Անահիտ Արփեն
- Խը՜շշ…Չը՜ռռռ…- անդադար լսվում էր բացվող-փակվող ծորակի ձայնը:
- Չըխկ…Չըրըխկ…- բակում երևի նարդի էին խաղում:
Ջրի ու զառերի ձայները ծակում էին ուղեղս, ինչ-որ ճղճիմ երգասացության կլկլոց համառորեն խցկվում էր ականջներս, պակասն էլ արևն էր լրացնում` ճանկռտելով դեմքս: Կես քուն, կես արթուն շուռումուռ էի գալիս անկողնում, գլուխս այնպես էր ծանրացել, որ չէի կարողանում բարձրացնել` բարձից պոկել, իսկ կոպերս չէին բացվում ու չէին բացվում: Ինձ միայն երկուսուկես տարեկան մի արարած կարող էր սթափեցնել, որը քնած էր կողքիս մահճակալին, բայց նրա ձայնը դեռ չէր լսվում, և ես աղմուկների, շոգի ու քրտնածության մղձավանջի մեջ էի:
Ի վերջո երեխայի թնկթնկոցը ակնթարթորեն թռցրեց ինձ տեղիցս:
- Արի,- ձեռքերս մեկնեցի գանձիս, բայց նա աչքերը փակ տզում էր:
- Տակս եմ անուու՜մ:
Գրկեցի, նստեցրի գիշերանոթին, ու երկուսս էլ խաղաղվեցինք, բայց դեռ քնաթաթախ էինք: Աղջիկս անցավ իր գործին, իսկ ես պատուհանից դուրս նայեցի:
Մեզ հյուընկալած շենքի բակն ասես թոնիր լիներ` շրջապատված իր պռնկին տաքացող, զրույց անող շենքերով: Զրույցի թեման բազմաբնույթ ձայնարկությունների միաձույլ հոսքն էր, որ իր վաղեմի հունով շարունակվում էր` լեյտմոտիվ ունենալով ջրի խշշոցն ու գործողությունների կենտրոն կեռքիթ ծորակը, որն ամենայն պատասխանատվությամբ ընդունում-ճանապարհում էր ջրի բերված ամաններին: Դրանց մեջ թափվող ցայտուքները զրնգուն էին, իսկ հուժկու խուժող շիթերը` զուսպ ու առնական: Ծանոթ դույլերն ու տաշտակներն իրենց տնավարի էին պահում, իսկ ջրի տարերքն ամփոփելու համար դեռ անփորձ շշերը ճգնում էին անբռնազբոսիկ կեցվածք ընդունել, թեև յուրային դառնալ չէին կարող: Միևնույն է, ծորակը հանդուրժում էր այդ անգերդաստան թափառականներին, իր անմահական ջրից դրանց նեղլիկ վզերն էլ էին բաժին ստանում: Իսկ երբ ծորակին խողովակ էին միացնում, մեղքս գալիս էր՝ նմանվում էր երակից արյուն տվողի: Դե, ինչ արած, բոլորին է ջուրը կենսականորեն անհրաժեշտ. բակում ու պատշգամբների տակ աճեցված բանջարեղենին ու նախկին ավտոտնակների նոր բնակիչ ընտանի կենդանիներին ջուր էր պետք: Տերերը խնամում էին, մաքրում, ջրում և բարձրահարկ շենքերի քաղաքային կերպարը հագեցնում հողագործության ու անասնապահության գյուղական կենցաղով: Այնպես որ, աքլորականչը, մկկոցներն ու բառաչները զարթուցիչից առաջ էին ընկնում:
Երկու խոզուկներ ավտոտնակ-բնից դուրս էին պրծել ու դեսուդեն էին վազվզում. հենց տեսան` տերը կեր է լցնում մսուրի մեջ, մռթմռթալով վերադարձան, իրար չզիջելով, կլորիկ պոչերը վեր ցցած` սկսեցին լափել: Իսկ կամակոր այծիկները հանգիստ սպասում էին` տիրուհին կթի-վերջացնի: Փրփրոտ կաթը քիչ-քիչ լցվում, բարձրանում էր մինչև դույլի շուրթերը: Ոչխարները անտարբեր մայում էին:
Տոթ էր: Շեկ կովը տխուր նստած էր` ոտքը վնասվել էր: Խեղճը լուռ թարթում էր գեղեցիկ աչքերը ու մտրականման պոչով քշում ուղիղ աչքը մտնող աներես ճանճերին: Նկատեց, որ տիրոջ ձեռքը վերցրեց շրջված դույլը, նայեց նրա հետևից: Ծարավ էր: Մի դույլ ջուրը կթեթևացներ հիվանդ անասունի վիճակը:
Տերը գնաց ծորակի կողմը: Ծորակի մոտեցող ամեն մի դույլ մի նոր ծարավ է: Անգամ իրար ականջի թեքված շենքերն էին ծարավ. երկրաշարժից կիսաքանդ պատեր` տեղ-տեղ թափված ծեփերով, անտեր մնացած պատուհաններ` ջարդոտված ապակիներով, մրոտված պատշգամբներ` դուրս ցցված ծխնելույզ-խողովակներով:
Անտառը մոտիկ էր, ցախը` շատ, փայտի վառարաններով եփել-թափելը` անվճար: Հետզհետե ճաղատացող անտառի ծառաբները գերանանման ծխասյուներ դարձած օդ էին համբարձվում ժանգոտ խողովակներից դեպի ծովի նման իրենց խորհրդավոր խորքերը քաշող կապտականաչավուն, մշուշապատ լանջերը, որտեղից սկիզբ էր առնում ծորակի անհատնում ավիշը:
Առավոտից իրիկուն ջրի տվայտանքները հավասարակշռում էին այդ թոնրակենցաղ բակի քաոսը` իրենց գլխին ծանրացնելով օրվա ստույգ ու ոչ ստույգ բոլոր լուրերի ու գունազարդված ասեկոսեների տարափը:
- Երեկ էլի տեսա. քիթ քթի խոսում էին:
- Ի՞նչ անեմ:
Դույլերը չդրած` հաղորդակցվեցին հարևանուհիները:
- Ո՞նց թե՝ ինչ անես… Կտանի ձեռիցդ, աչքերդ բաց կմնան։
- Չի տանի՝ ոչ առաջինն է, ոչ էլ,- հոգոց հանեց ընկերուհին,- վերջինը։
- Լավ, բա չե՞ս ասում…
- Ասում եմ։
- Է՞…
- «Լավ եմ անում,-ասում է։- Դուրդ չի գալի, գնա հորդ տուն»։
- Էդ ի՞նչ եք տըհենց տաք-տաք զրից անըմ, ջուրը ելել գետնովը գընըմ ա, չեք էլ տենըմ ։ Բարով։ - Մի շնչով վրա տվեց երրորդ հարևանուհին՝ մոտենալով ու տեղավորվելով նրանց միջև։
- Բարև։
Անհավատարիմ ամուսնու կինը գլուխը խոնարհեց՝ ծորակի տակից վերցնելով ջրով լի դույլը։
- Քանի՞ բանկա եղավ։ - Հետաքրքրասեր հարևանուհին այս անգամ էլ նորեկի ընտանեկան բոստանը խուժեց՝ նրա դույլը տեղավորելով ծորակի տակ։
- Հեե՜չ։ Տասներեք հատ կիլանոց, մի քանի հատ էլ երկու կիլանոց։ - Թափը կոտրած պատասխանեց երրորդ հարևանուհին, որն ակնհայտորեն ուրիշ խոսակցության էր ձգտում։
- Պրծա՞ր։
- Մը հետ էլ մենակ պամիդոր կփակեմ, հրեն հա՜, փակողը,- շտապեց արդարանալ՝ ցույց տալով օջախի վրա կռացած կնոջը։
- Ի՞նչ ա, աղջի, փակիչը պտտեցնելով վերջինս գլուխը շրջեց նրանց կողմը, ուտո՞ղդ ով ա, երկու հոգի չե՞ք։
- Յա՞, բա րեխե՞ս։
- Րեխուդ հաշվում եմ, քեզ չեմ հաշվում։ Ամբողջ օրը ասում ես. «Ուտըմ չեմ, հիվանդ եմ»։
- Դեն քաշվեք։
Տղամարդու յուղոտ-մրոտ ձեռքերը մեկնվեցին դեպի ծորակի ջուրը՝ վերջ դնելով հարևանուհիների շաղակրատանքին։ Կանայք սրտապատառ փախցրին ջրով լի ամանները և հեռացան։
- Չըրըխկ։
Նարդու հերթափոխը շարունակվում էր ըստ զառի հանած վիճակի՝ մերթ ցնծություն էր պայթում, մերթ՝ դժգոհություն։
- Դե չի տալիս էլի, ի՞նչ անեմ,- հուսահատվեց մեկը։
- Լավ խաղացողի համար վատ զառ չկա,- ոգևորվեց մյուսը։
- Հա, հա, ծնած կովի բախտ ունես,- քրթմնջաց պարտվողը։
- Խաղալ չգիտես՝ պատճառ մի բռնի։
- Վեր կաց, ես եմ խաղում։
Խոշորամարմին մեկը, մոտենալով, պարտվողին հեռացրեց, ինքը նստեց նրա փոխարեն ու անմիջապես շատ սահուն տեղադրեց քարերը։
- Քեզ էլ կկրեմ,- լոպազացավ հաղթածը։
- Զառդ քից։ - Առարկություն չվերցնող տոնով եզրափակեց խոշորամարմինը։
Օ՜ֆ, հոգնեցի։ Մեջքս էլ ցավեց։ Ուղղվեցի։ Դիմացի պատշգամբից մեկը ուղիղ ինձ էր նայում. հիշեցի, որ ներքնազգեստով եմ, ետ փախա պատուհանից։
Փոքրիկս դեռ գիշերանոթին նստած, շուրջը խաղալիքներ ու հագուստներ շաղ տված՝ խաղում էր ու սաղմոսերգության նման խոսքեր թոթովում, որոնց իմաստը միայն իրեն ու Աստծուն էին հայտնի։
- Լավ տերտեր կլինես, կուկու։- Կռացա, որ գիշերանոթից բարձրացնեմ։ - Վեր կաց՝ սրբեմ։
- Անուու՜մ եմ։
- Ներողություն։
Նստեցի մահճակալի եզրին։ Ի՞նչ հագնեմ։ Նորից պառկեցի։ Ինչ լավ է, երբ հանգստավայրում ես, ոչ մի տեղ չես շտապում, չես շտապում ապրել, չես ուշանում, չես ծանրաբեռնվում, քանի դեռ...
Քանի դեռ հովեկ ես...սարերի ու փշատերևների բուրմունքի մեջ։