Անահիտ Արփեն
Պայմանավորվել էին վաղուց: Քանիցս հավաստիացվել էր, որ գործն արդեն արված է: Վերջին մանրամասները ճշտելու համար նրանք գնացին հանդիպման ղեկավարությունն ստանձնած պաշտոնյայի մոտ: Պաշտոնյան նրանց ընդունեց ավելի քան սրտաբաց ու ջերմ` մտերմության բարձրագույն զեղումներով: Սակայն խոստացված գործի առնչությամբ սպասված որոշակիությունը չկար: Ավելին` ոչինչ էլ արված չէր: Դիմողները հասկացան, որ ինչ-որ հարցում թերացել են: Բայց ինչու՞մ: Պատշաճ վերաբերմու՞նքը չէին ապահովել: Թե՞ մի ուրիշ պատճառ կար: Պարզելու ժամանակը չէր` հանդիպումն արդեն նշանակված էր և պետք է առավոտյան տեղի ունենար: Այլևս անիմաստ էր նոր քննարկում սկսելը: Չարտահայտվեցին: Բաժանվեցին` յուրաքանչյուրն իր զգացողության ու մտքերի հետ: Մեկը շտապեց հրավիրվածների հարցը կարգավորելու, իսկ մյուսը, անորոշության մեջ մտմտալով, մոլոր քայլերն ուղղեց դեպի աշխատավայր: Թեև նախօրոք էր վստահեցրել, որ ինքը անմիջական մասնակցություն չի կարող ունենալ, այնուամենայնիվ, ընկերոջ առաջ իրեն պատասխանատու էր զգում այդ հանդիպման կայացման համար, ուստի մտովի պարտավորվեց արդարացնել իր միջնորդությունը և որոշեց` ինչ անակնկալներ էլ լինեն առջևում, գործն ավարտի հասցնել:
Հասավ աշխատասենյակ, մի պահ կանգնեց դռների մեջ. հայացքը սահեցրեց սենյակի անկյունից դեպի աղմկող փողոցի վրա կախված պատուհանը և ներս մտավ, դուռը ծածկեց: Մի քիչ անվճռական մոտեցավ համակարգիչին: Դանդաղ միացրեց: Զգույշ մոտեցրեց մկնիկն ու մաքուր էջ բացեց: Մի երկու տող գրել-ջնջելուց հետո գտավ արտահայտվելու որոշակի ոճ և սկսեց գրել ընդհանուր ուղերձներն ու նշել հրավիրվածներից յուրաքանչյուրին վերբերվող անելիքները: Բավարարվելով եղածով` մտածեց, որ եթե կարիք լինի, ուղերձները կհրապարակի և իր նկատառումները կարտահայտի: Լուսացրեց աշխատասեղանի առաջ:
Միայն հագուստը փոխելու համար հասցրեց տուն մտնել: Կնոջն համբուրեց, երեխաներին պատվիրեց մայրիկին չբարկացնել, իրար չնեղացնել, անկարգություն չանել ու այնպես դուրս թռավ սանդղահարթակ, որ, չհասցնելով նկատել իրենց դռան մոտով անցնող ինչ-որ մեկին, կոպիտ բախվեց նրան, տրորեց ոտք ու ձեռք, ներողություն ասելով ու թղթերը պայուսակի մեջ դասավորելով` աստիճանասալերով ներքև սլացավ: Մոտակա վարսավիրանոցում մազերը հապճեպ հարդարել տվեց ու իրար վրա բերելով վերարկուի եզրերը` կանգնեց մայթեզրին: Չուշանալու միակ հույսը տաքսի գտնելն էր:
Ցեխաջուր ցայտեցնելով փողոցում` մի երկու մեքենա անցան, նա ակամա ետ քաշվեց: Ու անմիջապես հոգնածություն զգաց, որի տակից գլուխ էր բարձրացնում ոչ մի տեղ չգնալու, ոչինչ չանելու դավադիր ցանկությունը: Երթուղային տաքսի կանգնեց, որի վարորդը հայացքն հառել էր ուղիղ իրեն: Ինքնաբերաբար բացեց դուռը, հետո ետ թեքվեց, համարին նայեց: Հարմար էր: Վարորդը սպասում էր: Նստեց: Հայացք գցեց վարորդի դեմքին (ասես ուզում էր ասել` նստեցի, դե քշիր) ու կողքերը նայեց: Նոր ուղևորներ չկային, բայց մեքենան չէր շտապում տեղից շարժվել: Հենց ուզեց իջնի, մեքենան տեղից կտրուկ պոկվեց ու սլացավ:
Չուշացավ:
Բանակցություների սրահում դեռ ոչ ոք չկար: Նստեց առաջին իսկ պատահած աթոռին` մտածելով, որ կխոսի միայն այն դեպքում, երբ իրեն հարց կուղղեն: Բոլորը, կարծես խոսքները մեկ արած, միասին սրահ մտան, տեղավորվեցին ով որտեղ պատահի: Ղեկավարողը չկար: Նախնական ծանոթություն-զրույցն անցավ: Ղեկավարողը դեռ չէր երևում: Մարդկանց մեջ շշուկներ սկսվեցին, որ սպառնում էին ձախողել հանդիպումը: Ղեկավարողը չէր շտապում հայտնվել:
Այլևս չէր կարելի ձգձգել, և նա ակամա ստանձնեց հավաքույթը վարելու գործը` մինչև ղեկավարողը ուր որ է կերևար: Փորձի պակասությունն ու պատրաստված չլինելը պատճառ եղան արարողության տարերային ընթացքին, սակայն շուտով բազմությունն իր տրամադրությունը թելադրեց, և հանդիպման հոսքն իր հունը գտավ, իր կանոնները պարտադրեց բոլորին: Քիչ անց ղեկավարողը հայտնվեց: Իր խոսքն ասաց ու նորից անհետացավ, մինչդեռ պետք է ուղղորդեր անհրաժեշտ լծակները և հսկեր գործի ճիշտ ընթացքը: Ղեկավարողի չղեկավարող պահվածքից, որն անշուշտ իր նպատակն էր հետապնդում, նա իրեն փորձարարական շնիկ զգաց, որին լաբորատոր հերթական զննմանն էին ենթարկում: Առերես, թե գողունի հետևելով իր վարքագծին` ղեկավարողն ու նրա քարտուղարը առաջին անգամ չէին իրեն մշակում: Նա նոր չէր հասկացել դա, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ նկատեց, որ քարտուղարը հավաքվածների միջից կամացուկ անցավ ակվարիումի հետևը և, ասես մանրադիտակի ապակու վրայից, սկսեց հետևել իր վարքագծին, նա շարունակեց փորձարկվել, չդադարեցրեց հանդիպումը` չնայած առերևույթ սահուն զարգացող իրադրության մեջ աննկատելիորեն առաջացել ու բոլորի գլխավերևում կախվել էր թերասածության ու չհասկացվածության գաղջ շունչը: Նա զգում էր հավաքույթին այնքան խիստ անհրաժեշտ կենսական հատիկի պակասությունը, տեսնում էր, որ ելույթները բաժակաճառի են նմանվում, իսկ բանակցությունները` ականջափսփսոցի, որոնց տակ մշտապես թաքցվում են էականն ու նպատակայինը, բայց նախօրոք չկանոնակարգված գործողություններն ակամա ստիպում էին ընթանալ արդեն բացված հունով, մանավանդ որ առկա էր համընդհանուր բարձր տրամադրություն ու բարի կամքի ինքնաբուխ դրսևորում:
Ակամա «կոորդինատորին» մնում էր սահանքներով հասնել արարողության ավարտին:
Հասավ: Ու փակվեց իր մեջ:
Հավաքվածները գոհ էին բանակցությունների արդյունքից: Դուրս եկան բաժակ բարձրացնելու, մաղթանքներ ասելու և ոչ պաշտոնական ձեռքսեղմումներ իրականացնելու: Նա նայեց շուրջը. բոլորն իրենց լավ էին զգում, ամեն ինչ կարգին էր: Արդեն կարելի էր հեռանալ: Բայց, չգիտես ինչու, կանգնել ու չէր գիտակցում իր անելիքը:
Գինու բաժակն ինքնաբերաբար տարավ շուրթերին: Ըմպեց: Հետո` էլի: Մի կում ևս: Մտերմիկ զրույցը թեժանում էր: Չմոտեցավ:
Բառե՛ր, բառե՛ր, բառե՜ր: Դրանք խցանել էին նրա ականջներն ու սպառնում էին թուլացնել զգոնության վերջին փշրանքները: Անքուն անցկացրած գիշերն էլ էր իրեն զգացնել տալիս: Անդուր համ զգաց բերանում: Օդը միանգամից սպառվեց: Վատ էր զգում:
Չմոտեցավ: Ոչինչ չասաց: Ասելիք չկար: Ոչինչ չհարցրեց: Հարցնելու բան չկար:
Ոչինչ չհարցրեց, որովհետև գիտեր, որ պատասխան կգտնվի: Եվ անպայման շատ սպառիչ ու հենց այն բառերով, որ ինքը կուզենար լսել: Այն բառերով, որոնց միայն իր նմանի ականջներն են ծարավում: Ոչինչ չհարցրեց: Որովհետև հարց չկար: Ամեն ինչ պարզ էր: Խաղացողը խաղում էր, մտածողը մտածում, սարքողը նորից շինում, քանդողը սպասում: Պղտորողը միշտ պղտորելու էր, և այդ պղտոր խաղարկումն էլ գոյատևելու շատ հին ու փորձված ձև էր: Բաժանում են, որ տիրեն, ճնշում, որ նվաճեն: Կոտրում` ոչնչացնելու այն ուժը, որը խանգարում է կամ ուղղակի պետք չէ, չի համապատասխանում «Ինձ հետ չես` իմ դեմ ես» ճղճիմ սկզբունքին:
Տխրեց:
Նայեց ղեկավարողի երջանիկ ձևացող դեմքին: Ագրեսիան միշտ անթաքույց դրսևորվում էր նրա բոլոր շարժումներում, հատկապես այն փառահեղ ու սրտաորս ժպիտում, որն այնքան շռայլորեն բաշխվում էր աջ ու ձախ, ձեռքի կտրուկ շարժման մեջ, որով վերցնում, դնում կամ իրեն էր հարմարեցնում ինչ-որ իր: Այդ հանդիպման առնչությամբ ինչքան շատ ժպտաց ղեկավարողը, այնքան համոզեց, որ ինչ-որ բան հաստատ սրտով չի:
Ինչևէ: Բանակցությունները բարեհաջող ելք էին ունեցել, մանրամասներն այլևս երկրորդական էին, դրանց մանրախնդիր շահարկումը փոքրոգություն կլիներ: Նա իր պարտքն արած համարեց: Ու… տխրեց: Թեև ենթագիտակցությունը հուշում էր, որ ամեն ինչ այդպես էլ լինելու է: Թեև գիտեր, որ ականջների խցանումից մի օր փակվելու էր մաքուր օդի հոսքը դեպի գլուխը, և այդ անմեղ ականջների նույնքան անմեղ պարունակությունը վաղ թե ուշ հոգնեցնելու էր իր այնքան չարչրկված հոգին, որն, անկարող դիմանալու հեղձուկի ճնշմանը, արդեն անզգայացնում էր մարմինը: Բջիջ առ բջիջ: Գլուխը սառչում էր` պաղածությունը փոխանցելով մարմնի մյուս հատվածներին: Ոտքերը բոլորովին չէր զգում: Ուրիշ տարածականություն էր ընկնում: Քիչ էլ և կընկղմվեր անգիտության մեջ ու կտապալվեր բազմության ոտքերի տակ:
Սթափվեց ձեռքին մնացած բաժակի ցնցումից: Իր մտերիմներից մեկն էր: Իր որպիսությունն էր հարցնում ու ջերմ խոսքեր ասում: Փոխադարձ ջերմություն զգաց: Ժպտաց: Խոստացավ զանգել: Որոշեց մի օր իրոք հանդիպել այդ մարդուն, որը միշտ անշահախնդիր ու անկեղծ էր եղել իր հանդեպ: Րոպեները ձգվեցին, դարձան ժամեր և շարունակվելու էին օրեր, տարիներ` մինչև վերջ: Մինչև ճնշման վերջին կաթիլը…
Դուրս գնաց: Օրը մռայլվել էր, երևի անձրևելու միտք ուներ: Չշտապեց մեքենա նստել: Քայլեց դեպի տուն` հուսալով, որ մինչև ընտանիքին հասնելը մի պատահական քամի կփչի կամ անձրևի մի երկու կաթիլ կիջնեն` սրբել-լվանալու իր ականջախեցիներին նստածը ճիշտ այնքան, որքան որ իրենը չի: