Անահիտ Արփեն
ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ
«Գրական թերթ» թիվ 10 (3061) 1.04.2011թ.
Դեղնանարնջագույն զբոսայգու ամայության մեջ կուչ եկած մի աղջկա շուրջ աշնան սառը քամին էր վազվզում. տերևները ծառերից պոկելով՝ պտտեցնում էր օդում և իր քեֆին նետում ուր պատահի: Տերևաթափ էր:
Աղջիկը, շրջապատին անհաղորդ, արտասվում էր. կլիներ մոտ տասնվեց – տասնյոթ տարեկան: Ոչ ավելի: Սիրունատես էր, խաժ աչքերով…
«Այ քեզ բան, ինչու՞ կանգնեցի»:
Չէի ուզում խանգարել, բայց շրջվեցի դեպի նրա նստարանը: Նկատեց:
«Ուրեմն վիճակն անհույս չի»,- մտածեցի:
Արցունքախառն հայացքը հարցական հառել էր ինձ, իսկ ես լուռ էի:
- Ի՞նչ եք ուզում:
Դեռ լացակումած էր: Բացասաբար տարուբերեցի գլուխս:
- Բա ինչու՞ եք կանգնել ինձ նայում, նրա՛նց նայեք,- ցույց տվեց հատուկենտ անցորդներին,- նրանց նայեք, նրանք չեն լացում:
- Ի՞նչ իմանաս:
Զարմացավ: Դեռ ջահել էր ասածս հասկանալու համար: Բայց մեղմացավ:
- Գիտե՞ք՝ ինչու եմ լացում:
- Կարևոր չէ: Ասենք, եթե ուզում եք…
- Չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում,- պոռթկաց:
Հետո, նեղվելով, փորձեց բացատրել.
- Ցավն էլ հենց այն է, որ ես էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում:
- Պատահում է,- ասացի:
-… Պատմելու բան չի,- քիթն աղմուկով վեր քաշեց, իսկ ձայնն ասում էր՝ ինձ մենակ մի թող:
Եվ անմիջապես էլ շարունակեց՝ թերևս վախենալով, որ կհեռանամ:
- Ընկերուհուս ծննդյան օրն էինք նշում…
Երեխան սիրտը պիտի բացեր մեկի առաջ, նրա տարիքի մարդու ուժերից վեր է հույզերն իր մեջ պահելը, բայց նա ակնհայտորեն չէր կողմնորոշվում… Ու նորից պոռթկաց, ասես անարդարացիորեն մեղադրել էի իրեն.
- Ես ընդամենը մի քիչ ուրախանալ էի ուզում. պարել, երգել, ինչպես բոլոր նորմալ մարդիկ.. .
Արտաբերեց մի շնչով ու լռեց:
- Պարզ է,- մտմտացի:
- Ի՞նչն է պարզ,- զայրացավ:
Որոշեցի չմիջամտել, սպասել պատմության ավարտին՝ մտածելով, որ գուցե հնարավոր լինի սփոփել նրան՝ հետս տանելով գլխին եկած անախորժության ծանրությունը՝ ինչպես հոսող ջուր, որին պատմում են վատ երազը:
- «Տեր Աստված, երեխաներին փորձանքից հեռու պահիր, Տեր Աստված»…- ասացի մտքումս:
Աղջիկն արդեն չէր լացում, ավելի հանգիստ էր: Շարունակեց:
- Ասաց,- շատ նուրբ եք պարում, գեղեցիկ… Ինքն էլ ինձ էր դուր գալիս… Շատ եմ սիրում, երբ տղայից տղաներին բնորոշ հոտ է գալիս… Դե՜… Ծխախոտից է երևի… որ տղաները ծխում են… Եվ հետո… Հարգանքով էր խոսում ինձ հետ: Ինքը մեղավոր չի, ես ինքս…
Մի պահ նորից լռեց, բայց արդեն բացել էր սիրտն իմ առաջ, շարունակեց:
- Երբեմն նույնիսկ թվում էր, թե չի լսում ինձ: Բայց երբ նայում էր, այնքան քնքշանք կար նրա հայացքում՝ ինձ ուղղված: Իմ հանդեպ…
- Իսկ դու՞…- ակամա՛ դուրս թռավ բերանիցս,- Դու՛ ի՞նչ էիր զգում նրա նկատմամբ:
- Հաճելի էր: Նրա ամեն մի խոսքը թրթռացնում էր ներսս:
- Ի՞նչ էր ասում:
- Չեմ էլ հիշում:
- Լավ: Հետո՞:
- Հետո, հետո: Էլ ի՞նչ հետո: Վերջացավ:
Նրա փոխարեն իմ երեխային պատկերացրի ու կոկորդս սեղմվեց, մի կերպ մրմնջացի այն, ինչ կուզեի, որ հարազատ աղջիկս աներ նման դեպքերում:
- Տուն գնա, մորդ մոտ:
- Ա՜խ…
Աղջկա կրծքից մի հառաչ թռավ, որ սիրտ էր կեղեքում:
- Էլ հետո չկա,- ասաց դեռ իր մտքերի հետ՝ ասես մոր ու տան մասին ոչինչ չէինք էլ խոսել:
- Տուն գնա, աղջիկ ջան,- կրկնեցի կամացուկ:
Լռեց: Գլուխն ափերի մեջ առած՝ նայում էր գետնին… ու հանկարծ տեղից կտրուկ պոկվեց, վազեց կամրջի կողմը: Ի՞նչ անեի: Հետևից գնացի ու ետ պահեցի չկշռադատված քայլից: Կամրջի մյուս ծայրին էլ մի երիտասարդ էր կանգնած մտախոհ…
Աղջիկն ապշած նայեց տղային, ապա կտրուկ շրջվեց ու փարվեց ինձ:
- Չասեք, հա՞, որ լաց եմ եղել:
Տղան մոտենում էր:
«Փառքդ շատ, Տեր»:
Աղջիկն ավելի սեղմվեց կրծքիս:
- Լա՞վ ես,- կամացուկ հարցրեց տղան՝ նայելով աղջկա խռիվ մազերին:
Աղջիկը գլուխը չբարձրացրեց:
- Վաղը զանգիր, կհանդիպեք, հանգիստ կխոսեք, լա՞վ,- ասացի տղային՝ լուրջ պատրվակ գտնելով գործողությունների զարգացումը երկարաձգելու համար, որից հետո անկասկած դրությունը կփրկվի ու, ի՜նչ իմանաս, գուցե նույնիսկ երջանիկ ավարտ ունենա:
- Լավ,- որոշեց տղան ու մնաց կանգնած:
Ես գրկեցի աղջկա ուսերն ու հեռացրի տղայից, կամրջից…
- Բա որ չզանգի՞,- թևիս տակով ծիկրակեց աղջիկը:
- Դեռ չի հեռացել,- ասացի:- Եթե վախենում ես, որ չի զանգի, մոտեցիր, խոսեք:
- Չէ: Թող չզանգի: Չեմ ուզում, որ զանգի, չեմ ուզում, որ… Ես ասելիք չունեմ:
- Դու չունես, ինքը ունի:
- Ոչ մի բան էլ չունի:
- Լսիր, հետո կորոշես, կհամոզվես: Հա՞:
- Լավ:
Աղջիկը կամացուկ հեռացավ ինձնից ու իմ պաշտպանությունից և նայեց կամրջի մոտ մնացած տղային, որը բազրիքին կռթնած, նրան էր սպասում: Աղջիկը մոտեցավ և զգույշ նայեց ներքև. գետը, պատրաստ երախն առնելու կամրջից ցած նետվող ամեն ինչ, զայրացած հորձանք էր տալիս ու սահանքվելով շտապում էր առաջ՝ հասնելու անհասանելի անվերջությանը…
Անմիջապես քայլեցի դեպի մանկապարտեզ: