Անահիտ Արփեն
ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ
(հատված վեպից)
Ներկայացվել է տպագրության Արագածոտնի մարզի տարեգրքում
Հացվա աղբյուրները
- Ձեր գյուղի բոլոր աղբյուրները գիտեմ, ասե՞մ` դու էլ իմանաս,- զվարթ ասաց Հրանտն ու ընդհուպ մոտեցավ աղջկան, ապա կտրուկ ավելացրեց,- չէ, ավելի լավ է տանեմ, տեսնես:
- Դու բոլորը տեսե՞լ ես:
- Չէ… Ուզում եմ քեզ հետ գնալ: Կգա՞ս,- ասաց` զգույշ ձգելով աղջկա ճակատի մազափունջը:
- Ըհը:
Հրանտը բացեց մատերը և մազափունջը ետ խոպոպվեց: Մարգարիտը գլխով արեց, ու աչքերը Հրանտի հայացքի հրից պսպղացին:
- Ուրեմն, Վարդաձորի չորս աղբյուրը թողնում ենք հաղթելուց հետո,- ասաց Հրանտը:
Աղջկա սիրտը զարկեց` «հաղթելուց հետո, այսինքն` պատերազմից հետո», ուրեմն, եթե պատերազմն ավարտվի, Հրանտն էլի կգա իրենց գյուղ…
- Դերունց աղբյուրն էլ թող,- ասաց սրտառուչ ձայնով,- գիտե՞ս` որն ա:
- Այո, այո: Թթի այգիների միջինը,- վստահ պատասխանեց Հրանտը:
- Մնացածին հերթագրիր:
- Խնուշաղբյուր, Քռնավ… Մի րոպե, Քռնավ, այսինքն` քռիճի նա՞վ:
- Քռիճի՞: Քռիճ փոքր քարերին ենք ասում:
- Հա, հասկացա, այսինքն` փոքր նավ:
Մարգարիտը տարակուսած ժպտալով ուսերը թոթվեց:
- Իսկ ինչո՞ւ չես ասում` քարե նավ: Չնայած, գիտե՞ս, Քռնավի ավազանն իրոք մյուսներից փոքր է:
- Նա՞վ ինչին եք ասում,- շարունակեց հարցաքննել Հրանտը:
- Ավազանին: Նավ կամ նով…
- Հա, պարզ է: Գնացինք: Արի:
Նավը և տապանը նշանակում են նաև գերեզման: Նավեր կամ նովեր վկայված տեղանուններ շատ կան Հայոց հողում, այդ թվում և` Արցախում, ու, որպես կանոն, այդ վայրերում առկա են հին դամբարաններ: Հայկ նահապետի որդվոց դամբարանադաշտերին Նավեր են ասել: Հայկյանները հաստատվելով Արագած լեռան հարավային փեշերին` Արագածոտնում, ստեղծել են իրենց արքայանիստ կենտրոնները, իրենց արքունիքները: Արամայիսը հիմնել է մայրաքաղաք Արմավիրը, իսկ արքայատոհմի մյուս ժառանգները հաստատվել են. Գեղամը` Գեղարքունիքում, Վարաժը` Կոտայքում, Շարան` Շիրակում, Սիսակը` Սյունիքում, Աղվանը` Արցախում: Արքայորդիների անուններով էլ կազմվել է տեղանքի աշխարհագրությունը` Գեղամա լեռներ, Աղվանաց աշխարհ և այլն: Հրանտն ու Մարգարիտը Աղվանաց աշխարհի Վաչե թագավորի որդի Վաչագան արքայազնի որսատեղ անտառում էին:
Աղջիկը, գրեթե չնայելով ոտքերի տակ, ոգևորված առաջ էր շտապում: Երբ փոսորակների էին հանդիպում կամ ճամփան դժվարանում էր, տղան լուռ ուղղություն էր տալիս նրա ընթացքին:
- Ո՞վ է ում տանում,- ծիծաղեց Մարգարիտը:
- Ես` քեզ, դու` ինձ,- ձեռքը պարզելով և ճամփի հարմար կողմը ցույց տալով` ասաց Հրանտը:
Մարգարիտն հանկարծ ցանկացավ, որ ճամփան դժվարանցանելի դառնա, սակայն արդեն հասնում էին աղբյուրին:
- Քռնովը սկզբում վերևում է եղել, հետո իջեցրել են,- Հրանտի նման պատմեց ոգևորված:- Գյուղերի միացյալ կոլտնտեսություն էր, որոշում է եղել, որ Քռնովի ջուրը տանեն հարևան Նոր Շեն. ճամփի մյուս եզրը ավելի բարձրադիր էր, ուղիղ հոսքով ջուրը կգնար, բայց հացեցիք չեն ուզում զրկվեն իրենց աղբյուրից, Գասպարի գլխավորությամբ տեղափոխում են ներքև, ճամփի մյուս եզրը` պատճառաբանելով, թե վերևում ցամաքել էր, բերել են ուրիշ կողմ: Իհարկե ջուրը իրոք քչացել էր, բայց երբ որ իրարից բաժանվել են, մերոնք ջուրը չեն տվել: Էն թվերին իհարկե այդ մասին չէին բարձրաձայնում:
- Հա՜, ուրեմն «նացիոնալիստ» ա Գասպարը, հա՜, իմանա՜նք,- ժպտաց Հրանտը:
- Վայ, վայ, վայ, խե՜ղճ Գասպար…- ծիծաղեց Մարգարիտը:
Քռնավը կառուցել էր Գասպարի հորեղբայրը` Սիմոն Աղաջանի Գասպարյանը:
- Աղաջա՜ն: Ճոխ անուն է:
- Աղ և ջան: Կամ` Աղա ջան:
- Նույն աղն է: Աղ ունեցողը աղա կլիներ, էլի՜: Ու աղուն կունենար աղալու: Աչքիս երեքի արմատն էլ նույնն է:
- Հա, ճիշտ որ:
Աղաջանի տղա Սիմոնը Բաքվում էր ապրել, ամեն ամառ եկել էր և հարազատ գյուղում կամ անտառում անպայման մի բան շինել: Վերևի ձորի մեջ էլ Շռշռանն էր կառուցել, որի ջուրը քիչ էր, բայց սառն էր:
- Հոռե ծառը ջուրը ձգում է: Մեկը այստեղ, մեկը այ, այստե՛ղ է եղել,- ասաց Մարգարիտը` կանգ առնելով աղբյուրի գլխին:
Եվ կաս - կարմիր կտրած, ձգտելով առավելագույնս ստույգ լինել` շարունակեց բացատրել ու ցույց տալ, ապա, նկատելով տղայի ակնդետ հայացքը, դադար տվեց` մտածելով, որ աղբյուր ու ծառ խառնել է իրար: Հրանտն անխոս հիանում էր աղջկա ոգևորվածությամբ:
- Ծառը: Աղբյուրը: Չէ, ծառը կտրել են, որ ջուրը չքաշի, թե չէ արմատներն արդեն ակունքը փակել էին, ջուրը առատ չէր… Մի խոսքով, քանդեցին:
- Ծառերդ կտրել են, տեղդ փոխել են… Բարև, չարչարված աղբյուր,- ասաց Հրանտն աղբյուրին:
Հիանալու հերթը Մարգարիտինն էր: Հրանտը ուռենու ճյուղերից արագ պսականման օղակ հյուսեց ու շատ գործնական նայեց Մարգարիտին: Հայացքը շոյող էր, անասելի հարազատ, բայց և պատասխան պահանջող: Մարգարիտի սիրտը թպրտաց, նա անմիջապես խոնարհեց գլուխը, որն Հրանտը հանդիսավորությամբ պսակեց ուռենու ճյուղերով և ծայրից մի երկու ճյուղ էլ թափվող վարսերի նման ազատ թողեց… Երբեք այդքան զգլխիչ չէր եղել անտառի բույրը, և տրոփող` արևի շնչառությունը: Այնքա՜ն մեղեդային էր տերևների շրշյունն, ու աղոթախոս` նրանց սոսափը... Երբեք այդպես ջերմ չէր եղել դալար ճյուղերի հպումը…
- Քռնա՛վ, ճանապարհի մի ափից մյուս ափը տեղափոխված աղբյուր,- ասաց Հրանտը` կռանալով գուռի վրա ու այրվող շուրթերը հպելով ջրի թափանցիկ մարմնին:
Մարգարիտը, գանձարան հայտնաբերածի երկյուղածությամբ, լուռ մոտեցավ: Հրանտը մատերը սահեցրեց ավազանին փորագրած տառի վրայով, հիշեց իրենց տունը, եղբոր փոքրիկ փայտե քանդակվածքները, որոնք հղկելու և ներկելու գործն ինքն էր անում: Մտածեց` քանի ինքը չկա, էդ գործը հայրն է անելու, ու նրա սիրտը ցավեց ռուսերեն քերծված նավի համար:
- Գոնե հայերեն լիներ,- ասաց բարձրաձայն:
- Սիրահարված տղայի անվան առաջին տառն է:
- Գեղա՞մ, թե՞ Գագիկ:
Մարգարիտը չարաճճի ժպտալով բացասաբար տարուբերեց գլուխը:
- Չլինի՞ Գուրգեն: Կամ Գրիգոր: Լավ, իմացա, Գասպար, Գասպա՜ր:
- Հրաչյա,- հանդիսավորությամբ հայտարարեց Մարգարիտը` հասկանալով, որ Հրանտի մտքով չի անցնելու Հ տառով անուն փնտրել:
Հրանտի դեմքը մթագնեց:
- Ռուսները Հ չունեն,- համագյուղացու փոխարեն արդարացավ Մարգարիտը:
Հրանտի հայացքը ցավ էր արտահայտում:
- Դե… Քաղաքից եկածների հետ ռուսերեն էին խոսում,- կմկմաց Մարգարիտը:
- Ի նշա՞ն…
Հրանտի հարցը կախված մնաց օդում:
Սիրահարված Հրաչյան աղբյուրի մոտ աղջկա էր հանդիպել ու պտուտակահանով արագ - արագ փորագրում էր` մտադիր լինելով գրել Հրաչյա գումարած Նելա: Ուզում էր, որ աղջիկը կարդար ու ամեն անգամ տեսնելիս հիշեր իրեն: Բայց չհասցրեց: Հակոբի թոռ Նելան երկար չէր կարող կանգնել օտար տղայի հետ: Ջուրը խմել էր, քաղաքավարության սահմաններում զրուցել… Արդեն հեռացավ:
- Ձախ կողմով բարձրանանք վերև, թեքվենք աջ ու գնանք, Անահիտի աղբյուրով մտնենք գյուղ:
Ճանապարհին խնձորենի հանդիպեց, Հրանտը թեթև մագլցեց ծառն ու նստեց ճյուղին: Հետո ամենայն լրջությամբ երկար ուսումնասիրում էր կանաչավուն պտուղները, Մարգարիտն էլ Հրանտին էր ուսումնասիրում: Բարձրուղեշ հասակը Մարգարիտին թույլ էր տալիս մեկնել ձեռքն ու սրտի ուզածը քաղել, բայց նա Հրանտի տվածին էր սպասում: Իսկ Հրանտը կորել էր համատարած կանաչի մեջ:
- Գոգնոցդ պահի:
Վերջապես ձայնեց վերևից ու իր փնտրածը գտած մարդու երջանկությամբ ցած թռավ:
- Դեռ լավ հասած չեն,- ասաց,- բայց այս մեկն հաստատ քեզ համար էր ծառը պահել:
Մարգարիտին թվաց, թե խնձորը ժպտում է իրեն, ու ճյուղերից կախված լիքը խնձորների մեջ իր ձեռքինի նմանը չկա:
- Հրաժեշտ տուր ծառին, առաջ գնանք,- ասաց Հրանտն ու անմիջապես էլ շարունակեց:- Ձեր գյուղում իհարկե առաջ կամ հետ գնալը շատ հարաբերական է: Պիտի դեպի վերև մի պտույտ տաս, որ ճանապարհը քեզ ներքև բերի:
- Անսովոր ես:
- Կսովորեմ: Լավ թակարդ կլինեին թշնամու համար, բայց իհարկե, նրանց ոտքն այստեղ չի հասնի:
Մարգարիտը հերթական անգամ ապշեց Հրանտի համոզվածության վրա: Ամեն անգամ, երբ տղան մի հաստատ բան էր ասում, Մարգարիտը զգում էր, որ տղան, ոչ թե իր ցանկությունն է հայտնում, այլ ասես ստույգ գիտի լինելիքը:
Արահետը, որով Հրանտն ու Մարգարիտը դեպի Անահիտի աղբյուր էին գնում, եզրապատված էր հոնի ծառերով: Հասան Ընկուզենուն, Հրանտը ընկույզ քաղեց ու կռացավ քարով կոտրելու:
- Կանաչ ընկույզը չեն կոտրում, դանակով բացում են, որ ձեռքերը չսևանան,- ասաց Մարգարիտը` իր իմացածով հպարտ:
- Միջուկը հանում ու…
Շարունակելով աղջկա խոսքը` Հրանտն հասակով մեկ կանգնեց նրա առաջ:
- Կարևորը յուրայիններիդ կուշտ պահելն է,- ասաց` բացելով նրա ձեռքն ու մաքրած ընկույզի միջուկը դնելով ափի մեջ:
Խոզերով զբաղված գյուղացին, առանց գլուխը բարձրացնելու և իր գործից կտրվելու, աչքի պոչով նայում էր երիտասարդներին: Հրանտը երկրորդ ընկույզը վերցրեց, Մարգարիտը տենդագին սպասում էր, թե ինչ է անելու: Հրանտը ձեռքը հանգիստ տարավ ծոցը, ուղիղ Մարգարիտի աչքերի մեջ նայելով` դաշույն հանեց:
- Սիրում եմ խելացի կանանց,- ասաց:
Ընկույզն այնքան փափուկ երկու կես եղավ Հրանտի ձեռքերում, ասես կակղամորթ լիներ:
- Էլի ուզո՞ւմ ես,- հարցրեց աղջկան:
- Տու օտում չըս:
- Ես կերել եմ:
- Դու էլ կեր:
- Լավ:
Հրանտը նորից նայեց դարավոր կյանք տեսած, բայց դեռ չծերացած ծառին, որը մայրաբար իր ճյուղերի տակ էր առել իրենց: Նրա անվերջ երիտասարդանալու գաղտնիքը ոչ ոք չգիտեր, թեև իրականում գաղտնիք չկար էլ: Ընդամենը այն էր, որ երբ ամեն անգամ սիրահար զույգ էր հենվում իր սաղարթին, նա լցվում էր թարմ ավյունով, առույգանում, նորանում էր և ակամա սկսում ճոճել հոլանի թևերը ու պար գալ անամպ օճորքի տակ:
- Ո՞ր մեկդ կգա իմ քաղցը հագեցնելո՞ւ,- պսպղացող ընկույզներին հարցրեց Հրանտը:
Մարգարիտը մեկնեց իր քաղածը:
- Ակն, Անահիտ, Քռնավ, Ջյարգ, Շռշռան, Սվեգա ջուր, Խնուշոաղբյուր, Ալիաղբյուր… Դերունց աղբյուր…
Հրանտը կրկնում էր աղբյուրների անունները, որ մտապահի:
- Շռշռանի՞ ջուրն էր քիչ,- հարցրեց:
- Հա, թույլ է գալիս,- ասաց Մարգարիտը:- Իսկ Ջյարգը շարքով աղբյուրներ են: Քռնով` քարե նով:
Ջյարգ աղբյուր Հրանտը տղաների հետ գնաց: Ճանապարհը բացատից հետո նեղացավ, մեքենայի անիվների հետքով գնաց դեպի վեր` երկու կողմերում մոշի թփեր ու կորավ: Հետո աջ կողմում կապույտ լկրթենի հայտնվեց, ու էլի մոշի թփերն էին ուղեկցում դեպի վեր:
- Դիմա, եկ,- իր շանը կանչեց տղաների արշավին ընկերացած տարեց գյուղացին:
- Էս նեգրին խե՞ ըք ռուսի անում տվալ,- կատակեց Արան:- Դիմա՜:
- Սևամորթ ռուս ա, լի՜, - արձագանքեց Հրանտը:
- Մին Դիմա կար, հարըս պատերազման էր պերալ ուրա նհետ:
- Դիմա երկու` երեսուն տարի անց,- ասաց Աբելը:
- Գոնե ազգակցական կապ օնի՞ էդ շոնը հետ,- հարցրեց ստեփանակերտցի Սամվելը:
- Չէ: Էս օրիշ ցեղի շոն ա,- պատասխանեց գյուղացին:
- Բա ո՞ր մեղքի համար:
- Խե՜ղճ շոն:
- Չտխրես,- ասաց Հրանտը` նայելով շան աչքերին,- դու հո գիտե՞ս, որ Բողար ես:
Շունը մարդու նման նայեց մարդու աչքերին, հետո վազեց տիրոջ հետևից:
- Նկարելու տեսարաններ են,- հենց մտան վայրի անտառ, ասաց Հրանտն ու լուսանկարչական ապարատի կաշվե պատյանը բացեց,- գյուղում նկարիչ կա՞:
Ապարատից ժպտաց Զենիթ մակագրությունը, որ նրա ազգանունն էր: Հրանտը հանեց օբյեկտիվի կափարիչը, ու կադրի մեջ մտավ ռուսի անունով մի սև շուն, որը վազում էր վայրի անտառի արահետով, հետո` մարդիկ, որ գնում էին նրա հետևից: Մի ծառի ստվերում քար էր մրափում, իսկ արևից շողարձակող խոտերի մեջ անխռով արածում էր շիկահեր պոչով նրբագեղ նժույգ:
- Մեր Սամոն կնկարի,- հպարտացավ ստեփանակերտցին:- Հա, կարում ա, լի՜:
- Ստի լոխ նկարիչ ըն տըռնում,- ասաց Աբելն ու ժպտաց հայոց անտառին:
- Դիմա՛, Դիմա՜,- կանչեց Վարդանյան Արան:
- Ասում են` ճամփա չկա, շանը հետևի:
- Նոր ասացվա՞ծք ըք հորինում:
Հրանտը կանգ առավ շունչը կարգավորելու:
- Հը՞, փուքսդ նստի՞ց, էլ քաշում չը՞ս,- կատակեց Արան:
- Երևի էլի ճնշումս բարձրացավ: Ականջներս մի տեսակ…
- Լավ չի, լավ չի, էդքան ջահիլ ջվար ըս ու ճնշում օնիս,- նկատեց տարեց գյուղացին:
- Լավ ա, լավ չի, էդ ա,- ասաց Հրանտը:
Աբելը անհանգստացած մոտ եկավ:
- Հը՞:
- Չէ, բան չկա, գնացինք:
Հրանտը շոյեց անտառի կածանի վրա թեքված լայն տերևը:
- Բոխու ծառ ա,- ասաց հացեցի Սամվելը, որ ամբողջ ընթացքում ոչ մի բառ չէր խոսել ու միայն հաճելի ժպտում էր:
- Հի՞նչ ա ըլալ,- հարցրեց գյուղացին` նկատելով, որ էլի շան հետ են զբաղված:
- Շունդ ասում ա` պնդուկ եք ուտում, ինձ չեք տալիս… Ես էլ տվեցի, չկերավ, ատամների տակից փախան պնդուկները:
- Բա հո խո՞զ չի, շոն ա:
Շունը թերահավատորեն նայեց մարդկանց:
«Է՜, դուք ճամփա գնալու բան չեք»,- ասում էր նրա խոսուն հայացքը:
- Խոզերի սիրածը կաղինն ա,- ասաց Հրանտը թքելով:- Թու, փչացած էր:
Առավոտյան անձրև էր եկել, բայց ճանապարհը ցեխ չէր: Պնդուկ ուտելով տղերքը հասան Ջարգ աղբյուրին, ուր ծմակուտ էր ու դեռ` տղմոտ: Ներքևի ձորում էլ էր ծմակ:
- Սա աղբյո՞ւր է, թե՞ աղբյուրի տնազ:
Փոքրիկ քարանձավային աղբյուրից ջուրը կաթկթում էր, ոչ թե հոսում: Քարերից ու ծառարմատներից առաջացած աստիճաններին կանաչ մամուռ էր բռնել ու արահետներին կամ արահետների եզրերին բնական գորգ հյուսել, շուրջը վայրի անտառ էր:
- Էս ծառերը պարողի տեսք ունեն,- ասաց Հրանտը` նայելով ստվերում ձգված երկար ծառերին:
- Ձգտում ըն դեպի արևը,- ասաց Աբելը:
- Հա: Բարալիկ են, բայց բարդիների պես սլացիկ…
- Ո՞ւր ա ստի բարդի:
- Մեր կողմերում են բարդիները,- ժպտաց Հրանտը:- Նաիրյան:
Տղաները նստեցին մետաղյա երկար սեղանի շուրջ:
- Առանձնանալու համար ա լավ, վեչ թա քեփի,- ասաց Դավթյան Սամվելը:
- Բայց սառնոտ ա ու խոնավ:
- Կռիվը պրծնի, հետո կառանձնանաս, ախպեր,- ասաց Արան,- հիմա պահը չի:
- Հա, քեֆի համար շատ ա թախծոտ, սա տխուր մարդու տեղ ա,- ասաց Հրանտը:
- Աղոթելու համար բոլոր պահերն էլ հարմար ըն,- մտախոհ պատասխանեց Սամվելը:
- Մի եշի` էս թիկունքիս հի՞նչ ըն խլվլում,- նրան խնդրեց Աբելը:
- Գլխիդ որդերն իջալ ըն մեջքիդ վրա քոնանան: Վեր ասում ըն քիչ կարդա՜,- կատակեց Վարդանյան Արան ու թեքվեց նրա կողմը,- թուղեցեք, խանգարիլ միք, թող հանգիստ առնին:
- Լուրջ ըմ ասում, մին պեն ա խլվլում:
- Ծառից կըլի, վախիս վեչ,- ասաց գյուղացին` փորփրելով հաստաբուն ծառի արմատների մոտ:
Աբելի հոնքերը վեր ձգվեցին. Աբելն ու վախը անծանոթ էին միմյանց: Ընկերները նրա օձիքից «ներխուժեցին» թիկունք: Էլ ո՞վ ռիսկ կաներ խլվլար:
- Ոնց որ թա էլ կա վեչ,- ասաց Աբելը:
- Լեղաճաք արինք, փախավ, լի՜,- նորից կատակեց Արան:
- Էն ի՞նչ ա անում,- հարցրեց Հրանտը` ակնարկելով գյուղացուն:
- Թաքստարան ա,- բացատրեց հացեցի Սամվելը:- Քեփից հետո ինչ մնում ա` արաղ, աղ, պահում են, որ հետո գան, կարող ա պետք լինի:
- Բան չկա՞..
- Չէ:
Գեղջուկը, հենվելով բնին, ոտքի կանգնեց, ծառի սաղարթը փորփրած, պլոկած էր: Հրանտի հայացքը սրվեց:
- Քրքրել են…
Բացատրեցին, որ սիրահարներն իրենց անուններն են փորագրել:
- Եթե սիրահարներն են ցավ պատճառել…- Հրանտը մի պահ մտմտաց:- Մտքովս չէր անցել, որ ցավը կարելի է հաճույքով տանել:
- Վայ, Հրանտ, Հրանտ… եկ, եկ նստի:
Ընկերները միմյանց աչքով - ունքով հասկացրին, որ երևում է` Հրանտն էլ է սիրահարված: Հրանտը շոյեց վիրավոր սաղարթն ու վերադարձավ նրանց մոտ:
- Բայց գիտեք, չէ՞, երբ անիմաստ տեղը միայն իրենց անուններն են գրում, կրկնակի ա ցավ զգում: Տանելու բան չի,- ասաց:
- Էդ արդեն ցավ չի, էդ արդեն դառնում ա դարդ:
Հացիում աղբյուրները շատ էին, բայց ջուրն առատ չէր: Ամենաշատ ջուր Անահիտի, Ակն և Վարդաձորի աղբյուրներն ունեին: Ու միայն Անահիտի աղբյուրից էր հնարավոր ջուր քաշել գյուղ: Մեծ քարի տակից դուրս եկող աղբրի անունն արդեն մոռացել էին: Բայց դե աղբյուրներն անանուն չեն լինում, ու եթե հինը գյուղացիք չհիշեն, ստիպված նոր անուն պիտի մտածեն, թեկուզ Անանուն աղբյուր ասեն, բայց պիտի անուն տան: Որովհետև ճանապարհներն աղբյուրների մոտով են գնում: Եվ գյուղում էլ աղբյուրները սարքում էին ճանապարհի վրայի տների պարսպապատերի մեջ, հիմնականում` Բաքու հեռացած գյուղացիները, որպես իրենց հոգու պարտք:
Թվում էր, թե փոքր տեղ էր Հացին, բայց զորամաս վերադառնալիս տղաները գալիս էին, գալիս, ու մի ճամփից հետո մյուս ճամփան էր բացվում: Շերտ - շերտ մեկ ճամփա էր, մեկ` անտառ:
Անահիտի աղբյուրում լվացվեցին ու քաղցած բարձրացան ակումբ:
- Նոթի ըք, չէ՞,- նախատեց Ժենյան` ինչպես խաղով տարված ու տուն չեկած տղեկներին կասեին:
Հետո, երբ իր գործն ավարտեց, մոտեցավ Հրանտին:
- Հի՞նչ ա մնացալ, վեր գիդենաս, Հրանտ ջան,- հարցրեց:
- Մնաց ամենակարևորը, Ժենյա տատ,- ժպտաց Հրանտը:
Ընկերների հետաքրքրությունը շարժվեց` դիրքերից, խրամատներից ու աղբյուրներից, հողատարածքներից ու գյուղի թաղերից կարևոր ի՞նչ կար:
- Սարերը,- ասաց Հրանտը:- Մնաց իմանամ, թե մեր բոլոր սարերը ե՞րբ են լրիվ մերը լինելու: Ուղտամեջքը ե՞րբ ա ազատագրվելու, ե՞րբ ա մեջքը ուղղելու:
- Երբը չգիտեմ, բայց կիլի,- վստահ ասաց Աբելը:
- Երևում ա Մետաքսի ճանապարհով գնացող - եկող ուղտերի քարավաններին ճամփա ցույց տալու համար ա էդ մի ուղտը մնացել կամ էլ հոգնած նստել ա ու էլ չի գնացել,- ժպտաց Դավթյան Սամվելը:
- Թխի գա,- Աբելը ափը պարզեց ընկերոջը:
- Ասել ա` հանուն մեր կոլխոզի, էլ չեմ քշում ու մնացել ա,- ասաց Հրանտը` կրկնելով հայտնի կարճամետրաժի խոսքը:
- Հետո թորքը եկավ, ասից` ներքևը Ուղտասա՜ր, ստի Ուղտամե՛ջք, էս հո քարվան կտրելու տեղ ա, մնամ, էլ ուր ըմ քինո՞ւմ,- ժպտաց Աբելը:
- Ու քարավանները կտրվեցին, էլ չեկան էդ ճամփով,- ծիծաղեց Հրանտը:
- Արխը ցամաքեց…
- Կյորտի աշկն ալ ճյուր կտրից, տուս ընգավ…
Էդ կողմերով մի ժամանակ անցած Մետաքսի ճանապարհի և այն մասին, որ վաճառականությամբ ու մշակույթ տարածելով հայ ազգը միշտ է աչքի ընկել, վկայում էր ոչ միայն Ուղտամեջքի բարձունքը, այլ նաև Հացվա հետևում, Աղդամի դիմաց գլուխը հպարտ բարձրացրած առաջնորդ ուղտով քարավանի նման ձգվող երկար Ուղտասարը:
- Էս Սապատասարը, տղերք, վերջը հանձնվելու ա, այ կտեսնեք:
- Սապատասարը վե՞րն ա, Փոքր Ուղտասա՞րը:
- Հա, Ուղտամեջքը, լի՜, որ դուք Դավաբիլ եք ասում,- պատասխանեց Հրանտը:
Տխրեցին: Այդքան չարչարվում ու չէին կարողանում Դավաբիլի բարձունքը գրավել, որ Ուղտամեջքը վերջապես ազատագրվեր:
- Սարերի հանդեպ մեր պաշտամունքը միայն հիմա եմ ամբողջ խորությամբ զգում,- ասաց Հրանտը:
- Ինչպես անհաս փառքի ճամփա…
- Ես Արարատ սարն եմ սիրում:
- Մի խանգարի:
- Բայց բռնեց: Համ էլ աշխարհն Արարատ գիտի:
- Մինակ փռնելավ չի, միտք կորավ, է՜: «Իմ սարն» ա կարևոր, վեչ թա` անումը Մասիս կիլի, թա Արարատ: Որ էդ սարն իմն է: Այսինքն` մերը:
- Չարենցին խմբագրում ը՞ք:
- Չէ, համայնականացնում ենք, չի ստացվում:
- Չարենցն ա ճիշտը:
- Ճիշտ էր, վեր կլոխը կերան:
- Ժենյա տատ, գյուղի դիմացի սարին ի՞նչ եք ասում,- ձայնեց Հրանտը:
- Օզեն տակ,- ասաց Բիբին, խոզերի լափը կողքը դնելով:- Էն դիմացի սարը Ուզուն տակն ա…
Անահիտի աղբյուրի դիմացի անտառի տակ սիրահարների այգին էր, ավելի շուտ` անտառը: Այդտեղից էր անսպասելի դուրս եկել Վաչագան արքայազնը և շփոթեցրել գյուղի ամոթխած աղջիկներին, բայց կրակոտ Անահիտն իրեն չէր կորցրել, անմիջապես նախաձեռնությունն իր ձեռքն առել ու սկսել էր լցնել - թափել փարչի ջուրը, մինչև որ քրտնած որսորդը մի քիչ հովանա:
- Ուզուն տա՞կ,- հարցրեց Հրանտը:
- Օզե անտառ է նշանակում, լի՜,- բացատրեց Բիբին,- Ուզուն տակ:
- Հա, պարզ է, դիմացի սարի ներքևի մասը:
Հրանտը ժպտաց՝ այդպես էլ չհասկանալով՝ բառը օզո՞ւն, թե՞ ուզուն է: Հետո, երբ հերթական անգամ Անահիտի աղբյուրից զորամաս էր գնում, մտածեց, որ ղարաբաղցիները ու-ին օ են ասում, օ – ին` ու, ուրեմն տարբերություն չկա: Ոնց էլ ասի` հայերեն են: