածելով խանձահոտ ու ճենճահոտ, թանձր ծուխ ու սխտորի նման, բայց օտար, խեղդող սուր հոտ: Հասկացան, որ եթե չպաշտպանվեն կթունավորվեն կամ կխեղդվեն: Թրջոցի համար հարմար ով ինչ շոր ուներ, հանեցին, թրջեցին, քամեցին ու քիթուբերանները կապեցին: Որսորդը մտավ ծածկի տակ:
- Իրենցից մարդ չկա՞ անտառում, որ այդպես են անում, միայն մե՞ր տղերքն ու ժողովուրդն են,- հարցրեց հայրը:
- Իրենցից թե մարդ կա, ուրեմն զոռով բերված, կռվել չուզողներն են, միանգամից բոլորիս հարցն էլ լուծում են:
- Բա վարձկաննե՞րը…
- Վարձկանների հարցն ուրիշ է: Վարձկանները Սիրիայի քյասիբ-քյուսուբն են՝ ով վարկի տակ, ով անաշխատանք, օրվա հացի կարոտ: Թուրքիան խաբել է, թե մի շաբաթվա գործ կա, բերել է Արցախ ու դեմ տվել թեժ կռվի:
- Քեզ ասեցի, թող ինձ, գնա, ահա, տեսա՞ր ինչ եղավ, գոնե դու կփրկվեիր, այ բալա:
- Դա փրկություն չի, ասես վոչ: Ուզում էիր՝ մինչև կյանքիս վերջը ապրեի, բայց չապրեի՞:
- Բա որ մեր անտառի վրա՞ էլ թափեն:
- Իրենց գլխին չեն թափի, տակն իրենք են:
- Լավ արիր, որ էս տղերքին գտար, որդի՛:
- Լավ տղերք են, մեկը մեկից ընտիր: Սրանց դեմ դուրս եկողին պրծում չկա, դրա համար էլ ճակատ-ճակատ կռվից խուսափում են:
- Զգույշ եղեք:
- Էս տղերքը դեռ իրենց խոսքը կասեն: Մի՛ նայիր, որ հիմա էս օրի են:
Որսորդը քանդեց Հայկի թևերի վիրակապերը, սրբեց վերքերը, կտրված թևերի վերքերը եզրերում բորբոքված էին, այդ մասերը զգուշորեն այրեց շիկացած դանակի սայրով: Տղաները չգիտեին, թե ինչպես պահեն ընկերոջը, ինչով օգնեն, ով վստահ չէր, թե կարող է մի բան անել, հետևում էր, որ կրակը թեժանա, ծուխ չարձակի:
***
Հաջորդ հետախուզությունը անասելի, անպատմելի, անընկալելի էր:
- Ռադիո էր, ինչ էր էն մեկի ձեռքը, ի՞նչ էր ասում: Շուշիի անունն էր տալիս,- հարցրեց հրամանտարը որսորդին:
- Հեչ: Կռիվը պրծել է…- միանգամից չկարողացավ վատ լուրը հայտնել որսորդը, բայց տղաները սպասում էին,- Շուշին էլ հետը իրենցն է,- ասաց ու տշեց ոտքի տակ ընկած առաջին իսկ քարը:
Անցնող օրերն այլևս նման էին դժոխային պարունակների: Մի օր էլ, իրիկվա կողմ, ճանապարհից մարդկանց ձայներ լսվեցին: Տղաները մի մարդու նման դիրքավորվեցին, բայց կրակոցները գյուղի կողմից դեպի դիմացի ձորն էին լսվում: Որսորդի հեռադիտակով տեսան, որ թուրքերը մեքենաները կանգնեցրել են ձորի պռնկին, հենց ճամփեզրին, իրենք պատսպարվել են մեքենաների հետևում և կրակում են դեպի ներքև, դիմացի սարի անտառի կողմը: Նրանք զվարճանալով կրակում էին ու հեռախոսներով նկարում: Թե ում վրա էին կրակում, չէր երևում, բայց պատասխան կրակոցներ էին հնչում: Իրիկնանում էր: Առաջին ցանկությունն էր թիկունքից խփել ու վերացնել ցինիկորեն զվարճացողներին, բայց հետևանքներն անշուշտ ծանր էին լինելու:
- Ռիսկ չեն անում անտառ մտնեն: Ճակատ-ճակատ կռիվ տան: Բայց ո՞նց են կարողանում դատարկել տալ ու գալ հանգիստ նստել: Գլխիս մեջ չի տեղավորվում:
- Դժվար չի գլխի ընկնել, բայց չեմ ուզում հիմա բան ասեմ: Գազանը որ գազան է…
- Մեկիս նահանջ էին տվել, մյուսիս՝ հարձակում, հանել էին իրար դեմ, իրար էինք խփում: Իսկ այդ ընթացքում թշնամին հանգիստ մտնում էր գյուղեր: Այդպես էլ անմեղ-մեղավոր չտարբերելով՝ բաժանվեցինք, երևում է իրենք էլ չեն կարողացել դուրս գալ:
- Էս տարածքից հեռու են, էս կողմից ճամփա չկա, սրանք էդ կողմ չեն գնա:
- Սրանք չեն գնա, ուրիշները կգնան: Թե հնարավոր է, մենք մի բան անենք…
- Ի՞նչ կարող ենք անել: Աննկատ էն կողմ անցնելը հեշտ չկարծես, չես իմանա, թե թուրքը որտեղ դուրս կգա դեմդ:
- Իսկ վառած անտառ կմտնե՞ն:
- Չգիտեմ: Վտանգավոր է, թունավոր է, համ էլ այնտեղ հիմա ողջ մարդ չկա: Ով ողջ է, առաջ են եկել երևի, որ կրակում էին իրար վրա:
***
Տղաները դադարեցին ճեղքելու հնարավորություն փնտրելու նպատակով գնալ հետախուզման և վստահ էին, որ մոտերքում դեռ ողջ մնացած յուրայիններ կան: Խնդիր դրվեց նրանց ավելի շուտ գտնել, քան թշնամին: Որոշեցին գնալ այրված անտառ, տեսնել՝ ինչ վիճակ է: Շորերը մրոտեցին սևացրին, քիթուբերանը փակելու հնարավորինս մաքուր լաթերը վերցրին:
- Օրերը տաքանան, ձմեռը հանենք, կերևա… Թուրքը միշտ էլ եկել-գնացել է:-ասաց որսորդը:
- Դե ուրեմն մենք հետո կօգնենք, որ ոնց եկել են, ետ գնան: Իսկ հիմա… Լռություն:
Հրամանատարը լարվեց: Առջևում՝ ծառի այրված բնին զենք կար հենած, տակը՝ դիակի նման մի բան, որը հավանաբար այրվել էր հրավառության նման թափվող այն քիմիական զենքից, ու միայն զենքն էր հուշում, որ մի ժամանակ այդ զանգվածը մարդ էր եղել: Շուրջը համատարած ածխացում էր ու սև դժոխք. քար ու թուփ, ծառ ու թռչուն, մարդ ու անասուն, գազան ու հող իրար էին ձուլվել, օդը լի էր անտանելի գարշահոտությամբ, որի մեջ ներծծվել էին այրված մսեղիքի ճենճախառը խանձահոտն ու թաց խաշամատերևի դեռ մխացող ծանր բուրմունքը: Մարդու մտքի արգասիք աղետի պատճառածը զինվորների պատկերացրածից ու սպասածից ավելի քան ծանր էր, ազդեցությունը՝ անամոքելի: Առաջին ցանկությունն էր անմիջապես ոչնչացնել հայկական գյուղում տեղակայված թուրքին, որն արել էր այդ ամենը: Կարող էին: Տղաներով այդքանին կարող էին վերացնել, բայց դրանով կբացահայտեին իրենց տեղը, ուր շարժվելու անընդունակ հիվանդ ու վիրավոր ունեին, իսկ յուրայիններին չէին միանա, պարզ էր, որ ոչ էլ նրանք իրենց օգնության կգան:
***
Մոտեցան գյուղին: Դրսում շատ մարդ կար, արագ հեռացան. թուրքերը հավաքում էին գյուղի բոլոր փեթակները, կուտակում մի տեղ: Անհասկանալի էր. ոնց պատահի շպրտում, թափում էին իրար գլխի: Երբ բավական հեռացել էին, վերևից ետ նայեցին: Գյուղի մեղուներով փեթակի դեզն այրվում էր:
- Ա՜, ես ձեր… էս ի՜նչ եք անում… Ամենասխալը սա եղավ: Գյուղը ինչ ուզում են անեն, քանդեն, ջարդեն… Փեթակին ձեռք չպիտի տային…- ցավը զսպելով ասաց որսորդը՝ պատրաստ վիրավոր գազանի նման նետվելու թշնամու վրա:- Նոր տարի՞ է արդեն, ինչի՞ վրա են ուրախանում, անտառների ոչնչացնելը քի՞չ էր, էլի՞ սալյուտ են ուզում…- Թվաց առաջ է մղվում, բայց հրամանատարը ետ պահեց նրան:
- Ասում ես՝ Շուշին իրենցն է, ի՞նչ պակաս Նոր տարի է,- ասաց սրտի ամենամեծ կսկիծով:
Բացահայտ զգացվում էր, որ թշնամին ռազմական լարված դրության մեջ չի և մարտական գործողությունների չի պատրաստվում: «Երևի իրոք զինադադար է, սրանք էլ արդեն այստեղ իրենց տերուտիրական են զգում,- մտածեց զինվորականը,- ուրեմն, բաններս բուրդ է»:
***
Գյուղին մոտենալը վտանգավոր էր, բայց Հայաստանից մի լուր ստանալու միակ հույսը գյուղում տեղակայված թշնամին էր: Հետախուզության միշտ գնում էին հրամանատարը և որսորդը կամ թուրքերեն խոսող զինվորը: Շատ չէին խորանում, թաքնվելու հնարավորություն տվող շինությունների պատերի տակով էին անցնում: Երբեմն հաջողվում էր նաև սնունդ հայթհայթել: Թուրքերը գյուղի բոլոր ընտանի կենդանիներին հավաքել, լցրել էին մի ցանկապատով հարմար տեղ՝ դպրոցի բակը: Մտնում կրակում էին, մորթում, լցնում ավտոն, տանում, ընթացքում մեկ-երկու բառ փոխանցում հայերի, ոչխարների ու իրենց հաջողությունների շուրջ: Երբ հայ հետախուզողների ականջին հասնում էր հայեր կամ Հայաստան բառը, երեքն էլ համակ ուշադրություն էին դառնում: Թշնամու ասածներից շատ բան հրամանատարն էլ էր սկսել հասկանալ: Եվ այդ կցկտուր նետված խոսքերից տղաները տեղեկացան հրադադարի, ապա նաև՝ որոնողական աշխատանքների սկսվելու մասին: Զինվորի իմացածը Թուրքիայի թուրքերենն էր, ադրբեջաներեն խոսվածքից որոշ բաներ լավ չէր հասկանում, հետո ճշտում էր որսորդի հետ: Այս անգամ լավ չհասկացածը ռուս խաղաղապահներին էր վերաբերում: Երբ հեռացան գյուղից, որսորդը բացատրեց:
- Ամեն տեղ ռուսի հսկողություն չկա երևի, մեր կամավորներն են պաշտպանում կամ զորքը դուրս չի եկել, չգիտեմ: Ասում էին՝ հայերը չեն թողնում: Ասում էին՝ սպասենք, խաղաղապահները գան զինաթափեն, որ մենք մեր գործն անենք։ Չգիտեմ, մի բան հաստատ էր, որ հայերը չեն թողնում առաջ գնան։ Է՜, իննսունսկանների պես, թուրքերի օմոնը գալիս էր ռուսի բանակի հետևից:
- Հա, թուրքերը միշտ ռուսի օգնությամբ են մեզ…
Հրամանատարը չկարողացավ հարմար բառ գտնել ու արտասանել սրտում կուտակվածը, որ անտառի վրա թափվող քիմիական նյութերի նման այրում էր սիրտն ու հոգին: Գյուղ կատարած հերթական այցի ժամանակ նրա ականջին հասան վիդեո և էրմենի բառերը:
- Ինչ-որ մեկի հանձնարարությամբ գնացին ինչ-որ տեսանյութ նայելու,- ասաց թուրքերեն խոսող զինվորը:
Վտանգը մեծ էր, բայց անգամ չմտածեցին, թե ինչ ռիսկի են դիմում: Մի քիչ ետ մնացին, ապա հարմար պահ գտնելով՝ գնացին թուրքերի հետևից: Անսպասելի շատ բարձր լսվեց հայերեն խոսակցություն: Տղաները գամվեցին տեղում. տեսանյութ նայողները չէին երևում, բայց ինչ-որ հեռախոսից հնչում էր իրենց մարտական ընկերների անունն ու ձայնը: Նրանց, ովքեր իրենց հետ մոլորվել էին պատերազմի ժամանակ: Եվ հիմա նրանք հայաստանյան ռեպորտաժում հայերեն պատմում էին, թե քանի հոգի են եղել, բաժանվել են, կորցրել միմյանց, և քանիսն են գտնվել:
Հարվածն անսպասելի էր: Զինվորը հարցական նայեց հրամանատարին, վերջինս նույնպես ապշած էր: Շտապեցին հեռանալ: Ճանապարհն անցան անխոս, կրկնակի արագությամբ և քառակի զգուշությամբ: Թաքստոց հասնելուն պես հրամանատարը, մի հայացք նետելով տղաներին՝ անմիջապես նկատեց երեքի բացակայություն: Քիչ անց անտառից վերադարձան նաև այդ երեք հոգին: Նրանք սաղավարտների մեջ լիքը հատապտուղ էին բերել:
- Վաղը ոչ ոք թաքստոցից չհեռանա:
Բոլորը հասկացան, որ մոտերքում վտանգ կա և ձգվեցին:
- Մեր դեմ որս է սկսվելու,- ասաց հրամանատարը:
Լուռ սկսեցին ծամել. պահածոյի տուփերը և՛ բաժակ էին, և ափսե ու թաս, ամեն ինչ դրանց մեջ էին ուտում կամ դրանցով խմում, դանակ-պատառաքաղին ինքնաձիգերի խշտիկն էր փոխարինում:
Հայկը երբ ի վիճակի էր լինում մի բան ուտելու կամ գիտակցելու, թե շուրջն ինչ է կատարվում, փորձում էր ընկերների խոսակցություններից հասկանալ, թե ինչ է կատարվում, իսկ հիմնականում լսում էր որսորդի հոր պատմածները այդ անձավի, սար ու անտառի, գյուղի ու գյուղացիների մասին…
- Եկեք հասկանանք, թե ինչ է կատարվել,- ասես ինքն իրեն, բայց բարձրաձայն ասաց հրամանտարը:- Մենք զորքից ետ ենք ընկել, այս ընթացքում հրադադար է հաստատվել, խաղաղապահներ են մտել Արցախ և արդեն կորածներին են փնտրում: Մինչև հիմա թշնամին չգիտեր մեր գոյության մասին: Հիմա գիտի:
- Կդիմավորենք: Ես գերի չեմ հանձնվի:
- Ճեղքելու տարբերակ չկա՞:
- Մենք չգիտենք, թե ռազմաճակատի գիծը հիմա որտեղ է:
- Մեր միակ հույսը խաղաղապահներն են:
- Չեմ վստահում:
- Ի՞նչ պիտի անեն, հո չե՞ն սպանելու:
- 90-ականներին մի շիշ օղու համար կարող էին քեզ հանձնել թուրքին:
- Հիմա ու իննսունականները նույնը չեն:
- Բայց ռուսն ու թուրքը նույնն են: Հին բարեկամություն է:
- Եթե հեռախոս ճարեմ, զանգելու տեղ ունե՞ս,- հարցրեց որսորդը հրամանատարին:
- Հա:
- Ո՞ւմ:- Նայեցին միմյանց:- Միայն հոսանք էլ որ ճարես, էլի կլինի,- ասաց հրամանտարը:
- Սպասենք՝ պահը գա…
- Պիտի գործողություն լինի, որ սպասենք:
- Ասում ես՝ խաղաղապահներ կան մեր երկուսի միջև, բայց տեղ-տեղ միայն մերո՞նք են,- հարցրեցին որսորդին:
- Վատն այն է, որ, թուրքերի հետ պայմանավորված, գնում - գալիս են:
- Այսինքն՝ կարող է հետախուզենք, տեղերը ճշտենք, հետո էդ տեղում սրանք հայտնվեն: Լավ չի,- հասկացան տղաները:
- Դրա համար էլ չգիտեմ, թե ով է ավելի թշնամի, ով պակաս բարեկամ: Թե դուք գիտեք… Ես ձեզ կողմնացույց,- ասաց որսորդը,- ասեք, թե ուր եք ուզում գնալ, ում կողմ, ես ձեզ…
- Ո՞նց թե ում կողմ, դու էլ հո խաղաղապա՞հ չես:
- Չէ: Ես․․․ Ես եմ ու իմ հրացանը:
- Մեր քթի տակ լիքը թուրք կա ու մեր գոյության մասին արդեն գիտեն: Բայց մեր տեղը չգիտեն: Առա՛յժմ չգիտեն:
- Դիմանանք, մինչև մեզ որոնողները գտնեն:
- Որոնողները գիտե՞ն մեր տեղը, որ փնտրեն:
- Ուզեն, կիմանան, ուզեին, արդեն եկած կլինեին:
- Եղունգ ունե՞ս, դե ուրեմն գլուխդ քորի, ախպերս:
- Ես գերի չեմ հանձնվի,- չդիմացավ զինվորներից մեկը:
- Ճիշտը կռիվ տալով դուրս գալն է,- պնդեց մյուսը:
- Կռիվ կտանք, բայց դուրս կգա՞նք: Կամ ո՞ւր դուրս կգանք:
- Մերոնք ո՞ր կողմում են, ո՞նց իմանանք: Ստույգ:
- Կապ տուր, ճշտիր, տղա ջան,- հանկարծ ասաց որսորդի հայրը:
- Չունենք: Ոչ կապ, ոչ էլ կապի միջոց:
Հայրը նայեց որդու երեսին, հրամանատարը՝ անձավի շատ բան տեսած, տեղ-տեղ մամռակալած պատերին, որ ծաղկատար դեմքի էին նման ու լռեց:
- Ի՞նչ տարբերակ կա,- հարցրին տղաները՝ տեսնելով, որ հրամանատարը մտահոգ է:
- Բոլորն էլ ուղիղ գերություն են տանում,- պատասխանեց նա:- Իսկ գերիների հարց լուծող չկա:
Գլխիկոր նայում էին ներքև, երբ երկու ավտոբուս կանգնեցին հարևան սարի տակ: Մեկից զինվորներ իջան, մյուսը գնաց հակառակ ուղղությամբ, դեպի ուրիշ գյուղ:
- Խնդիր էիր դնում նրանց ավելի շուտ գտնել, քան թշնամին: Խնդրեմ, նրանք արդեն փրկված են, իսկ նրանց օգնությամբ թշնամին հիմա ավելի շուտ մեզ կգտնի, քան մերոնք:
- Պատերազմը միայն սպանելը չի…
- Անտառի գազանների մեջ խնդիր չեն դնում, փրկվում ես ոնց կարողանում ես, հաղթում է նա, ով առաջինն է խփում: Եղունգ ունես, գլուխդ քորի:
- Այդ խոսքի իմաստն այն է, որ Աստված քեզ եղունգ է տվել, որ քո եղունգով քո գլուխը քորես, հույսդ քեզ վրա դնես, ոչ թե ուրիշի:
- Դե, էդ ա, լի՜: Ես էլ եմ դա ասում:
- Շատ լավ: Ուրեմն մենք միասին էլ կմտածենք, թե ինչպես դուրս պրծնենք այս վիճակից:
- Տղերքին ապահով տեղավորենք, գնանք գյուղ, հեռախոսի հարցը լուծենք: Եթե նկատվենք, մարտի կբռնվենք, դրանց կվերացնենք, մինչև գուցե մերոնք հասնեն:
- Հենց կրակեցինք, թուրքն արդեն չի թողնի, որ այստեղ ուրիշ մարդ մտնի,- լավ ճանաչելով թշնամուն, որոնց հետ ժամանակին շատ էր շփվել՝ ասաց որսորդը:
- Ուրեմն պետք է անաղմուկ աշխատենք:
- Իջնենք գյուղ, գանք,- ասաց հրամանատարը տղաներին:
Իջան գյուղ․ հայերի տներում, հերթական անգամ, ադրբեջանցիներ էին բազմել: Նախորդ ազատագրական պայքարում քիչ արյուն չէր թափվել, բայց հողը մաքրվել էր օտար նվաճողներից, որոնք իրենց զավթածն իրենցն էին համարում և հիմա կրկին սպառազինվել մինչև ատամները, ամրացել տասնապատիկ, վրա էին տվել նոր թափով: Այս պատերազմը նոր սերնդի զինատեսակների պատերազմ էր՝ ի տարբերություն հայկական կողմի, որի հիմնական կռվան-հայրնասիրական ոգին զինված էր նոր սերնդի հզոր տղաներով, որոնց ձեռքին սակայն մի կարգին զենք չկար, իսկ թիկունքին՝ սեփական շահի դիվանագիտություն: Ժամանակակից, թե՝ ոչ, թեև միջազգայնորեն իրավատեր էին: Բայց կռիվը իրավունքի, արդարության և ոգով հզորների կռիվ չէր, այլ՝ դավադիրների, գործակալների ու թիկունքից խփողների: Եվ մինչև ատամները զինված Ադրբեջանն իր բազմազգ բանակով ու վարձկաններով միակ խաղացողը չէր: Թուրքիան, որը նախորդ պատերազմում թաքցնելով և մասամբ էր աջակցել Ադրբեջանին, այս անգամ անթաքույց էր իր գորշգայլականությունը ցուցադրում, վարձկաններ ապահովելով, մարտավարական հարցեր ծրագրելով ու իրականացնելով:
Գյուղում շնթռկած թշնամին անվրդով քնած էր: Տղաները հասան որսորդի տուն, առանց մոտենալու նկատեցին, որ դռան վրայի կողպեքը չկա, թաքուն մտան նկուղ, լիցքավորիչներ միացրին երկու բջջային հեռախոսի ու անշարժացան՝ սպասելով, որ ուր որ է հոսանքի ու հեռախոսի կապ կնկատվի:
Որսորդը բացեց սառնարանի դուռը, որտեղից փչող տամկահոտն ու թափվող ջուրը բողոքեցին հոսանքի կարոտից: Որսորդը գետնի ընկած շիշ գլորեց սառնարանի ու դռան արանքը, հոսանքի լարը վարդակից անջատեց ու նայեց տղաներին:
***
Թաքստոց հասնելուն պես հրամանատարը բոլորին հանձնարարեց մաքրել զենքերը և պատրաստվել մարտի: Տղաներից ոչ մեկի հայացքում հարց չնշմարվեց: Բոլորն էլ գիտեին, որ թաքնված երկար չեն մնալու և, վաղ թե ուշ, պիտի դուրս գան այդ վիճակից, ճեղքեն ծուղակը, իսկ դա հնարավոր էր միայն կռվելով:
- Թուրքերը փնտրում են մեզ, վաղը մեր սարը խուզարկելու են, իսկ մերոնք կամ այլ որոնող չեն լինելու,- ասաց հրամանատարը՝ ծոցից հանելով շոգեխաշած մսի պահածոյի ու կարագի մի քանի տուփ, թեյ, սուրճ, շոկոլադ:- Ինչքան ժամանակ, հայտնի չէ: Հեռանալու հնարավորություն չկա, թաքնվելու ուրիշ տեղ չկա, վիրավորներ ունենք: Բայց կարող են մեզնից մի քանիսը, թուրքերին սխալ հետքով տանել… Ողջ մնալու հավանականություն գրեթե չկա: Բայց եթե նստենք ու սպասենք, վաղը կամ մյուս օրը այս կողմ էլ կգան, և երևի արդեն ոչ ոք ողջ չի մնա: Ուստի․․․ ճիշտ կլինի, որ թշնամին գա մեր ուզած ուղղությամբ, իսկ մնացողների գոյության մասին չկասկածի: Ինքներդ ընտրեք, թե ով է գալիս ինձ հետ:
Զինվորները մի մարդու նման ցանկություն հայտնեցին գնալ մարտի: Հրամանատարը գոհունակությամբ նայեց նրանց․ ի՜նչ տղերք էին, նրանց ո՜նց կտաներ մարտի, միասին ո՜նց կտրորեին թուրքերի ու մյուս բոլոր թշնամիների անմաքուր, հավաքական քիթը:
- Լավ,- ասաց,- այսպես կանենք,- ով վիրավոր չէ և ի վիճակի է վազելու, կգա ինձ հետ, վիրավորները կմնան այստեղ:- Եթե մարտի բռնվեցինք, կարող է ողջ չմնանք կամ էլ չկարողանանք դուրս գալ: Եթե չգանք, գիտեք, թե ինչ պիտի անեք: Մտեք անձավ, դիմացեք, մինչև ձեր հարազատները որոնեն գտնեն ձեզ: Աստված ձեզ պահապան:
Հրամանատարը շրջվեց դեպի որսորդը՝ վերադարձնելով նրան հեռադիտակը:
- Ինչ հույսով ես տանում, գիտես, որ եթե չբռնվես, վերջը էլի էս կողմ գաս, դրանք էլ կգան,- որսորդի խոսքում նախատինք չկար:
- Իսկ եթե ճեղքենք, կմիանանք մեր տղաներին, որոնց դեռ չեն զինաթափել, իրար օգնական կլինենք, իսկ այս կողմ դրանք արդեն չեն գա:
- Աչքովդ ուզում ես տեսնել, թե ոնց է ռուսը հային զինաթափո՞ւմ…
- Շնորհակալություն,- ասաց հրամանատարը:- Վիրավորներին թողնում եմ քեզ հետ և Աստծո հույսին: Դու շարունակիր բժշկել, Աստված էլ տղերքին ուժ տա, որ դիմանան, հաղթահարեն ու ողջ մնան, մինչև մի դուռ կբացվի, գուցե Կարմիր խաչի հետ մերոնք ավելի շուտ գտնեն ձեզ: Մենք պիտի գնանք: Եթե հանկարծ հաջողվի ճեղքել, ով ողջ մնա, այս տեղը միայն ձեր հարազատներին կասի: Ուրիշ ոչ ոքի:
Գնացողները մոտեցան Հայկին ու որսորդի հորը: Հրաժեշտը սրտառուչ էր, հոգեցունց: Հրամանատարի «բանակը» բաժանվեց երկու մասի: Սկզբում բռունցքը բռուցքին, հետո ձեռքերը բարձր պահած՝ բաց ափերն իրար զարկեցին: Մնացողները մնացին, գնացողները քայլեցին մի շարքով, մեկ մարդու նման․ տեղ-տեղ շոշափելով անցան, տեղ-տեղ կուզեկուզ, միշտ միաշար ու անաղմուկ: Առաջին իսկ պահից, երբ անհրամանատար էին մնացել և ղեկավարությունը՝ ի պաշտոնե ջոկի հրամանատարն էր ստանձնել, ժամկետային, թե կամավոր՝ մեկ տարվա զորացրված, թե այլ, հավաքվել էին նրա շուրջը, դարձել նոր հրամանատարով նոր ջոկատ: Ու երբ պետք էր լինում տղաներին տանել գործողության, հրամանատարն ամեն անգամ, առանց ալարելու, կրկնում էր.
- Աչքներդ չորս արեք, թիկունքը առաջինը տեսեք, ոտքներիդ տակ նայեք, մինչև չտեսնեք, թե ոտքներդ ուր եք դնում, չդնեք, մինչև չլսեք բոլոր ձայները, քայլ չանեք: Մինչև չհամոզվեք, որ շուրջը մաքուր է, առաջ չգնաք: Իրարից չբաժանվեք, իրար չկորցնեք: Միասին ուժ ենք, կարող ենք մարտ ընդունել: Առաջինը զինամթերքն եք հավաքում, հետո նոր՝ ուտելիք: Հասկացա՞ք:
- Այո:
- Ճիշտ այդպես:
Նա սևեռուն նայում էր «Ճիշտ այդպես» ասողին, վերջինս անմիջապես ուղղում էր իր խոսքը և հաստատուն ասում. «Այո»՝ հստակ հայերեն, լիովին հասկանալի և առավելագույնս կարճ:
- Իսկ կարելի՞ է «հա» ասել,- մի անգամ խնդացել էր մի զինվոր և ստացել հատու և հաստատակամ պատասխան:
- Հա՛:
Ո՛չ այդ ժամանակ, ո՛չ երբևէ նման դեպքերում հրամանատարը չէր խնդում, ինչպես զինվորը, թեև տղաների հետ կատակելու առիթը երբեք բաց չէր թողնում և սիրում էր ամեն մեկին մի հատկանշական բառով բնորոշել: Նրա համար հրամանը հրաման էր, գործը՝ հրամանի կատարում: Շատ էր պատահել, որ տղաները դժգոհել էին նրանից կամ նույնիսկ բողոքել, բայց յուրայիններից կտրվելուց և մոլորվելուց հետո՝ ոչ մի անգամ: Նոր հրամանատարը նրանց կյանքն էր, հույսն ու հավատը: Վստահում էին, գիտեին, որ նա իրենց չի լքի, իրենց համար կյանքն էլ չի խնայի և գրեթե փակ աչքերով գնում էին նրա հետևից, թեև նա միշտ ասում էր, որ ճիշտը սեփական աչքերով տեսնել համոզվելն ու ըստ այդմ՝ գործելն է: Տղաներն արդեն հասկացել էին, որ եթե կա փրկություն, ապա հրամանատարը կգտնի: Նա միշտ գնում էր առջևից՝ նախօրոք ասելով․
- Ուզո՞ւմ եք ողջ մնալ, դե ճանաչեք շրջապատը:
Տղաները ոգևորված արձագանքում էին՝ «Ճանաչե՜նք» ու գնում էին նրա հետևից՝ ոչ որպես առանց քննարկելու հրաման կատարող, այլ որպես հարգող և կարգուկանոն պահպանող: Եվ միշտ ազատ արտահայտում էին իրենց մտքինը և խորհրդակցում մեկմեկու հետ: Ընտանիք էին և լավ ընտանիք:
- Բաց դաշտում կռիվ տալ չենք կարող, մեր տեղերը լրիվ բացահայտել չենք կարող,- ասաց կարմիր թշերով տղան:
- Հա՜,- անմիջապես արձագանքեց հրամանատարը,- պիտի ուրիշ բան մտածենք, որ չբռնվենք:
- Էս կողմերում վայրի խոզ կա՞,- հետաքրքրվեց նիհար ու վառվող աչքերով տղան:
- Կարգին էլ ախորժակ ունես,- կատակեց ամրակազմ հումորասերը:
- Չէ, ախորժակը մի կողմ, հողը փորած-ծակածի է նման, ուրիշ ի՞նչ կենդանի կարող էր…
- Ստոպ:- Հրամանատարը անշարժանալու նշան արեց:
Բոլորը հասկացան, թե ինչու կարող էր հողը նկատելի փորված լինել:
- Տղե՛րք,- ասաց հումորասերը, - ինձ թվում է ոտքս ականի վրա եմ դրել, մի բան չրթաց:
- Մեզ միայն դա էր պակասում,- նախատեց կարմրաթուշը:
Բոլորը տեսան, որ իրենց ընկերն արդեն լավածությունից ամբողջովին ծածկվել է սառը քրտինքով, ի՜նչ հումոր, ի՜նչ բան:
- Հասկանում ես, չէ՞, որ եթե ոտքդ քաշես, մենք բոլորդ հօդս կցնդենք,- ասացին վառվող աչքերը՝ ընկերոջը զգաստացնելու, ոչ թե իրենց ապահովության համար:
- Դե հեռու գնացեք,- լուրջ անհանգստացավ հումորասերը:
Տղաները ի նշան անհամաձայնության ծպացրին ու սկսեցին, զենքերն ու բեռները վայր դնել:
- Էդքան չեմ դիմանա,- անկեղծորեն խնդրեց տղան:
- Կդիմանաս, խելոք ես: Եթե նույնիսկ միայն դու պայթես, դեռ այնքան չենք հեռացել, որ կարողանանք փախչել, բոլորս կբռնվենք,- սաստեց հրամանտարը:
Սակրավորը մոտեցավ: Դժվար է ասել, թե ով էր ավելի դողում՝ ոտքն ականի վրա դրած հումորասե՞րը, թե՞ ականը գտնել ու վնասազերծել փորձող սակրավորը:
- Նման չի,- հանգստացած եզրակացրեց սակրավորը:
- Հանգիստ, քեզ թվացել է, իրար այսքան մոտիկ ական չեն դնում,- ասաց հրամանտարը հումորասերին:
- Չշարժվես, տեսնեմ՝ ինչ ական է,- ասաց սակրավորն արդեն լրիվ իրեն տիրապետած և ուղղվեց տեղում, ասես ինքն էր ոտքը ականի վրա դրել:- Ոչ մի շարժում չանեք,- պատվիրեց ընկերներին:
Եվ մի փայտ վերցնելով, զգուշորեն ստուգեց շուրջն ու ոտքերի առաջ եղած հողը, որն էլ նկատելի փորված էր: Բաց տեղերում ձյունը նստած էր միատարր, բարակ շերտով, դժվար էր ասել՝ ձյո՞ւն էր, թե՞ եղյամ, իսկ այդ մասւմ և էլի մի տեղ ոչ շատ հեռվում հող ու խաշամ խառնված էին կամ տրորված, որոնց վրա ոտնահետքեր չէին առանձնանում: Ինչ-որ մեն այդտեղ գործ էր արել: Մի քանի ժամ հետո քամին կամ առավոտյան նստող նոր եղյամը այդ մասերն էլ կծածկեին ու գետինն այլևս համատարած նյույնը կլիներ: Բայց քանի որ տղաներն ականները դնելուց երկար ժամանակ չանցած էին եկել, հետքերը դեռ նկատելի էին: Սակրավորը զգուշորեն մոտեցավ կասկածելի հատվածներից մեկին, որտեղ հող ու խաշամ խառնված էին, հանգիստ զննեց:
- Սյուրպրիզ չի,- ասաց զննումն ավարտելով, ապա հանգիստ մոտեցավ ընկերոջը:- Էս ականներից արդեն պայթած կլինեիր: Կարող ես շարժվել:
- Հեռու գնացեք,- համենայն դեպս պահանջեց հումորասերը:
- Լավ,- ասաց սակրավորն ու հեռացավ, տղաները՝ նույնպես: Բոլորը վստահ էին, որ սակրավորը չի սխալվում:
Տղան զգույշ ոտքը թեքեց ու նայեց կոշիկի տակը, որտեղ ճաք տված ու կիսակոտրված փայտի կտոր կար: Թեթևացած շունչ քաշեց ու պպզեց՝ դեռ չհամարձակվելով ոտքը հեռացնել: Տղաները սկսեցին, իրար հերթ չտալով, բուռն քննարկում ծավալել:
- Շտապ դրած բան է, կարգին չեն էլ քողարկել: Հաստատ նոր են դրել:
- Հաջորդ ականի հավանական տեղը ո՞րը կլինի:
- Երևի անտառից իրենց վրա իջնողների համար են շարել:
- Այսինքն՝ դեպի վերև դրած չեն լինի, այլ սարի փեշին զուգահե՞ռ…
- Երևի: Եթե իրենց վրա հարձակումից պաշտպանվեին՝ այո:
- Լավ, նույն ձևով գնում ենք սակրավորի հետևից: Ինչքան բարձրանանք ականի հավանականությունը կբացառվի: Աչքներդ չորս արեք,- կարգադրեց հրամանատարը:
- Իսկ ինչքա՞ն պիտի հեռանանք, որ կարելի լինի պայթեցնել:- Հարցրեց քիչ առաջ մահն աչքի առաջ տեսած հումորասեր զինվորը:
- Բայց ճիշտ է ասում, գիտե՞ք,- նրա առաջարկությունը հավանեց կարմրաթուշը:
Բոլորը նայեցին սակրավորին:
- Ծանրություն է պետք: Ծառից կախենք, դանդաղ իջնի վրան, պայթի: Մենք հեռու կանգնենք:
- Մաքրելու ժամանակ չունենք, արագ պիտի հեռանանք: Կգան կտեսնեն, որ խափում ենք, գլխի կընկնեն:
- Լավ խի՞ ես էդքան բարդացնում, բարձրանանք, վերևից քար գլորենք: Մինչև գան, մութը կտա: Հը՞:
- Խելքի մոտիկ է: Դե ձեզ տեսնեմ, ամենալավ խաղացողն ո՞վ է ձեզնից,- հարցրեց հրամանտարը:- Ո՞վ է ավելի դիպուկ քար կրակում:
- 5 կիլոից ոչ պակաս,- ճշտեց սակրավորը:
- Լավ, միասին կանենք:
- Իսկ քարերը չե՞ն նկատի:
- Թող նկատեն…
- 5 կիլոն ոտքի տակից չի պոկվի,- պարզաբանեց հրամանտարը:
Բարձրացան այնքան, որ տեղը չկորցնեն ու կարողանան մտածածն անել: Անտառում էին, քարի, այն էլ գոնե հինգ կիլոգրամից ոչ թեթև քարի ընտրությունը մեծ չէր:
- Բերաններդ բացեք, ականջներդ խցկեք, զենքերը պահեք գլխներիդ, դե արդեն գիտեք, էլի՜,- հրահանգեց սակրավորը:
Հրամանատարը ստուգեց բոլորի դիրքերը, ինքն էլ պառկեց ու նույն կերպ փակեց ականջներն ու ավտոմատը դրեց գլխին:
- Բերանները բացեցի՜նք…
Քարը գլորեցին, աչքի տակով նայելով ետևից: Քարը կպավ ինչ-որ փոքր քարի ուղղությունը շեղեց…
- Մնացե՛ք տեղում,- գոռաց հրամանատարը:
Գլորվող քարն իջավ դեպի աջ ու համեմատած մի հարթ տեղում ցնցվեց, պայթյուն առաջացավ, քարը կիսված վերև թռավ ու մասերի բաժանված տարածվեց տարբեր կողմեր: Տղաները վազեցին որքան թույլ էին տալիս ծառերն ու տեղանքի թեքությունը՝ մոռացած, որ պիտի ոտքի տակ նայեն, ուղղությունը՝ իրենց գյուղի սարից հնարավորինս հեռու:
***
Բախումն անխուսափելի էր: Անտառում փակված զինվորները հասցրին դիրքավորվել և մարտ ընդունել, հաջողվեց թշնամուն ետ մղել: Առայժմ զոհ ու վիրավոր չունեին:
- Ապրենք մենք,- ասացին միմյանց:
- Օդից կկրակեն,- նկատեց կարմրաթուշը:
-Չեն կրակի, հրադադար է,- պատասխանեց հրամանատարը:
- Իսկ այս կրակոցնե՞րը:
- Կասեն, որ մենք են հարձակվել: Իսկ խաղաղապահները… ինչպես միշտ: Իրենց որ վարկածը տվյալ պահին հարմար լինի, այն էլ առաջ կբրդեն:
Վիճակը տխուր էր, ոչինչ չէր կարող մխիթարել սարին սեղմված զինվորներին:
- Ո՞վ է իր մոր համարը հիշում կամ հոր,- ասաց հրամանտարը՝ հանելով հին մոդելի բջջային և միացնելով:
Տղաներին ամեն ինչ ավելի քան տարօրինակ թվաց:
- Մոտդ հեռախո՞ս կա…
- Որի մեջ ոչ փող կա, ոչ լիցքավորում,- ասաց տխուր նայելով բջջայինի կարմիր գծիկին, լավ է որ գոնե միացավ:
- Զանգենք մորս, նույն րոպեին հետ կզանգի… Տուր:
- Ում մորն էլ զանգենք, ետ կզանգի, բայց կհասցնի՞ խոսել: Իսկ ո՞վ առաջին իսկ զանգից կպատասխանի: Լիցքավորում չունենք: Կասկածող չկար: Հավաքի,- առանց նայելու տվեց կողքը կանգնածին:- Շուտ արա, գոնե կիմանա, որ ողջ ես:
Տղան հապաղեց՝ իսկ մյուսների մայրե՞րը: Հրամանատարն անմիջապես հասկացավ նրա վարանմունքի պատճառը:
- Ի՞նչ տարբերություն,- ասաց տխուր:
Տղան դողդողացող ձեռքերով հավաքեց մոր համարը, լսեց նրա ձայնը, հասցրեց արտասանել միայն՝
- Մա՞…
- Էլի քիչ չի,- ասաց հրամանտարը՝ հանելով քարտը: Նա հանգած բջջայինը նետեց իրենցից առաջ ու ներքև, իսկ ինքը քայլեց դեպի վերև:
- Գնացինք:
***
Երկրորդ բախումը եղավ հաջորդ օրը, այս անգամ վիճակը ծանր էր, և ամեն ինչից երևում էր, որ ողջ չեն մնալու: Գրեթե այդպես էլ եղավ, որովհետև կորուստը շատ մեծ էր: Ու լռություն տիրեց՝ նման կասկածելի և պայթյունավտանգ այն անդորրին, որին, որպես կանոն, հաջորդում է արհավիրք: Զոհվածներն ավելի շատ էին, քան ողջ մնացածները, որոնք անխոս նայեցին միմյանց, հայացքներում նույն միտքը՝ «Ընկերովի մահը հարսանիք է»: Հաջորդ օրը թշնամին նորից ներքևից կրակ բացեց: Ուժերը խիստ անհավասար էին, որպեսզի ի վիճակի լինեին պատասխանել. ոչ կրակող ունեին, ոչ փամփուշտ: Ուժասպառ մարդու համար զենքն արդեն ավելորդ ծանրություն էր, բայց՝ ոչ զինվորի համար: Սառած, քաղցած ու թուլացած՝ նրանք մտածում էին, որ ձեռնամարտի հնարավորություն ունեն: Դանդաղ քաշվեցին մի կողմ, հրամանատարն ինչ-որ բան էր հղացել, բայց խոսելու ուժ չուներ, որ բացատրեր: Տղաներն էլ հարցնելու ուժ չունեին, գիտեին, որ նա իր զինվորներին երբեք չէր լքի, ուստի ինքնաբերաբար գնում էին նրա հետևից: Հրամանատարը նայեց իրենց թողած հետքերին, պետք էր դրանք խառնել, վերացնել, որ իրենցից հետո նկատելի արահետ չմնա: Որոշ ժամանակ անց կարելի եղավ նորմալ քայլել:
Մինչ ամեն մեկն իր մտքերի, տան ու հարազատի հետ էր, և թվում էր, թե մի ամբողջ հավերժություն է անցել, իրենք էլ բավական հեռացել են դիրքերից, հրամանատարը կանգ առավ, նայեց շուրջն ու զննեց տեղանքը. այդ հատվածում անտառն ավելի խիտ էր և դեպի առաջ գետինը կտրուկ իջնում էր՝ առաջացնելով գոգավորություն, ուր թաքնվելն ավելի հեշտ կլիներ: Իջան ամենահաստ ծառերի մոտ, մեջք մեջքի տված նստեցին ծառերի տակ, լռեցին: Խոսելու հերթն անտառինն էր: Ծառերը շրշում էին, ճյուղից ճյուղ թռչկոտող թռչունների տոտիկներից կամ քամու շարժից ամեն անգամ սառած ձնացող թափում իրենց բներին ապավինած զինվորների գլխին ու կենդանություն տալիս, որոնք արդեն հազիվ էին կարողանում շարժել ծառաբնին հենած գլուխները կամ մարմինները կտրել գետնից, այն էլ՝ բավական ուժ հավաքելուց հետո:
Ներքևից ձայներ լսվեցին, որոնք գնալով ավելի մոտենում և թեքվում էին դեպի մարտական դիրք: Տղաներն ու անտառը անշարժացան, ոչ մի թռչուն, ոչ մի գազան ծպտուն չէր հանում, բնությունը համրացել էր թուրքերի ձայներից ու այն ամենից ինչ նրանք խոսում էին և կարող էին անել: Մեկ երկու զենքի ձայն լսվեց, բոլորը դատարկ էին, որևէ մեկը փամփուշտ ունենար, կկրակեր…
Այս ամբողջ պատերազմի ընթացքում տղաների գլխով անցած ամենաանտանելի փորձությունն էր՝ անզոր, անզենք սպասել, թե ինչ է լինելու, երբ կարող էին բոլորի հարցերը տեղում լուծել, երբ արդեն իրենք ներքևում անօգնական խմբված չէին, իսկ վերևից դավադիր արկեր, անօդաչուներ ու քիմիական անձրևներ չէին թափվում:
Հետզհետե ձայները հեռացան ու այլևս Աստծո ստեղծած ոչ մի արարածի ձայն չէր լսվում: Անտանելի լռություն էր:
***
Որսորդը ժամապահին բացատրում էր, թե ինչով են վիրավորի վերքերը դարմանում, ինչպես են վիրակապում և վիրակապ փոխում: Թե ինչու էր որսորդը որոշել իր մասնագիտական գաղտնիքներն այդտեղ, այդ իրավիճակում և հենց այդ պահին հաղորդել ուրիշի, ժամապահը չգիտեր, բայց իր կամքից անկախ, իր համար էլ անսպասելի, զգում էր, թե ինչպես են աչքի առաջ ուղիղ կանգնած ծառերը վերածվում խոտաբույսերի, խառնվում իրար, տրորվում դառնում դեղորայք ու քսվում վերքերի… Որսորդն էլ, տեսնելով, որ հետաքրքրություն կա, պատմում էր իմացածը: Մոտերքում երկու ձի հայտնվեցին, որոնք հավանաբար հարևան սարից հասնող կրակոցներից էին փախել: Մարդկացից փախել էին ուրիշ մարդկանց մոտ: Որսորդը հասկացավ, որ ձիերը ճիշտ ժամանակին են եկել ու սկսեց սանձի նման մի բան սարքել, անցկացնել ձիերի վզին: Հետո վերցրեց միայն իր որսորդական հրացանը, ստուգեց, փոխեց Հայկի վիրակապերն ու կերակրեց բոլորին, մի բան էլ շանը տար, բայց գամփռը ոչ մի տեղ չէր երևում: Մոտեցավ հորը՝ ճշտելու մեռած մարմինը հնարավորինս անվնաս պահպանելու գաղտնիքը: Ծերունու գլխով շատ բան էր անցել, էլի պատերազմներ, գերություն և կողքը մեռած մարտական ընկերներ էր տեսել: Ինքն էլ, հաշմվել, բայց հրաշքով էր ողջ մնացել:
Որսորդը համբուրեց հոր գլուխը ու նայեց տղաներին: Գրկախառնվեցին: Ժամապահը զգաց, շրջվեց: Որսորդն արդեն ձիերի «սանձերից» բռնած մոտենում էր իրեն:
- Վիրավորներին հանձնում եմ քեզ, զգաս, որ պիտի վիրակապ փոխվի, կփոխես,- ասաց ժամապահին:
- Ե՞ս…- շփոթվեց տղան:
Որսորդը չպատասխանեց, նա ձիերին դանդաղ, հնարավորինս անաղմուկ ուղղորդեց սարի լանջի երկայնքով դեպի մարտական սարը: Ձիերը, որ իսկական նժույգ էին, հլու-հնազանդ քայլեցին որսորդի հետևից: Գամփռի բացակայությունը կասկածելի թվաց՝ ինքը որևէ տեղ գնար և գամփռն իրենից առաջ չընկներ, դեռ չէր պատահել: Որսորդը զենքը ձեռքն առավ ու սկսեց շան հետք փնտրել, նայել այն տեղերը, որտեղ սովորաբար գամփռը սիրում էր նստել ու դարանակալել անտառի թռչուններին: Ոչ մի տեղ չկար: Զգույշ իջավ լանջով ցած և լսեց դեպի վերև վազող կենդանու ձայն: Վստահ էր, որ գամփռն է, հեռադիտակը տարավ աչքերին ու չհասցրեց նայել. իր առաջ կանգնած էր խուճապահար մի գայլ. կրակեց անմիջապես, որսորդի բնազդով ու վարպետությամբ՝ անվրեպ: Կրակոցն արձագանքվեց սարերում և հասավ մարտական դիրք, որը սպասում էր իրեն որոնողներին: Գայլը կաղկանձեց, ոռնաց ու գլորվեց ներքև՝ զարնվելով ծառերի բներին ու թփուտներին: Եղածն եղած էր, այլևս ոչինչ հնարավոր չէր փոխել կամ որևէ բան շտկել: Միակ հուսադրողն այն էր, որ ինքը բավական ցած էր իջել թաքստոցից և կարող էր դեռ հեռանալ դեպի մարտ ընդունած սարը, բայց գամփռը չկար և դա շատ վատ էր… Նա կարող էր իր հետքի վրա բերել: Այդպես էլ եղավ, որսորդի կրակոցը բավական էր, որ գամփռը պոկվեր տեղից ու վազեր դեպի նրա կողմ, կորածներին ու թաքնվողներին որոնողները՝ նույնպես:
- Հա՛յկ, Հա՜յկ…- ներքևից որսորդին կանչեց մի ծանոթ ձայն:
Հետո կանչողները շատացան, որսորդին սկզբում թվաց, թե արձագանքվում է, բայց իր սուր լսողությամբ պարզորոշ զանազանեց տարբեր մարդկանց ձայներ, որոնց մեջ, ավելի շատ կրկնվելով, առանձնանում էր իրեն ծանոթ ձայնը: Կայծակնային արագությամբ որսորդի մտքով տղաներն անցան, բայց նրանք գյուղի կողմերում լինել չէին կարող, իսկ թուրքերն իր անունը չգիտեին, ու մտածեց, որ իրեն ճանաչող ուրիշ մարդ կա: Մի պահ լռություն տիրեց, ապա երբ ծանոթ ձայնը նորից կանչեց, հստակ մտաբերեց իր համագյուղացու ձայնը: Արդեն արագ արձագանքեց ու շտապեց գնալ դեպի ձայնողները: Փնտրողներն էլ իրենց հերթին, ինքնաբերաբար սկսեցին ձայնել իրենց հարազատներին՝ գոռալ նրանց անունները… Անտառը լցվեց հայ տղաների անուններով… Հարազատների միակ հույսը գելխեղդ հայ գամփռն էր, որը կարող էր իրենց ու կրակողի միջև միջնորդ լինել, որովհետև հայի շուն էր: Գամփռը որսորդին հասնելուն պես, ցատկռտեց նրա շուրջը և անմիջապես էլ շտապեց դեպի մարտ ընդունած սարը: Տարածությունը որսորդի համար մեծ չէր, իսկ մտածելու համար ակնթարթ անգամ չուներ: Որսորդը հասկանում էր, որ պիտի գնա շան հետևից, բայց կանչերով մոտեցող ձայներն էլ ասում էին, որ պետք է մոտենա իրենց: Ետ կանչեց շանը: Շունը կանգ առավ ու սկսեց օդը հոտոտել:
***
- Էն աղջկա դրոշ-շորը դեռ հագի՞դ է,- հանկարծ հիշելով իրեն եռագույն զգեստ փաթաթած զինվորին և հստակ գիտակցելով, որ նա զոհվել է՝ ինքն իրեն հարցրեց հրամանտարը: Նրա համար իր բոլոր մարտական ընկերները ողջ էին և իր կարճ տևացող կյանքի հետ էին լինելու՝ թե՛ այս և թե՛ այն աշխարհում:
- Հագիս չի…- երևի կպատասխաներ լուսավոր հոգով այդ սրտոտ տղան, եթե խոսել կարողանար: Հենց այդպես էլ կասեր:- Հրամանատարի աչքերը լցվեցին: Տղայի աչքերն ինքը զոհվելու օրն էր փակել, բայց վստահ էր, որ նրա սիրտն էլ լցվեց կամ կլցվեր, եթե նրա փոխարեն ինքը զոհված լիներ:- Դե լավ՜, հանի,- հրամանատարը ստիպողաբար ընդհատեց ինքն իրեն՝ սևեռուն նայելով առջևն ընկած համեմատաբար ուղիղ ճյուղի կտորին և մտքում ծանրութեթև անելով՝ արդյո՞ք ուժը կպատի վերցնել, և արդյո՞ք այնքան ուժ չկա, որ եռագույն շորն ամրացնի ճյուղին:
Հրամանատարն ու տղաները վերադարձան զոհվածների մոտ: Իրեն եռագույն զգեստ փաթաթած զինվորը լուռ էր ու անարդարությունից քարացել, այլևս հումոր չէր անում, չէր ասում, որ էդ աղջկա զգեստը տաք շոր է ու հայի գործած է: Բացի այդ, ով էլ գործած լինի, իրեն քույր է գալիս կամ սիրած: Տղաներին սիրած տարբերակն էր դուր եկել, որովհետև սիրած բառի տակ շա՜տ բաներ էին հասկանում… Բայց ամեն անգամ ասում էին՝ սիրածիդ շորը, նա էլ պաշտպանվում էր, թե՝ ձեր սիրածի շորը եռագույն չի՞: Եռագույն էր, բա ի՞նչ էր: Եռագույնը տղաների համար և՛ սիրած աղջիկ էր, և՛ քույր, և՛ հայր ու մայր:
Զոհված հումորասերի համազգեստը տեղ-տեղ քրքրվել էր՝ բացելով կրծքավանդակը, սրտից էր խոցված, իսկ հայ գյուղացի կնոջ գործած եռագույն զգեստը, որ փաթաթված էր եղել տղայի իրանին, արձակվել, գալարվել էր զինվորական բաճկոնի մեջ, կուչ եկել ձախ կողքին ընկած նրա թևի տակ ու ներծծել նրա արյունը․ միասին սեղմվել էին մայր հողին: Վերքը բաց էր, գնդակը դուրս էր եկել ժամկետայինի թիկունքից: Ողջ մնացած ծառայակիցներից մեկը զգեստը հանեց նրա թևատակից, մյուսը ճյուղը պահեց, իսկ հրամանատարը եռագույն զգեստի թևերը կապեց ամուր փայտի ծայրին ու ճյուղը ձեռքն առավ: Դրոշը պատրաստ էր, մնում էր «պատվիրակություն կազմեին», որի համար ընտրությունը մեծ չէր: Նախ, դրոշը չիջեցնելով, պառկեցին զոհվածների կողքը և նայեցին սպիտակ ամպերով կապույտ երկնքին: Գործվածքի ծանրությունից եռագույնը կախ էր ընկել, քամի էլ չկար, որ ծածանվելու շանս ունենար: Թուրքերն եկել, համոզվել էին, որ իրենք բոլորը զոհվել են: Այլևս ոչ քաղց էին զգում, ոչ ցուրտ, բայց պետք է որոշեին իրենց անելիքը և կազմակերպեին նաև վիրավորների ու տարեցների փրկության գործը:
***
Անձավի անտառը լցվել էր հայ զինվորների անուններով, թաքստոցում հավաքվածները տարակուսանքով նայեցին մեկմեկու՝ ստուգելու սեփական զգացողությունները. կանչերն ու ձայնարկություններն իրական էին և գնալով մոտենում էին: Տղաները ականջներին չէին հավատում, գիտակցությունը հրաժարվում էր ընդունել, որ ինչ-որ մեկը կարող է կանգներ ու սարն ի վեր բղավեր: Թաքստոցում մնացածների առաջին միտքն այն եղավ, որ գուցե իրենցից անջատված և մյուս անտառում կռված տղանե՞րն են կանչում օգնության: Բայց՝ պատահական անուններ տալո՞վ: Անկասկած ինչ-որ բան այն չէր: Սկզբում լսվեց տարիքով տղամարդու անծանոթ ձայն, որն իրենց անթև ընկերոջն էր կանչում՝ ստիպելով արագ դիրքավորվել: Հետո էլ կասկածելի և բազմաթիվ ձայներ էին սկսել ներքևից վերև «Հայկ» բղավել, իսկ ավելի ուշ Հայկը դարձավ Դավիթ, Դավիթը՝ Արման, Արամ, Արգամ, Արսեն, Արթուր, Արեգ, Արազ, Արմեն, և անտառը լցվեց հայ տղաների անուններով: Փաստ էր, որ իրենց տեղը իմացող կար և իրենց էին փնտրում և ակնհայտ էր, թե փնտրողները չգիտեն, թե վերևում ովքեր կան ու հույսով լի կանչում էին իրենց հարազատներին: Հասկացան, որ պետք է պատասխանեն, բայց դեռ հապաղում էին, շատ դեպքեր էին եղել, որ թուրքերը հայերեն խոսելով խաբել էին հայերին: Ուստի, առանց արձագանքելու, արագ քողարկեցին անձավի մուտքը, կանգնեցին որսորդի հոր ու Հայկի առաջ և զենքերը պատրաստ պահած՝ սպասեցին մոտեցող ձայներին: Առջևից գալիս էին որսորդը և նրա համագյուղացին:
- Լավ որ ձայն տվիր,- ասում էր որսորդը,- թե չէ…
- Երկու օր առաջ զանգեցին հարցրին՝ եթե ողջ ես, որտեղ կարող է լինես, ասի՝ էդ տեղերը կարալ չեք ճարի, ծնողներն էլ խնդրեցին, եկա, որ շանց տամ…- բացատրեց համագյուղացին:
Նրանցից հետո քաղաքացիական հագուստներով տարբեր տարիքի ուրիշ հայ տղամարդիկ երևացին:
- Մեզ են փնտրում,- վերջապես համոզվեցին տղաները և իջեցրին զենքերը:
Այլևս կարևոր չէր, թե փնտրողներն ում հայրն ու եղբայրը, հորեղբայրն ու մորեղբայրն էին, իսկ զինվորներն ում որդիները, տղամարդիկ ողջ մնացած հայ զինվոր էին գտել ու ցնծությունից արտասվում էին:
- Կարմիր խաչի հետ են եկել, աղջիկս է դիմել Կարմիր խաչին, ինձ ու հորս էին փնտրում,- տղաներին մոտենալով՝ բացատրեց որսորդը, որի անունը նույնպես Հայկ էր, ինչպես որ այլևս կռներ չունեցող զինվորինը:- Իրենք էլ լրագրող են, հայ մարդիկ են՝ կորած զինվորի ծնող ու հարազատ են: Ասել եմ, որ չեք հանձնվելու, կկռվեք, եկել են ձեզ համոզեն, որ զենքը վայր դնեք, իջնենք:
Որոնողների մեջ, որպես պաշտոնական կողմ, երկու հոգի Կարմիր խաչից էին, մի ռուս գնդապետ կար, մի հոգի էլ՝ թուրք մայոր:
- Հայաստանի՞ց եք,- հարցրին դեռ ներքևից:
Տղաները հապաղում էին շփվել նրանց հետ:
- Իսկ մեր տղաներից լուր կա՞,- հարցրին որսորդին:
- Ասում են՝ բոլորը զոհվել են: Գնանք միասին հանենք:
Լռություն տիրեց:
- Մենք պիտի խորհրդակցենք,- հայտարարեցին հայ զինվորները վերևից:
Տեսախցիկը առաջ եկավ, մյուսները մի քիչ ետ մնացին: Զինվորները հավաքվեցին իրար գլխի, ինչքան որ թույլ տվեցին տեղանքի թեքությունն ու ծառերը՝ ուս ուսի շրջան կազմեցին. քննարկելու բան չկար, վիրավորներ ունեին, որոնց շուտափույթ բժշկական օգնություն էր պետք, զոհվածների մասին էին իմացել, որոնց իրենք պիտի հանեին: Տղաներն անխոս հասկացան միմյանց: Հայկն ու որսորդի հայրը մնացել էին տղաների կազմած շրջանի մեջ: Հայկը շշնջաց, որ ճանաչել է իր հոր ձայնը: Որսորդը մոտեցավ հորը, ծնողներից կամ ազգականներից ամեն մեկը հույսով ու առ Աստված աղերսանքով սպասում էր, որ էդ ուս-ուս գրկված զինվորներից մեկը իր որդին կամ զարմիկը լինի:
- Տեսախցիկի առջևով անցնենք, ներկայանանք Կարմիր խաչին,- որոշեցին տղաները և պայմանավորվեցին, որ առայժմ ոչ ոքի չեն վստահում:
Առաջինը որսորդի հորը իջեցրին: Հետո Հայկը դանդաղ դուրս եկավ տղաների միջից ու ինքնուրույն քայլեց դեպի հավաքվածները: Ներքևից բոլորի հայացքներն ուղվեցին նրան, հայրն ու եղբայրը մոտեցան: Իրենց տեսածից խիստ հուզված՝ հայրը դողահար ծնկի իջավ որդու առաջ, գլուխը հենեց նրա ոտքերին, եղբայրը կանգնեց թիկունքում:
- Ներիր, որդիս, որ ուշ գտա քեզ,- ասաց հայրն արտասվելով: Պատերազմի ժամանակ, հենց քեզ հետ կապը կորցրինք, եղբորդ հետ ուրիշ կորածների հարազատներից ջոկատ հավաքեցինք, որ կռիվ գանք, բայց խելքը գլխին մեկին չգտանք, որ իմանայինք, թե ուր գնանք, ինչ անենք, որտեղ կռվենք, ձեզ ոնց գտնենք: Քո հրամանատարին խփել էին, վիրավոր էր, ձեր զորամաս գնացինք… Ոչ մի արդյունք: Զորամասի հրամանատարն աչքերը գցեց հատակին ու ոչ մի բառ չասաց:
Եղբայրը գրկեց եղբորը, և լուռ արտասվելով՝ ընտանիքը նույնպես ցած իջավ: Մյուս զինվորները հետևեցին նրանց: Ռուս խաղաղապահները պահանջեցին, որ հայ զինվորները հանձնեն զենքերը: Տղաների սրտից արյուն էր կաթում, բայց հանձնեցին, մինչև վերջին փամփուշտը: Անտանելի էր ռուս և ադրբեջանցի սպաների ներկայությունը և այն տոնը, որով նրանք խոսում էին փրկվող հայ զինվորների հետ նրանց ազգականների ներկայությամբ: Ուրիշ պայմաններում խոսակցությունն այլ ընթացք կստանար, իսկ հիմա տղաները միայն ասացին.
- Բարև ձեզ, մենք Հայաստանից ենք: Զինվոր ենք և երեք գյուղացի: Բոլորս էլ վիրավոր ենք:
***
Հաջորդիվ որոնողները և փրկված զինվորները գնացին, մարտական գործողությունների սարը՝ կռիվ տված տղաների դիրք, որի տեղը թուրքերն ավելի ստույգ գիտեին և ափսոսում էին, որ վերևինների հրամանով ստիպված հայերի զոհվածներին ձեռք չէին տվել, որպեսզի Կարմիր խաչին ապացուցեն, թե սուտ են զոհվածների և ողջերի հանդեպ իրենց արած գլխատումների, մասնատումների և այլ գազանությունների մասին տարածվող բոլոր լուրերն ու տեսանյութերը: Եվ որպեսզի ցույց տան, թե իբր ինչ մաքուր մարտեր են մղում իրենք, բոլորին թողել էին այն դիրքում, ինչ դիրքում, որ զոհվել էին, բայց, իհարկե՝ առանց զենքի: Զենքերը հավաքել էին: Լռելով հայերի նկատմամբ իրենց բացարձակ առավելությունների պայմաններում ավելի շատ զոհ տալու մասին՝ իրենց վերադասին արդեն զեկուցվել էր, որ թեև հայերին գերի վերցնել չի հաջողվել, ինչպես պահանջվել էր, այնուամենայնիվ, մարտական գործողություններն ավարտվել էին իրենց հաղթանակով և անտառներում մնացած բոլոր հայերի ոչնչացմամբ: Զեկուցվել էր նաև, ըստ հրամանի, դիակներին չդիպչելու մասին:
Որսորդը և տղաները նկատեցին, որ հրամանատարն ու որոշ զինվորներ չկային: Գամփռը անհանգիստ ինչ-որ բան էր որոնում՝ մեկ առ մեկ մոտենալով բոլորին ու ամեն մեկի մոտ կարճ ու տխուր վնգստոց արձակում: Որսորդը նայեց շուրջը և բոլորից աննկատ գնաց դարավանդի ուղղությամբ: Շունը շտապեց առաջ անցնել, իսկ երբ մի քիչ գնալուց հետո առջևում ճյուղից կախ ընկած զգեստ երևաց, երկուսն էլ ուրախացան. որսորդը՝ սովորության համաձայն զսպելով իր պոռթկումները, շունը, սովորության համաձայն, հաջողության առթիվ հաչելով: Ճյուղը դեպի իրենց էր գալիս՝ ցնցելով և աջ ու ձախ տարուբերելով եռագույնը:
***
Մեծ եղավ ադրբեջանցի հրամանատարի հաջորդ ապշահարությունը և սարսափը, երբ նա դարձյալ ողջ մնացած և զինված հայերի տեսավ՝ ձեռքներին Եռագույն դրոշ: Զենքը դեռ հոգ չէր, բայց Եռագույնը… Նա, որ ակնկալում էր բարձր խրախուսանք ու պարգև և արդեն վստահ էր, որ կոչումն ու մեդալը գրպանում են, նա որ անձամբ էր ղեկավարել հայերի դեմ մարտը և անձամբ էր ստուգել, համոզվել, որ գոնե այդ դիրքում բոլորը զոհված են, մեկ անգամ ևս հայերից մահացու անակնկալ ստացավ: Ռուս գնդապետի հետ եկած ադրբեջանցի մայորը հայացքով ոչնչացնում էր իրեն՝ հասկացնելով, որ չի մարսելու և իր վերջն է գալիս:
Որսորդը, հրամանատարն ու ողջ մնացած զինվորները մոտենում էին նրանց:
- Դու էդ դրոշին նայի, էս ի՞նչ բան է,- զայրացավ ադրբեջանցի մայորը՝ անհասկանալիորեն իր վրդովմունքն ուղղելով դեպի ռուս գնդապետը:
- Դրոշ չի: Լաթի կտոր է, ի՞նչ ես իրար խառնվել,- տեսարանը, տղաներին ու տեղանքն ուշադիր զննելուց հետո շշնջաց ռուս սպան: Ապա հակադարձեց,- ասում էիք՝ բոլորը մեռած են:
- Հա՜… ըը՜, ո՞չ,- տարաբնույթ զգացողություններ ծոր տալով՝ մեկ անգամ ևս կաթվածահար եղավ ադրբեջանցի սպան:
Մինչ ռուս ու թուրք հրաման կատարում, հրճվում էին, մարտ ընդունած և ողջ մնացած հայ զինվորականները ներկայացան Կարմիր խաչի ներկայացուցիչներին և միացան իրենց մարտական ընկերներին: Նրանք այն աստիճան էին ցրտահարվել, որ զոհվածներից առանձնապես չէին տարբերվում: Դժվար է նկարագրել, թե որ ցավն էր ավելի սաստիկ՝ ցրտահարությա՞ն, թե՞ հայոց հողի վրա թշնամիների ոտքերը և հրամայելը: Հայ զինվորներն ատամները սեղմած, մաղձը սրտներում, արցունքների միջից գրկեցին ու շալակեցին իրենց զոհված ընկերների մարմինները, տեղավորեցին երեք նժույգների վրա, որոնք պատիվ կբերեին ցանկացած կրկեսի կամ ձիարշավարանի. մեկը որսորդինն էր, երկուսն էլ իրենք իրենց ոտքով էին եկել տղաների մոտ: Հայոց Արցախն իրար մեջ կիսած ռուսն ու ադրբեջանցին դեռ սակարկում էին:
- Այստեղ հայկական բանակ չկա, իսկ սրանք Ղարաբաղում բարձրացնում են Հայաստանի դրո՞շ, ցա՛ծ իջեցրեք դրանց, Հայաստանը կողմ չի, Հայաստանը ագրեսոր է,- ասում էր ադրբեջանցին:
- Ինչի՞ կողմ չի: Ստորագրելո՞ւ, թե՞ կռվելու… Դուք եք հարձակվել, սա իրենց հողն է,- սաստեց ռուս խաղաղապահը: Ապա շրջվեց դեպի հայ զինվորները,- Նե պալոժենո, չի թույլատրվում:
- «Թույլատրվում է. մենք՝ մեր դրոշը, իսկ դուք խաղաղություն պահպանեք, որ չկրակենք իրար վրա, ոչ թե…»,- մտքում ասաց դրոշակը պինդ բռնած հրամանատարը՝ առերես ձևացնելով, թե իբր ռուսերեն չգիտի և չի հասկանում խաղաղապահի պահանջը:
- Սառել է ձեռքերի մեջ, չի պոկվում,- պատճառաբանեց կարմրաթուշ հայ զինվորը:
- Ես կանեմ այն, ինչ ինձ կարգադրեն,- նեղսրտված ասաց ռուսը ադրբեջանցուն, իսկ հայերին հրամայեց հանձնել զենքերը:
- Խաղաղապա՜հ,- քրթմնջացին զինվորները միմյանց:- Եղունգ ունե՞ս՝ գլուխդ քորիր, ախպեր:
- Ճիշտ էիր ասում, իմ աչքով եմ տեսնում,- որսորդին խոստովանեց հրամանատարը ու զենքը դրեց գետնին:- Դու վիրավորներին ու հորդ տիրություն արա, մենք տղերքին բերենք, մյուսների տեղերը ցույց տանք ու բոլորին հանենք:
Հրամանատարի օրինակով զինվորներն էլ հանձնեցին զենքերը և կրկին նայեցին նրան:
- Առանց փամփուշտ ավելի լավ զենքեր կան։ Դուք աչքներդ դրոշի վրա պահեք,- եղավ հրամանը:Начало формы
Որսորդն իր կյանքում ավելի շատ կենդանիների ու գազանների հետ էր շփվել, քան մարդկանց: Ու հիմա չգիտեր իր անելիքը, չգիտեր, թե ով է թշնամի, ով բարեկամ, ով թշնամի բարեկամ, ով թշնամու բարեկամ… Բայց կար մի մարդ, որի հրամանատարության տակ կուզեր լինել իրենց գյուղն ու հայոց մյուս հողերը ազատագրելիս:
Հունվարի 14, 2021 թ., Երևան