( տպագրվել է` «Սատիրիկոն», թիվ 6, 24.12.2004թ.)
Էս աղջիկս ոնց որ ինվենտարիզացիա անի. դեռ հոկտեմբերից սկսել է հետաքրքրվել, թե ձմեռվա գալուն քանի օր է մնացել ու երբ պիտի գա:
- Ա՛յ բալիկ,- ասում եմ,- դու էդքան սիրուն աղջիկ, էդ ինչու՞ ես, էս գեղեցիկ աշունը թողած, ձմեռ ուզում: Կգա էլի՜: Վախեցար էդ ցրտերին չհասնե՞նք, առանց այդ էլ, չորս-հինգ ամիս տաքության երես չենք տեսնելու, թող դեռ տաքերը վայելենք, քանի դրա հնարավորությունն ունենք:
Սակայն մի երկու ժամ գլխին կարդացածս ճառը լրիվ իզուր անցավ, քանի որ լսեց-լսեց ու, հենց մի պահ դադար տվեցի, նորից հարցրեց.
- Մամ, բայց ձմեռը ե՞րբ է գալու:
- Ա՜յ քեզ կրակ:
- Մա՛մ,- ասում է,- գարու՞նն է լավ տաքացնում, թե՞ աշունը:
- Աշունն ընտիր տաքացնում է…
- Հա, բայց լավ է տերևները չորանան, թափվեն, դու էլ մտածես` վա՜յ, էլի ցրտերն սկսվեցի՞ն, թե՞ լավ կլինի, որ ծառերը ծաղկեն, ասես` ի՜նչ լավ է, գարունը եկավ:
«Դե՜, գարունը լավ է (եթե, իհարկե, ճնշում-մնշում, արտրիտ-մարտրիտ չունես, սիրտդ էլ արդեն չի գցում)»:
- Գարունը լավ է,- պատասխանում եմ,- գարունը նոր սկիզբ է ու նոր հույս:
Արդեն ինձ ու ինձ էի մտմտում, բայց աղջիկս իր ստույգ պլանով էր առաջ ընթանում, ուստի շարունակեց:
- Ըհը՜, տեսնու՞մ ես` ինչքան շուտ Նոր Տարին գա, այնքան շուտ գարունը կսկսվի:
- Ախ Նոր Տարի՜ն գա: Հա՜: Դե այդպես ասա, թե չէ` գարու՜ն, աշու՜ն: Նոր Տարի՜ ես ուզում, ավելի ճիշտ` Ձմեռ Պապիի բերածը, չէ՞: Ինչ էլ ուզես, աղջիկ ջան, ամեն ինչ իր ժամանակին է գալիս, թող հանգիստ աշուն տեսնենք:
- Էս տարի կոնֆետ ու մանդարին չեմ ուզելու:
Ես զգաստացա ու շունչս պահեցի:
- Մեծ աղջիկ եմ արդեն,- շարունակեց:- Ի՞նչ: Ի՞նչ ես ծիծաղում, դու չե՞ս ամեն անգամ ասում` մեծ աղջիկ ես արդեն, հո մի տարեկան երեխա՞ չես:
Ծիծաղը վատ կանխազգացումով սառեց դեմքիս, քանզի աղջկաս ֆոկուսներին արդեն ծանոթ եմ: Կմնա-կմնա ու այնպիսի սյուրպրիզ կանի, որ օրերով չես մարսի: Վախվորած նայեցի դեմքին` փորձելով կռահել մտքինը:
-Հը՞:
Աչքերի սատանայական փայլը պսպղացնելով` խորամանկ ժպտաց ու հանգիստ ասաց.
- Հե՜չ, Բարբի եմ ուզում:
«Հե՛չ»:- Կրկնեցի մտքումս:
- Իմ հասակի:- Ճշտեց աղջիկս:
Դեմքիս սառած ծիծաղը վայրկենական չքացավ:
«Մնաս բարով Նոր Տարվա սեղան»:
Մտածեցի` ի՞նչ ասեմ, որ միտքը փոխի, հետո այնպիսի բան ուզի, որը ես կկարողանամ գնել ու կարծես թե ելքը գտա:
- Հա՛,- ասացի,- լավ կլիներ, բայց, բալիկ ջան, Ձմեռ Պապիի տոպրակի մեջ քո հասակի տիկնիկ չի տեղավորվի:
- Թող պարկի մեջ չդնի, ձեռքից բռնի, բերի
- Հալա-հալա՜… Այդպես չի կարելի, հո մենակ դու՞ չես: Աշխարհում գիտե՞ս ինչքա՜ն երեխաներ կան, բոլորն էլ կուզենային իրենց չափի տիկնիկ ունենալ, Ձմեռ Պապին ո՞ր մեկի ձեռքը բռնի բերի:
- Մամա, բայց Ձմեռ Պապին էլ փոքր չի, չէ՞: Պարկն էլ շա՜տ-շա՜տ…
- Հա, բայց այնքան էլ մեծ չի, որ խելքիդ ինչ փչի, ուզես, նա էլ տեղավորի, բերի: Եվ հետո,- բացատրում եմ դաստիարակչորեն,- կարևորը նվերի մեծությունը չի, բալիկս, այլ երևույթը: Գեղեցիկ է, երբ քեզ հիշում են ու ինչ-որ բան են նվիրում:
- Ինչ-որ բան չեմ ուզում, Բարբի եմ ուզում:
Մտածեցի` ի՞նչ եմ խելքս դրել երեխային, մի տիկնիկ կառնեմ, կնստեցնեմ տոնածառի տակ, կասեմ` ես տեղյակ չեմ, Ձմեռ Պապին էս է բերել: Լռեցինք: Կարծեցի` պրծա, բայց բանից պարզվեց մտքերի մեջ նոր դավադրություն էր նյութում:
- Չէ՛,- հանկարծ ասաց,- ավելի լավ է` քո բոյին լինի, մա՛մ:
- Իմ բոյին Բարբի չկա: Ես հո երեխա՞ չեմ, որ իմ բոյի տիկնիկ լինի:
- Կա, էն հարսի շորերով տիկնիկները, որ խանութում կանգնած են, քեզնից մեծ են:
- Դրանք խաղալիք չեն: Ձմեռ Պապին այդպիսի խանութներ չի մտնում: Նա փոքրիկ խաղալիքներ է բաժանում, քաղցրավենիք, մանկական իրեր…
- Համ էլ Սիրան տոտան ասում է, որ Ձմեռ Պապի չկա:- Անցումը անսպասելի էր և ցնցող:
- Ի՞նչ:- Շշմեցի:- Բա որ չկա…- հաղթանակի հույսեր արթնացան մեջս,- էլ ո՞նց քեզ նվեր բերի: Չկա-չկա:
- Սիրան տոտան ասում է, որ մամադ է էդ գլխարկն ու մանդարինները, կոնֆոտները… բոլորն էլ մամադ է գիշերը թաքուն դնում բարձիդ տակ ու ասում` Ձմեռ Պապին է բերել, երբ դու քնած ես եղել:
- Հա՞:- Չիմացա` ինչ պատասխանեմ, ինչպես պաշտպանվեմ:
- Հա՛,- դիրքերը չզիջեց աղջիկս:
- Դու էլ հավատում ես,- աչքերս շարունակում էի չռած պահել վրան:
- Հավատում եմ, որովհետև եթե Ձմեռ Պապի լիներ, մի օր կտեսնեի: Սիրան տոտան ասում է` էդ ո՞վ է թաքուն-թաքուն նվեր տալիս, բա չիմանա՞ն, որ ինքն է բերել, ոչ թե ուրիշը: Չիմանա՞ն` ինչքա՜ն փող է տվել:
- Ես փող չունեմ, որ քո չափերի Բարբի առնեմ: Համ էլ Բարբիները մեծ չեն լինում:- Եզրափակեցի` ինչ-որ լպրծուն կենդանուց հետապնդվողի զգացողությամբ և հաստատ որոշելով այլևս չքննարկել այդ հարցը:
- Գիտեմ:
Զգաց: Հասկացավ: Պատասխան չգտնելով` դժգոհ-դժգոհ ուռցրեց շուրթերն ու առարկություն չընդունող պահանջկոտությամբ ասաց.
- Դե ուրեմն քուրիկ կբերես: Իմ բոյի:
- Միանգամից, չէ՞:- Հոխորտացի ես:- Ու` մինչև Նոր Տարի:
- Նոր Տարվա գիշերը,- հանգիստ ճշտեց աղջիկս:
«Եղավ:- Փորձելով զսպել ինձ` փնթփնթացի մտքումս:- Հորդ աղջկան Նոր Տարվա գիշերը կբերեմ, կդնեմ Տոնածառի տակ»: Իսկ գրոհը շարունակվում էր:
- Հայրիկն էլ է ուզում,- ասաց իր խոսքի կշիռը լավ իմացողի ինքնավստահությամբ:
- Հայրիկդ տղա է ուզում,- դեռ պաշտպանվում էի ես:
- Ուֆ, էդ տղաներին չեմ սիրում, աղջիկներին ծեծում են: Ես քուրիկ եմ ուզում: Ինձ քուրիկ բեր, հայրիկին` տղա:
- Շատ չեղա՞վ: Չէ մի…- ու հարմար բառ չգտնելով` խոսքս չավարտեցի:
Մի պահ մտածելուց հետո ասաց.
- Լավ, թող տղա լինի, փոքր ժամանակվանից միշտ կծեծեմ, որ մինչև մեծանա, ինձնից վախենա, ինչ ասեմ, անի:
- Ա՜յ քեզ կրակ, էս ի՞նչ ես դարձել, ա՛յ երեխա, ինչե՞ր ես ասում, ինչպե՞ս ես մտածում:- Թվաց ուր որ է սիրտս կպայթի:
- Հա լա՜վ, չասեցի, որ ջղայնանաս: Կատակով կծեծեմ, Թոմ ու Ջերիի նման: Մեկ-մեկ էլ կհաշտվենք, իսկական քուրիկ ու ապերիկ կլինենք: Համ էլ, եթե քուրիկ կամ ապերիկ բերես ինձ ու հայրիկի համար, մի նվերով կպրծնես, ավելի էժան կնստի քեզ վրա:
«Ավելի լավ է Բարբի առնեմ»:
Արագ-արագ բացեցի տանս դուռն ու ներս մտա նախասրահ: Հյուրասենյակի անկյունից կարեկցանքով ինձ էր նայում որբուկի նման կուչ եկած տոնածառը:
Տոնածա՞ռ, ի՞նչ տոնածառ: Լուսամուտների ապակուց ներս թափանցած արևի շողերը պատին էին գցել ինչ-որ ծառի ստվեր ու նմանեցրել տոնածառի: Ներս վազեցի: Տեսիլքն ակնթարթորեն չքացավ: