Անահիտ Արփեն
- Պատրաստվեք, տեղ ենք գնում:
- Ու՞ր:
- Կգնանք, կտեսնեք: Կյանքում ոչ եղել եք, ոչ տեսել:
Ես ամենաքիչը պատկերացրի սուլթանական պալատներ, ճեմող սիրամարգերով ու հազարան բլբուլով անմահական խնձորի այգիներ, ոսկե ձկնիկներով ավազաններ, գլուխգործոց կտավներով ու երաժշտությամբ սրահներ, բարձաշատ օթոցներ…Եվ այլն, և էլ ի՜նչ ասես: Մի խոսքով:
Ես ու ընկերուհիս այնքան ոգևորվեցինք նրա ամուսնու հրավերով, որ մի երկու ժամ միայն հագուստ էինք ընտրում, մի երկու ժամ էլ հարդարվեցինք ու սանրվեցինք, թանկարժեք օծանելիքով օծվեցինք: Աղջկաս էլ զուգեցինք-զարդարեցինք ու… Ու այնքան էինք տարվել, որ միայն մեքենայի մեջ նկատեցինք մեզ ուղեկցող ջենտլմենների սպորտային ամենօրյա հագուստները:
«Այ քեզ բան, տեղ չե՞նք գնում…»:
- Ծանոթացիր ընկերոջս հետ,- մտքերս ընդհատեց բանից անտեղյակ ընկերուհուս ամուսինը:
- Հաա՜: - Մոռացա, որ անունս պիտի ասեմ: «Ի՞նչ ընկեր(սպորտային հագուստով, առանց սմոկինգի՞), ի՞նչ ծանոթանալ, ի՞նչ բան»:
Աղջիկս երկու ձեռքն էլ մեկնել էր նրան ու… դրությունը փրկել: Մտերիմի պես ժպտում էին իրար:
Դրությունը փրկվեց, թե ոչ, բայց վիճակս նախանձելի չէր… Չնայած նոր ծանոթը հաճախակի էր շրջվում դեպի ինձ, որքան հնարավոր է հմայիչ ժպտում ու մեծ ճարպկությամբ էր մեքենան վարում անհարթ տեղանքով… Իսկ իմ դրությունը... չգիտեմ` ինչ էի զգում:
Ակնհայտ էր, որ վարորդը ճգնում էր դուր գալ Երևանից եկած հյուրին, որը ես էի: Մեքենայի պատուհանից սրամտում էր փողոցում հանդիպած ծանոթների հետ: Իսկ անտառի մեջ թաքնված արգելափակոցի ու նրա փոքրիկ պահակատան առաջ կանգնած մարդուն հին ծանոթի պես բարևեց և մեքենան սահեցրեց բարձրուղեշ ծառուղիներով դեպի խորքերը:
Մեր մեքենան կանգնեց ցիլինդրաձև, գմբեթավոր ու սյունազարդ ինչ-որ կիսաքանդ շինության մամռապատ աստիճանների առաջ: Երբեմնի շքեղ պատերի ճեղքերից դուրս սողոսկել ու շրջապատում տիրաբար թագավորում էին բարալիկ մոլախոտերը:
«Էս էլ սուլթանի պալատը»,- սրամտեցի մտքումս, բայց նկատելով ներկաների լուրջ հայացքները, ինչքան հնարավոր է անկեղծ հետաքրքրվեցի լքված ապարանքով ու առաջինը իջա մեքենայից:
- Էս Խանջյանի դաչաներն են,- վարորդը ցույց տվեց անտառապատ տարածքի տնակները:
- Էս էլ նրա անձնական տունն է եղել,- հուսախաբ վիճակիս անտեղյակ` ընկերուհուս ամուսինը հանգիստ շարունակեց ընկերոջ խոսքը:
«Ողորմի անցավորաց»,- կարծեմ սա էլ մտքումս ասացի:
- Նայիր վերև: Գույները ոնց եղել, նույնությամբ մնացել են:- Մեր առաջնորդները կոթողն էին ցույց տալիս ինձ:
Նայեցի վերև: Գմբեթավոր առաստաղը պատված էր կապտավուն վանդակավոր վիտրաժով: Խոր շունչ քաշեցի ու արտաբերեցի.
- Դաա՜:
Ետ նայեցի: Համոզվելով, որ աղջիկս վարորդի բազուկների մեջ ապահով է, հավաքեցի երեկոյան զգեստիս երկար փեշերն ու բարձրակրունկ կոշիկիս նուրբ թաթը դրեցի կիսաքանդ սանդուղքի առաջին աստիճանին: Չփլվեց: Ոլորապտույտ փայտե սանդուղքները ճռճռացնելով բարձրացանք շրջանաձև միջանցք, որի երկայնքով էլ տեղադրված էին առանձնասենյակները:
Առաջ քայլել չհամարձակվեցինք: Փլվածքներն արդեն ավելի շատ էին: Ներքևում սյունաշարերով բաց պատշգամբն էր: Նույնպես շրջանաձև: Զգուշությամբ ցած իջանք: Հիշեցի, որ մի ֆիլմում տեսել եմ այդ պատշգամբը: Այնտեղից ամբողջ Դիլիջանը երևում էր: Առանձնակի գեղեցիկ էր արհեստական լճակը. մամռակալած ջրի մակերևույթից վերև արտացոլվող արևի փայլերը աներևութացնում էին կանաչադարչնագույն ալիքվող տեղանքի ուրվագծերը և հաստատում անսկիզբ ու անվերջ բնության անսասան հավերժությունը:
Լուսանկարվեցինք:
Ապա շինանյութային փոշու ամպ թողնելով մեր ետևից` հեռացանք վաղեմի ապարանքի փլատակներից:
Էքսկուրսիայի ընթացքում մի ուրիշ գմբեթում էլ եղանք: Արծաթափայլ եղևնու թևերը դրսից հպվում էին սենյակի ապակիներին, իսկ փշատերևների արանքներից ծիկրակում էին դեռ չհասունացած կոները: Վարորդը պատուհանը բացեց ու մի քանի կոն քաղեց, տվեց աղջկաս: Փոքրիկս բավական ուրախացավ ու գիրկն առած վազեց բազկաթոռի մեջ խաղալու: Պատուհանների ու հիշողությանս ծալքերից փորձում էին ներս խցկվել ինչ-որ հեռավոր հուշեր ու ծանոթ… Շատ հարազատ թվացին ճյուղերի տարուբերումները, փշատերևների հոտը:
- ֆրանսիական կոնյակ…
- Ի՞նչ,- սթափվեցի:
Վարորդն անթարթ նայում էր ինձ:
- Շամպայն…- ընկերուհուս ամուսինը հպարտությամբ շարունակում էր թվարկել
փոքրիկ սառնարանի խմիչքները:
- Էս փալասը ես կտանեի մեր տուն,- հարմարավետ տեղավորվելով փափուկ բազմոցի մեջ, առաջին անգամ բավականություն արտահայտեց ընկերուհիս` նկատի ունենալով հատակին փռված ուղեգորգը:
Ես ու վարորդը այս անգամ ժպիտախառը հայացքներ փոխանակեցինք և գողունի նայեցինք ընկերուհուս ամուսնու դեմքին: Վերջինս հոգոց հանեց ու, զայրույթը զսպելով, հարցրեց կնոջը.
- Սուրճ վերցրե՞լ ես, սու՛րճ:
- Հա՛, վերցրել եմ,- չթաքցրած դժգոհությամբ քրթմնջաց կինը:
Ամուսինն ավելի վատ զգաց իրեն: Իրավունք ուներ: Այդ քրթմնջոցների ուղեկցությամբ արդեն բավական «զբոսնել» էինք անտառում: Մեկ տեղանքը չէր հավանում, մեկ կոշիկների փչանալու համար էր անհանգստանում, մեկ-մեկ էլ դժգոհում էր, որ ոչ տեսնելու բան կա, ոչ ուտելու:
- Է՞ս էր խոստացածդ տեղը` «ո՛չ եղել եք, ո՛չ տեսել»:
Ընկերուհուս դժգոհությունը գագաթնակետին էր հասնում և, ճիշտն ասած, արդեն չափն անցնում էր:
- Ի՞նչ տեղ էիր ուզում բերեի, - ամուսինն այլևս չթաքցրեց զայրույթը:
Գլխով հասկացրի ընկերուհուս, որ չխոսի, լարվածությունը ցրել էր պետք:
- Ո՞նց թե…- հայացքով աջակցություն փնտրելով վարորդից` սկսեցի խոսքս, բայց դեռ չգիտեի` ինչ պիտի ասեմ:¬ Ո՞նց թե` ինչ տեղ. բա՛ր, դիսկոտե՛կ, ռեստորա՜ն:
- Պա՛հ, պա՛հ, պա՛հ,- ամուսինը անկեղծ զվարճացավ ու ժպտաց: Հետո նորից հոգոց հանեց,- Անցան էդ երանավետ ժամանակները…
- Նշանածիդ հետ որ ռեստորան գնացինք` հիշու՞մ ես,- մի շնչով հարցրեց ինձ ընկերուհիս: Հայացքը հաճելի հիշողություններից ջերմացավ, իսկ ձայնն անսպասելի քնքշացավ:
- Մենք…
Փորձեցի հիշել, բայց աչքիս առաջ ռեստորանային պատկեր չեկավ: Տասը տարի առաջ էինք ծանոթացել, երբ ես ու ընկերս հանգստանում էինք Դիլիջանում: Ամուսինը մեզ իրենց տուն հրավիրեց, մենք էլ ամուսիններին` պանսիոնատի… մեր…
- Մեր սենյակում չէի՞նք:
- Ի՜, նախ ռեստորան չգնացի՞նք, չպարեցի՞նք…- ինձնից պատասխան չստանալով` արդեն շարունակեց նախատինքի պարզորոշ երանգներով:- Հետո բարձրացանք ձեր համարը, սուրճ խմեցինք:
Ընկերուհիս մի այնպիսի կրքոտությամբ սկսեց պաշտպանել տասը տարի առաջ վայելածը, որ եթե նույնիսկ վստահ լինեի, թե նման բան չի եղել, երբեք չէի կոտրի նրա ոգևորությունը:
- Չեմ հիշում,- մեղավոր-մեղավոր խոստովանեցի` կատակով հայցելով ներկաների գթասրտությունը, բայց և տխրեցի մի քիչ: Թախծեցի կյանքի անցողիկության համար:
Վարորդը նայում էր ուղիղ աչքերիս մեջ:
Ամեն ինչ անցյալ է: Հիշողությունները` նույնպես:
- Չես հիշում, հա՞,- մեջ ընկավ աղջիկս, մինչդեռ թվում էր` կոներով տարված` մեզ չի էլ լսում: - Հա՞, չես հիշու՞մ, մամա:
Այնքան անմեղ ու անուշ հնչեց մանկական թոթովանքը, որ բոլորս ակամա ծիծաղեցինք: Երեխան տեսավ մեծերը ծիծաղում են, ինքն էլ սկսեց ծիծաղել, բայց հետո նայեց երեսներիս, թե իբր ի՞նչ եք ծիծաղում…
Ընկերուհիս մի շնչով դատարկեց շամպայնի բաժակը, իսկ ես ու վարորդը, կոնյակի մի երկու ումպ խմելուց հետո, մեր մեջ քննարկեցինք, որ ֆրանսիական կոնյակի շշի միջինը թեյի գույնով քաշած օղի է: Ոչ ավելի, ոչ պակաս:
Յուրաքանչյուրին մի-մի հատ բաժանելուց հետո աղջիկս խժռեց մնացած բոլոր կոնֆետները: Սուրճը չեմ հիշում` ով եփեց… Ես սուրճ չեմ խմում:
Ասես գետնի տակից հայտնված պահակն ինչ-որ բան շշնջաց ընկերուհուս ամուսնուն ու հեռացավ: Պարզվեց, որ ցնցուղով լողանալու հնարավորություն կա:
Մինչ ընկերուհիս ափսոսում էր իր ներկած դեմքն ու հարդարած մազերը, ես անհոգ նետեցի.
- Աղջկաս նայեք, մինչև գամ:
Եվ «ֆրանսիական կոնյակի» ազդեցությամբ երերալով` իջա լոգարան:
Մեղքս ի՞նչ թաքցնեմ. բնական գազի փառապանծ ժամանակներում երկար լողանալու մեծագույն թուլություն ունեի և դեռ մի քիչ ունեմ: Ու եթե անհարմար չզգայի, որ էդ ցնցուղն ու տաք ջուրը միայն իմը չեն, որ մարդիկ ինձ են սպասում, որ, վերջապես, երեխաս կարող է անհանգստանալ, երևի մոռանայի, թե պիտի դուրս գամ լոգարանից:
Դուրս եկա:
- Բաղնիքդ անուշ:
Գանձ գտածի հպարտ գոհունակությամբ հոտոտեցի օդը, ժպտացի բոլորին և ուղղվեցի դեպի հայելին: Այնպես էի խոնջացել լոգանքից, որ շիթերի ու օճառաառվակների անվերջ հոսքի պատճառած վայելքը ոչ մեկի հետ կիսել չէի ուզում:
Ոչ մեկի:
Թերևս միայն հայելու՞:
Չգիտեմ: Թերևս:
Ընկերուհիս երկար չսպասեցրեց: Կարճ լողացավ:
Շուտով նորից մեքենայի մեջ էինք: Թմրած էի ու քնատ. պատրանքն ու իրականությունը միաձուլվել էին: Եվ երբ անցնում էինք գմբեթավոր ապարանքի մոտով, թվաց, թե բոլոր լույսերը վառվում են. շուրջը խրախճանք էր ու հրավառություն, եղևնիների կոները առկայծում էին, փայլատակում հեքիաթային գույներով, փշատերևները բուրում էին աջ ու ձախ…
Նախկին տերերը բաժակ բաժակի էին զարկում ու թուլացնում գոտիները:
Ոչ ոք չնկատեց անցնող մեքենան ու նրա ապշահար ուղևորներին:
Տերերը խրախճանում էին:
Տերերը վստահ էին, որ իրենց տիրույթներ, ուր օձն իր պորտով, հավքն իր թևով չէին մտնում, սովորական մահկանացուն թափանցել չէր կարող:
Եվ փառք Աստծո, որ չնկատեցին:
Ճյուղերն արդեն թաղվում էին գիշերվա թևերի մեջ…