Անահիտ Արփեն
Ազատամարտի առաջին օրերին պատերազմն ավելի շատ պարտիզանական բնույթ էր կրում: Այդ ժամանակ Արցախի անտառներում գրեթե ամեն մի թավուտում կարելի էր փախստականների հանդիպել, որոնք ազերիների տարածքներից էին մազապուրծ եղել, իսկ խճուղիները լիքն էին գաղթող մարդկանց թափորներով: Ոմանք մի տուն գտնում ու պատսպարվում էին, մնում այն բնակավայրում, ուր թշնամի չկար, շատերն էլ, չսպասելով, թե ինչ է լինելու, ճակատից դեռ հեռու իրենց գյուղերը թողնում, միանում էին գաղթողներին, կուտակվում քաղաքներում:
Շահումյանցի մի ընտանիքի ապաստան տված գյուղում գիշեր էր: Շները ոռնում էին, տներում աղոտ ճրագներ էին երևում: Քիչ անց տարբեր կողմերից սկսեցին լույսեր շարժվել, մոտենալ իրար, խմբվել. կանանց ու երեխաների ուղեկցությամբ կամավորներ էին հավաքվում, լուռ սպասում ուրիշների: Բոլորը լարված էին, անհանգիստ, տղամարդիկ վատ թաքցրած տագնապով ստուգում էին զենքերը, հաշվում սակավ փամփուշտները: Երևում է, դեռ առաջնորդ չունեին: Մի տղամարդ ասաց.
- Ծխենք, որ հետո…
Ու խոսքը չկարողացավ ավարտել: Հասկանալի էր: Բոլորն էլ գիտակցում էին, որ կարող է զոհվեն: Ոչ ոք չծխեց: Տղամարդը զգում էր, որ ինքը պիտի ուղղորդի նրանց, մյուսները, կամա թե ակամա, ծայրահեղ իրավիճակում միավորվելով, անխոս ենթարկվում էին: Վերջապես տղամարդը, նայելով հավաքվածներին, մտքում ծանրութեթև անելով իրենց ուժերը, արտահայտելով և´ վճիռ, և´ այլընտրանքի բացակայություն` ասաց.
- Լավ, գնացի´նք:
Եվ տարբեր տարիքի այրեր բնազդաբար մղվեցին դեպի իրենց հարազատները, լուռ գրկախառնվեցին ու անխոս ետ պահեցին նրանց` թույլ չտալով այլևս գնալ իրենց հետ կամ որևէ բառ ասել: Պիտի գնային: Բոլորը` դեմքներին անասելի ցավ, բայց նաև վճռականություն, լուռ ու գլխահակ ենթարկվեցին:
- Ճրագները հանգցրէ՜ք,- առանց հրամայելու պահանջեց ակամա առաջնորդ դարձած տղամարդը:
Հանգցրին: Լռություն տիրեց: Սուսուփուս հեռացան, ձուլվեցին խավարին, կորան հարազատների աչքից, որոնք միառժամանակ այդպես էլ մնացին կանգնած գիշերվա մթության մեջ: Նրանց թվում էր, թէ այլևս լույսը չի բացվելու: Սակայն արևի շուրջ մոլորակի պտույտը կախված չէր փոքր ազգի ճակատագրից. ու քիչ-քիչ լուսացավ` ադամամութից ու աղոթրանից մինչև արշալույս ու առավոտ:
Արդեն ցերեկ էր, երբ տասնչորս-տասնհինգ տարեկան մի աղջիկ, ցողուններից բռնած, կարտոֆիլ էր հանում հողից` շտապելով, գողեգող շուրջը նայելով և վախվխելով, թե ուր որ է կնկատեն իրեն: Այդպես էլ եղավ, հենց մի անգամ էլ կանաչ ցողունից քաշելով դուրս էր բերում արմատներից կախված առողջ ու խոշոր պալարները, թիկունքում լսեց մի գյուղացու ձայն, որը զայրացած հոխորտում էր.
- Ըհը՛, ուրեմն դու՜ ես գողանում կարտոֆիլս:
Աղջիկն ահաբեկված իրեն սեղմեց հողաթաթախ կարտոֆիլներն ու սկսեց գլուխն անմեղ-անմեղ տարուբերել` փորձելով հասկացնել, որ մինչ այդ ինքը չի գողացել, սա առաջին անգամ է…
Ու վախից կարկամեց:
Գյուղացին հարձակվեց, որ իր բերքը ետ խլի, իսկ աղջիկը, ձեռքից բաց չթողնելով փրերը, սկսեց պաշտպանվել:
- Թող էդ էրեխուն, արա՜:
Զենքը ուսին մի զինվոր կանգնած էր նրանց դիմաց: Աղջիկն արագ-արագ տոպրակի մեջ խցկեց ձեռքի փրերը, որոնց վրա կարտոֆիլ չէր մնացել, իսկ գյուղացին սկսեց արդարանալ.
- Գողություն է անում բոստանիցս:
- Դո՞ւ ինչի չես գնացել կռիվ,- դատավորի կեցվածք ընդունած` հարցրեց զինվորը:
Գյուղացին լուռ էր:
- Հեռացի,- կարգադրեց զինվորն ու զենքը պահեց գյուղացու վրա:
Գյուղացին վախեցած իրեն դուրս գցեց սեփական այգու դռնակից:
- Չվախենաս,- մոտենալով ու հպվելով աղջկան` ասաց զինվորը, բայց աղջիկը նրանից ավելի վախեցավ: Կտրուկ պոկվեց ու փախավ` ամուր գրկած պահելով տոպրակը:
Զինվորին այդ տեսարանը երևի զվարճացրեց, քանի որ հռհռաց աղջկա հետևից: Հետո սկսեց գնահատող հայացքով ուսումնասիրել գյուղացու առանձնատունը, որն ասես ծիկրակում էր ծառերի արանքից:
Արկեր պայթեցին հեռվում. ինչ-որ տեղ կռիվը վերսկսվում էր:
Հեռավոր պայթյունների ձայները գյուղամեջ չէին հասնում, ուր ադրբեջանցու թողած տան բաց պատուհանի մոտ նստած էր շահումյանցու սգավոր կինը: Նրանց տասնութամյա որդին առաջին կամավորներից էր եղել, հասցրել էր հերոսի գործեր անել և զոհվել: Մայրը չցանկացավ բաժանվել որդուց և ոչ միայն հետները բերել տվեց այս գյուղ, այլ նաև պարտադրեց թաղել տան այգում: Եվ հիմա ամբողջ օրը բաց պատուհանից նայում էր շիրիմին ու սգում նրա մահը: Ընտանիքի մյուս անդամների հետ հարաբերվելիս նա ավելի շատ դժգոհ էր, քան թե վշտահար:
Լսելով դստեր ձայնը` հայացքն ուղղեց գայթելով մոտեցող աղջկան, որը, գիտենալով, որ մայրը լուսամուտի առաջ նստած է լինելու, հեռվից կանչում էր նրան և ոգևորված առաջ պարզում կարտոֆիլով տոպրակը:
- Մա՜… Մամա՜…
Մայրն անպատասխան թողեց երեխային:
Աղջիկն աղմուկով ներս մտավ: Նայեց մորը, ճնշվեց հեռուներում թափառող նրա հայացքից, որին ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ և, կարտոֆիլը դատարկելով նրա ոտքերի առաջ, գնաց կաթսա գտնելու: Մի բան ճարեց, ծնկեց գետնին, կարտոֆիլները պոկոտեց գցեց մեջը, իսկ ցողունները` պատուհանից դուրս: Մայրն անհաղորդ հետևում էր նրան: Վերջինս կարտոֆիլով լի ամանը մոտեցրեց մորը` վստահ, որ հավանության կարժանանա, բայց մայրն հայացքն արագ փախցրեց:
- Մա՜:
Մայրը հանգիստ ու դժգոհ ետ բերեց հայացքը, նայեց կարտոֆիլին, նայեց աղջկան ու, անպատասխան թողնելով, գլուխը նորից շրջեց դեպի պատուհանը: Մոր ողջ կեցվածքը խորը վիշտ էր արտահայտում: Աղջիկը լացակումած նայեց ձեռքի ամանին, որ կաթսայի փոխարեն էր և այդպէս էլ` հողաթաթախ կարտոֆիլներով դրեց նավթավառի վրա: Լուցկին դժվարությա՞մբ էր վառվում, թե՞ ինքը չէր կարողանում կպցնել, չհասկացավ: Եթե կարտոֆիլ գողանալիս գոյության կռիվ էր մղում, պայքարում դուրս պրծնելու և տուն` մոր մոտ, հասնելու համար, հիմա ավելի շփոթված էր ու անապահով էր զգում: Լուցկին, ի վերջո, վառվեց: Աղջիկը կափարիչ գտավ, ծածկեց ամանն ու, չդիմանալով լարվածությանը, սենյակից դուրս գնաց: Մայրը նկատեց, որ աղջիկը ջուր չլցրեց կարտոֆիլի վրա, ու մռայլվելով նայեց նավթավառի կողմը: Բայց մինչ կորոշեր` ինչ անել, ամուսինը եկավ, որ վաղուց ընկճված տեսքով ու ճզմված հոգով ման էր գալիս հողագնդի երեսին: Կինն արագ շրջեց գլուխը: Տղամարդը զգաց վառվող նավթի հոտը, մոտեցավ, զարմացած բարձրացրեց կափարիչը, մի կարտոֆիլ հանեց, համոզվեց, որ իրական է, տեղը դրեց: Ապա ետ դարձավ, ջուր լցրեց կարտոֆիլի վրա ու գնաց աղջկան փնտրելու:
Այգու ծառերի միջով անցնելիս նկատեց որդու շիրմաթմբին բերանքսիվայր ընկած դստերը, որը բռունցքներով խփում էր հողին ու հեկեկում: Զգալով, որ հայրը մոտենում է` աղջիկն ուղղվեց, նստեց թմբին: Հայրը մոտեցավ` անզոր անգամ բառ արտասանելու: Եվ հանկարծ ասաց.
- Ե՜ս պիտի մեռնեի:
- Մի՜ ասա:- Հեկեկաց աղջիկը:
Եվ խուսափելով բացատրություն տալ, թե կարտոֆիլը որտեղից է ճարել, գուցե նաև հիշելով, որ անջուր է թողել՝ տեղից վեր թռավ, արցունքները սրբելով վազեց տուն: Մոտեցավ, բացեց կափարիչը: Գոլորշի էր բարձրանում: Ու մինչ կստուգեր՝ եփված է, թէ ոչ, հայրը ներս մտավ. ավելի ընկճված, ավելի ծերացած, ավելի անկարող որևէ բան շտկելու: Աղջիկն անմիջապես հայացքը փախցրեց: Հայրը ոչինչ չասաց, գնաց, անվստահ նստեց կնոջ մոտ դրված սեղանի առաջ: Աղջիկը բռնազբոսիկ ոգևորությամբ անջատեց նավթավառը, դատարկեց կարտոֆիլի վրայի ջուրը և ամանը դրեց սեղանի կենտրոնում: Բոլորն էլ քաղցած էին: Հայրը կարտոֆիլ վերցրեց, նախ դրեց կնոջ առաջ, ապա իր և, գլուխը կախ, սկսեց կլպել: Աղջիկը շտապեց ափսեներ բերել. մեկը մեկնեց հորը, մյուսը դրեց մոր առաջ: Հայրն անմիջապես վերցրեց աղջկա մեկնած ափսեն, ափում հավաքած կճեպները մեջը լցրեց, իսկ մայրը ոչ մի շարժում չարեց, առջևի կարտոֆիլին էլ ձեռք չտվեց, որ ամուսինն էր դրել: Աղջիկը նստեց, կարտոֆիլ վերցրեց ու փորձեց ուտել:
Լռությունն անտանելի էր դառնում:
- Ինչու՞ չես ուտում,- հարցրեց հայրը՝ նոր կարտոֆիլ դնելով կնոջ ափսեի մեջ:
Կինը պատասխանի չարժանացրեց ամուսնուն: Աղջիկն աղ էր ցանել ու լուռ ծամում էր` որպես մի մարդ, որը, չնայած մատաղ տարիքին, համառորէն դիմանում է փորձություններին, տանում բոլոր դժվարությունները:
- Ինչու՞ ես կարծում, որ միայն դու ես սգում,- շարունակեց հայրը:- Միայն դու չես ցավ զգում, մենք էլ ենք մարդ: Մենք էլ ենք տառապում էդ ծանր կորստից: Հերիք եղավ:
- Հերիք է տանջես բոլորիս: Ուզածդ ի՞նչ է:
Ասես վախենում էր շունչ առնել, վախենում էր` չկարողանա, չհասցնի սրտում կուտակվածն ասել:
- Մինչև ե՞րբ: Մեզ չես խղճում, էս երեխուն խնայիր: Սա էլ է քոնը:
Ամուսնու խոսքը դարձյալ մնաց անարձագանք: Կինը, միշտ պատրաստ արտասվելու, էլի արցունք թափեց: Նա նորից հիշեց իր մինուճարին. նրա ժպիտը, զինվորի հագուկապը` վրան մի քիչ մեծ: Հիշեց, թե ինչպես իրենց արթնացրեց, վեր կացրեց, ինչպես էր հասուն մարդու պես հրահանգներ տալիս, ինչպես բոլորին գրեթե գրկած դուրս տարավ, փախցրեց թշնամու քթի տակից, անդադար թափվող կրակի բերանից ո՞նց հանեց իրենց, բերեց ապահով տեղ, ուրիշ փախստականների մեջ ու նորից հեռացավ կռւելու: Ինքը վազում էր ետևից ու կանչում.
- Մի՜ գնա, ու՞ր ես գնում: Մեզ ու՞ր ես թողնում:
- Պիտի գնամ, մամ ջան: Դուք մնացեք բոլորի հետ, ես չեմ կարող… Չեմ կարող, մամ ջան: Ես պիտի գնամ…
Ու փախեփախի թոհուբոհի միջով շտապեց հասնել մյուս կամավորներին, որոնք արագ գնում էին դեպի ռազմի դաշտ:
§Պիտի գնա՜ր: Գնաց ու չեկավ: Բերեցի՛ն¦:
Մայրը վերհիշեց ու մղկտաց: Մղկտաց ու նորից լաց եղավ:
- Կե՜ր,- ասաց ամուսինը:
- Ռուսնե՜րը մեր գյուղը վերցրին ու տվին թուրքին:- հանկարծ ասաց կինը:
- Պատերազմ է:- Փորձեց բացատրություն գտնել ամուսինը:
- Դավաճանեցին մեզ:- Կինը պնդեց իր խօսքը:
- Օտար են, ի՞նչ պահանջես:- Ուրիշ ասելիք չգտավ ամուսինը:
- Էս իմ տունը չի: Ես էսպիսի՞ տուն եմ թողել թուրքերին:- Վերջապես մտքինը բացահայտ արտահայտեց կինը:
- Հալա, հալա՜… - Բոլորի համար անսպասելի պոռթկաց ամուսինը:- Է՜ն մէկը կռվին էր մոտիկ, է՜ս մեկը քո տունը չի:- Մեր տունն էլ էնքան սրտովդ չէր:- Հետո մեղմացրեց ձայնը:- Կարծեմ: Էն էլ քոնը չէր: Հիմա էլ` թողել եմ թուրքերին:
- Բա քոնը ո՞րն է:- Նորից բորբոքվեց ամուսինը:
Կինը կրկին հիշեց որդուն, որը մի անգամ ասաց իրեն.
- Գնաք թե մնաք, ես ձեզ կգտնեմ: Ուզում ես գնաք Երևան` գնացեք: Գնացեք, ես ձեզ կգտնեմ, մի՛ մտածիր:
- Կեր, տեսնենք` գլխներիս ինչ է գալիս,- աշխատելով չկորցնել ինքնատիրապետումը` շարունակեց համոզել ամուսինը:
- Կուլ չի գնում,- պատասխանեց կինը:
Ամուսինը վեր կացավ ու զայրացած գնաց դուրս: Աղջիկը շարունակում էր ծամել` հոգնած ու դառնացած: Լսելով, որ հայրը բահ վերցնելով` շտապում է այգու խորքը, լարեց լսողությունը, հասկացավ, որ նա փորում է: Մոտեցավ լուսամուտին, հայացքով փնտրեց հորն ու նկատելով, որ եղբոր գերեզմանն է քանդում, շտապ դուրս նետվեց:
Հայրը դեն էր գցել խաչափայտն ու զայրացած փորում էր շիրմաթումբը: Աղջիկը մոտ վազեց` փորձելով թույլ չտալ.
- Ի՞նչ ես անում:
- Թող:- Հայրը ետ քաշեց թևն ու շարունակեց փորել` ավելի խորը խրելով բահը:
Աղջիկը բզկտող զգացողությունների մեջ ակամա նայելով դեպի պատուհանը, ուր մայրն իր իշխող կեցվածքով կանգնած հետևում էր տեսարանին, սեղմեց շուրթերն, ասես ասում էր` հանգստացա՞ր, ա՞յս էիր ուզում…
Երևաց դագաղի վերջնամասը: Աղջիկը մի պահ նայեց տագնապած, ու սոսկումով, ապա նկատելով, որ հայրը չարչարվում է, շտապեց օգնել: Առաջին պահին հայրը փորձեց ետ մղել նրան, բայց հասկանալով, որ իր ուժը չի պատի, իսկ աղջիկը, միևնույն է, մասնակից է կատարվածին, թողեց որ օգնի, և միասին դուրս հանեցին դագաղը: Կնոջ դեմքին հույզի անհասկանալի ալիք նշմարվեց, նա շրջվեց: Խորագույն վշտով սրբիչ փռեց սեղանին, կարտոֆիլը դատարկեց սրբիչի վրա, կապոց սարքեց, մահճակալի տակից մի ուրիշ կապոց ևս վերցրեց և սենյակից դուրս գնաց:
Ամուսինն ու աղջիկը պարանով քաշելով ու հրմշտելով, դագաղը տանում էին դեպի ցանկապատի դռնակը, հետո ամուսինը պարանը գցեց վիզն ու, իր ետևից քարշ տալով, դագաղը հանեց ճանապարհ: Կինը, երկու կապոցները ձեռքին, շալերի մեջ փաթաթված, հետևեց նրանց:
Դագաղավոր ընտանիքը գյուղի փողոցներով անցնելիս հանդիպում էր գյուղացիների, որոնք տարակուսած ընդառաջ էին գալիս կամ զարմացած նայում էին նրանց հետևից: Մի պառավ կին խաչակնքեց.
- Հիսո՛ւս Քրիստոս: Նալաթ քեզ, չար սատանա:
Ըտանիքը դագաղը քարշ տալով անցավ ինչ-որ կամրջի վրայով և գյուղից դուրս եկավ` չխախտելով շարքը. առջևից գնում էր հայրը, հետո դագաղը, այնուհետև մայրը, թափորը եզրափակում էր աղջիկը:
Հաջորդ գյուղին մոտենալիս, նրանց նախ արտերը դիմավորեցին, հետո՝ գերեզմանոցը: Մարդ չկար: Շիրմաքարերն էին նրանց լուռ ուղեկցում, մինչև որ ճանապարհն սկսեց հեռանալ իրենցից: Դագաղի աչքը գերեզմանոցից չէր կտրվում, բայց երբ երևաց մայրուղին, բոլորի ուշադրությունը սևեռվեց փախստականների քոչին, որը ձգվում էր հեռու-հեռու` հասնելով ու կորչելով հորիզոնի գծի տակ: Տարբեր կողմերից գաղթողներին էին միանում ուրիշ փախստականներ ևս:
Դագաղ տանող ընտանիքն արագացրեց ընթացքը` շտապելով ժամ առաջ միանալ նրանց: Արդեն առջևից գնում էր ընտանիքի մայրը. կապոցները թևերին, որդու լուսանկարը ձեռքին, զուսպ` իր վշտում, հպարտ` սև զգեստների մեջ, համառ ու նպատակասլաց: Նրան հետևում էր ընտանիքի ուժահատ հայրը, որն արդեն հազիվ էր քաշում պարանը, իսկ հորը՝ տանջահար աղջիկը, որը սկզբից էլ չուզելով էր քայլ գցում…
Տեսնելով, որ հայրը փորձեց բարձրացնել դագաղը և ուսերին դրած տանել, բայց այդպես մի քանի քայլ գնալուց հետո ընկավ` աղջիկը վազեց նրան օգնելու:
- Պա՛պ… Մա՛մ,- ձայնեց նաև մօրը:
Մայրը, որի ուշքն ու միտքը խճուղով անցնող փախստականների կողմն էր, կատարվածին անհաղորդ շրջվեց՝ տեսնելու, թե ինչ են ուզում իրենից և, ի վերջո, շտապեց օգնության` առանց բաց թողնելու թևերի կապոցները: Լուսանկարը սահեց ու ընկավ գետնին:
- Մամա՜,- մղկտում էր երեխան՝ չկարողանալով հորը հանել դագաղի տակից:
Միասին էլ չկարողացան, ստիպված դագաղը շրջեցին մի կողմի վրա, բայց հայրն անուժ էր և լուռ փակեց աչքերը: Կինն ակամա հայացք գցեց փախստականների կողմը: Աղջիկը կարկամեց, կորցրեց իրեն: Մայրը նրան մի կողմ տարավ, նստեցրեց մի քարի, հանդարտեցրեց ու շտապեց մարդկանցից օգնություն խնդրելու:
Անծանոթ գյուղի գյուղացիները ամեն ինչ կարգով ու պատվով կազմակերպեցին. երկուսին էլ թաղեցին գյուղի գերեզմանոցում: Մայրը խեղճացած նստեց որդու շիրմի կողքը: Աղջիկը բերեց եղբոր լուսանկարը, որի ապակին, ոտքի տակ ընկնելով, կոտրվել էր, նայեց լուսանկարից ժպտացող դեմքին, հիշեց, որ մայրը նրան շատ էր սիրում, որ պատերազմից առաջ էլ էր նա մոր միակ սիրելին: Տխրեց:
- Կեր, բալա ջան, քեզ համար եմ պահել,- ասում էր մայրը եղբորը՝ ափսեն մոտեցնելով նրան:
- Հո երեխա՞ չեմ, ա՛յ մեր,- փորձում էր ընդդիմանալ եղբայրը:
- Բա ի՞նչ ես, իմ երեխան ես, իմ երեխան դու՛ ես:- Հառաչում էր մայրը ու լալիս:
Աղջիկը լուսանկարը վերադարձրեց մորը: Խղճաց, փարվեց նրան: Մայրն էլ հիշեց որդուն ու իրեն որդու հետ: Յուրովի՛:
- Լացելու ի՞նչ կա,- հարցնում էր որդին:
Կինը սթափվեց հիշողություններից, հառաչեց ու նայեց դատարկված խճուղուն: Գնացողները գնացել էին, մնացողները` մնացել: Եվ շարունակեց լուռ արտասվել:
Խնկածխի հետ հոգիները պատրաստվում էին համբարձվել երկինք, որի կամարների տակ հայրենական սար ու ձորերը միշտ իրենցն են մնալու, ինչքան էլ մարդիկ բռնեն գաղթի ճամփան… ովքեր էլ որ բնակվեն իրենց հողի վրա:
Աղջիկը, որ մի պահ գլուխը բարձրացրել ու երկնքին էր նայում, հայացքը մեծավարի իջեցրեց նոր գյուղի վրա, մեծավարի էլ աղոթեց հանգուցյալների հոգիների հանգստության համար և մտածեց.
«Ի՜նչ լավ է` մայրս կողքիս է, առանց նրա ի՞նչ էի անելու»: